Ումի՞ց եք թաքցնում, ի՞նչ եք պայմանավորվել Ալիևի հետ, հրապարակե՛ք փաստաթղթի տեքստը, հեքիաթ մի՛ պատմեք. Վարդան Պողոսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանն է։

Վարդան Պողոսյանը դեռ տարիներ առաջ ասում էր, որ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով փոխելու է նաև Հայաստանի Սահմանադրությունը: Նպատակն Անկախության հռչակագրից հրաժարվելն է:

«Փաշինյանը պետք է վաղուց ձերբակալված լիներ. պետական դավաճանության հանցակազմերից մեկը թշնամու կողմն անցնելն է»,- Փաշինյանի կողմից Տավուշից տարածքներ հանձնելու օրերին ասում էր նա:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Կարդացեք նաև

  • Ակնհայտ է, որ Փաշինյանի քաղաքականությունը թելադրվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից՝ գրեթե բոլոր ուղղություններով։ Փոխվել է միայն այն, որ մենք մոտենում ենք ՎԵՐՋԱԿԵՏԻՆ, ՀԱՆՁՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐՋԻՆ։ Ակնհայտ է, որ այդ «Խաղաղության պայմանագիր» կոչվածը, եթե այն անգամ կնքվի ու վավերացվի, մեզ խաղաղություն չի՛ բերելու, Ալիևի ձեռքերը դա չի կապելու։ Ցավոք սրտի, եթե որևէ բան չփոխվի, մեզ սպասում է մռայլ ապագա։ Դրա համար մեզ համար հիմա վերջապես եկել է սթափվելու ժամանակը։ Եթե հիմա էլ չգիտակցենք՝ ինչ ահռելի վտանգի առաջ ենք մենք կանգնած, Հայաստանի Հանրապետությունը դեռ մի որոշ ժամանակ կարող է ֆորմալ լինել պետություն, բայց ոչ մի սուբյեկտայնություն մենք չենք ունենա։
  • Եթե չպահպանենք մեր ազգային ինքնությունը, մենք մեր որոշ հարևանների կողքին չենք կարող գոյատևել։ Եթե դու չես ունենում Անկախության հռչակագիրը՝ որպես պետականության հիմք, դու չես ունենում ոչինչ։

  • Ցեղասպանության ուրացման պրոցեսն ընթանում է մեծ թափով, Արցախը հանձնվել է, բայց դա էլ Ադրբեջանին չի բավարարում․ պայմանագիրը կնքելու համար նոր նախապայմաններ են առաջադրում։ Հայաստանը մուրացիկ դիվանագիտություն է իրականացնում։ Հայաստանը մուրացկանի նման խնդրում է, որ իրեն հանգիստ թողնեն։ Բայց միջազգային հարաբերություններում նման բաները չեն ընկալվում։ Կյանքի օրենքն է։
  • Աշխարհը կանգնած է նոր աշխարհակարգ կառուցելու առջև, այդ նոր աշխարհակարգը կարող է շատ ավելի դաժան լինել, քան 1945թ.-ից հետո ստեղծվածը։ Փաշինյանի կառավարությունը վերջնականապես քայքայել է մեր պետության հիմքերը ու մեզ զրկել նոր աշխարհակարգում գոյատևելու հնարավորությունից։
  • Մեզ որևէ մեկը սուբյեկտ չի համարում։ Բոլորի համար ակնհայտ է, որ Փաշինյանի քաղաքականությունը միտված է մեկ բանի՝ զիջումների գնով իր աթոռը պահպանելուն, և, ցավոք, նրան ո՛չ երեկ, ո՛չ այսօր ոչինչ չի հետաքրքրում։
  • Որևէ մեկը չի կարող հավատալ այն հեքիաթին, որ Փաշինյանի գլխին հանկարծ խնձոր ընկավ, ու ինքը որոշեց փոխել Սահմանադրությունը, և, որ դա Ալիևի պահանջը չէ։ Թուրքիան միշտ ցանկացել է փոխել մեր Սահմանադրության նախաբանը, բայց Հայաստանի ոչ մի նախագահի օրոք նման քննարկում անգամ երբեք չի եղել՝ ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Սերժ Սարգսյանի։ Եվ միայն Փաշինյանի օրոք դրվեց այդ պահանջը։ Եթե դա տեղի ունեցավ, հայ, Հայաստան, հայի ինքնություն հասկացություններից մեր Սահմանադրության մեջ մնալու է միայն «Հայաստանի Հանարապետություն» բառակապակցությունը, այն էլ՝ որոշ ժամանակով։ 
  • Եթե մենք հասել ենք մի այնպիսի իրավիճակի, երբ Հայաստանի իշխանություն կոչվածները նոր Սահմանադրություն են ուզում անել թշնամի պետությունների պահանջով, ուրեմն մենք սուվերենության, անկախության որևէ նշույլ չունենք։
  • Նիկոլ Փաշինյանի համար Հայաստանի, հայ ժողովրդի շահ գոյություն չունեն։ Սահմանադրություն փոխելու համար նա պատրաստ է ամեն քայլի։ Ես նույնիսկ չեմ բացառում, որ նա Խորհրդարանական ընտրություններից առաջ կընկնի։

  • Սահմանադրության նախաբանը մեր հավաքական ինքնության նկարագիրն է։ Հիմա Փաշինյանն ասում է՝ ինձ համար Ցեղասպանության, արցախահայերի իրավունքների պաշտպանության խնդիր չկա, հետևաբար՝ փոխում եմ Սահմանադրությունը։ Սա ամբողջովին աղճատում է Սահմանադրության էությունը։ Փաշինյանն ու իր կառավարությունը ոտնահարել ու շարունակում են ոտնահարել մեր Սահմանադրությունը։
  • Սահմանազատման գործընթացը մինչև այժմ մեզ տվել է սոսկ միակողմանի զիջումների արդյունք։ Մեզ նոր, էլ ավելի դաժան գործընթացներ են սպասվում։ Այս վարչախմբի իրականացրածը դավաճանական քաղաքականություն է։
  • Խաղաղության պայմանագիր կոչվածի որևէ հոդվածի տեքստ մենք չենք տեսել և չենք կարող ասել՝ ինչ սահմանափակումներ է այն պարունակում։ Եթե կա այդ պայմանագիրը, և եթե հայկական կողմը պնդում է, որ այդ փաստաթղթում չկան ադրբեջանցիների վերադարձի, միջանցք տալու պահանջ, հարց է առաջանում՝ այդ դեպքում ի՞նչ արժե այդ թուղթը։ Ումի՞ց եք թաքցնում, ինչի՞ չեք թույլ տալիս, որ գոնե ընդդիմադիր պատգամավորները ծանոթանան համաձայնեցված տեքստին։ Սա նոնսենս է։ Շատ նրբություններ կան, որ ինձ համար պարզ չեն նույնիսկ Ալիևի, Փաշինյանի հայտարարություններից հետո։ Ես՝ որպես իրավունքի մարդ, ուզում եմ տեսնել այդ տեքստը։
  • Իրականում Փաշինյանը, հայ-ադրբեջանական հարաբերություններում հրաժարվելով միջնորդներից, փորձում է միջնորդ դարձնել Թուրքիային՝ շատ լավ հասկանալով, որ Ադրբեջանը բոլոր հարցերի պատասխանը տալու է Թուրքիայի հետ վերջնականապես համաձայնեցնելուց հետո։
  • ժամանակին ասել եմ, որ Հայաստանի կառավարությունն իրականացնում է մի գործընթաց, որն այլ կերպ, քան պետական դավաճանություն, չի կարելի համարել: Հայաստանի վարչապետն անցել է թշնամու կողմը և ի վնաս Հայաստանի տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության՝ գործողություններ է իրականացնում, ՀՀ տարածքները զիջում Ադրբեջանի Հանրապետությանը: Նաև ասել եմ, որ երբ դու գնում ես խաղաղություն մուրալու, քեզ որևէ մեկը խաղաղություն չի տալու։ Քեզնից վերցնելու են այնքան, ինչքան կկարողանան։ Նոր Սահմանադրության ընդունումը նշանակում է նոր կապիտուլյացիայի ակտ, և եթե ժողովուրդը համաձայն լինի դրան, հայկական պետականությունը կվերանա։ Մարդիկ պետք է լուրջ վերաբերվեն սրան ու հարց տան իրենց՝ իրենք լինելո՞ւ են հայ այս տարածքում, թե՞ չեն լինելու։ 
  • Ցեղասպանությունից հրաժարվելով՝ Փաշինյանը փորձում է բարիացնել Թուրքիային ու Էրդողանին հասկացնում է՝ «ինձնից պրոթուրքական իշխանություն Հայաստանում չի լինելու, և ես ձեզ, պարոն Էրդողան, խնդրում եմ, մի քիչ զսպեք Ադրբեջանի ախորժակը»։
  • Պայմանագրի ստորագրումից հետո Ալիևի պահանջով ԵԱՀԿ Մինսկի խմբից հրաժարվելով՝ Փաշինյանն իրավական առումով փակում է արցախահայերի իրավունքների վերականգնման թեման։
  • Եթե Իրանն առնվազն Հարավային Կովկասում պահպանի իր տարածաշրջանային դիրքերը, ամեն ինչ անելու է, որ Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը փոփոխության չենթարկվի։

  • Ընդդիմության միջև բախումների մասին. ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների շրջապատում մարդիկ կան, ովքեր ներքաղաքական գզվռտոցի վրա փորձում են միավորներ հավաքել։ Ինձ համար շատ տարօրինակ է, որ ՀՀ երկրորդ նախագահի համակիր փաստաբանն անում է պնդումներ, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն։  
  • 2005թ. սահմանադրության փոփոխությունները Ռոբերտ Քոչարյանի համակիր փաստաբանը ներկայացնում է՝ որպես նոր Սահմանադրություն, և հետևություն անում, որ Ռ. Քոչարյանը 2008 թ. նորից առաջադրվելու իրավունք ուներ:

2005թ. հանրաքվեի է ներկայացվել ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ: Սահմանադրության փոփոխություններն ընդունվել են 2005թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեով: Նոր սահմանադրություն կամ նույնիսկ նոր խմբագրությամբ Սահմանադրություն չի՛ ընդունվել: 1995թ. Սահմանադրության 50-րդ հոդվածով Հանրապետության նախագահի համար սահմանված երկու անգամից ավելի անընդմեջ ընտրվելու արգելքը 2005թ. որևէ փոփոխության չի՛ ենթարկվել: Ուստի, Ռ. Քոչարյանի կողմից 2008թ. նախագահական ընտրություններում նորից առաջադրվելը կխախտեր Սահմանադրության 50-րդ հոդվածը: 

Գոնե այդ իրավաբան ներկայացող անձը պետք է իմանար, դա սահմանադրական փոփոխությունների նախագիծ էր։ Այսինքն՝ այդ տեքստում որևէ փոփոխության չեն ենթարկվել այն դրույթները՝ ինչ կարելի է անել Հանրապետության նախագահին և ինչ չի կարելի։ Հետևաբար՝ ՀՀ երկրորդ նախագահը 3-րդ անգամ նախագահ առաջադրվելու որևէ հնարավորություն չուներ։ 

  • Շատ զավեշտալի հայտարարություններ են արվում: Մեկ ասում էին, որ 2015 թվականի Սահմանադրության փոփոխությունները կարվել են Սերժ Սարգսյանի հագով, հիմա էլ ասում են, թե այդ Սահմանադրական փոփոխություններն արվել են Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու համար… այսինքն՝ ես Սահմանադրության տեքստի վրա աշխատելիս պիտի մտածեի, որ դա անում եմ, որ ինչ-որ Նիկոլ Փաշինյան գա իշխանությա՞ն… անհեթեթությունների ժանրից է։ Հարգելի պարոն փաստաբան, դուք Սահմանադրության նախորդ տեքստը կարդացե՞լ եք, որտե՞ղ եք տեսել, որ Նախագահը, վարչապետը կամ պատգամավորը պետք է անպայման բարձրագույն կրթություն ունենան։ Երբ ասվում է, որ դրույթը դիտավորյալ հանվել է, որ Փաշինյանը դառնա վարչապետ, կարող եմ ասել՝ բրավո, փաստաբան, հեղափոխական մոտեցում է։
  • Ո՛չ 1995թ.-ին, ո՛չ 2005թ.-ին, ո՛չ 2015թ.-ին Սահմանադրության մեջ պատգամավորի համար բարձրագույն կրթության պահանջ չի՛ եղել։ Ռոբերտ Քոչարյանի համակիր փաստաբանը պնդում է, որ մինչև 2015թ. խմբագրությամբ Սահմանադրության ընդունումը պատգամավորի և վարչապետի համար նախատեսված է եղել բարձրագույն կրթություն ունենալու պահանջ:

Կրկնում եմ՝ նման պահանջ ընդհանրապես չի՛ եղել ոչ 1995թ. ընդունված Սահմանադրության սկզբնական տեքստում, և ոչ էլ 2005թ. Սահմանադրության փոփոխություններում: Դրանցում սահմանվել են միայն պատգամավորների անհամատեղելիության պահանջները:

1995թ. Սահմանադրության սկզբնական տեքստը և 2005թ. սահմանադրության փոփոխությունները բարձրագույն կրթության պահանջ չեն սահմանել նաև Ազգային ժողովի պատգամավորների համար:

Ըստ 1995թ. Սահմանադրության սկզբնական տեքստի 64-րդ հոդվածի՝  «Պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»:

2005թ. այս դրույթը որևէ փոփոխության չի ենթարկվել: Պատգամավորին ներկայացվող ներկայումս գործող պահանջները սահմանված են Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ մասում, ըստ որի՝ «Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք»:

Ընտրական իրավունքին վերաբերող 1995 և 2005 թթ. սահմանադրական կարգավորումները ևս պատգամավորի համար բարձրագույն կրթություն ունենալու պահանջ չեն պարունակել: Ընտրական իրավունքը, ներառյալ՝ ընտրվելու իրավունքը, 1995թ. Սահմանադրության սկզբնական տեքստում կարգավորվել է 27-րդ հոդվածով: Ըստ 27-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Ընտրել և ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող քաղաքացիները»: 2005թ. փոփոխված Սահմանադրության 30-րդ հոդված 3-րդ մասն ամբողջությամբ վերարտադրել է 1995թ. Սահմանադրության սկզբնական տեքստի 27-րդ հոդվածի 2-րդ մասը:

1995թ. ընդունված Սահմանադրության 88-րդ հոդվածը սահմանել է, որ «Կառավարության անդամը չի կարող լինել որևէ ներկայացուցչական մարմնի անդամ, զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք»: 2005 թ. այդ հոդվածում փոփոխություներ են կատարվել, բայց դրանք չեն սահմանել բարձրագույն կրթություն ունենալու պահանջ: Ըստ 88-րդ հոդվածի՝ «Կառավարության անդամը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել իր պարտականությունների հետ չկապված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից»:

Կառավարության անդամին ներկայացվող պահանջները սահմանվել են 2015թ. նոր խմբագրությամբ Սահմանադրությունում: Ըստ Սահմանադրության 148-րդ հոդվածի 1-ին մասի՝  «Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները»:

  • Սահմանադրությունը նախարարի համար բարձրագույն կրթություն ունենալու պահանջ չի պարունակում: Սխալ է նաև այդ փաստաբանի այն պնդումը, ըստ որի՝ գործող Սահմանադրությունը նախարարի համար պարունակում է բարձրագույն կրթություն ունենալու պահանջ, բայց վարչապետի համար` ոչ: Կառավարության անդամ են հանդիսանում վարչապետը, փոխվարչապետները և նախարարները (Սահմանադրության 147-րդ հոդվածի 1-ին մաս, հոդված 152):
  • Բարձրագույն կրթության պահանջ պատգամավորի, վարչապետի, նախարարի կամ Հանրապետության նախագահի համար Հայաստանի օրենսդրությունը երբևէ չի ունեցել:

Հարկ է նաև նկատել, որ Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև մինչ այդ` ՀԽՍՀ-ում, բարձրագույն կրթության պահանջ պատգամավորի, վարչապետի, նախարարի կամ Հանրապետության նախագահի համար երբևէ սահմանված չի եղել ոչ սահմանադրական, և ոչ էլ օրենսդրական մակարդակներում:

Տեսանյութեր

Լրահոս