Մերձավոր Արևելք. Իրանի հարցով Դոնալդ Թրամփի «խաղաղարար ջանքերը» սպառնում են տարածաշրջանը վերջնականապես ընկղմել քաոսի հորձանուտ

Խոշոր մուսուլմանական պետություններին առաջարկվում է միանալ «Աբրահամյան համաձայնագրերին»

Հորմուզի նեղուցի հնարավոր ապաշրջափակման և ավելի վաղ հայտարարված 60-օրյա հրադադարի երկարաձգման շուրջ ընթացող բանակցությունների խորապատկերին Սպիտակ տան ղեկավարը շարունակում է «իրանական հարցի» վերաբերյալ հանդես գալ հակասական հայտարարություններով:

Այսպես, Truth Social սոցցանցի վերջին գրառումներից մեկում, իրեն բնորոշ ոճով Թրամփը պատմել է, որ իր ներկայացուցիչներին հայտնել է, որպեսզի նրանք չշտապեն գործարքի կնքման հարցում, «քանի որ ժամանակն աշխատում է հօգուտ նրանց։ Շրջափակումը գործելու է ամբողջ ուժով, քանի դեռ ձեռք չի բերվել, հաստատվել և ստորագրվել է համաձայնագիր: Երկու կողմերն էլ պետք է չշտապեն և ամեն ինչ ճիշտ անեն»։

Ավելին, դատելով որոշ հայտարարություններից՝ ամերիկյան առաջնորդը տարված է ոչ միայն «նոր» Իրանի, այլև Սաուդյան Արաբիայի, Քաթարի և Պակիստանի, Թուրքիայի և Եգիպտոսի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ «Աբրահամյան համաձայնագրերին» միանալու շռայլ, մեղմ ասած, գաղափարով՝ ըստ ամենայնի, խորը մտորումների մեջ գցելով նրանց տարածաշրջանային գործընթացների ըմբռնման մակարդակով։

Կարդացեք նաև

Հիշեցնենք (և այս միտումը հստակորեն փաստվում է վերջին շրջանի քաղաքական-դիվանագիտական շփումների դինամիկայով), որ ներկայումս Մերձավոր Արևելքում և Հարավային Ասիայում ակնառու կերպով ձևավորվում են երկու մրցակցող մակրոտարածաշրջանային միավորումների ուրվագծերը։

Մի կողմից՝ դա Հնդկաստանն է, Արաբական Միացյալ Էմիրությունները և Իսրայելը, որոնց միավորում է ոչ միայն IMEC տրանսպորտային միջանցքը, այլև ռազմատեխնիկական, հետախուզական և այլ բնույթի մի շարք նախագծեր։ Դրանց հակակշռում է այսպես կոչված «մուսուլմանական ՆԱՏՕ»-ն՝ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և, հնարավոր է, Եգիպտոսի կազմով։ Համապատասխանաբար, մերձավորարևելյան չկարգավորված հակամարտության պայմաններում, և առավել ևս՝ «իրանական հարցի» համատեքստում, Էր Ռիադի կամ Իսլամաբադի կողմից Իսրայելի ճանաչման էքստրավագանտ գաղափարը, մեղմ ասած, հակաարդյունավետ է և տանում է դեպի փակուղի։

Ամերիկյան ԶԼՄ-ները նաև այլ ինսայդերներ են կիսում Իրանի հետ քննարկվող «գործարքի» վերաբերյալ։

Այսպես, եթե հավատանք The Washington Post-ի աղբյուրներին՝ փոխըմբռնման հուշագրի ժամանակային առումով վերջին տարբերակը ենթադրում է Հորմուզի նեղուցով շարժման անհապաղ բացում և նավագնացության ինտենսիվության վերադարձ նախապատերազմյան մակարդակին 30 օրվա ընթացքում։ Փաստաթղթի համաձայն՝ Վաշինգտոնը, Թեհրանը և մյուս շահագրգիռ կողմերը պետք է հայտարարեն բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման մասին:

Իրանում Al Jazeera-ի թղթակից Ալի Հաշեմը հայտնել է նաև ենթադրյալ փաստաթղթի մանրամասների մասին, այդ թվում՝ մի քանի միլիարդ դոլարի իրանական ակտիվների ապասառեցում, ԱՄՆ ռազմածովային շրջափակման վերացում, Իրանի վերահսկողության տակ գտնվող Հորմուզի նեղուցի բացում և տարածաշրջանից ամերիկյան զորքերի մեծ մասի դուրսբերում:

Միևնույն ժամանակ, Թեհրանը խոստանում է հրաժարվել իր միջուկային ծրագրից, այդ թվում՝ ուրանի հարստացումից, սակայն կարելի է ենթադրել, որ այստեղ նույնպես Թրամփի վարչակազմը ցանկալին ներկայացնում է որպես իրականությունը։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղեյի խոսքով՝ Իրանը համոզված է, որ Միացյալ Նահանգների հետ անուղղակի բանակցությունների ներկայիս փուլում բարձր հարստացված ուրանի քննարկումը արդյունք չի տա։

«Իսկապես, մենք համաձայնության ենք եկել քննարկվող հարցերի մեծ մասի շուրջ, բայց ոչ ոք չի կարող ասել, որ շուտով համաձայնագիր կստորագրվի, քանի որ Ամերիկայում քաղաքական դիրքորոշումներն ու որոշումները անընդհատ փոխվում են, և մենք բազմիցս նկատել ենք ամերիկացի պաշտոնյաների դիրքորոշումների փոփոխություններ», – պաշտոնյայի խոսքերն են մեջբերել իրանական լրատվամիջոցները։

Մինչդեռ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը, որը գլխավորում էր իրանական պատվիրակությունը Պակիստանի միջնորդությամբ ընթացող բանակցություններում, ըստ Reuters-ի , մայիսի 25-ին ԱԳ նախարար Աբաս Արաղչիի հետ մեկնել է Դոհա՝ բանակցելու Քատարի վարչապետի հետ։ Պակիստանի անմիջական միջնորդությունից բացի, Քաթարը մասնակցել է նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղ բանակցություններին. անցյալ շաբաթ Դոհայից բանակցողների խումբը եղել է Թեհրանում՝ ձգտելով առաջ մղել ԱՄՆ-ի և Իրանի միջև 14 կետից բաղկացած հնարավոր համաձայնագիրը, հաղորդում է Al-Monitor-ը:

Բարձրագոչ կերպով ցնցելով տեղեկատվական տարածքը «խաղաղության» ձգտման հայտարարություններով, միաժամանակ Սպիտակ տանը մշակում են բանակցային գործընթացի ձախողման դեպքում Իրանի ուղղությամբ հրթիռա-ռմբակոծական հարվածների վերսկսման տարբերակները։

Հազիվ թե պատահական են նաև Թրամփին մոտ կանգնած ծայրահեղական և ահաբեկիչ սենատոր Լինդսի Գրեհեմի խոսքերը, որ վկայում են խուճապին մոտ վիճակի մասին:

«Եթե Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու համաձայնության հասնեն այն համոզմունքի պատճառով, որ Հորմուզի նեղուցը չի կարող պաշտպանվել «իրանական ահաբեկչությունից», և որ Իրանը դեռևս ունի Պարսից ծոցի նավթային ենթակառուցվածքները ոչնչացնելու կարողություն, Իրանը կդիտարկվի որպես գերիշխող տերություն, որը պահանջում է դիվանագիտական ​​լուծում։ Սա ներկայացնում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության զգալի փոփոխություն և, ի վերջո, կդառնա մղձավանջ Իսրայելի համար։ Այն նաև բարձրացնում է այն հարցը, թե ինչու է ընդհանրապես սկսվել պատերազմը, եթե նման ընկալումները ճիշտ են»։

Խորհրդակցությունները Սպիտակ տանը ընթանում են մեկը մյուսի հետևից, ընդ որում, Axios պարբերականի աղբյուրների վկայությամբ, եթե մայիսի 19-ին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը պատրաստակամություն էր հայտնել «դիվանագիտությանը ևս մեկ հնարավորություն տալ», ապա արդեն մի քանի օր անց «հակված էր հարվածի հրաման տալուն»:

Երևան մեկնող պետքարտուղար Մարկո Ռուբիոն «նեոկոնների» թիմից հայտարարել է Իրանի խնդիրն «այս կամ այն կերպ» լուծելու մտադրության մասին։ Զինված հակամարտության ակտիվ փուլի վերսկսումը կնշանակի ընդունել այն փաստը, որ ի հեճուկս նախորդ խիզախ հայտարարությունների՝ Թրամփի վարչակազմին չի հաջողվել հասնել իր առջև դրված նպատակներին «էպիկական կատաղություն» գործողության ընթացքում։ Իրանցիները պատրաստ են դիմադրել այնպես, ինչպես դա արեցին մարտին և ապրիլին, և մեծ է հավանականությունը, որ այս անգամ ևս նրանց կուղեկցի օպերատիվ-մարտավարական հաջողությունը, այդ թվում՝ հիպոթետիկ ցամաքային ներխուժման դեպքում։

Ինչպես և նախկինում, պատասխան հարվածներից անմասն չեն մնա Պարսից ծոցի միապետությունները, ինչպես նաև ԱՄՆ-ի եվրոպացի գործընկերները էներգակիրների գների կտրուկ աճի և էներգետիկ ու տնտեսական ճգնաժամի խորացման պատճառով:

Իրանի վրա համակցված հարձակումների հավանական վերսկսումը, որոնք հղի են մերձավորարևելյան «ճահճում» Թրամփի թիմի վերջնական թաղմամբ, վկայում է ամբողջ աշխարհի տնտեսական անվտանգությունը զոհաբերելու Սպիտակ տան պատրաստակամության մասին՝ տարածաշրջանային գերիշխանության համար Բենյամին Նեթանյահուի ռեժիմի սեփական կեղծ կրոնական հավակնություններին։

Անդրեյ Արեշև

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Telegram: View @expertopinion2025rus

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031