ԱՄԵՆԱՄԵԾ ԹԱԼԱՆՉԻՆ ԴՈ՛ՒՔ ԵՔ. ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՈՒՐԳԻՆ ԿՊՆՈՒՄ ԵՍ՝ ՎՆԳՍՏՈՑԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ. ՓՈՔՐ ԿԱՅԾԸ ԿՊԱՅԹԵՑՆԻ. ԹԱԼԱՆԱԾԸ ԿՀԱՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՈՒ ԿԹՌՆԵՆ. #ԴԱՍԵՐ-16

«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանն ու վերլուծաբան Կարեն Վրթանեսյանն են։

Ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն ու աշխատակիցները ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին:

Ինչից ու ինչպես էր այդ ամենը սկսվել. Նոր Նորքի թաղապետարանում հրավիրվել էր հանրային քննարկում բարձրահարկ շենքի կառուցապատման թեմայով։ Վաղ առավոտյան ակտիվիստ Արթուր Չախոյանը Ֆեյսբուքում գրել էր, որ մասնակցելու է հանրային քննարկմանը, որը վարելու է թաղապետը։ Բայց մինչ քննարկումը Չախոյանը հայտարարել էր, որ ուզում է խոսել թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի հետ։ Թաղապետի օգնականը պատասխանել էր, որ անձնական հարցեր չեն քննարկում՝ հորդորելով Չախոյանին դահլիճ մտնել` հանրային քննարկմանը մասնակցելու համար։ Ծեծկռտուք սկսվեց այն բանից հետո, երբ թաղապետարանի աշխատակիցը հարվածեց Չախոյանի ուսին, այդ պահին թիմակիցների հետ աշխատասենյակից դուրս եկավ թաղապետը ու խառնվեց ծեծկռտուքին՝ հարվածներ հասցնելով Չախոյանին։

Թաղապետը, նրա թիմակիցներն ու թաղապետարանի աշխատակիցները ծեծի ենթարկեցին Արթուր Չախոյանին։ Երբ արդեն հաջողվել էր բաժանել ծեծկռտուքի մասնակիցներին, թաղապետարանի մեկ այլ աշխատակից շարունակեց հրել՝ բռնելով Չախոյանի պարանոցից։  Թաղապետարանի աշխատակիցները փորձում էին նաև խոչընդոտել տեղում աշխատող  օպերատորի աշխատանքը՝ վնասելով տեսախցիկն ու ուղիղ հեռարձակումն ապահովող սարքը։ Ծեծկռտուքից հետո թաղապետը հայտարարեց՝ հային վայել է դրսևորվել. «Ես ինձ պահել եմ նենց, ոնց որ կպահեր յուրաքանչյուր նորմալ հայ մարդ»։

Կարդացեք նաև

Այս ամենից հետո «Հանրապետություն» կուսակցության անդամ, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը սկսեց հանրային քննարկումը, կարծես ոչինչ չէր եղել։ Թաղապետարան ժամանած ոստիկանները, սակայն, ծեծկռտուքի գլխավոր դերակատարներին թողած՝ բերման ենթարկեցին Արթուր Չախոյանին։ Արամ Զավենի Սարգսյանի կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանն անդրադառնալով միջադեպին՝ հայտարարեց, որ հպարտացել է իր թիմով՝ որպես հայ տղամարդիկ։

Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնում Արթուր Չախոյանին շուրջ երկու ժամ պահելուց հետո կապտուկներով, շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց։ Չախոյանը բժիշկների հսկողության տակ է:

Հիշեցնենք, որ ծեծկռտուքին նախորդած օրերին Արթուր Չախոյանն ու Մեսրոպ Մանուկյանը համատեղ տեսանյութ էին հրապարակել Նոր Նորքի նոր վերանորոգված թիվ 105 մանկապարտեզից՝ ցույց տալով կատարված անորակ աշխատանքները։  Դրանից հետո Չախոյանը գրառում էր արել, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգել է իրեն ու Մեսրոպ Մանուկյանին, սպառնացել ու հայհոյել։ Թաղապետարանի շենքում Չախոյանն ու Մանուկյանը բողոքի ակցիա իրականացրեցին՝ հրապարակելով հեռախոսազանգի ձայնագրությունը, որտեղ նախ թաղապետն է հայհոյում, ապա փոխադարձ հայհոյանքներ են հնչում։ Տիգրան Տեր-Մարգարյանը կատարվածից հետո հարցազրույց էր տվել իշխանական Civic.am-ին և ասել, որ հայհոյել է, լավ է արել։

Հիշեցնենք նաև, որ Արթուր Չախոյանը Մեսրոպ Մանուկյանի հետ ապրիլի 29-ին գնացել էր Նոր Նորքի թաղապետի հետ հանդիպման, սակայն նրանք այդպես էլ չէին հանդիպել։ Փոխարենը՝ շենքի առաջին հարկում Մանուկյանը կախել էր Տեր-Մարգարյանի լուսանկարները և վրան յոգուրտ լցրել` ասելով, որ սա հենց ձայնային հաղորդագրություններով իր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու պատասխանն է։

Կարեն Վրթանեսյանի և Մեսրոպ Մանուկյանի հետ մեր զրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Մեսրոպ Մանուկյան.- Իմ և Արթուր Չախոյանի նկատմամբ ավելի ծանր մեղադրանք է առաջադրված, քան էդ բորենիների խմբին, որ հարձակվել էին նրա վրա։

Երբ ես տրորում եմ իրենց կատարած կոռուպցիոն գործարքների կոշտուկը, բացահայտում եմ էդ կոռուպցիան, էդ մարդկանց վնգստոցը դուրս է գալիս։ Երբ ՔՊ-ի կոռուպցիոն բուրգը բացահայտում ես, արձագանքն այսպիսին է լինում։ Նայեք «Երևան» հիմնադրամի նվիրատուների ցուցակը, ամեն բան պարզ կլինի։

Թաղապետը հայտնի տեսանյութից հետո զանգում է Չախոյան Արթուրին, հայհոյում ու անջատում։ Ասում են (քաղաքապետ Տիգրան Ավինյանը,- հեղ.)՝ մենք չենք ընդունել մանկապարտեզը։ Ընկե՛ր, հունվարի 1-ին պետք է ընդունած լինեիք, ո՞վ է չընդունելու, մսխված միլիոնների ու էդ անորակ աշխատանքի համար պատասխան տալու։

Այդ օրը, երբ մենք գնում ենք թաղապետարան ու քաղաքական ակցիա ենք անում՝ յոգուրտը թափում ենք թաղապետի նկարի վրա, ուղիղ եթերում հստակ ասում ենք, որ դա կլուբնիչնի համով յոգուրտ է։ Երբ ավարտում ենք ակցիան, արդեն երեկոյան civic.am-ի լրագրողը գնում է թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի մոտ, ու նա արդեն սովորեցրած՝ ասում է՝ լավ եմ արել, զանգել եմ։ Մնացածը արդեն գիտեք… Հատկանշական է, որ Տիգրան Ավինյանն ասել է, որ տեղյակ չէ, որ թաղապետը զանգել է։

Կարեն Վրթանեսյան.- Վստահ եմ, որ  ԱԺ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի մոր՝ 2 անգամ ակցիայի վայր գալն էլ պատահական չէր։ Քաղաքացիները սադրանքներին չեն տրվել, նա նեղված ելույթ է ունեցել, վիրավորական բառեր ասել։ Սա էլ է իրենց կոռուպցիոն թեմաներից ու դրա հետևանքներից շեղելու համար արվել։

Մեսրոպ Մանուկյան.- Ինձ քննչական մարմինը ներգրավեց՝ որպես մեղադրյալ, բայց ես մեղքը չեմ ընդունել։ Կրկին անգամ պնդում եմ, որ չեմ ստորացրել Տիգրան Տեր-Մարգարյանին: Եթե նա իրեն ստորացված է համարում, քննչական մարմնին խնդրել եմ առերեսում կազմակերպել։ Կրկին նշում եմ, որ ոչ մի մեղադրանք չեմ ընդունում: Ենթադրյալ ստորացվածի հետ պահանջել ենք առերեսում, որ հասկանանք՝ որ վայրկյանից ինքը ստորացված զգաց իրեն։ Ես արել եմ քաղաքական ակցիա։ Թե իր կենսափորձից ելնելով՝ ինքն ինչ է հասկացել, կփորձենք հասկանալ։

Սրանք դուրս են եկել իրենց թալանի համար վերջին մենամարտին։ ՔՊ-ն քննչական մարմիններին իր հայտարարության մեջ ուղղություն էր տալիս, որ մեր նկատմամբ քրեական վարույթ հարուցեն։ Էս ամբողջ ֆարսը մի նպատակ ունի՝ կոռուպցիան բացահայտվել է, և իրենք պետք է դա շեղեն։

«Հանրապետություն» կուսակցությունը, երբ սկսեց ծառայություն մատուցել ՔՊ-ին, սկսեց ինքնաբացահայտվել։ Արամ Զավենի Սարգսյանի կուսակցությունը, որ օրուգիշեր խոսում է եվրոպական արժեքներից, ասում է՝ լավ են արել, ծեծել են։

Հիշեցնենք, ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ապրիլի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիագանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):

Կարեն Վրթանեսյան.- Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության տարածած տեքստն ինչ-որ մեկը լուրջ ընդունո՞ւմ է։ Բացարձակ դեմագոգիա է, և իրենք էլ են դա հասկանում։ Ցանկացած հանցագործ, երբ բռնում ես հանցանքի վայրում, սկսում է ինչ-որ հեքիաթ պատմել։ Էս մարդկանց համար բարձունքներ հանձնելը, խրամատ քանդելն անվտանգություն է։ Նույն կերպ կարող էին ասել, որ Չախոյանին ծեծելով՝ գալակտիկան էին փրկում։

Մեսրոպ Մանուկյան.- Դանիել Իոաննիսյանը նախ մեր մասին ասաց՝ ծախված են, հետո իր կայքում ինքն իրեն հերքեց։ Մոտակա շաբաթներում կայցելեմ եվրոպական դեսպանատներ, կծանոթացնեմ Հայաստանում եվրոպական արժեհամակարգը քարոզողների հետ։ Էս մարդկանց մերկացնելու ժամանակն է, եվրոպական դեսպանատները պիտի իմանան՝ էս մարդիկ թալանի, կոռուպցիայի կռիվ են տալիս։

Կարեն Վրթանեսյան.- Էս մարդիկ շառլատաններ են։ Նրանց խոսքերը պահի խնդիրներ էին լուծում։ Էս մարդկանց համար Աղդամը հայրենիք էր, հետո Արցախն այլևս հայրենիք չէր, շուտով Սյունիքն էլ չի դառնա Հայրենիք…

Էս մարդիկ խաբում են իրական արևմտամետ էլեկտորատին։ Եթե վաղը հասկանան, որ իրենց ազգայնական էլեկտորատն է  հետաքրքիր, սկսելու են ռազմահայրենասիրական երգեր երգել։

Մեսրոպ Մանուկյան.- Առանց ամաչելու գիշեր-ցերեկ խոսում են Հոկտեմբերի 27-ից, երբ այդ գործով դատախազը իրենց Գագիկ Ջհանգիրյանն էր, վարչապետն էլ Արամ Սարգսյանն էր։ Սրանք ընդամենն ուզում են ծախել «Վազգեն Սարգսյան» բրենդը։ Մարդիկ պետք է իմանան՝ ով է Արամ Սարգսյանը։

Կարեն Վրթանեսյան.- Իրենք էլ են շատ լավ հասկանում, որ իրենց լկտի պահվածքն օրեցօր իրենցից ավելի ու ավելի շատ մարդ է վանում։ Չնայած ձևը գտել են, ասում են՝ թողեք թալանենք, թե չէ պատերազմ կսկսվի։ Վախը մարդկանց վերավաճառելով՝ իշխանություն են պահում։ Հիշեք, որ Ալեն Սիմոնյանն ասաց՝ եթե Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմությունը հաղթի՝ պատերազմ կսկսվի, հաջորդ օրը Ադրբեջանը մտավ Արցախ։

Ցանկացած փոքր կայծ կարող է իրավիճակը պայթեցնել։ Սրանք սկսում են մի ճգնաժամ, հետո տեսնում են՝ վերահսկողությունից դուրս է գալիս, նոր ճգնաժամ են ստեղծում։ Սա պոպուլիստներին բնորոշ կառավարման ձև է։

Եթե խոսում ենք «բեսպրեդելի»՝ համակարգային ամենաթողության մասին, որ կուզենք՝ կծեծենք, ինչ կուզենք՝ կանենք, նույնն էլ իրենց ավտոշարասյուներն են։ Հիշեք, Փաշինյանի ավտոշարասյունը վրաերթով սպանեց հղի կնոջը՝ Սոնա Մնացականյանին, ու որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, այդ վարորդն ազատության մեջ է, աշխատում է: Ու դա միայն Նիկոլ Փաշինյանին չի վերաբերում։ Վերջին թարմ միջադեպը Պաշտպանության նախարարի ծառայողական մեքենաների հետ կապված պատմությունն էր, որ արագության տակ մեքենաներին հարվածելով կանգնեցին։ Անպատժելիությունը վերևից իջնում է ներքև՝ նախարար, թաղապետ և այլն։ Մարդիկ արդեն պետական համարներով մեքենաներ տեսնելիս փախչում են սրանցից… Քաղցկեղի պես են, արդեն մետաստազներ են տալիս։

Բոլորը մոռացան՝ ինչ եղավ այն կնոջ հետ, ով տուժել էր, երբ Ավինյանի տան մոտ ձյուն մաքրող մեքենան վթարի ենթարկվեց։

Մեսրոպ Մանուկյան.– Մասիվի թաղապետարանում կազմակերպված բանդան՝ հստակ դերաբաշխումներով, հարձակվեց Չախոյանի վրա։ Մեկը պիտի հետևից ասեր՝ «Դու լավ տղա չես», հնչեր պատասխան, դրանից հետո՝ հարված ու ծեծկռտուք։

Իրենց բրենդն ասֆալտն ու մանկապարտեզն է երկուսն էլ ձախողել են։ Ամենաուժեղ թալանչին, կոռումպացվածը, ՔՊ, դուք եք։ Ամենավատ կառավարիչներն էլ եք դուք։

Ի դեպ, նույնիսկ 2018թ հեղափոխություն կոչված օրերի տեսանյութերը որ նայեք, կտեսնեք, որ ապրիլ ամսին արդեն ասֆալտը թարմ էր, գծանշումներն էլ՝ արված։ Նախկին իշխանության քաղաքապետ Տարոն Մարգարյանն ամեն ինչ ժամանակին արել էր։ Որ նայեք, պառկած էին ասֆալտներին, կտեսնեք։

Նախկին իշխանությունների թալանից 1.3 միլիոն են վերադարձրել, մարիխուանայի, այլ թմրանյութերի գովադն անող երգիչ Սնուփ Դոգին չկայացած համերգի համար միայն որպես հոնորար տվել էին 6 միլիոն։ Ո՞ւր է այդ 6 միլիոն դոլարը:

Կարեն Վրթանեսյան.- Իրենք թալանի համար են եկել իշխանության։ Դա իրենց հացն ու ջուրն է ու ապագան։ Ինչ-որ պահի իրենց թալանածը կհանեն Հայաստանից ու կթռնեն։

Պատկերացրեք՝ 2018թ.-ից առաջ ինչ-որ բլոգեր Փաշին Նիկոլյանին ինչ-որ թաղապետ ծեծում էր։ Կես ժամ հետո 5000 հոգի դուրս կգար փողոց, ինչը չկա Արթուրի դեպքում։ Հետևաբար՝ հարց է առաջանում՝ իսկ ձևավորված պահանջ կա՞, որ թաղապետն աշխատանքից ազատվի։

Քաղաքացիական հասարակություն կոչվածն էլ են աստիճանաբար քանդում, Արևմուտքից եկած գումարների մեծ մասը գնում է Կառավարություն, այնտեղից է բաշխվում։ Բայց այնպես չէ, որ մարդիկ ոչինչ չեն հասկանում, այնպես չէ, որ հնարավոր չէ ինչ-որ բան փոխել։

Մեսրոպ Մանուկյան.– Փողոցի ճնշում պիտի լինի․ եթե չլինի, որևէ ՔՊ-ական, մատներն էլ կտրես, չի քվեարկի իմպիչմենտի օգտին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս