
ՀՀ իշխանությունների համար կարևոր է չգնալ չմտածված քայլերի, որոնք կբերեն իրավիճակի վատթարացման. Արեշև
«Հայաստանում գոյություն ունեցող՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ դիսկուրսը կրում է ներքաղաքական բնույթ և միտված է հանրային կարծիքի մանիպուլյացիային»,- այս մասին այսօր «ԵՄ, թե ԵԱՏՄ, Հայաստանի ընտրությունը նոր աշխարհակարգի պայմաններում» վերտառությամբ քննարկման ընթացքում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևը։
Նա նշեց, որ եվրասիական և եվրոպական ինտեգրացիայի թեմայով քննարկումը Հայաստանում ծագել է շատ ավելի վաղ, և նախապատմությունը սկսվեց այն ժամանակ, երբ առաջացավ Հայաստանի Մաքսային միության անդամակցության հարցը, և երբ ՀՀ-ն ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր պետք է ստորագրեր ավելի քան 10 տարի առաջ։
«Հիշում ենք, թե այն ժամանակ՝ 2013 թվականին, ինչ կրքեր էին եռում, ինչ կարծիքներ կային։ Այդ ժամանակից ի վեր Հայաստանի Հանրապետությունը փորձում էր վարել բազմավեկտոր քաղաքականություն, հիշում ենք, որ ստորագրվեց Ասոցացման համաձայնագիր 2017 թվականին, դեռևս Սերժ Սարգսյանի օրոք, սակայն 2018 թվականին իշխանության Նիկոլ Փաշինյանի գալով՝ սկսվեց նոր փուլ, և այդ փուլը կտրուկ ակտիվացավ 2020 թվականին, երբ Հայաստանում սկսվեց ակտիվ եվրոպամետ հռետորաբանություն, որն արտահայտվեց մի շարք հասարակաքաղաքական կուսակցությունների ու խմբերի նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ-ում քննարկել ԵՄ անդամակցության հանրաքվեի հարցը։ Այս ամենին Ռուսաստանը արձագանքեց, բոլորը գիտեն Օվերչուկի և ռուս այլ պաշտոնյաների արձագանքը, որ Հայաստանը միաժամանակ չի կարող լինել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անդամ։
Հայաստանում այս հանգամանքը հստակ ընկալում են, ինչպես նաև այն, որ Բրյուսելի մոտ ցանկություն չկա ՀՀ եվրաինտեգրացիայի լուրջ գործընթաց սկսել։ Հիշում ենք ԵՄ խոսնակ Պիտեր Ստանոյի հայտարարությունը, որ ՀՀ ԵՄ անդամակցության հարց պրակտիկորեն գոյություն չունի։ Կարծում եմ, որ այս օրակարգը Հայաստանի համար ներկայումս կրում է բացառապես ներքաղաքական բնույթ»,- նման համոզմունք հայտնեց Արեշևը։
Նա նկատեց, որ գործող իշխանությունները հանդես են գալիս տնտեսական բնույթի նոր գաղափարներով։
«Վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր մտադրության՝ սննդի այլընտրանքային մատակարարումներ ապահովելու մասին, թե ի՞նչ է նկատի առնվում սրա ներքո, այդքան էլ հասկանալի չէ՝ հաշվի առնելով հենց այս ոլորտում Հայաստանի ու Ռուսաստանի սերտ տնտեսական կապերը։ Շատ գաղափարներ, որոնք շրջանառվում են Հայաստանում, խիստ մակերեսային են, բավարար մտածված չեն և հակասություններ են առաջացնում ՀՀ այն պարտավորությունների հետ, որոնք ունի ՀՀ-ն ԵԱՏՄ-ում»,- ասաց ռուս վերլուծաբանը։
Անդրեյ Արեշևն ընդգծեց, որ ժամանակակից աշխարհում դինամիկ փոփոխվող իրավիճակն անխուսափելիորեն մարտահրավերներ կառաջացնի Հայաստանի համար և ակտուալ կդարձնի այս խնդիրը։
«Ինչպես ցույց են տալիս վերջին մի քանի տարիների իրադարձությունները և սպասումները, որ Ռուսաստանը քաղաքականապես և տնտեսապես կհեռանա, կթուլանա Հարավային Կովկասում, գուցե չարդարանան։
Տեսնում ենք, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում, տեսնում ենք ռուս-ամերիկյան խորհրդակցությունները և Եվրոպայի դիրքերը, որը չի կարելի հաշվից դուրս թողնել, ուստի, կարծում եմ, Հայաստանի համար կարևոր է չմտածված քայլեր չձեռնարկել, որոնք կարող են հանգեցնել հայ-ռուսական տնտեսական կապերի հետագա վատթարացման, որն օգուտ է բերում երկու կողմերին էլ։
Ռուսաստանի համար կովկասյան ռեգիոնի կոմունիկացիոն, առևտրատնտեսական նշանակությունը դժվարությունների պահպանման ֆոնին կարևոր է։ Ուստի կրկնեմ, որ այդ ընտրության դիսկուրսի քննարկումը ներքաղաքական բնույթ է կրում, ինչպես նաև հանրային կարծիքի մանիպուլյացիայի նպատակ է հետապնդում»,- ասաց Արեշևը։