Արևայրուք․ ի՞նչ է պետք իմանալ
Արևի տակ անցկացրած մի քանի հաճելի ժամերը երբեմն կարող են ավարտվել մաշկի ցավով, կարմրությամբ, այրոցի զգացողությամբ և անհարմարությամբ։ Արևայրուքը պարզապես մաշկի կարմրության մասին չէ․ այն մաշկի բորբոքային, ցավոտ վիճակ է, երբ մաշկը դառնում է տաք, զգայուն և գրգռված՝ արևի ճառագայթների երկարատև ազդեցությունից հետո։ doctors.am-ի փոխանցմամբ՝ ախտանշանները հաճախ ի հայտ են գալիս արևի տակ գտնվելուց մի քանի ժամ անց և կարող են պահպանվել օրեր շարունակ։
Ինչպե՞ս է արտահայտվում արևայրուքը։
Արևայրուքի դեպքում մաշկը կարող է դառնալ կարմրած կամ բորբոքված, ցավոտ, զգայուն ու քոր եկող։ Երբեմն նկատվում է նաև այտուց, իսկ ավելի ուժեղ արևայրուքի դեպքում կարող են առաջանալ փոքր, հեղուկով լցված բշտիկներ։ Ծանր դեպքերում արևայրուքը կարող է ուղեկցվել գլխացավով, ջերմությամբ, սրտխառնոցով և ընդհանուր հոգնածությամբ։
Արևից կարող են վնասվել մարմնի բոլոր բաց հատվածները՝ դեմքը, ուսերը, ձեռքերը, ոտքերը, ականջները, գլխամաշկը, շուրթերը։ Նույնիսկ հագուստով ծածկված հատվածները երբեմն լիովին պաշտպանված չեն, եթե կտորը թույլ է տալիս ուլտրամանուշակագույն ճառագայթների ներթափանցումը։ Արևի նկատմամբ հատկապես զգայուն են նաև աչքերը․ դրանք նույնպես կարող են վնասվել և առաջացնել ցավի կամ «ավազի զգացողության» նման անհարմարություն։
Ինչո՞ւ է առաջանում արևայրուքը։
Արևայրուքի պատճառը ուլտրամանուշակագույն ճառագայթների չափազանց մեծ ազդեցությունն է։ Դրանք կարող են լինել ինչպես արևից, այնպես էլ արհեստական աղբյուրներից, օրինակ՝ սոլյարիներից։ Ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասում են մաշկի բջիջները, իսկ օրգանիզմը արձագանքում է՝ ավելացնելով արյան հոսքը վնասված հատվածներում։ Հենց այդ պատճառով էլ մաշկը դառնում է բորբոքված, կարմրած և ցավոտ։
Կարևոր է հիշել՝ արևայրուք կարելի է ստանալ ոչ միայն շոգ և արևոտ օրերին։ Մաշկը կարող է այրվել նաև զով կամ ամպամած եղանակին, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթները շարունակում են ազդել մաշկի վրա։ Ջուրը, ավազը, ձյունը և որոշ մակերեսներ կարող են անդրադարձնել արևի ճառագայթները՝ ավելացնելով այրվելու հավանականությունը։
Ովքե՞ր են ավելի խոցելի։
Արևայրուքի ռիսկը կարող է բարձր լինել բաց մաշկ ունեցող մարդկանց մոտ։ Ռիսկը մեծանում է արևոտ, տաք կամ բարձրադիր վայրերում գտնվելիս, բացօթյա աշխատանք կատարելիս, հաճախակի լողալիս կամ մաշկը ջրով թրջելիս։ Որոշ դեղամիջոցներ և կոսմետիկ միջոցներ նույնպես կարող են մաշկն ավելի զգայուն դարձնել արևի նկատմամբ։
Ինչու՞ չարժե արևայրուքը «սովորական բան» համարել։
Կրկնվող և ուժեղ արևայրուքները կարող են վնասել մաշկը երկարաժամկետ առումով։ Դրանք արագացնում են մաշկի ծերացման գործընթացը, կարող են նպաստել չորության, կնճիռների, գունային փոփոխությունների և արևային բծերի առաջացմանը։ Չափազանց մեծ արևային ազդեցությունը, նույնիսկ առանց ակնհայտ արևայրուքի, կարող է բարձրացնել մաշկի քաղցկեղի որոշ տեսակների ռիսկը։
Ե՞րբ դիմել բժշկի։
Բժշկական խորհրդատվության կարիք կա, եթե առաջացել են մեծ բշտիկներ, առկա է ուժեղ այտուց, ցավն ավելանում է, կան վարակի նշաններ, ջերմություն, սրտխառնոց, դող, աչքերի ցավ և տեսողության փոփոխություն։ Շտապ օգնության անհրաժեշտություն կարող է լինել, եթե արևայրուքն ուղեկցվում է բարձր ջերմությամբ և փսխումով, ջրազրկմամբ, ուշագնացության զգացողությամբ։
Ինչպե՞ս պաշտպանվել արևայրուքից։
Արևից պաշտպանությունը կարևոր է ամբողջ տարվա ընթացքում՝ ոչ միայն ամռանը։ Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ազդեցությունից ժամը 10։00-ից 16։00-ն ընկած հատվածում, երբ ճառագայթներն առավել ուժեղ են։ Բացօթյա լինելու դեպքում կարևոր է փնտրել ստվեր, կրել լայնեզր գլխարկ, պաշտպանիչ հագուստ և ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող ակնոց։
Արևապաշտպան միջոցը պետք է օգտագործել առատ և պարբերաբար։ Նախընտրելի է ընտրել ջրակայուն, լայն սպեկտրի պաշտպանությամբ արևապաշտպան միջոց՝ առնվազն SPF 30։ Այն պետք է քսել դրսում լինելուց մոտ 30 րոպե առաջ և թարմացնել յուրաքանչյուր երկու ժամը մեկ, իսկ լողալուց կամ քրտնելուց հետո՝ ավելի հաճախ։
Մաշկը հիշում է արևի յուրաքանչյուր վնասակար ազդեցություն։ Հենց դրա համար արևից պաշտպանվելը ոչ թե միայն գեղեցիկ մաշկի, այլև առողջության մասին հոգ տանելու կարևոր քայլ է։



