
Թշնամական հռետորաբանություն, կեղծ մեղադրանքներ, հրադադարի խախտումներ․ ի՞նչ է ծրագրել Ադրբեջանը

Ադրբեջանը շարունակում է Երևան-Բաքու, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի ամբողջական տեքստի համաձայնեցումից հետո սկսած արատավոր արշավը՝ կեղծ մեղադրանքներ ներկայացնելով հայկական կողմին իբրև թե հրադադարի խախտումների մեջ, զուգահեռաբար կրակահերթերով թիրախավորելով հայկական դիրքերն ու բնակավայրերը։
ՀՀ Պաշտպանության նախարարությունը ժամանակ առ ժամանակ հերքում է հաղորդագրությունները և ադրբեջանական կողմին հիշեցնում՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել» և հավելում՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում»։ Սակայն ադրբեջանական կողմը չի արձագանքել ու չի արձագանքում այս առաջարկին, ինչպես հայկական կողմի ըստ էության բոլոր առաջարկներին։
Այսօր էլ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 04։30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Իսկ շաբաթ օրը՝ ապրիլի 5-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, ծառայողական խորհրդակցություն էր հրավիրել և լայնորեն քննարկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, այդ թվում՝ վերջին օրերին «հայկական կողմից իբրև թե հրադադարի խախտման» և ադրբեջանական դիրքերի վրայով «հետախուզական թռիչքների» վերաբերյալ ադրբեջանական պնդումները, որի վերաբերյալ ոչ մի փաստ չի ներկայացվել հայկական կողմին, մինչդեռ ադրբեջանական կրակոցների մասին կան հստակ փաստեր, որոնք վերջերս ներկայացրեց նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարը, ըստ աղբյուրների, համապատասխան պաշտոնյաներին հստակ խնդիրներ է առաջադրել՝ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների պատրաստ լինելու և ցանկացած «սադրանքի» օպերատիվ արձագանքելու հետ կապված: Այս ամենի հետ մեկտեղ՝ ադրբեջանցի դիվանագետներն անընդհատ նորանոր պահանջներ են դաշտ նետում, թշնամական հռետորաբանություն կիրառում։
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատրաստ համաձայնագրի չստորագրումն արդեն իսկ անհանգստացնող նշան է։ Իսկ նման լուրերը, ինչպես նաև սահմանին կրակահերթերը, նրա որակմամբ, տևական բանակցություններից հետո ավելի մտահոգիչ են։
Սակայն, նրա խոսքով, միանշանակ կանխատեսումներ նման իրավիճակում անել հնարավոր չէ։
«Ինչպես ասացի, նման իրավիճակը մտահոգիչ է, ինչը նշանակում է, որ կա էսկալացիայի վտանգ։ Գտնում եմ, որ թե համաձայնագրի հարցում Ադրբեջանի դիրքավորումը, թե սահմանից ստացվող լուրերը ցույց են տալիս այն, որ այս ամենը ճնշման գործիք է՝ ստանալու հակառակ կողմից այն, ինչ ցանկալի է։ Ադրբեջանն իր ակնկալիքների մասին խոսում է ուղիղ և պահանջում սահմանադրական փոփոխություններ։ Ստեղծված իրավիճակի գլխավոր հասցեատերը միջազգային հանրությունն է, բնականաբար, համաձայնագրի հստակեցումից հետո միջազգային հանրության ակնկալիքը դրա ստորագրումն է, սակայն, եթե չկա ցանկություն այն ստորագրելու այլ պահանջների պատճառով, պետք է դրա համար պատճառը տեսանելի լինի։ Ուստի հրադադարի խախտումը միջազգային հանրության աչքում կարող է լինել այդ պատճառներից մեկը։
Ստեղծված իրավիճակի գլխավոր պատճառներից մեկն էլ ռազմական, քաղաքական, աշխարհաքաղաքական հավասարակշռության բացակայությունն է, ինչպես նաև պատերազմից հետո արմատական փոփոխությունների բացակայությունը, այսինքն՝ հետպատերազմյան տրամաբանության շարունակությունը ռեգիոնում։
Եթե հաջողվեր քաղաքական և ռազմական առումով մեծ առաջընթաց ունենալ, ապա դա ինքնին կծառայեր Հայաստանի համար՝ որպես անվտանգության երաշխիք։ Սակայն դա տեղի չի ունեցել նաև այն պարագայում, երբ ՀՀ-ում եվրոպացի դիտորդներ են տեղակայվել, և նրանք կարող են նույնիսկ Հայաստանին ձեռնտու հայտարարություններ անել, սակայն դա ի՞նչ է փոխելու։ Չկան աշխարհաքաղաքական հետևանքներ, քանի որ կա ցանկություն ռեգիոնում ունենալ ազդեցություն և չնեղացնել որևէ կողմի, ինչը նշանակում է՝ այս հակամարտության դեպքում չփոխել իրավիճակը։ Իսկ դրա պատճառն աշխարհաքաղաքական իրավիճակն է»,- նման կարծիք հայտնեց Խրամչիխինը։
Նա գտնում է, որ կարելի է և՛ էսկալացիայի, և՛ ստեղծված իրավիճակի կարգավորման կանխատեսում անել։
«Իրավիճակները կախված են ինչպես ներքին՝ ռեգիոնալ, այնպես էլ՝ աշխարհաքաղաքական զարգացումներից Ուկրաինայի և Իրանի շուրջ, այդ ամենի նկատմամբ Թուրքիայի, Իսրայելի դիրքավորումից ու շահերից, ինչպես նաև Թրամփի վարչակազմի շահերից ու Ռուսաստանի հետագա քայլերից Հարավային Կովկասում։
«Ըստ տարբեր իրավիճակների՝ այս ռեգիոնից դուրս կարող են տարբեր լինել զարգացումները Հարավային Կովկասում։ Սակայն հակված եմ կարծել, որ ստեղծված իրավիճակը ճնշման գործիք է, սրա ականատեսը հաճախ ենք եղել հետպատերազմյան ժամանակահատվածի այս կամ այն փուլում։ Իսկ իրական խաղաղության համար հարկավոր է ունենալ հավասարակշռված ռեգիոն, իսկ առանց դրա Ադրբեջանը ձգտում է դոմինանտ դիրքերի և դնում առավելապաշտական նպատակներ»,- նկատեց նա։
Խրամչիխինի կարծիքով, այս ռեգիոնի վրա էական ազդեցություն ունի Իրանի շուրջ իրավիճակը։
«Իրանը, չնայած Արևմուտքի հետ մշտական խնդիրներին, ունի զսպող դերակատարություն, ուստի, եթե Իրան-ԱՄՆ բանակցություններ չսկսվեն թեկուզ անուղղակի, կլինեն ավելի բացասական միտումներ Հարավային Կովկասում, քանի որ Իրանի շուրջ իրավիճակը կսկսի սրվել։ Ուստի այստեղ գործ ունենք բազմաթիվ խնդիրների հետ, որոնք ունեն թե ռեգիոնալ, թե արտատարածաշրջանային բնույթ»,- ասաց Խրամչիխինը։
Ինչ վերաբերում է Իրանի շուրջ իրավիճակին, ապա Խրամչիխինն ասաց, որ Թրամփի ադմինիստրացիան շարունակում է ակտիվորեն զբաղվել Իրանի հարցով։
«Կրկին Վաշինգտոն է մեկնել Նեթանյահուն, սպասվում են բանակցություններ նաև Իրանի հարցով վերջին իրադարձությունների ֆոնին։ Նեթանյահուի Սպիտակ տուն կատարած վերջին այցից հետո կարճ ժամանակ է անցել, և նա կրկին մեկնել է Վաշինգտոն, դա նշանակում է, որ կան կարևոր հարցեր այդ ձևաչափում քննարկելու համար։ Ըստ իս, այդ հանդիպումից շատ բան է կախված»,- նկատեց նա։