Պետությունը կառավարելու համար քննություն չհանձնածը կամ պատերազմ վարելու քննությունից կտրվածը. Փաշինյանի ռազմաքաղաքական ուղղագրությունը

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե նամակներ է ստանում, որոնք կարդալով՝ «ուղղակի խելագարվում է»։

«Մարդիկ ինձ նամակ են գրում, ասում են՝ «բա ինձ աշխատանք չե՞ս տալիս, պարո՛ն վարչապետ»։ Նայում եմ տեքստը, չորս նախադասություն է, մեջը 17 հատ ուղղագրական սխալ կա,- մանրամասնել է նա և շարունակել,- Վերջերս չդիմացա, մեկին պատասխանեցի, ասացի՝ հարգելի՛ս, բայց գոնե նամակ գրելիս մի հատ տեքստիդ նայի: Ջղայնացած նամակ հետ գրեց, ասաց՝ «չհասկացա, դու մտածում ես՝ ես կրթություն չունե՞մ, որ իմանաս տենց չի, կցում եմ դիպլոմս»։ Այդ տեքստի մեջ ևս 17 հատ սխալ կար: Չմտածեք չափազանցում եմ, ով ուզի՝ կտանեմ, ցույց կտամ»:

Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում դժգոհել է նաև կադրային ճգնաժամից:

Մի կողմ թողնենք, որ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառումներում տարրական ուղղագրական և կետադրական սխալներ է թույլ տալիս, մի կողմ թողնենք նաև այն, որ կարող էր վերը նշված հայտարարության մեջ նշել՝ նամակում ուղղագրական 17 սխալ կար: Մի կողմ թողնենք, որ իրենց պաշտոններին չհամապատասխանող մարդկանց ինքն է ընտրել և նշանակել կամ նշանակման միջնորդություն տվել:

Կարդացեք նաև

Մի առիթով Փաշինյանն ինքն է ընդունել, որ իր կառավարությունում մասնագետ պաշտոնյաների խնդիր է եղել, ըստ էության, պարզվում է՝ այսօր էլ մասնագետների խնդիր ունեն:

Ավելին, 2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերում անընդհատ կադրային փոփոխություններ է իրականացրել, և հաճախ՝ սխալ, ու մարդիկ չեն կարողացել փորձառություն ձեռք բերել այս կամ այն պաշտոնում:

Իսկ 44-օրյա պատերազմի օրերին ունեցել ենք, ինչպես Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, տեղանքում չկողմնորոշվող հրամանատարներ:

168.amը դեռ տարիներ առաջ ուսումնասիրությունների շարք է ներկայացրել ՊԲ-ում և ՀՀ զինված ուժերում Փաշինյանի կադրային փոփոխությունների և նշանակումների թեմայով:

Ի դեպ, տարիներ առաջ Փաշինյանն արդարացել էր՝ «նույնիսկ Հիսուսն ի վիճակի չի եղել անդավաճան կադրային քաղաքականություն վարել, մեծամտություն կլինի կարծելը, որ որևէ վարչապետ դա կարող է անել»։ Խոսքն այս դեպքում իրավապահ համակարգի մասին էր:

Բայց ամենամեծ խնդիրն այն է, որ ինքը՝ Փաշինյանը, չի համապատասխանում իր այսօրվա կարգավիճակին և զբաղեցրած դիրքին՝ երկրի ղեկավարի և գերագույն հրամանատարի, քանի որ ոչ միայն չի ծառայել բանակում (մի կողմ թողնենք՝ ինչո՞ւ, կամ դրա օրինական կամ ոչ օրինական լինելը), այլ ի սկզբանե չի տիրապետել ռազմական տարրական գիտելիքների և տարիների ընթացքում այս առումով ոչ մի առաջընթաց չի գրանցել:

Խոսենք փաստերի լեզվով:

Փաստ առաջին

2018թ. սեպտեմբերին «Զինուժ Մեդիային» տված հարցազրույցում ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրել էր, որ, երբ նույն թվականի մայիսին ԱԺ-ում քննարկվում էր նրա՝ վարչապետի պաշտոնում թեկնածության հարցը, ընդդիմախոսներն ասել էին, որ Փաշինյանը բանակում չի ծառայել, ուստի պատկերացում չունի՝ ինչ է բանակը, և, մեծ հաշվով, խորությամբ չի տիրապետում անվտանգային խնդիրներին:

2018-ին Փաշինյանը «զգուշացրել» էր՝ սխալ պատկերացումներ ունի գերագույն հրամանատարի պարտականությունների մասին։

Այնուհետև Ալթունյանը շարունակել էր՝ «մի քանի ամիս է անցել այդ քննարկումներից, արդյոք կարո՞ղ եք ասել, որ հիմա արդեն ամբողջովին տիրապետում եք այն խնդիրներին, որոնք առնչվում են մեր երկրի անվտանգությանը, և որոնց պետք է տիրապետի ՀՀ ԶՈՒ գերագույն հրամանատարը», ինչին Փաշինյանը պատասխանել էր.

«Առաջինը, կարծում եմ, գերագույն հրամանատարի կարևորագույն հմտությունը և հատկությունը, դժվարության և օրհասական պահին հանրությանը, պետությանը, ժողովրդին, զինված ուժերին համախմբելու ընդունակությունն ու կարողությունն է: Մեր պատմությունը ցույց է տվել, որ մեր պետությունը, զինված ուժերը, մեր ժողովուրդն առավել մարտունակ են, երբ կա այնպիսի գերագույն հրամանատար, որն ի վիճակի է համախմբել ազգային ողջ ներուժը, և այդ ողջ ներուժը կազմակերպել հակառակորդին հակահարված տալու համար: Այսօր սա մեր ռազմաքաղաքական ամենակարևոր առավելություններից մեկն է, որն ավելացել է նախկինում մեր ունեցած մյուս առավելությանը. դա ուժեղ և մարտունակ բանակն է»:

Գերագույն հրամանատարի գործառույթների մասին հարցին տված Փաշինյանի այս պատասխանից կարելի է հետևություն անել, որ վարչապետ դառնալուց ամիսներ հետո էլ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետել օրենքով սահմանված գերագույն հրամանատարի լիազորություններին և այն կարողություններին, որոնք պիտի ունենա պատերազմող երկրի գերագույն հրամանատարը, այսինքն, նա չի բարձրացել հանրահավաքներ վարողի մակարդակից: Եվ այս առումով, ինչպես նշեցինք, ոչ մի առաջընթաց չկա:

Իսկ 2020 թվականի պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանը մեկ՝ գերագույն հրամանատար էր, որի իրավունքը, դեռ հարց է՝ ունե՞ր, թե՞ ոչ, մեկ՝ մոդերատոր էր, մեկ էլ՝ ռազմական որոշում կայացնող՝ «վարչապետը մի անգամ է միանձնյա որոշում կայացրել պատերազմի ընթացքում, որի շնորհիվ 7-րդ պաշտպանական շրջանն իր տեղում է, որովհետև ոմանք խուճապի մեջ ուզում էին 7-րդ պաշտպանական շրջանն էլ հանձնել»:

2020թ. նոյեմբերի 12-ին ժողովրդին հասցեագրված ուղերձում խոսելով պատերազմի ժամանակ իր՝ գերագույն հրամանատարի արածի մասին, Փաշինյանը հայտարարել էր՝ զինվորականների առջև խնդիր է դրել:

«Գործողությունների առումով խնդիրը հետևյալն է, որ, ըստ էության, հրամանատարի ամենակարևոր գործառույթը կայանում է զինվորի առաջ խնդիր դնելու մեջ, որոնք ունեն կոնկրետ մարտավարական կամ ռազմավարական նպատակ, և հրամանատարը այդ խնդիրներն առաջադրում է՝ հասկանալով, որ դրանց կատարումը կարող է հանգեցնել զինվորի զոհվելուն, հանուն հայրենիքի զինվորի զոհվելուն:

Փաստացի լինելով գերագույն հրամանատարի դերում՝ պատերազմի մեկնարկի առաջին օրից հենց այդպիսի խնդիրներ եմ դրել բանակի, զինված ուժերի առջև…»,- մանրամասնել էր Փաշինյանը:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը չի տիրապետել երկրի ղեկավարի և գերագույն հրամանատարի գործառույթներին, եթե ընդունենք՝ դրա իրավունքն ուներ:

2022 թվականին էլ Վլադիվոստոկում հայ համայնքի հետ հանդիպմանը նա խոստովանել էր. «Հրամանատարներից հրամաններ են եղել, որ ես չեմ կարողանում հասկանալ ո՛չ քաղաքականապես, ո՛չ բարոյապես, ո՛չ ռազմականապես»:

Գուցե զարմացել է դրանց բովանդակությունից, և այդ իմաստով է ասել, գուցե «մասնագիտորեն» չի հասկացել դրանց բովանդակությունը: Երկու դեպքում էլ խնդիր կա:

Փաստ երկրորդ

2022 թվականի սեպտեմբերին Փաշինյանն ԱԺ-ում, մասնավորապես, հայտարարել էր.

«Էդքան քննադատված Սու-30ՍՄ-ի դեպքը դրա ամենավառ օրինակն է: Վարչապետը, նույնիսկ՝ պաշտպանության նախարարը, ԳՇ պետը, որը, ենթադրենք, հրետանավոր է, սակրավոր կամ հետևակի մասնագետ, ինքը պարտավոր չի փորձագետ լինել՝ է՞ս օդանավը, է՞ս օդանավը, թե՞ էն օդանավը… Դրա համար կան ռազմաօդային ուժեր, որոնք գնահատում են իրենց կարիքը: Կամ՝ ես ասում եմ՝ առաջին անգամ պատերազմը մեկնարկելուց հետո եմ իմացել, որ մեր բանակում կա սաղավարտի և զրահաբաճկոնի խնդիր: Ինձ արձագանքում են և ասում՝ ՍՌՏ չգիտեմ որերորդ ծրագրի որերորդ էջում գրված է՝ սաղավարտ և բան: Կներեք, բայց վարչապետը պարտավոր չի հարյուր քանի էջանոց փաստաթուղթը կարդա տողերով և ասի՝ վայ, էս ի՞նչ է գրած: Ինձ ինչ զեկուցվել է, բանակը դա ստացել է»:

Այսինքն, երկրի ղեկավարը «Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիր» կամ ԶՈՒ զարգացման պլան է հաստատել՝ առանց դրանց ամբողջովին ծանոթանալու և հասկանալու։ 

Ավելին, չի իմացել՝ արդյո՞ք բավարար զրահաբաճկոն կամ սաղավարտ ունի պատերազմի մեջ գտնվող երկրի զինված ուժերը:

Ի դեպ, այդ ժամանակ փաստաբանի միջոցով պատասխանելով 168.am-ի հարցերին, հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր.

«ՀՀ կառավարության կողմից վերահաստատված «Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրում» նշվում է ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերումների ընդհանուր պահանջարկն առնվազն 5 տարվա կտրվածքով և բաշխված է՝ ըստ տարիների:

Այն իր մեջ ներառում է և՛ այդ իրավիճակում զինված ուժերի կիրառման ապահովումը, և՛ խաղաղ պայմաններում զինված ուժերի ամենօրյա գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ռազմական նշանակության արտադրանքի հաշվարկման քանակական և մոտարկված ֆինանսական միջոցների պահանջարկը:

Քանի որ այդ պահանջարկը գերազանցում է պետական բյուջեի հնարավորությունները, հաշվի առնելով ՀՀ կառավարության կողմից հատկացվող ֆինանսական միջոցները, ՀՀ պաշտպանության նախարարությունը հնարավորինս բաշխում է կատարում տարեկան պաշտպանական ծախսերում՝ ըստ առաջնահերթությունների:

Չեմ կարծում, որ հազարավոր անուն նյութական և ֆինանսական միջոցների պահանջարկի դեպքում ես կամ որևէ այլ պաշտոնյա պետք է ՀՀ վարչապետի ուշադրությունը կենտրոնացներ հենց սաղավարտների և զրահաբաճկոնների վրա, մասնավորապես այն պարագայում, երբ յուրաքանչյուր տարի դրանք հնարավորինս ձեռք են բերվել՝ ըստ ՀՀ գլխավոր շտաբի կողմից ներկայացված օպտիմիզացված հայտերի:

44-օրյա պատերազմի ժամանակ զինված ուժերը համալրված են եղել զրահաբաճկոններով և սաղավարտներով, իսկ զորահավաքի պահանջարկը բավարարված է եղել մասամբ»:

Փաստ երրորդ

Փաշինյանն ապացուցել է, որ զենքը զինամթերքից չի տարբերում, ինչպես նաև՝ զենքի կամ սպառազինության թողարկման, մոդիֆիկացման և ձեռքբերման տարեթվերը: Այսինքն, եթե ինչ-որ զինատեսակ Հայաստանը գնել է 2024 թվականին, ուրեմն՝ դա հենց այդ թվականի զինատեսակ է, և ոչինչ, որ այն նախագծված կամ մշակված, արտադրված լինի դրանից մի տասը տարի առաջ: Ոչ, Փաշինյանի համար դա 2024 թվականի զենք է: Ավելորդ է հիշեցնել Սու-երի հետ կապված հակասական հայտարարությունները:

Ավելին, մոտ 2 տարի առաջ հրավիրված ասուլիսի ժամանակ Փաշինյանը կասկածի տակ էր դրել մինչև 2018 թվականը ՀՀ-ի ՀՕՊ համակարգ ունենալու փաստը, ինչը ևս խոսում է նրա ռազմական տարրական գիտելիքներ չունենալու մասին:

Այս համատեքստում չմոռանանք 2021թ. մայիսի վերջին՝ Աջափնյակ վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Փաշինյանի հայտարարությունը, թե «ՀՀ-ում կան մարդիկ՝ սպա, ով Ս-300-ի վրայից պլատա ա հանում, որ տանի մեջի ոսկին ծախի՝ 30-40 հազար դրամով»: «Պլատաների գողի» ինքնությունը, ի դեպ, դեռ հայտնի չէ, և այս դրվագով անգամ գործը փակվել է:

Չմոռանանք նաև իրեն գերագույն հռչակած անձի՝ «Իսկանդերի» 10 տոկոսով պայթելու վերաբերյալ հայտարարությունը, որի վրա ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի ծիծաղը ճակատագրական եղավ, ինչին հաջորդեց Գլխավոր շտաբի հայտարարությունը։

Իսկ Փաշինյանի քաղաքական վրեժխնդրության ռազմական հետևանքները՝ հրթիռների գործից մինչև «պլատաների գործ», 168.am-ն ուսումնասիրել ու ներկայացրել էր։

Փաստ երրորդ

Պատերազմից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո Նիկոլ Փաշինյանը գաղտնիության տարրեր պարունակող տեղեկություններ է հրապարակել, ինչի մասին ևս 168.am-ն ուսումնասիրությունների շարք է ներկայացրել։

Ավելին, Նիկոլ Փաշինյանը 44-օրյայի օրերին հրապարակայնացրել էր ընթացքի մեջ գտնվող ռազմական օպերացիան, որից, հնարավոր է, հակառակորդն օգտվել է, դեռ չենք ասում, որ դրանից առաջ ֆեյսբուքյան իր էջում նույն օպերացիայի մասին գրառումներ էր կատարել՝ հուշելով դրանց բնույթը, ընդ որում՝ մի քանի անգամ խմբագրելով նույն գրառումը։ Դիտավորությո՞ւն, թե՞ չիմացություն: Երկու դեպքում էլ գործ ունենք աբսուրդային և վտանգավոր իրավիճակի հետ:

Փաշինյանի չիմացությունների շարքը կարող ենք շարունակել, բայց սահմանափակվենք այսքանով:

Մի բան փաստ է՝ Փաշինյանը չէ, որ պետք է խոսքի ուղղագրական սխալների, ոչ պրոֆեսիոնալիզմի ու ոչ կոմպետենտության, գիտելիքների պակասի մասին, հետո՞ ինչ, որ կինը «Կրթվելը նորաձև է» արշավ է սկսել, ինքն էլ այդ շրջանակում մեկ-մեկ «դասախոսություններ» է կարդում, ի վերջո, շատ կարևոր է՝ ո՞ւմ համար, ովքե՞ր են դրանով հիացողները:

Ի դեպ, սա հիշեցնում է հումորային այս պատմությունը՝ երբ ուսուցիչն ուզում է, որ իր մոտ աշակերտները լրացուցիչ պարապեն, դիտմամբ ցածր է նշանակում նրանց. հիմա Փաշինյանը կնոջ արշավն արդարացնելու համար բոլորին փորձում է «անգրագետ» ներկայացնել։ Հետաքրքիր է՝ Աննա Հակոբյանը ծրագրի շահառուներ գտնելու գործը Փաշինյանի վրա՞ է դրել:

Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե ամեն ինչ այսքան ողբերգական չլիներ, եթե պետության ղեկը չլիներ մի մարդու ձեռքին, ով «օգտագործելով» լրագրողական դիրքը՝ ավտոմեքենա վարելու թույլտվություն ստացել է՝ առանց քննություն հանձնելու:

Տեսանյութեր

Լրահոս