«Ֆրանսիայի նախագահի այցը տեղի կունենա այն ժամանակ, երբ առավել օգտակար կլինի». Փաշինյանի ֆրանսիական կայացած և Մակրոնի չկայացած այցերի հետքերով

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն, որի ընթացքում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Այս և Ֆրանսիայի նախագահի՝ Հայաստան սեպտեմբերի 21-ին չնախատեսված այցի շուրջ քարոզչական խոսակցությունների համատեքստում 168.am-ն ուսումնասիրել է հատկապես 2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանի վարչապետի և նախագահի այցերը Ֆրանսիա և Ֆրանսիայի նախագահի այցը Հայաստանը:

 Նիկոլ Փաշինյանի այցերը Ֆրանսիա

– 2018 թվականի սեպտեմբերի 13-14-ին Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով աշխատանքային այցով գտնվել էր Ֆրանսիայում։

Կարդացեք նաև

2018 թվականի հոկտեմբերին Փաշինյանը մեկնել էր Ֆրանսիա՝ մասնակցելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին:

2018 թվականի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ:

2021 թվական մայիսի վերջին Նիկոլ Փաշինյանը դարձյալ Ֆրանսիայում էր, որի շրջանակում Ելիսեյան պալատում հյուրընկալվել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:

«Հայաստանն այսօր բախվել է անվտանգության լուրջ ճգնաժամի: Նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից ի վեր, որը վերջ դրեց Ղարաբաղում պատերազմական գործողություններին, մենք պարոն Փաշինյանի հետ գնահատելով իրավիճակը` նկատում ենք, որ եթե անգամ հրադադարն ընդհանուր առմամբ պահպանվում է, շատ անելիքներ կան: Եվ Ֆրանսիան պատրաստ է իր օժանդակությունը բերել` ի նպաստ բնակչության: Առաջին հերթին խոսքս վերաբերում է բոլոր գերիներին, այդ թվում` ռազմագերիների և անազատության մեջ գտնվող բոլոր անձանց ազատ արձակմանը:

Նաև շատ կարևոր հարց է պատմամշակութային ժառանգության պահպանությունը ԼՂ-ում և շրջակա տարածքներում։ Թե՛ քրիստոնեական, թե՛ մահմեդական ժառանգությունը պետք է անպայման պահպանվի։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր` ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողքին, Ֆրանսիայի պարտքն է ամեն ինչ անել, որ կողմերը հասնեն դեէսկալացիայի և հաստատեն երկխոսություն:

Ուզում եմ խոսել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին միջադեպերի մասին: Ինչպես արդեն ասել էի, պարոն Փաշինյան, սահմանագծման և սահմանազատման բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն բացառապես բանակցությունների միջոցով և ոչ մի դեպքում չպետք է դիմել ուժի: Ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից, և կոչ եմ անում կողմերին վերադառնալ մայիսի 11-ի դրությամբ եղած դիրքեր: Մենք կփորձենք օգնել երկխոսության հաստատման հարցում»,- իր խոսքում ասել էր Մակրոնը:

Իր հերթին՝ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հարցի ու տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման, երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու գործում կարևորել էր Ֆրանսիայի դերակատարումը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր:

2022 թվականի մարտին Փաշինյանն աշխատանքային այցով հերթական անգամ Փարիզ էր մեկնել։ 

Այցի շրջանակում նա Ելիսեյան պալատում հանդիպել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, այնուհետև երկու երկրների առաջնորդները Փարիզում կմասնակցել էին «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովին:

2022 թվականի սեպտեմբերյան մարտերից հետո Փաշինյանը դարձյալ Ֆրանսիա էր մեկնել և հանդիպել նախագահ Մակրոնի հետ։

2023 թվականի նոյեմբերին աշխատանքային այցով Ֆրանսիա էր մեկնել, որի ժամանակ հանդիպել է Մակրոնին, մասնակցել «Խաղաղության 6-րդ համաժողով»-ին:

– 2024 թվականի փետրվարին Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել էր Ֆրանսիա:

2024 թվականի հուլիսին Բլենհայմյան պալատում տեղի էր ունեցել։ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Եվ հոկտեմբերի 3-4-ին, ինչպես արդեն նշեցինք վերևում, Փաշինյանը դարձյալ Ֆրանսիա է մեկնել:

Նշենք, որ իր պաշտոնավարման ընթացքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, մի քանի անգամ Ֆրանսիա էր մեկնել նաև ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը:

Եվ ըստ ՀՀ արտաքին գործերի պաշտոնական կայքի՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Հայաստան է այցելել միայն 2018 թվականի հոկտեմբերին: Ընդ որում, պետական այցը փոխվել էր աշխատանքայինի:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից պարզաբանել էին, որ հաշվի առնելով Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բավական ծանրաբեռնված օրակարգը՝ նախապես երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի այցն անցկացնել աշխատանքային մակարդակով՝ գագաթնաժողովի շրջանակներում։

Այս ընթացքում մի քանի անգամ տեղեկություններ են շրջանառվել, որ Ֆրանսիայի նախագահը գալու է Հայաստան, որն այդպես էլ տեղի չի ունեցել:

Մասնավորապես, 2021 թվականի մայիսի վերջին Ֆրանսիա կատարած այցի շրջանակում Փաշինյանն ակնկալում էր, որ այդ աշնանը Մակրոնը կգա Հայաստան:

«Ես ուզում եմ ընդգծել, որ Ֆրանսիայի նախագահը դեռ վաղուցվանից ունի նախատեսված այց Հայաստան, որը նախորդ տարի կորոնավիրուսի պատճառով տեղի չունեցավ: Ես հույս ունեմ, որ մենք միասին կհաղթահարենք կորոնավիրուսի և մյուս ճգնաժամերը»,- Փարիզում նշել էր Փաշինյանը:

Իսկ 2021 թվականի հուլիսին «Ազատություն» ռադիոկայանի տաղավարում Ֆրանսիայի դեսպանը, ի պատասխան լրագրողի՝ Մակրոնի այցի կոնկրետ ժամկետների մասին հարցի, ասել էր, որ «այն տեղի կունենա այն ժամանակ, երբ առավել օգտակար կլինի»:

«2018 թվականին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կապակցությամբ իր այցի ժամանակ Հանրապետության նախագահը պարտավորվեց երկկողմ այցով վերադառնալ Հայաստան։ Եթե հարցնում եք, թե երբ կլինի այդ այցը, կպատասխանեմ, որ այն տեղի կունենա այն ժամանակ, երբ առավել օգտակար կլինի։ Իսկ օգտակար պահն այն է, երբ այն թույլ կտա տարածաշրջանում առաջ մղել քաղաքական գործընթաց, օգնել Հայաստանին և Ադրբեջանին առաջընթաց գրանցել խնդրահարույց հարցերի շուրջ։ Այսպիսով, այցի ամսաթվերն ու պարամետրերը կորոշվեն՝ ըստ այդ նպատակի»:

Հետո արդեն Հայաստան Մակրոնի այցի մասին խոսակցություններ եղան նաև 2023 թվականին, թե «այցը նախատեսված է սեպտեմբերի 9-10-ն ընկած ժամանակահատվածում»:

Նմանատիպ լուրեր շրջանառվեցին, ինչպես արդեն նշեցինք, այս տարի, որ ՀՀ անկախության օրը Ֆրանսիայի նախագահը ժամանելու է Հայաստան: 168.am-ի հետ զրույցում ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը նշել էր.

«Այո, մամուլում կային նման տեղեկություններ, բայց հատկապես հայաստանյան շրջանակների և հայկական մամուլի կողմից էր դա արվում, ֆրանսիական շրջանակներում այդ մասին չէր խոսվում, Նախագահի պաշտոնական կայքում, որտեղ նախապես տեղեկացվում է այցելությունների մասին, չկար այդ մասին հայտարարություն: Ըստ այդմ՝ կարծում եմ, որ պաշտոնական և լուրջ հրավերի խնդիր չի եղել: Եվ Մակրոնի՝ Հայաստան այցի հարցն առավելաբար հայաստանյան մեդիա դաշտի և ՔՊ-ական շրջանակների պրոպագանդան էր, որն ի դերև եղավ, որովհետև հիմք չուներ: Եթե նման բան լիներ, վստահ եղեք, նախապես նաև հայ համայնքը տեղեկացված կլիներ և պատվիրակությանն ընկերակցելու հրավեր ստացած կլիներ, ինչը չկար: Նման բաները վերջին պահին չեն որոշվում, հետևաբար՝ այցելության մասին այդ «լոլոն» աբսուրդ էր, որը կարդացին ՔՊ-ական շրջանակները՝ իրենց մեդիաներով և մունետիկներով»:

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ, այդ թվում՝ պատերազմի առաջին օրը։ 

Իսկ Քննիչ հանձնաժողովում Փաշինյանը նշել էր.

«Հոկտեմբերի 17-ին նախաձեռնությամբ հանդես եկավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով ինձ տեղեկացրեց, որ Ադրբեջանի նախագահը համաձայն է առանց նախապայմանների հրադադար հաստատել՝ հոկտեմբերի լույս 18-ի կեսգիշերից:

Ես, բնականաբար, համաձայնվեցի դրան, ինչից հետո մի քանի ժամվա ընթացքում Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցվեց հետևյալ հայտարարությունը, որը հրապարակվեց հոկտեմբերի 17-ի ուշ երեկոյան. «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:

Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ին արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:

Այս հայտարարության վերաբերյալ՝ դեռ մինչև հրապարակումը, մենք խորհրդակցություններ ունեցանք մեր ռուսաստանցի գործընկերների հետ, ովքեր ողջունեցին նախաձեռնությունը: Ի հեճուկս հայտարարության, սակայն, հոկտեմբերի 18-ին նույնպես հրադադար չհաստատվեց, չնայած ամբողջ օրը մենք հնարավոր դիվանագիտական ջանքերը գործադրում էինք պատերազմը կանգնեցնելու համար: Այսինքն՝ այս հայտարարությունից հետո, ընդհանրապես դադար տեղի չունեցավ»:

Ի դեպ, 2021 թվականին 168.am-ի հետ զրույցում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն ասել էր.

 «Ֆրանսիայի նախագահը պատերազմի օրերին միշտ հեռագրեր է ուղարկել կամ հեռաձայնել Փաշինյանին, և Փաշինյանը միշտ պատասխանել է: Սակայն երբեք Փաշինյանը նախաձեռնությունն իր ձեռքը չի վերցրել և գրել ու տեղեկություն տրամադրել Ֆրանսիայի նախագահին: Այսինքն, միշտ պատասխանողի դերում է եղել, ինչը, գիտեմ, որ հարուցել է Ֆրանսիայի ղեկավարի զարմանքը՝ Փաշինյանն իր պատգամներին պատասխանում է, ցանկանում է անձնական կապեր ստեղծել, բայց երբեք նախաձեռնությունը չի վերցրել և իրեն տեղյակ պահել իրավիճակին նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից առաջ: Զարմացած էր, ի վերջո, Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր է և աշխարհի հզոր պետություններից մեկը»:

Միաժամանակ պետք է հավելենք, որ 44-օրյա պատերազմի օրերին ռազմական օգնություն Ֆրանսիան չի առաջարկել Հայաստանին, այս մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը «Փաստինֆոյին» ասել էր հետևյալը.

«ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության բացակայությունը պահմանավորված չի եղել ՀՀ-ի անհետաքրքրությամբ, ու Արցախի փաստացի հայաթափումից հետո վերոհիշյալ փոփոխությունը, այսինքն, համագործակցության հաստատումը բացատրելի է: Հուսով եմ, որ առկա աշխարհաքաղաքական պայմաններում Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը երկարաժամկետ և շարունակական է լինելու, ինչպես նաև անվտանգության ապահովման ռիսկայնության առումով այն հաշվարկված և կանխատեսված է»:

Այսինքն, Ֆրանսիայի ռազմական օգնությունը և սպառազինության մատակարարումը, որն այսօր ռեալ է և շոշափելի, կան զարգացման հեռանկարներ, և որը Ադրբեջանի դժգոհության և սպառնալիքների պատճառ է դարձել, պայմանավորված է և՛ հայ-ֆրանսիական հարաբերությունների պատմական հիմքով ու դարավոր բարեկամության փաստով, որը Ֆրանսիան երբեք չի անտեսում, և՛ ֆրանսիական աշխարհաքաղաքական շահերով, որի մասին բազմիցս գրել ենք։

Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև կան կոնկրետ պայմանավորվածություններ, որոնց մի մասը կատարվել է, կան ավելի լուրջ համագործակցության հեռանկարներ, բայցև փաստ է, որ 2018 թվականի աշխատանքային այցից հետո Ֆրանսիայի նախագահը պաշտոնական կամ պետական այց չի կատարել Հայաստան:

Թե ինչո՞վ է սա պայմանավորված՝ Նիկոլ Փաշինյանը կիմանա:

Հիշեցնենք, որ 2021 թվականին Ֆրանսիայի դեսպանն ասել էր. «Այցը տեղի կունենա, երբ առավել օգտակար կլինի, երբ այն թույլ կտա տարածաշրջանում առաջ մղել քաղաքական գործընթաց և օգնել Հայաստանին և Ադրբեջանին առաջընթաց գրանցել խնդրահարույց հարցերի շուրջ»: 

Տեսանյութեր

Լրահոս