Հայ Առաքելական եկեղեցին պետք է մտնի պայքարի մեջ, որովհետև իր դեմ հայտարարվել է պատերազմ․ Հրանտ Միքայելյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի չորրորդ բարձրաստիճան հոգևորականի՝ Արշակ արքեպիսկոպոսի կալանավորումից հետո տարատեսակ մեկնաբանություններ եղան Եկեղեցու շուրջ սեղմվող օղակի մասին։ Քաղաքագետ, վերլուծաբան Հրանտ Միքայելյանը, սակայն, վստահեցնում է՝ հանգուցալուծում ու ճանապարհ կա՝ թույլ չտալու Մայր Եկեղեցու պառակտումն ու վերացումը:
«Իշխանությունը եկեղեցին որպես ինստիտուտ կոտրելու մտադրություն ունի։ Եկեղեցին ունի իր կամքը, ինստիտուցիոնալ հիշողությունը, իներցիան, և այն բոլոր հատկանիշներն, ինչ բնորոշ է ինստիտուտին, որը տվյալ դեպքում 1700 տարվա պատմություն ունի։
Խնդիրն իր համար վճռորոշ է, այլ պարագայում ինքն այդ աստիճանի չէր գնա այս խնդրի լուծմանը: Այսինքն` ինքը հիմա եկեղեցու դեմ գործում է «ամեն ինչ, կամ՝ ոչինչ» տարբերակով, և, հավանաբար, Ադրբեջանի, Թուրքիայի ու Արևմուտքի պահանջներից մեկն է ընտրություններից առաջ եկեղեցու դիմադրությունը կոտրելը, որպեսզի ընտրությունից հետո արդեն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» իրագործեն և մնացած բոլոր ծրագրերը, որոնք ունեն, և որոնց համար եկեղեցին դիտարկվում է՝ որպես հիմնական ինստիտուտ, որը կարող է խոչընդոտել: Ի դեպ, նաև որպես վերջին ինստիտուտ, որը լեգիտիմ է, որը համահայկական է, և որը դեմ է այս օրակարգին»,- 168․am-ի հետ զրույցում նախ արձանագրեց քաղաքագետը։
Ըստ նրա՝ եթե այս ամենը հասկանում ենք, ապա նաև հասկանում ենք, որ խնդիրն օրհասական է, հետևաբար՝ լուծումներն էլ պետք է չհապաղեն։
«Եկեղեցու մարտավարությունն այն է, որ սպասենք՝ մինչև վիճակն ինքնին լուծվի։ Ուղղակի սպասելը սխալ է։ Եկեղեցին պետք է արձագանքի այլ ձևաչափերով․ պետք է ակտիվացնի իր ունեցած բոլոր արտաքին կապերը և ներգրավի բոլոր հնարավոր գործընկեր խաղացողներին, առաջին հերթին՝ մյուս եկեղեցիներին, քույր եկեղեցիներին՝ թե՛ արևմտյան, թե՛ ռուսական և այլն, բացի այդ՝ նաև մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններին, որոնք աշխարհում կան:
Շատերը կասեն` դե, այդ կառույցները Փաշինյանի կողմից են հաճախ, միանշանակ այդպես չէ։ Այսինքն`այո, շատերը Փաշինյանի կողմից են, բայց ոչ բոլորը, և շատ աշխատելու տեղ կա (այն մարդիկ, ովքեր չեն ուզում ինչ-որ բան անել, ասում են՝ դա հնարավոր չէ, բայց էստեղ հնարավորություններ կան): Սա՝ արտաքին ուղղություն, և մյուս ուղղությունը՝ ներքին»,- մանրամասնեց Հրանտ Միքայելյանը։
Դիտարկմանը, որ եթե ռուս եկեղեցուն փորձեն դիմել՝ իշխանական շրջանակները դա կորակեն հիբրիդային պատերազմի համատեքստում, ինչի մասին այսօր էլ խոսում են ու ներկայացնում Հայաստանի արտաքին գործընկերներին, վերլուծաբանը պատասխանեց, որ չի կարելի նման օրակարգերին տրվել:
«Պետք է բոլոր հնարավորություններն օգտագործել ու, միանշանակ, ռուսականը ևս։ Ասում են` բաժանիր, որ տիրես, այսինքն` հնարավոր պաշտպաններից հրաժարվի, որպեսզի ավելի հե՞շտ ուտեն։ Սա է Փաշինյանի ուզածը։
Քաղաքական անկյունաքարային կետը, որից հաշվարկը սկսվում է, պետք է լինի Եկեղեցին, այսինքն՝ եթե ինչ-որ մեկն աջակցում է Հայ Առաքելական եկեղեցուն, ուրեմն ինքը ժողովրդի բարեկամ է, և՝ հակառակը:
Ես չգիտեմ` Ռուսաստանը կաջակցի՞, թե՞ ոչ, բայց եթե աջակցի, միանշանակ հայ ժողովրդին ի նպաստ քայլ կանի, եթե Արևմուտքն աջակցի կամ արևմտյան որևէ կառույց՝ ևս։ Չի՛ կարելի տրվել այդ սադրանքներին:
Բացի այս, Հայ Առաքելական եկեղեցին երկրում ունի բացարձակ աջակցություն, և այդ աջակցությունից չօգտվելն առնվազն ճիշտ չի լինի»։
Հրանտ Միքայելյանը շեշտեց՝ պայքարում հաջողելու համար եկեղեցին պետք է կոչով դիմի ժողովրդին, ապա նաև՝ պետք է պահանջով հանդես գա, որպեսզի ազատ արձակեն բանտարկված հոգևորականներին, և բոլոր միջոցները դրա համար գործի դնի, համագործակցի Հայաստանի քաղաքական, հասարակական, սոցիալական կառույցների հետ՝ ակնկալելով նրանց աջակցությունը։
«Բոլոր զանգակատները պետք է ամեն օր զանգ տան, բոլոր հնարավոր միջոցները պետք է ձեռնարկվեն, ոչ մի տեղ ոչ մի զիջում պետք է չարվի։ Այսինքն` Հայ Առաքելական եկեղեցին պետք է մտնի պայքարի մեջ, որովհետև իր դեմ հայտարարվել է պատերազմ, որի նպատակը Հայ Առաքելական եկեղեցու ոչնչացումն է: Քահանաները պայքարի համար պետք է դուրս գան եկեղեցուց»,- ամփոփեց նա։
