Նոր առևտրային աշխարհակարգ. ԱՄՆ առևտրային տարիֆների փոփոխությունը

Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց իր կողմից խոստացված առևտրային տարիֆների ուժի մեջ մտնելու հրամանի մասին, որն ավելի հայտնի է՝ որպես «փոխադարձ տարիֆներ»: Սույն տարիֆներով աշխարհի երկրները դասակարգվում են՝ ըստ ներմուծվող ապրանքների վրա սահմանված տուրքերի: Ուղիղ եթերով հանդես գալով, նախագահ Թրամփը դիմեց իր հայրենակիցներին, ասելով, որ «2025թ. ապրիլի 2-ը պատմության մեջ է մտնելու՝ որպես ազատագրման օր, երբ վերածնվել է երկրի տնտեսությունը, և երբ երկիրը վերագտել է իր բախտը»: Նախագահ Թրամփի հրամանով փոխադարձ տարիֆներ սահմանվեցին աշխարհի բոլոր երկրների հանդեպ, ինչը նա իր բառերով բացատրեց այսպես. «Պարզապես մենք նրանց հանդեպ վարվում ենք այնպես, ինչպես որ նրանք են մեր հանդեպ վարվում»: Նա նաև իր հրամանագիրն անվանեց «անկախության հռչակագիր»:

ԱՄՆ արտաքին առևտրային քաղաքականության այս կտրուկ փոփոխության նպատակն է՝ արտերկրում հաստատված ընկերությունները և աշխատատեղերը ետ վերադարձնել ԱՄՆ, որպեսզի արդյունքում ավելի մեծ մրցակցություն ձևավորվի երկրի ներսում, և սպառողական ապրանքների գները սկսեն նվազել:

Իր ելույթում նախագահ Թրամփը որպես օրինակ՝ նշեց Ճապոնիան, որտեղ երկրում սպառվող բոլոր մեքենաների 94%-ը հայրենական արտադրության են: ««Տոյոտան» տարեկան ավելի քան մեկ միլիոն մեքենա է վաճառում ԱՄՆ շուկայում», սակայն, օրինակ, «Ջեներալ Մոթորս» ընկերությունը Ճապոնիայում ոչ մի մեքենա չի վաճառում:

Արտաքին առևտրի այս հավակնոտ կտրուկ փոփոխության արդյունքում ԱՄՆ-ը նախատեսում է խրախուսել հայրենական ավտոմեքենաների արտադրությունը՝ 25% տարիֆ սահմանելով աշխարհի բոլոր երկրներից ներմուծվող բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Կարդացեք նաև

Հյուսիսային Ամերիկայի երկրների վերաբերյալ Թրամփը նշեց, որ նախկինում երկար տարիներ ԱՄՆ-ը սուբսիդավորել է Կանադայի և Մեքսիկայի ծախսերը, սակայն, չնայած այդ ամենին, Կանադան, օրինակ, բավականին բարձր տարիֆներ է սահմանել ԱՄՆ կաթնամթերքի ներմուծման վրա, և այդպիսով, իր ամենամոտիկ հարևանների և առևտրային գործընկերների հանդեպ նույնպես սահմանեց տարիֆներ: Կանադայի և Մեքսիկայի համար վերջինս սահմանեց 25% տարիֆ ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա պայմանագրի առարկա չհանդիսացող ապրանքների համար (որը ներառում է նաև ավտոմեքենաները): Նշված պայմանագրի առարկա հանդիսացող ապրանքատեսակները կշարունակեն արտոնյալ հարկային պայմաններով մաքսազերծվել:

Եվրոպայի վերաբերյալ Դոնալդ Թրամփն ասաց, որ մի կողմից՝ Եվրոպական Միությունը (ԵՄ) ոչ-տարիֆային արգելքների միջոցով սահմանափակում է ԱՄՆ-ից հավի մսամթերքի ներմուծումը, իսկ մյուս կողմից՝ ցանկանում է, որպեսզի ԱՄՆ-ը գնի իրենց արտադրած ավտոմեքենաները:

Սահմանված տարիֆների վերաբերյալ միջազգային արձագանքներն իրենց ուշացնել չտվեցին. որոշ երկրներ պատրաստվում են համապատասխան ձևով պատասխանել ԱՄՆ-ի այս քայլին, իսկ որոշ այլ երկրներ ավելի մեղմ մոտեցում են որդեգրել՝ ջանքեր գործադրելով մեղմել ԱՄՆ վերաբերմունքը և որոշ փոփոխություններ կատարել իրենց իսկ քաղաքականության մեջ, որպեսզի ԱՄՆ-ը նույնպես փոխի իրենց հանդեպ մոտեցումը և նոր գործարքի գնա:

Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարեց, որ խոր ափսոսանք է զգում այդ որոշման համար, որը հսկայական հետևանքներ է ունենալու, որից ամբողջ աշխարհի տնտեսությունն է տուժելու, և ավելանալու է անորոշությունը: Եվրոպական Միության համար սահմանված տարիֆի դրույքաչափը 20% է: Եվրոպական Հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ ԵՄ-ն պատասխան քայլով է հանդես գալու, և, որ արդեն նախապատաստել է պատասխան քայլերի առաջին փաթեթը: Նա նաև հավելեց, որ տարիֆները «բացասաբար են ազդելու սպառողական ապրանքների գների վրա ամբողջ աշխարհում, որը շատ կարճ ժամանակում է իրեն զգացնել տալու. սնունդն ու դեղորայքն ավելի թանկ են արժենալու, բարձրանալու է տրանսպորտի գինը և գնաճի տեմպերը»:

Մեծ Բրիտանիայի համար սահմանված տարիֆը նվազագույնն է՝ 10%, որը հնարավոր է դարձել նաև շնորհիվ Եվրոպական Միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշման: Ի պատասխան այս տարիֆների հայտարարությանը, Բրիտանիայի վարչապետն ասաց, որ առևտրային պատերազմներում հաղթողներ չեն լինում, և, որ Մեծ Բրիտանիան աշխատանքներ է տանում ԱՄՆ-ի հետ ուղիղ առևտրային համաձայնագիր կնքելու ուղղությամբ:

Ասիական երկրների վրա նույնպես մեծ ազդեցություն է ունենալու ԱՄՆ տարիֆների որոշումը:

Չինաստանը հայտարարել է, որ պատրաստվում է համապատասխան ձևով պատասխանելու իր հանդեպ սահմանված 54% տարիֆի որոշմանը: Սույն տարիֆի դրույքաչափը 34%-ով ավելին է դրա նախորդից, և լինելով ամենաբարձրներից մեկը, ամենամեծ հարվածը հասցնելու է հենց Չինաստանին, որի արդյունքում է՛լ ավելի է սրվելու Չինաստան-ԱՄՆ առևտրային պատերազմը: Չինաստանը հայտարարել է, որ ԱՄՆ այս որոշումը խախտում է Առևտրի Համաշխարհային Կազմակերպության օրենքները, և, որ Պեկինն ի պատասխան այդ քայլի՝ միջոցներ կձեռնարկի:

Վիետնամին նույնպես բաժին է ընկել ամենաբարձր տարիֆներից մեկը՝ 46%: Վիետնամի համար այս որոշումը նույնպես ծանրագույն ազդեցություն կարող է ունենալ, քանի որ ԱՄՆ-ը Վիետնամի արտահանումների համար ամենախոշոր շուկան է, և իր ՀՆԱ-ի 30%-ը գոյանում է հենց ԱՄՆ արտահանումներից: Վիետնամի վարչապետ Ֆամ Մինհ Չինհը հանձնարարել է «արագ արձագանքման հանձնաժողով» ստեղծել, որի նպատակն է՝ ձևավորել տարիֆների ազդեցությունը մեղմող ռազմավարություններ, ընդհուպ՝ նաև ամերիկյան ապրանքների ներմուծման վրա սահմանված իր իսկ տարիֆների մեղմումը, որպեսզի կարողանան դիվանագիտական ճանապարհներ որոնել ԱՄՆ-ի կողմից ավելի նպաստավոր տարիֆների հասնելու համար:

Թրամփը, այսպիսով, հայտարարում է Ասիայից ԱՄՆ ընկերությունների «հայրենադարձության» փուլ. արդեն իսկ կան հայտարարություններ ԱՄՆ-ում խոշոր ներդրումներ իրականացնելու համար այնպիսի ընկերությունների կողմից, ինչպիսիք են Apple ընկերությունը (500 միլիարդ դոլարի ներդրում), Opan AI և Oracle ընկերությունները (500 միլիարդ դոլարի ներդրում), Nvidia ընկերությունը, Թայվանի ամենախոշոր և աշխարհում չիպեր արտադրող ամենամեծ ընկերությունը՝ TSMC-ը, և այլք:

Սա մեծագույն միջազգային նորություն է, որը փոխելու է տնտեսական ամբողջ աշխարհակարգը, ձևափոխելու է առևտրային ուղիները, տեկտոնիկ փոփոխությունների է ենթարկելու աշխարհի կենտրոնների քաղաքականությունները՝ իր բոլոր հետևանքներով, որի արդյունքում, հավանաբար, աշխարհն այլևս նույնը չի լինի, ինչ այսօր է:

ԿԱՄՈ ՄԱՅԻԼՅԱՆ, CITP® | FIBP®

Գործարար, Միջազգային առևտրի մասնագետ

Տորոնտո-Երևան

Տեսանյութեր

Լրահոս