Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի ատեստավորման ժամանակը

Նոյեմբերի 24-ին ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների տեսահարցերին:

168.am-ը պաշտպանական ոլորտին առնչվող որոշ հայտարարությունների անդրադարձել է:

Այդ օրը, ինչպես նշել ենք հիշատակված հոդվածում, Փաշինյանը խոսել է նաև բանակի բարեփոխումների մասին, սակայն, մեծ հաշվով, նշել է միայն իրենց ներդրած ատեստավորման և խնդրահարույց համակարգի մասին:

«Ասում են, թե ինչո՞ւ միանգամից աշխատավարձը չենք բարձրացնում. շատ պարզ պատճառով, այդ թվում՝ դառը փորձի պատճառով. ուզում ենք համոզված լինել, որ այն զինվորականները, որոնց ուսերին մենք դնում ենք պետության անվտանգությունը պահպանելու պարտավորություն, կարող են իրենց ուսերին կրել այդ բեռը: Մենք չենք ուզում փակ աչքերով բարձրացնել աշխատավարձ: Մենք ուզում ենք, որ նաև հանրությունը համոզված լինի, որ, եթե պետությունն ինչ-որ մեկին վստահել է պահպանել երկրի անվտանգությունը, ապա այդ զինվորականը կարող է կրել այդ պատասխանատվությունը: Պատկերացրեք՝ մենք միլիարդներ ծախսենք, 500-600 հազար դրամ աշխատավարձ տանք մի մարդու, որը չգիտի զինվորական գործը: Իսկ, ցավոք, մեր դառը փորձը ցույց է տալիս, որ այդպիսի դեպքեր լինում են և ամենևին էլ վիճակագրական շեղման չափ քիչ չեն, որ ուշադրություն չդարձնենք»,- շարունակել է նա:

Կարդացեք նաև

Այս հայտարարությունը նախ ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը բանակի, սպայի, այսօրվա ծանր պայմաններում՝ նրանց ծառայության նկատմամբ:

Եվ ոչինչ, որ 2020 թվականի հուլիսյան մարտերից հետո Փաշինյանը հայկական բանակը համարել էր տարածաշրջանի ամենամարտունակը և ՀՀ նախագահին ուղղված միջնորդություն ստորագրել՝ տավուշյան մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողի՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողի՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրելու, ինչպես նաև՝ կապիտան Ռուբեն Սանամյանին Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին:

Այն դեպքում, երբ, օրինակ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, թե լավ կլիներ, որ իշխանությունները հանրությանը բացատրեին՝ հատկապես ո՞ր սխրագործության համար պիտի 71 հոգին պարգևատրվեն «Մարտական խաչով»:

Իհարկե, այստեղ Փաշինյանը խնդիր ուներ նախկիններից առաջ գնալու, և ինչպես ինքն էր 2020 թվականի օգոստոսի 28-ին Տավուշյան հաղթական մարտերի հերոսների պարգևատրման արարողությանը ասել՝ «պատմության մեջ առաջին անգամն է, երբ Հայաստանի ազգային հերոս զինվորականն իր շքանշանը ստանալու է անձամբ»:

Արդեն 44-օրյա պատերազմի օրերին ունեցանք կենդանության օրոք Ազգային հերոսի կոչման նոր կրողներ՝ Տիրան Խաչատրյան, Անդրանիկ Փիլոյան, Գարեգին Պողոսյան: Այսինքն, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե քիչ չեն դեպքերը, երբ աշխատավարձ են տվել զինվորական գործից չհասկացողի, և այսօր պիտի վստահ լինեն՝ ում են վստահում երկրի անվտանգությունը, շարունակությունն է ավելի վաղ ասված մտքի, թե «մեր ամենամեծ սխալը, որ վստահել ենք բանակին»:

Այստեղ Փաշինյանը, թերևս, լավ կանի հիշի մարտական գործողություններից հետո Ադրբեջանին հանձնված տարածքները, որոնք զինվորը, սպան պահել և մեկ սանտիմետր չեն հանձնել, այն դիրքերը, որոնք պահվել են և խաղաղության օրակարգի տրամաբանությունից ելնելով՝ պիտի հանձնվեն հետագայում:

Իսկ ՀՀ զինված ուժերում ատեստավորման նոր համակարգը, ըստ էության, տեղավորվում է բանակային խաղերի տրամաբանության մեջ: Այս տարվա օգոստոսին Տավուշի մարզում անցկացված բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումների ժամանակ Փաշինյանն ասել էր.

«Առաջինը՝ ուզում ենք ընդհանրապես մեր՝ որպես հանրություն, պետություն, ֆիզիկական և հոգեբանական պատրաստության կարևորությունը ևս մեկ անգամ շեշտել: Երկրորդը՝ ուզում ենք, ինչո՞ւ ոչ, այն ծառայողները, ովքեր ունեն հատուկ որակներ, ոչ միայն դրամական, այլև քաջալերման լրացուցիչ խթան ունենան: Ինչո՞ւ ծառայակից ընկերները չիմանան, որ ինքը լավագույններից լավագույնն է: Նաև դրամական խրախուսանք լինի, որն ինչ-որ տեղ ատեստավորման հետ զուգահեռ՝ սոցիալական երաշխիքների մեջ ևս մի բան ավելացնում է… Բայց մյուս կողմից էլ՝ մենք խնդիրն այլ կերպ ենք դնում. խնդիրը դնում ենք, այո, աշխատավարձն առնվազն կրկնապատկելու վրա, բայց նաև պետությունը և հանրությունը պետք է համոզմունք ունենան, որ այդ ծառայողները, մի ինչ-որ որակական նշաձող կա, որից ներքև չեն գտնվում հաստատ»:

Որևէ մեկը չի վիճարկում փաստը, որ զինվորականը պետք է ֆիզիկապես պատրաստված լինի, մարտական պատրաստվածության բարձր մակարդակ ունենա, բայց վերջինի դեպքում լրջագույն դեր ունեն զորավարժությունները, այդ թվում՝ միջազգային: Իսկ փաշինյանական ատեստավորման համակարգը, թերևս, չի բերելու բանակի մարտունակության զգալի բարձրացման, աշխատավարձի բարձրացման՝ այո, բայց սրա կողքին՝ նաև զորացրումների, որը միշտ չէ, որ կարելի է որակել՝ որպես մասնագիտական «բյուրեղացում»: Սա ռազմական ոլորտին մոտ կանգնած մարդկանց կարծիք է:

Մոտ մեկ ամիս առաջ ֆեյսբուքյան իր էջում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, ով շատ հաճախ է լինում դիրքերում և զրուցում սպաների հետ, գրել էր. 

«Այն չափանիշներն ու նշաձողը, որն այս պահին դրված է Զինված ուժերում ատեստացիայի իրականացման գործընթացում, իր հիմնական նպատակին չի ծառայում:

Այս պահին կան զինծառայողներ, որոնց հաջողվել է քննությունները հանձնել և աշխատավարձի բարձրացում ունենալ, սակայն սա իր հետ` տարբեր գործոններով պայմանավորված, մեծ հիասթափություններ և ծառայությունից զորացրումների է բերել:

Ատեստացիայի գործընթացի դրական/բացասական գործոնների վերլուծությունը ցույց է տալիս, որ ծրագիրն իր հիմնական նպատակին չի ծառայել, և սրա անփոփոխ մնալը բանակում շատ ավելի ծանր հետևանքների է հանգեցնելու:

Կա՞ այս հարցում առաջ քայլ արձանագրելու հնարավորություն` այո´, իսկ կանե՞ն` չի երևում, համենայդեպս փորձադաշտի վերածված բանակում, արդեն մեկ տարի է, ատեստացիայի գործընթացը դադարներով ընթանում է, իսկ սպասված արդյունքը չկա:

Այստեղ արագ արդյունքի հասնելու հնարավորություն կա, սակայն պաշտպանության նախարարությունը շարունակում է պնդել դրա անցկացման մի տարբերակ, որն ավելի շատ վնաս է բերում, քան հնարավորություն»:

Ավելին, դեռ մեկ տարի առաջ հոկտեմբերին, երբ կառավարության նիստում հավանության էր արժանացել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, 168.am-ը փաստաբանական թիմի միջոցով խնդրել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին իր մասնագիտական կարծիքը հայտնել պայմանագրայինների համար նախատեսված ատեստավորման նոր կարգի վերաբերյալ:

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նախագծով խեղաթյուրվում է ՀՀ զինված ուժերի անձնակազմի կառավարման, մասնավորապես՝ խրախուսման մեթոդի սկզբունքը: ԶՈՒ-ում գործում են պաշտոնահաստիքային գիտելիքների և հմտությունների հստակ չափանիշներ, և անձի մարտավարական պատրաստության չափանիշին համապատասխանությունը վարձատրվում է վերաբերող սանդղակով: Ցավոք, դեռ ցածր: Ծառայողին խրախուսում են և՛ վարձատրությամբ, և՛ պաշտոնեական առաջխաղացմամբ, և՛ պարգևատրմամբ՝ վերոհիշյալ չափանիշները գերազանցելու պարագայում,- նշել էր նա և հավելել,- Կառավարության նման մոտեցմամբ անձնակազմի կառավարումը բերելու է ԶՈՒ-ում բարոյահոգեբանական մակարդակի անկմանը և հովանավորչության աճին: Այս համատեքստում ցանկանում եմ հավելել նաև, որ մարտական պատրաստության ծրագրերի շրջանակում յուրաքանչյուր տարի ստուգվում է զինծառայողի պատրաստության աստիճանը՝ գիտելիքների, հմտությունների, կարողությունների համապատասխանությունը չափանիշներին։ Այսպես ասած, հավելյալ ատեստավորման նախաձեռնմամբ, որն իրականացվելու է հավելավճարների միջոցով, խարխլելու է մարտական պատրաստության ամբողջ տրամաբանությունը։

Ըստ այդմ՝ արդյո՞ք փոփոխվում են մարտական կանոնադրությունները և դրանցից բխող պատրաստության չափորոշիչները։ Բացի այդ, իսկ ո՞վ է ստուգելու ատեստավորող հանձնաժողովի անդամների որակավորումը»:

Ավելի ուշ համոզվեցինք, որ Դավիթ Տոնոյանի հարցադրումները և պնդումները լիովին արդարացված են: Մեկ անգամ այս խնդրին արդեն անդրադարձել ենք, երբ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրություններից պարզ էր դարձել, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների ատեստավորման գործընթացին մասնակցել էին Շիրակի և Արագածոտնի նախկին մարզպետները՝ Դավիթ Գևորգյանը և Նազելի Բաղդասարյանը:

Իսկ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների ատեստավորման գործընթացը ենթադրում է անհատական ֆիզիկական պատրաստության աստիճանի ստուգում, կրակային պատրաստության աստիճանի ստուգում, թեստային առաջադրանքների միջոցով մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների վերաբերյալ ստուգարք, և այլն:

Այդ ժամանակ չէինք էլ մտածում, որ բանակի հեղինակության վրա բացասական ազդեցության առումով ավելի վատ փաստի ականատեսը կլինենք:

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ նոյեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորման գործընթացը, և, որ քառօրյա ատեստավորման ընթացքում մասնակիցները քննություններ կհանձնեն ֆիզիկական, շարային, կրակային պատրաստությունից և մասնագիտական գիտելիքների ու պարտականությունների իմացությունից։ Իսկ ատեստավորման գործընթացին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանի օգնական Դավիթ Գևորգյանը, ով նախքան հեղափոխությունը, ըստ մամուլի հրապարակումների՝ որևէ առնչություն չի ունեցել պետական համակարգի հետ, առավելևս՝ պաշտպանական համակարգի:

Բայց արի ու տես, որ նա կարող է մասնակցել փորձառու զինվորականների և գեներալների ատեստավորմանը՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի, հետախուզության պետի, ԳՇ վարչության մյուս պետերի: Սա դեռ հերիք չէ՝ Պաշտպանության նախարարությունն էլ այս ամենը հրապարակայնացնում է: Սա բանակին, բանակի գեներալներին նվաստացնել չէ՞, և որևէ կապ չունի, որ նրանցից շատերը կարող է իրենց նվաստացած չզգան և տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով մտածեն բարձր աշխատավարձի մասին: Բայց ամեն ինչ այսքանով չի ավարտվում:

ՀՀ պաշտպանության նախարար, ատեստավորման առաջին հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանն իր խոսքում շեշտել է.

«Սա ցուցիչ է, որ զինված ուժերում բոլորը հավասար են խնդիրը կատարելու համար։ Այսինքն՝ հրամանատարն ու վերջին շարքում կանգնած զինվորը մարտի ժամանակ հավասար են, եղբայրներ են։ Սա կարևոր է ինձ համար»:

Ի՞նչ է սա, եթե ոչ պոպուլիզմ, ինչը հատուկ է Փաշինյանի կառավարությանը:

Առաջին՝ շարքային զինվորը չի կարող նույն խնդիրը կատարել մարտի ժամանակ, ինչ հրամանատարը կամ գեներալը, որովհետև նրանց առջև դրված խնդիրներն ու պարտականություններն են տարբեր: Իհարկե, 44-օրյա պատերազմում իր զինվորի կողքին, նրա հետ նույն մարտում զոհված հրամանատարներ ունեցել ենք, և դա գովելի է: Բայց Սուրեն Պապիկյանի ասածը պոպուլիզմ է և ոչ պրոֆեսիոնալ: Եթե սխալվում ենք, ապա Սուրեն Պապիկյանը, ԳՇ պետ Ասրյանն ամենաթեժ և բարձր հատվածում վերջին անգամ ե՞րբ են եղել, արդյո՞ք գիշերել են դիրքային նույն պայմաններում, ինչպես շարքային զինվորը, դեռ նրանց և ռազմական գործից հեռու փոխնախարարի հարցը մի կողմ ենք թողնում: Իսկ պատերազմը չի ավարտվել: Լավ կլիներ, որ Սուրեն Պապիկյանը, Նիկոլ Փաշինյանը նույն բծախնդրությամբ մոտենային ռազմական պաշտոնների թեկնածուներ ընտրելիս, և ընտրությունը կանգ առներ ռազմական տարրական գիտելիքներ ունեցողների և սահմանապահ զորամասերի ղեկավարների վրա, որոնք, իհարկե, կաբինետային աշխատանքից կարող էին, այսպես ասած՝ գլուխ հանել: Այս մասին երկար կարելի է խոսել, բայց ատեստավորման գործընթացի մասին դեռ առավել մասնագիտական անդրադարձ կանենք այլ առիթով: Մի բան հստակ է՝ նման մոտեցումը, ատեստավորման հանձնաժողովի կազմը, բնավ, չի խոսում այն մասին, թե ՀՀ զինված ուժերը ցանկանում են դարձնել տարածաշրջանի ամենամարտունակն ու ամենաինտելեկտուալը: Օրինակ, եթե պատմաբան Սուրեն Պապիկյանին ատեստավորեր բարձր դասարանի աշակերտը, կամ ավելի վատ՝ ցածր, ինքն իրեն ինչպե՞ս կզգար, և դա հրապարակայնացվեր:

Վերադառնանք Նիկոլ Փաշինյանի՝ զինվորականության վերաբերյալ գնահատականներին և նրա ռազմական տարրական գիտելիքների տիրապետման մակարդակին: Եվ այսպես՝

Դրվագ առաջին

2018թ. սեպտեմբերին «Զինուժ Մեդիային» տված հարցազրույցում ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրել էր, որ, երբ նույն թվականի մայիսին ԱԺ-ում քննարկվում էր նրա՝ վարչապետի պաշտոնում թեկնածության հարցը, ընդդիմախոսներն ասել էին, որ Փաշինյանը բանակում չի ծառայել, ուստի պատկերացում չունի՝ ինչ է բանակը, և, մեծ հաշվով, խորությամբ չի տիրապետում անվտանգային խնդիրներին:

2018-ին Փաշինյանը «զգուշացրել» էր՝ սխալ պատկերացումներ ունի գերագույն հրամանատարի պարտականությունների մասին։

Այնուհետև Ալթունյանը շարունակել էր՝ «մի քանի ամիս է անցել այդ քննարկումներից, արդյոք կարո՞ղ եք ասել, որ հիմա արդեն ամբողջովին տիրապետում եք այն խնդիրներին, որոնք առնչվում են մեր երկրի անվտանգությանը, և որոնց պետք է տիրապետի ՀՀ ԶՈՒ գերագույն հրամանատարը», ինչին Փաշինյանը պատասխանել էր.

«Առաջինը, կարծում եմ, գերագույն հրամանատարի կարևորագույն հմտությունը և հատկությունը, դժվարության և օրհասական պահին հանրությանը, պետությանը, ժողովրդին, զինված ուժերին համախմբելու ընդունակությունն ու կարողությունն է: Մեր պատմությունը ցույց է տվել, որ մեր պետությունը, զինված ուժերը, մեր ժողովուրդն առավել մարտունակ են, երբ կա այնպիսի գերագույն հրամանատար, որն ի վիճակի է համախմբել ազգային ողջ ներուժը, և այդ ողջ ներուժը կազմակերպել հակառակորդին հակահարված տալու համար: Այսօր սա մեր ռազմաքաղաքական ամենակարևոր առավելություններից մեկն է, որն ավելացել է նախկինում մեր ունեցած մյուս առավելությանը. դա ուժեղ և մարտունակ բանակն է»:

Գերագույն հրամանատարի գործառույթների մասին հարցին տված Փաշինյանի այս պատասխանից կարելի է հետևություն անել, որ վարչապետ դառնալուց ամիսներ հետո էլ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետել օրենքով սահմանված գերագույն հրամանատարի լիազորություններին և այն կարողություններին, որոնք պիտի ունենա պատերազմող երկրի գերագույն հրամանատարը: Այսինքն, նա չի բարձրացել հանրահավաքներ վարողի մակարդակից:

Պատերազմը վարում է պետությունը, և պետության ղեկավարը պետք է կարողանա կառավարել այն, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «պատերազմ հայտարարվելու դեպքում, որպես զինված ուժերի գերագույն հրամանատար, ընդունում է պատերազմական ժամանակի քաղաքական և ռազմական բնույթի որոշումներ»:

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին Վլադիվոստոկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն իրեն գերագույն հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանը խոստովանել էր՝ «հրամանատարներից հրամաններ են եղել, որ ես չեմ կարողանում հասկանալ ոչ քաղաքականապես, ոչ բարոյապես, ոչ ռազմականապես»:

Ավելին, նա պատերազմից առաջ, դրա ընթացքում և հետո, իր խոսքերով, «գաղտնիության էլեմենտներ» պարունակող տեղեկություններ է հրապարակել։

Դիտավորյա՞լ, թե՞ չիմացության հետևանքով՝ կպարզվի հետագայում:

Դրվագ երկրորդ

2022 թվականի սեպտեմբերին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նախ շեշտել էր, թե 2018-ից վարչապետի պաշտոնը ստանձնելով՝ առաջնորդվել է ամեն ինչ բանակի համար սկզբունքով, այնուհետև պատասխանատու հայտարարել.

«Իմ վարչապետության օրոք չի եղել մի դեպք, երբ որ բանակը որևէ հարց բարձրացնի, և ես այդ խնդիրը չլուծեմ՝ առնվազն ֆինանսական մասով: Էդքան քննադատված Սու–30ՍՄ-ի դեպքը դրա ամենավառ օրինակն է: Վարչապետը, նույնիսկ՝ պաշտպանության նախարարը, ԳՇ պետը, որը, ենթադրենք, հրետանավոր է, սակրավոր կամ հետևակի մասնագետ, ինքը պարտավոր չի փորձագետ լինել՝ է՞ս օդանավը, է՞ս օդանավը, թե՞ էն օդանավը: Դրա համար կան ռազմաօդային ուժեր, որոնք գնահատում են իրենց կարիքը: Մենք պատկերացնում ենք, չէ՞, որ դա գերժամանակակից ինքնաթիռ է՝ խելագար գնով: Զինված ուժերն ինձ ներկայացրել են ԶՈւ սպառազինության և տեխնիկայի պլան առաջիկա 10 տարվա համար, եթե չեմ սխալվում, որի ընդհանուր արժեքը եղել է 12 միլիարդ դոլար: Ես հիմա չգիտեմ՝ ինչի համար են բերել»:

Երկրի ղեկավարը, պաշտպանության նախարարը, այո՛, կարող են ռազմական խորը գիտելիքներ չունենալ, բայց տարրական գիտելիքներ՝ պարտավոր են, որպեսզի առնվազն նման հայտարարություններ չհնչեցնեն: Ի դեպ, հարցին՝ ինչո՞ւ հիմա չեն կիրառվում մեր Սու-երը, արդյո՞ք կարիքը չկա, Փաշինյանը պատասխանել էր՝ ամեն ինչ չէ, որ այս պահին կիրառվում է, քանի որ արդյունավետության հարց կա։

«Մյուս կողմից, չեմ կարծում եմ, թե քաղաքական իշխանությունը պիտի զանգի և ասի՝ սրանով կամ նրանով կրակեք»,- շեշտել էր նա՝ չբացառելով դեպքերը, երբ պետական միջոցներով ձեռք բերված սպառազինությունը կարող է կիրառելի չլինել:

Նշենք, որ Փաշինյանին թվում էր, թե Սու-30-ը թողարկվել է այն թվականին, երբ ձեռք է բերվել, այսինքն՝ 2019թ., և 70-80-ականների չէ:

«ՀՀ Կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետև ձեռք բերված սպառազինությունը կամ 2019 թվականի արտադրության է, կամ չօգտագործված»,- ասել էր նա։

Մինչդեռ Սու-30-ը Սու-27-ի կատարելագործված տարբերակն է։ Սու-30-ի առաջին նախատիպն օդ է բարձրացել դեռ 1988 թվականին, իսկ Սու-27-ինը՝ 1977 թվականին։ Ճիշտ է, այս ընթացքում Սու-30-ը կատարելագործվել է, սակայն նույն կերպ կարող են կատարելագործվել նաև այլ զինատեսակներ, եթե դրա անհրաժեշտությունը կա:

Դրվագ երրորդ

Կառավարություն-ԱԺ նույն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նաև շարունակել էր.

«Կամ՝ ես ասում եմ՝ առաջին անգամ պատերազմը մեկնարկելուց հետո եմ իմացել, որ մեր բանակում կա սաղավարտի և զրահաբաճկոնի խնդիր: Ինձ արձագանքում են և ասում՝ ՍՌՏ չգիտեմ՝ որերորդ ծրագրի որերորդ էջում գրված է՝ սաղավարտ և բան: Կներեք, բայց վարչապետը պարտավոր չի հարյուր քանի էջանոց փաստաթուղթը կարդա տողերով և ասի՝ վայ, էս ի՞նչ է գրած: Ինձ ինչ զեկուցվել է, բանակը դա ստացել է»:

Փաստաբանի միջոցով պատասխանելով 168.am-ի հարցերին, հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր.

«ՀՀ կառավարության կողմից վերահաստատված «Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրում» նշվում է ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերումների ընդհանուր պահանջարկն առնվազն 5 տարվա կտրվածքով և բաշխված է՝ ըստ տարիների: Այն իր մեջ ներառում է և՛ այդ իրավիճակում զինված ուժերի կիրառման ապահովումը, և՛ խաղաղ պայմաններում զինված ուժերի ամենօրյա գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ռազմական նշանակության արտադրանքի հաշվարկման քանակական և մոտարկված ֆինանսական միջոցների պահանջարկը:

Քանի որ այդ պահանջարկը գերազանցում է պետական բյուջեի հնարավորությունները, հաշվի առնելով ՀՀ կառավարության կողմից հատկացվող ֆինանսական միջոցները, ՀՀ պաշտպանության նախարարությունը հնարավորինս բաշխում է կատարում տարեկան պաշտպանական ծախսերում՝ ըստ առաջնահերթությունների: Չեմ կարծում, որ հազարավոր անուն նյութական և ֆինանսական միջոցների պահանջարկի դեպքում ես կամ որևէ այլ պաշտոնյա պետք է ՀՀ վարչապետի ուշադրությունը կենտրոնացներ հենց սաղավարտների և զրահաբաճկոնների վրա, մասնավորապես այն պարագայում, երբ յուրաքանչյուր տարի դրանք հնարավորինս ձեռք են բերվել՝ ըստ ՀՀ գլխավոր շտաբի կողմից ներկայացված օպտիմիզացված հայտերի:

44-օրյա պատերազմի ժամանակ զինված ուժերը համալրված են եղել զրահաբաճկոններով և սաղավարտներով, իսկ զորահավաքի պահանջարկը բավարարված է եղել մասամբ»:

Վերադառնալով Փաշինյանի հայտարարությանը, նախ՝ նկատենք, որ եթե Նիկոլ Փաշինյանը կարդար «Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման» պետական ծրագիրը, ապա գոնե կիմանար, որ այն տասնամյա չէ:

Իսկ 168.am-ի հետ զրույցում այս դիտարկումը հաստատել էր նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը:

«Առաջին՝ ծրագիրը եղել է ոչ թե 10 տարվա, այլ 5 տարվա: Երկրորդ՝ շատ վատ է, որ ինքը փաստաթուղթ է ստորագրում և չի կարդում՝ ինչ է ստորագրում: Այսինքն, երկրի ղեկավարը Զինված ուժերի զարգացման պլան է հաստատել՝ առանց հասկանալու, թե ինչ է հաստատել, չընթերցելով այն: Ասեմ, որ այդպիսի մի քանի պլան ես կազմել եմ ժամանակին և դրա վրա ծախսվել է 3-4 ամիս ժամանակ: Մասնագետները ժամանակ են ծախսում այն կազմելու համար, իսկ ղեկավարը հարկ չի համարում այն ընթերցել»,- նշել էր գեներալ Հակոբյանը:

Դրվագ չորրորդ

Այս տարվա մարտին հրավիրված ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի այն պնդմանը, թե 2018թ. հետո Հայաստանը որևէ ռազմատեխնիկական աջակցություն չի ստացել, և, որ 44-օրյա պատերազմի ընթացքում օգտագործվել է զինամթերքի 50 տոկոսը, ավելին, պատերազմի ժամանակ մեր ամենահզոր զենքերը չեն օգտագործվել:

«Կատարյալ սուտ է, որ 2018-ից հետո… օգնություն ասելով՝ ի՞նչ նկատի ունեք, կարո՞ղ է՝ ձրի զենք նկատի ունեն: Եթե ձրի զենք, մենք ձրի զենք… չասեմ՝ ձրի զենքը ինչ է: ՀՀ-ն 2018-2020 թվականներին ձեռք է բերել ավելի շատ զինամթերք, քան նախորդ 10 տարիներն իրար հետ վերցրած: Սա ապացուցված վիճակագրություն է»,- շեշտել էր Նիկոլ Փաշինյանը՝ ընդունելով, որ մեր սպառազինությունը կատարյալ չի եղել:
Ի դեպ, Փաշինյանը զենքը զինամթերքից, ըստ էության, չի տարբերում:

Ավելին, այդ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ էր դրել մինչև 2018 թվականը ՀՀ ՀՕՊ համակարգ ունենալու փաստը, ինչը ևս խոսում է նրա ռազմական տարրական գիտելիքներ չունենալու մասին:

Օրեր անց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքել էր Փաշինյանի ստերին:

«Ուզում եմ հիշեցնել նրանց, ովքեր կամ անտեղյակ են, կամ հիշողության կորուստ ունեն, որ այդ ժամանակաշրջանում մենք ունեինք տարածաշրջանում երևի միակը՝ Ս-300-ի դիվիզիոններ, մենք ունեինք մեծ հեռահարության հրթիռներ, մենք այդ ժամանակահատվածում ձեռք ենք բերել 100-ից ավելի միայն ծանր զրահատեխնիկա: Այդ ժամանակահատվածում մենք ձեռք ենք բերել 100-ավոր ժամանակակից ՀՕՊ միջոցներ, մենք ձեռք ենք բերել տասնյակ-հազարներով մեծ տրամաչափի զինամթերքներ: 100 միլիոնից ավել միայն հրազենային զինամթերք ենք ձեռք բերել: Էլ չեմ խոսում «Իսկանդերի» մասին, չեմ խոսում այլ հզոր զենքերի մասին: Իսկ իրենք ի՞նչ են ձեռք բերել՝ 3 ինքնաթիռ, որ այդպես էլ որևէ օգուտ չտվե՞ց:

Մի քանի տասնյակ հին, այլևս իր արժեքը կորցրած ОС АК-ներ, ուրիշ ի՞նչ են ձեռք բերել»,- մասնավորապես, ասել էր Սերժ Սարգսյանը:

Հավելենք, որ 2015-ի վերջին Հայաստանում կային «Իսկանդերներ», որոնք ցուցադրվել էին 2016թ. շքերթին, իսկ դրանց շուրջ բանակցություններն ընթացքի մեջ էին 2015 թվականից, երբ նախկին իշխանությունների՝ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք ռուսական վարկով 200 միլիոն ԱՄՆ դոլարի սպառազինության մատակարարման մասին համաձայնագիր էր ստորագրվել, որը հետագայում ընդլայնվել էր:

«Кавказский узел» պարբերականը հոդված էր հրապարակել,որտեղ պնդում էր, որ Փաշինյանը մարդկանց մոլորեցնելու համար մանիպուլյացիայի է դիմում, ստում է՝ հատկապես սպառազինության վրա ծախսված միջոցների առումով: Մասնավորապես, միայն С-300-ի շուկայական արժեքը 250 մլն դոլար է եղել, «Իսկանդերներն» էլ ավելի թանկ և չեն ունեցել շուկայական արժեք:

Այս համատեքստում չմոռանանք 2021թ. մայիսի վերջին՝ Աջափնյակ վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Փաշինյանի հայտարարությունը, թե «ՀՀ-ում կան մարդիկ՝ սպա, ով Ս-300-ի վրայից պլատա ա հանում, որ տանի մեջի ոսկին ծախի՝ 30-40 հազար դրամով»: Չմոռանանք նաև իրեն գերագույն հռչակած անձի՝ «Իսկանդերի» 10 տոկոսով պայթելու վերաբերյալ հայտարարությունը, որի վրա ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի ծիծաղը ճակատագրական եղավ, որին հաջորդեց Գլխավոր շտաբի հայտարարությունը։

Իսկ Փաշինյանի քաղաքական վրեժխնդրության ռազմական հետևանքները՝ հրթիռների գործից մինչև «պլատաների գործ», 168.amուսումնասիրել ու ներկայացրել էր։

«Պլատաների» գողի ինքնությունը, ի դեպ, հայտնի չէ:

Եթե Նիկոլ Փաշինյանի ոչ պրոֆեսիոնալ ռազմական բոլոր հայտարարություններին և մտքերին անդրադառնանք, ժամանակը չի հերիքի, ուստի սահմանափակվենք այսքանով:

Տեսանյութեր

Լրահոս