«Ո՞վ կարող է երաշխավորել, որ 2026թ. ՔՊ-ն կոալիցիա չի կազմի Կոմունիստական կուսակցության հետ». Լևոն Նազարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանն այն կարծիքին է, որ Գյումրիի ընտրությունները կմնան ՏԻՄ ընտրություններ, եթե դրան որոշակի գործընթացներ չհաջորդեն:

«Ընտրություններից հետո չտեսանք այնպիսի գործընթացների մեկնարկ, որը հայ ժողովուրդը ցանկանում էր տեսնել: Մի քանի ամիս խոսվում էր, որ Գյումրիի ընտրությունները գուցե դառնան այն հարմար առիթը, որով հնարավոր կլինի ընդվզման մեծ ալիք գեներացնել գործող իշխանության հանդեպ: Ընդդիմության ֆավորիտ թեկնածուն ուներ այդ հնարավորությունը, այս պահին ևս ունի, և հուսով եմ՝ այդ հնարավորությունից կօգտվի: ՔՊ-ի պարտության տրամաբանությունը կարելի է օգտագործել երկրում ընդվզման ալիք բարձրացնելու համար: Դրա համար շատ տարբեր բաներ կարելի էր անել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով՝ չի խոսում 2018-ին Փաշինյանի կատարած քայլերը կրկնօրինակելու մասին, այլ այն մասին, որ գեներացվեր պրոցես:

Նրա դիտարկմամբ՝ Գյումրիի ընտրություններին Կոմունիստական կուսակցության հավաքած ձայների քանակը նա հետևյալ կերպ մեկնաբանեց. «ՔՊ-ն հարում է նեոբոլշևիկյան և կոմունիստական գաղափարախոսության և իրենց քաղաքական ապագան տեսնում այդ ծիրում. Հիմա սյուրռեալիստական հարց՝ իսկ կարո՞ղ է ինչ-որ մեկը երաշխավորել, որ 2026թ. չի լինի սցենար, որտեղ, ենթադրենք, ՔՊ-ն կոալիցիա չի կազմի Կոմունիստական կուսակցության հետ»:

Կարդացեք նաև

Լևոն Նազարյանը որևէ հուսադրող բան չի սպասում գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մեջ, հատկապես, երբ տարածաշրջանն ակնհայտորեն լարված է. «Խաղաղություն ասելով՝ իրենք չեն հասկանում պատերազմի կանխարգելում, այլ հասկանում են կապիտուլյացիա և Հայաստանի սուվերենության զիջում կամ առհասարակ պետականության կազմաքանդում»:

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարություններին, թե իրենք միակողմանի զիջումների չեն գնացել, Լևոն Նազարյանը նկատեց՝ գաղտնիք չէ, որ Փաշինյանն ապրում է ծուռ հայելիների թագավորությունում. «Երբ եվրոպական կողմը շատ բարձր մակարդակով ասում է, որ ողջունում են Հայաստանի համարձակ զիջումները, Փաշինյանը թող այդ ժամանակ արձագանքի, ասի՝ զիջում չենք արել, ի՞նչն եք ողջունում: Այն կորուստներն ու տառապանքը, որ Փաշինյանը պատճառել է հայ ժողովրդին, նույնիսկ դա չի ցանկանում զիջում համարել, այդ ամենը նրա համար այն տրամաբանության մեջ է, որ Ադրբեջանի սեփականությունն էր և վերադարձրել է տիրոջը: Դա նշանակում է, որ նա պատրաստվում է նոր զիջումներ անել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս