Փաշինյանն «էմոցիոնալ հայտարարություն» չանելով՝ ո՞ւմ է պաշտպանում. Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությա՞նը, թե՞ իրեն, և ինչի՞ց. իրականում ինչ պետք է նա անի

Հունվարի 17-ին Բաքվի դատարանում տրվել է Ադրբեջանում պահվող 23 գերիներից 15-ի, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «բեմականացված դատավարության» մեկնարկը:

Այդ օրն ադրբեջանական լրատվամիջոցները տարածել էին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության լուսանկարները, ինչը հանրության զգալի հատվածի վրա թողել էր համապատասխան ազդեցություն… և, ըստ էության, դրանք ապացուցում էին և ապացուցում են, թե որքանով է Բաքուն «մարդասեր» և «հարգում» միջազգային իրավունքը:

Դատավարության մեկնարկից մեկ օր առաջ Ռուբեն Վարդանյանը բանտից ուղերձ էր փոխանցել, որտեղ մանրամասն նկարագրել էր, թե ինչպես է խախտվում իր իրավունքը:

«Հունվարի 17-ին, ժամը 15:00-ին նշանակված է իմ գործով դատական նիստը: Ինձ ասվել է, որ ինձ առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում: Բայց մինչև հիմա ինձ հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը: Ինձ և իմ փաստաբանին ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ես չեմ տիրապետում, և դրա համար հատկացվել է բավականին կարճ ժամանակահատված՝ 2024թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2025 թ. հունվարի 8-ը:

Կարդացեք նաև

Հոդվածների ցանկը, որոնցով ինձ մեղադրանքներ են առաջադրված, ռուսերենով ես ստացել եմ միայն 2025թ. հունվարի 8-ին:

Միևնույն ժամանակ ճնշում է գործադրվել իմ, իմ փաստաբանի և թարգմանչի վրա, որպեսզի ստիպեն մեզ ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ»,- մասնավորապես, իր ուղերձում ասել է Վարդանյանը:

Նշենք, որ Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է մյուս պաշտոնյաների գործից, և նա իր ուղերձում խնդրել էր միավորել իր գործը մյուս մեղադրյալների գործերի հետ:

Ի դեպ, հավելենք, որ հունվարի 17-ին Բաքվի դատարանում ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ում Ադրբեջանը մեղադրում է նաև «Գյանջայի վրա հրթիռային հարձակման» համար, հայտարարել է, որ Գյանջային հարվածելու որոշում ինքը չի կայացրել, նման իրավունք և լիազորություն չուներ, և, որ քննության ընթացքում ինքը բացատրել է, թե ինչու է նման հայտարարություն արել:

Ի՞նչ բացատրություն է տվել Արայիկ Հարությունյանն իր հայտարարության կամ համապատասխան ֆեյսբուքյան գրառման հետ կապված, բնականաբար, չենք կարող իմանալ: Կամ՝ արդյո՞ք ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդածն իրականություն է:

Մյուս կողմից, ադրբեջանական լրատվամիջոցները շատ ավելի վաղուց էին ակնարկում Արայիկ Հարությունյանի՝ նման ցուցմունք տալ-չտալու մասին:

Մասնավորապես, դեռ 2023 թվականի հոկտեմբերին ադրբեջանական կայքերը՝ հղում տալով Արցախի նախկին նախագահի ադրբեջանցի փաստաբանին, գրել էին, որ նա հարցաքննվել է, և նրա ցուցմունքները շատ հարցերի պատասխան են տալիս:

168.amանդրադարձել է Արայիկ Հարությունյանի ցուցմունքին և Նիկոլ Փաշինյանի՝ «Գյանջայի դեպքերին» առնչվող պատասխանատվության չափին, և ոչ առաջին անգամ՝ հիմնված բաց փաստերի վրա:

Իսկ Ադրբեջանը հայ գերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը որակում է՝ «ադրբեջանական նյուրնբերգյան դատավարություն», և այն արդարացնելու համար բերում նյուրնբերգյան դատավարություններից օրինակներ, մյուս կողմից, ընդունում «երկակի ստանդարտների» դեպքերը, և իբր զգուշացնում միջազգային հանրությանը, որ Բաքվում սկսված գործընթացը միջազգային և ոչ միջազգային «աղմուկները» չեն դադարեցնի:

Իսկ ինչ է պատրաստվում անել միջազգային հանրությունը, կո՞ւլ է տալու Ադրբեջանի այս սպառնալիքները կամ հորինված «միջազգային եզրույթը»՝ «Նյուրնբերգյան դատավարություն»:

168.am-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը պատասխանելով հարցին, թե Բաքվում ընթացող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությանն անդրադառնալիս Ադրբեջանն օգտագործում է «Նյուրնբերգյան դատավարություն» եզրույթը և բերում է մի շարք օրինակներ, որքանո՞վ է ընկալելի լինելու միջազգային հանրության համար, ասաց.

«Ադրբեջանը կիրառում է քաղտեխնոլոգիայի առաջին հայացքից պրիմիտիվ, բայց այնպիսի նենգ և հեռատես քայլեր, որոնք կարող են արդյունք երաշխավորել հետագա շրջափուլում: Իրականում, Ադրբեջանը ոչ միայն հիմքեր չունի անգամ ակնարկելու «Նյուրնբերգյան դատավարության» մասին, այլև ընդհանրապես նախաձեռնելու այդպիսի բացահայտ ապօրինի և երկկողմ բանակցությունների համատեքստում որպես բացահայտ շանտաժ համարվող դատավարություն: Մյուս կողմից, սա հետագա պատմական զարգացումների խորապատկերում, հատկապես՝ մեր լռության պարագայում, իրենց համար շահեկան որակումներով իրադարձությունները ներկայացնելու գործիք է, ինչին իրենք հրաշալի են տիրապետում:

Եթե Ադրբեջանի բռնապետը փոքր-ինչ վստահություն ունենար, որ այդ դատավարությունները գոնե հեռավոր աղերս կունենան միջազգային դատավարության չափանիշների հետ, ապա հենց ինքն էլ կդիմեր այդ դատական ատյաններին, ոչ թե սեփական գրպանային դատավորներով կձգտեր շինծու դատավարություն նախաձեռնել, դրանք բնորոշելով պոռոտախոսին հատուկ պիտակներով: Ուրիշ բան, որ աշխարհաքաղաքական ներկա վիճակից օգտվելով, հատկապես՝ արևմտյան Եվրոպայում տիրող էներգետիկ ճգնաժամի համատեքստում, այդ սուբյեկտը ոչ միայն անարգել կտտանքների է ենթարկում իր ժողովրդի արդարացի իրավունքների և ազատության համար իրավաչափ գործունեություն իրականացրած մարդկանց նկատմամբ, այլև փորձում է միջազգային հանրությանն այդ կեղտոտ քայլերը հրամցնել իբրև համամարդկային արժեքների համար մղվող պայքար, սա հատել է ցինիզմի բոլոր սահմանները»:

Իսկ ինչո՞ւ Հայաստանի իշխանություններն այս մասին չեն խոսում, և առհասարակ, ո՞րն է Բաքվում ընթացող անհիմն դատավարությանը և մեղադրյալի աթոռին նստած հայերին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չվնասելու սահմանը:

Նշենք, որ հունվարի 22-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի դիտարկմանը, որ պաշտոնական Երևանը լուռ է Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիների հետ կատարվողի առնչությամբ, Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր.

«Այն տեսարանները, որոնք մենք տեսանք, մտահոգիչ են, բայց պետք է արձանագրեմ, որ մենք այս իրավիճակին մոտենում ենք չվնասելու տրամաբանությամբ։ Մեր դիվանագիտական շփումներում և օրակարգում այդ հարցը մշտապես առկա է, և մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել, որպեսզի հասնենք արդյունքի: Ես հիմա կարող եմ հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություն անել, բայց դրա ազդեցությունն ու հետևանքներն այդ մարդիկ բանտում իրենց մաշկի վրա զգալու են: Կրկնում եմ, ես հիմա կարող եմ էնպիսի հայտարարություններ անել, որ ընդհանրապես պրետենզիա չունենաք, բայց էդ հայտարարության հետևանքն էդ մարդիկ են զգալու: Է՞ս եք ուզում, ես չեմ ուզում»:

Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ լրագրողների հետ զրույցում նշել էր, թե արձագանքելու բան չկա՝ հույս հայտնելով, որ դատավարությունից հետո հնարավորություն կունենան Բաքվում պահվողներին ինչ-որ ձևով հետ բերելու:

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի դիտարկմամբ, շեշտադրումները հարկ է ճշգրիտ անել և չդիմել հրապարակախոսական վարժանքի:

«Որևէ մեկը չի ակնկալում, որ արվեն այնպիսի քայլեր, որոնք կվնասեն հայ ռազմագերիներին, առավել ևս որևէ մեկը չի պնդում, որ իշխանությունները դիմեն էմոցիոնալ արձագանքների: Խնդիրը շատ պարզ է, իշխանություններից ակնկալվում էր, հիմա էլ է ակնկալվում, որ դիմեն միանգամայն համարժեք քաղաքակիրթ քայլերի՝ ապահովեն նույն միջազգային ատյանների ներգրավվածությունը, հայ փաստաբանների մասնակցությունը, ռազմագերիների հարցը դիտարկեն որպես բանակցային գործընթացի պարտադիր բաղադրիչ, ինչն անհասկանալիորեն անտեսվեց, օրինակ՝ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության համաձայնագրում և այլն, դրանց շրջանակը չափազանց մեծ է:

Այնպես որ՝ ճիշտ հակառակն է, հայ ռազմագերիներին մեծ վնաս է հասցվում, երբ չեն ձեռնարկվում նրանց տարրական իրավունքները պաշտպանելու նվազագույն իրավաչափ քայլերը: Ավելին, եթե խոսք գնաց էմոցիոնալ խոսույթի մասին, ապա հենց այդ խոսույթն է այս շրջանում վնասում ռազմագերիներին, քանզի անհասկանալի է, թե ինչու են նույն էմոցիոնալ հարթությամբ բացասական կամ առնվազն անորոշ պնդումներ արվում այս կամ այն գործչի Արցախ իբր գործուղվելու մասին, նրանց իբրև խոսքի ու գործի հակադրությունների մասին և այլն: Եվ որքանո՞վ է խրախուսելի այդ մարդկանց ամենօրյա ռեժիմով թիրախավորելը և հայհոյանքներով պիտակավորելը»,- շարունակեց նա:

Այս համատեքստում հիշեցնենք, որ 2024 թվականի օգոստոսին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հարցադրումներ էր արել Ռուբեն Վարդանյանի հետ կապված:

«Նշեցիք Ռուբեն Վարդանյանի դեպքը, բայց շատ կարևոր հարցեր կան՝ ի՞նչ տեղի ունեցավ, ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց անել այդ քայլը, ո՞վ նրան գործուղեց ՀՀ, գործուղեց ԼՂ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, ինչ խոստումներով, ու վերջում ասաց՝ գիտեք ինչ, մենք այնքան էլ լավ չենք ճանաչում՝ ինքը ով է, որովհետև ինքը ոնց որ թե այլ երկրի քաղաքացի է: Մենք ուզո՞ւմ ենք այս հարցերին պատասխան ունենալ, թե՞ չէ»,- նշել էր նա:

Ռուբեն Վարդանյանն արձագանքել էր Փաշինյանին, թե վերջինն իրեն կարող էր այդ հարցերը տալ, երբ հանդիպել էին՝ «եթե վարչապետն ինձ ինչինչ հարցեր ուներ, նա հնարավորություն ուներ դրանք ինձ ուղղելու 2022 թվականի նոյեմբերին մեր վերջին հանդիպման ժամանակ, երբ ես նաև պետնախարարի պաշտոնն էի զբաղեցնում»:

Ավելին, մինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե իր էմոցիոնալ հայտարարությունները կարող են վնասել Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, նրա ընտանեկան թերթը՝ «Հայկական ժամանակը», հոդված է հրապարակում՝ «ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարման «մութ պատմությունը» «գործա՞րք», թե՞ «մատնություն»» վերտառությամբ:

«Մինչև այսօր ՀՀ լայն հանրության համար այդպես էլ պաշտոնապես պարզաբանված չէ, թե ի՞նչ հանգամանքներում են ադրբեջանցիների ձեռքն ընկել ու պատանդառվել հիշյալ անձինք, մասնավորապես՝ ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, ինչպես նաև Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը․․․

Արդյոք ռուսական խաղաղապահները չե՞ն միջամտել գործընթացին՝ թույլ չտալով ձերբակալումն ու Բաքու տեղափոխելը, թե՞ օպերացիան տեղի է ունեցել նրանց գիտությամբ ու թողտվությամբ, եթե չասենք՝ լուռ աջակցությամբ։

Ինչո՞ւ գերեվարվեցին հենց Ա Հարությունյանը, Բ Սահակյանը և ոչ՝ Վ Բալասանյանն ու մյուս «սեպարատիստները»»,- գրում է Փաշինյանի ընտանեկան թերթը:

Եվ «Հայկական ժամանակի» հետ սինխրոն նույնօրինակ հոդված է հրապարակում նաև Թաթուլ Հակոբյանը՝ aliqmedia.am-ում, որտեղ պնդում է, թե Բաքուն միայն 5 հոգու էր պահանջել՝ նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Արդյո՞ք այս հոդվածները չեն վտանգում Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, և ի՞նչ խնդիր է լուծվում այսկերպ, կարող ենք ենթադրություններ անել, բայց թողնենք ժամանակի քննությանը:

Իսկ թե որքանով է Փաշինյանի ասած՝ էմոցիոնալ հայտարարությունը ենթադրում նաև պատասխան Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ցուցմունքին, չենք կարող ասել, բայց մի բան հստակ է՝ Ադրբեջանը կարող է նաև ինչ-որ պահի Նիկոլ Փաշինյանի դեմ «մեղադրական փաթեթ» կազմել, քանի որ ադրբեջանական կողմը չի դադարում պնդել, որ պատերազմը Հայաստանն ու Նիկոլ Փաշինյանն են սկսել՝ հիշեցնելով նաև «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»՝ Փաշինյանի թույլտվությամբ հայտարարված բանաձևի մասին:

Ըստ այդմ՝ ևս մեկ հարց՝ Նիկոլ Փաշինյանն էմոցիոնալ հայտարարություններ չանելով՝ իրականում ո՞ւմ է պաշտպանում և ինչի՞ց…

Հ.Գ. Նշենք, որ ՔՊ-ական 2 պատգամավոր Բաքվում ընթացող դատավարության մասին հայտարարություն արել են: ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՔՊ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հայտարարել էր

«Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Գարիկ Մարտիրոսյանի, Մելիքսեթ Փաշայանի, Դավիթ Ալավերդյանի, Գուրգեն Ստեփանյանի, Լևոն Բալայանի, Մադաթ Բաբայանի, Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի և Ռուբեն Վարդանյանի երկարատև կալանքը, նրանց պահման պայմանների մասին տեղեկությունները, Բաքվում մեկնարկած նրանց դատավարությունը անհանգստություն և խորը մտահոգություն են առաջացնում։

Արձանագրվում են մարդու հիմնարար իրավունքների զանգվածային խախտումներ, որոնք հակասում են միջազգային նորմերին և արդար դատաքննության սկզբունքներին։ Փաստերը վկայում են, որ հայազգի ներկայացուցիչների նկատմամբ կիրառվող խտրականությունը պայմանավորված է ազգային պատկանելությամբ։

Հարկ եմ համարում նշել, որ միջազգային նորմերի համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպանությունը՝ անկախ նրա էթնիկական պատկանելությունից, առաջնային պարտականություն է։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշպանության մասին եվրոպական կոնվենցիան պարտավորեցնում են պետություններին ապահովել արդար դատաքննության իրավունք, խոշտանգումներից և արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքից ազատ լինելու իրավունք։

Մարդու իրավունքների խախտումը որևէ պարագայում չի կարող արդարացվել, և բոլոր պետություններն ունեն պարտավորություն՝ երաշխավորելու արդարությունը և հարգանքը յուրաքանչյուր անհատի նկատմամբ՝ անկախ նրա էթնիկ կամ ազգային պատկանելությունից։

Մոտ օրերս հանդիպումներ կունենամ ոլորտային մասնագետների և ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ՝ ներկա իրավիճակը գնահատելու և անելիքները հստակեցնելու նպատակով»:

Եվ եթե Բաքոյանի հայտարարությունն ինչ-որ առումով բխում էր, այսպես ասած, զբաղեցրած պաշտոնից, ապա ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանի ֆեյսբուքյան գրառումը էմոցիոնալ հայտարարություն էր. «Բոլոր նրանք` անկախ նրանից ռեալ են, թե` ֆեյք, ովքեր բացասական են արտահայտվում Բաքվում բռնի պահվող գերիների մասին (ի դեպ, կարևոր է ֆիքսել, որ ճիշտ արտահայտվենք` գերիների, այլ ոչ ռազմագերիների), որպեսզի բարեկրթության կանոնները չխախտեմ և չասեմ թե դուք իրականում ով եք, շատ փափուկ կասեմ՝ դուք շատ լուրջ խնդիր ունեք ինքներդ ձեզ հետ, ձեր իսկ գլխում: Այսքանը:

Մնացած ընկերներին էլ խնդրում և հորդորում եմ, մի՛ եղեք այնպիսին, ինչպիսին որ ձեզանից պահանջում է տեղեկատվական պատերազմ հրահրողը:

Հասկանում եմ, հեշտ չէ, բայց եղե՛ք՝ զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն»:

Ֆեյսբուքյան այս գրառման տակ մի քանիսը Գաբրիելյանին հիշեցրել էին, որ Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հասցեին բացասական արտահայտություններ են թույլ տալիս իշխանական, իշխանամերձ շրջանակներն ու նրանց ֆեյքերը. «Բա ձեր կողմնակիցներին ու ձեր, ու ձեր կողմնակիցների ֆեյքերին ասա», ինչին ՔՊ-ական պատգամավորն արձագանքել էր՝ «բա ի՞նչ եմ անում»:

 

Տեսանյութեր

Լրահոս