Չինաստանում առաջին անգամ 65 տարեկանից բարձր անձանց թիվը գերազանցել է երեխաների թվաքանակը
Չինաստանում 65 տարեկանից բարձր տարիքի ավելի շատ մարդ է ապրում, քան 0-ից 14 տարեկան երեխա։ Ըստ Չինաստանի Ազգային վիճակագրական բյուրոյի՝ սա աննախադեպ ցուցանիշ է 1949 թվականից ի վեր երկրում անցկացվող ժողովրդագրական դիտարկումների պատմության մեջ։
«Անցյալ տարվա նոյեմբերի դրությամբ՝ Չինաստանի շուրջ 1,4 միլիարդանոց բնակչության 15,87%-ը կազմել են 65 և բարձր տարիքի մարդիկ՝ ի տարբերություն 0-ից 14 տարեկանների, որոնց տեսակարար կշիռը կազմել է 15,25%»,- հետազոտության արդյունքներն է մեջբերում South China Morning Post (SCMP) թերթը։
Տվյալները ստացվել են նոյեմբերյան «մինի-մարդահամարի» արդյունքների համապատասխանեցման միջոցով: Դա ընտրանքային հետազոտություն է, որն ընդգրկել է ավելի քան 20 միլիոն մարդ և կազմակերպվում է 10 տարին մեկ անցկացվող համազգային մարդահամարների միջև ընկած ժամանակահատվածում։ ՉԺՀ բնակչության վերջին՝ յոթերորդ մարդահամարն անցկացվել է 2020 թվականին:
Ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ երկրի աշխատունակ բնակչության թիվը, որն, ըստ կանխատեսումների, պետք է հոգար տարեցների աճող թվի խնամքը, նույնպես նվազում է: Այժմ 15-ից 59 տարեկան անձանց բաժին է ընկնում ընդհանուր բնակչության 61,89%-ը (10 տարի առաջ գրանցված 67,33%-ի համեմատ):



