![](/banners/BeFunky-design.jpg)
Խմբագրման ոչ ենթակա փաստեր՝ հատուկ Ալեն Սիմոնյանի համար
![](https://168.am/wp-content/uploads/2021/09/Alen-1.jpg)
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ արցախցի լրագրողի հետ բանավեճի ժամանակ ասել է՝ «պետք է մնային և կռվեին»։
Ավելի ուշ ԱԺ ամբիոնից Ալեն Սիմոնյանը փորձել էր խմբագրել իր ասածը՝ «եղել են մարդիկ, այո՛, ովքեր կռվել են և հերոսներ են, բայց կային նաև մարդիկ, ովքեր թողել ու փախել են», և որ՝ «Ղարաբաղից մեզ զանգում, ասում էին` ստեղ էլ չենք մնալու, բացեք սահմանը, դուրս ենք գալու»:
Իսկ այսօր էլ մի քանի լրատվամիջոցի որոշել է ճեպազրույց տալ և բացատրել, թե ինչ է իրականում ցանկացել ասել՝ առանց անուններ տալու:
«Շատուշատ մարդիկ կռվել են, շատուշատ մարդիկ իրենց կյանքն են զոհել, դրա մասին չի խոսքը: Բոլորը շատ լավ հասկացել են, թե ում մասին է խոսքը: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասին ընդհանրական որևիցե բան չեմ ասել, ես ասել եմ կոնկրետ մարդկանց մասին, ովքեր ոչ թե վերադառնում էին Ղարաբաղից, այլ Հյուսիսային պողոտա իրենց տները…»: Այսինքն, մեծ հաշվով, նկատի ունի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը:
«Փոխանակ քաղաքական որոշում կայացնեին, Ղարաբաղը պահեին հայկական, հայերով, մի օրվա մեջ քաղաքական որոշում են կայացնում և… Պատերազմի առաջին օրից Ղարաբաղը դատարկելու ցանկություն ունենալը, Ղարաբաղը հայաթափեց, ի վերջո»,- ընդգծել է նա:
Հակադարձմանը՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հնարավորություն ունե՞ր 9-ամսյա բլոկադայից հետո Ադրբեջանի զորքի դեմ պայքարելու, Ալեն Սիմոնյանն արձագանքել է. «Հարցը տալիս եք, բայց հետհայացք չեք գցում պատմության մեջ, բա որ շանս չկար, բա էս 30 տարի մենք ի՞նչ էինք անում, Ադրբեջանը միշտ էլ մեզնից մեծ է եղել, Հայաստանն էլ է Ադրբեջանից փոքր, ի դեպ, եթե չգիտեք, ասեմ»:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ ՔՊ-ական պաշտոնյան ակամա խոստովանում է, որ ՀՀ նախկին իշխանությունները կարողացել են 30 տարի դիմակայել իրենց մարդկային և ռազմական ռեսուրսով գերազանցող Ադրբեջանին:
Այնուհետև ԱԺ նախագահը հետո հիշեցրել է Արցախում եղած «յուղը վրեն» զենքերի մասին, որոնք անցան Ադրբեջանին:
Հետաքրքիր է, որ Ալեն Սիմոնյանը չի հիշում, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմը կորցրել է 5 միլիարդ դոլարի զենք, և ըստ տարբեր տեղեկությունների, ռուսական կողմից այլ օգնություն էլ է եղել, բայց հայկական կողմը պարտվեց, որովհետև խնդիրը միայն զենքը չէ, ոչ էլ հաղթանակն է միայն սպառազինությամբ պայմանավորված:
Իսկ Ալեն Սիմոնյանը Ալեն Սիմոնյան չէր լինի, եթե չգործեր՝ «хотели как лучше, а получилось как всегда» սկզբունքով, մասնավորապես, լրագրողի հարցին՝ հյուծված զորքն ինչպե՞ս կռվեր, ՔՊ-ական պաշտոնյան արձագանքել է. «Կներես, էլի, բայց պատերազմի ժամանակ մեղր չեն բաժանում, և երբ որ հերոս ենք ասում, հենց դրա համար ենք ասում»:
168.am-ը գրել է 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին տված Արցախի Պաշտպանության բանակի վերջին պատվի մարտի մասին, որի ժամանակ հայտնի է զոհված և անհայտ կորած 265 զինծառայողի անուն-ազգանուն:
Ավելին, Ադրբեջանին մարդկային մոտ 200 կորուստ է պատճառել ՊԲ-ն: Իհարկե, Արցախի ղեկավարության և ՊԲ-ի ղեկավար կազմի հետ կապված գուցե դեռ ինչ-ինչ հարցեր կան, և հնարավոր է՝ մի օր ՊԲ վերջին հրամանատար Կամո Վարդանյանը համարձակություն ունենա խոսելու:
Բայց մինչ այդ Ալեն Սիմոնյանին, ով, ըստ էության, հասանելիություն ունի գաղտնի տեղեկություններին, խորհուրդ կտանք դիմել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին կամ ծանոթանալ այդ ժամանակ գործող ԶՈՒ կիրառման պլանին, վերընթերցել նաև գործող կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը հռչակված է որպես Արցախի անվտանգության երաշխավոր, և բացատրել՝ ինչպես կամ ինչ հիմքով է՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին ՀՀ զինված ուժերն աջակցել ՊԲ-ին, և պատերազմի առաջին օրը ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարվել ու նախ՝ ընդհանուր մոբիլիզացիա, այնուհետև՝ մասնակի:
Ավելին, եթե պատերազմն Արցախում էր, ինչո՞ւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տակ չկա Արցախի ստորագրությունը, ի վերջո, այն հրադադարի փաստաթուղթ էր:
Ինչո՞ւ Հայաստանը դե յուրե և դե ֆակտո որոշեց Արցախի ճակատագիրը, և ինչ-որ պահից ձեռք քաշեց, երբ այն, ինչ տեղի ունեցավ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում, ինչ-որ առումով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարարությունը կամ դրա կոնկրետ կետը հուշում էր:
Ալեն Սիմոնյանի՝ կռվելու մուննաթ-հորդորի համատեքստում մի բան էլ հիշեցնենք:
Երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրում էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, այն հիմնավորում էր, թե դրանով 25.000-35.000 մարդ է փրկել, և շատ վատ էր ընդունում այն կարծիքները՝ եթե այդքան մարդ կար, ինչո՞ւ չեն պահել, օրինակ, Շուշին: 2023 թվականին ավելի շատ մարդու փրկության խնդիր էր, չէ՞, դրված:
Շարունակելով կռվել-չկռվելու թեման, Ալեն Սիմոնյանը տեսե՞լ է, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ իր հոդվածում խոստովանել է, որ այսօր հայկական վերահսկողության տակ 29.743 քկմ տարածք չկա:
Իսկ ավելի վաղ իր քաղաքական առաջնորդը խոստովանել էր, որ 2021 թվականի մայիսին բանակին չկռվելու քաղաքական հրաման է տրվել, քանի որ ԱԺ արտահերթ ընտրություններ էին սպասվում: Գրեթե նույն ժամանակահատվածում Փաշինյանը հայտարարել էր՝ Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չենք սկսելու: Այս շարքը կարելի է շարունակել, բայց թողնենք մեկ այլ առիթի:
Իսկ վերը հիշատակված լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանը նաև 44-օրյա պատերազմի դաշտ է մտել՝ ասելով, թե 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի այդ օրվա իշխանությունից և զինվորականությունից, նաև՝ ՀՀ զինված ուժերից տարբեր տեղեկություններ են ստացել:
«Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ գալիս էր իրար հակասող 4-5 ինֆորմացիա: Վերջում Արայիկ Հարությունյանի ինֆորմացիան էր ճիշտ դուրս գալիս մեծամասամբ: Օրինակ, ասում էին՝ էս ուղղությամբ հակառակորդը ճղել է, հետո պարզվում էր՝ տենց չի: Կամ՝ ճշտում էինք և պարզում էինք, որ որտեղ մեզ ասել էին՝ պաշտպանված է՝ դատարկ է: Հիշո՞ւմ եք էն լուսանկարը, որտեղ Արայիկ Հարությունյանը սուրճ էր խմում, իսկ էդ լուսանկարի նախապատմությունը գիտե՞ք, մի օր կպատմեմ»,- մանրամասնել է Սիմոնյանը, ով լավ կլիներ նաև մի օր պատմեր, թե ինչպես և ում շնորհիվ է իրականում պահպանվել այդ լուսանկարին առնչվող ուղղությունը…
Ի դեպ, պատերազմական տեղեկությունների ճիշտ կամ սխալ լինելու տրամաբանության մեջ Ալեն Սիմոնյանը կրկնում է Նիկոլ Փաշինյանին:
2023 թվականի հունիսին Քննիչ հանձնաժողովում նա, մասնավորապես, հայտարարել էր.
«Պատերազմի ընթացքում արդեն մոտ մեկ տասնյակ անգամ կրկնված իրավիճակ էր, երբ Լեռնային Ղարաբաղի նախագահը լուր էր հաղորդում, գլխավոր շտաբը չէր հաստատում լուրը, անգամ հերքում էր, իսկ որոշ ժամանակ անց ստիպված էր խոստովանել, որ Լեռնային Ղարաբաղի նախագահի տված տեղեկատվությունն է ճիշտ: Այս անգամ էլ այդպես եղավ, երբ լուր եկավ, թե ադրբեջանցիները կրակել են Ստեփանակերտ-Լաչին ճանապարհով շարժվող քաղաքացիական ավտոմեքենայի վրա: Ըստ էության, այս կետից սկսվեց Շուշիի սողացող անկումը: Շուշիից անընդհատ ահագնացող լուրեր էին գալիս, սկսեցին լուրեր գալ, որ հակառակորդի առաջին խումբն է մտել Շուշի, հետո՝ երկրորդ, հետո՝ այդպես շարունակ: Ի վերջո, նոյեմբերի 7-ի կեսօրին գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին…»:
Ի դեպ, 2021 թվականի հունիսի 11-ին՝ նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ, Փաշինյանը նույն միտքն էր ասել.
«Ես Օնիկին վստահել եմ հարազատ եղբոր նման: Ես իր ասածները երբեք կասկածի տակ չեմ դրել: Նույնիսկ, ինքը երբ նշանակված էր ԳՇ պետ, հուլիսյան պատերազմի մասին ԱԱԾ-ն ինձ ասեց՝ դրվագ է եղել, ինքը քեզ սխալ է զեկուցել: Ես ասեցի՝ բացառված է, ինքն էլ ասեց՝ բացառված է, ես սխալ բան չեմ զեկուցել, ես էլ ասեցի՝ քեզ եմ հավատում: Պատերազմի ժամանակ եղել են դրվագներ, երբ Արցախից մեր գործընկերները ասել են՝ էս դրվագը սենց ա, ես էլ ասել եմ՝ ի՞նչ կասես, Օնիկ ջան: Եկել ենք այն եզրահանգման, որ պատերազմի ժամանակ ես պետք է լսեմ միայն իրեն, քանի որ ինքն ա ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը»:
Այսինքն, Փաշինյանի և ՀՀ իշխանությունների համար տեղեկատվական վստահելի աղբյուր է եղել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ով գրեթե ամենօրյա կապի մեջ է եղել Փաշինյանի հետ, ուստի «Գյանջայի դեպքերի» մասին նա չէր կարող չիմանալ, եթե ընդունենք, որ այն, ինչ Ադրբեջանն ասում է, իրականություն է:
Ի դեպ, Օնիկ Գասպարյանը Փաշինյանի՝ Քննիչ հանձնաժողովում արած այս հայտարարությունն անարձագանք չէր թողել։
«Պարզաբանելով Արցախի նախագահի և իմ կողմից վարչապետին պարբերաբար հակասական տեղեկություններ ներկայացնելու հանգամանքները, պետք է նշեմ, որ յուրաքանչյուր պատերազմին բնորոշ է կառավարման համակարգում հակասական տեղեկատվության շրջանառությունը, իսկ մեր դեպքում իրականությունը հետևյալն էր. Արցախի նախագահը ՊԲ-ի կառավարման տարբեր օղակներում ունենալով տեղեկատվության աղբյուրներ, ինչպես նաև Արցախի ԱԱԾ աշխատակիցների միջոցով որոշ դեպքերում ավելի շուտ էր իրազեկվում իրադրության վերաբերյալ, և ըստ էության ստեղծվել էր «զուգահեռ» կառավարման համակարգ, երբ Արցախից և նախագահը, և տարբեր պաշտոնյաներ ու այլ անհասկանալի լիազորություններով օժտված անձինք վարչապետին ներկայացնում էին տեղեկություններ, շրջանցելով ՊԲ հրամանատարությանը: Դա հաճախ առաջացնում էր խառնաշփոթ, և պահանջվում էր լրացուցիչ ջանքեր գործադրել իրադրությունն օբյեկտիվ գնահատելու համար:
Ի դեպ, ես բացատրեցի վարչապետին, որ նման կարգով աշխատանքը նվազեցնում է զորքերի կառավարման արդյունավետությունը, և առաջարկեցի ցուցում տալ Արցախի նախագահին ու Արցախում գտնվող իր ներկայացուցիչներին` ողջ տեղեկատվությունը հավաքել ՊԲ շտաբում: Դա անհրաժեշտ էր իրադրությանն օպերատիվորեն արձագանքելու տեսակետից, այսինքն՝ ցանկացած տեղեկատվություն առաջնահերթ պետք է ստանար ՊԲ հրամանատարը` ստեղծված իրադրությանը համապատասխան որոշումներ կայացնելու համար, սակայն պատերազմի ողջ ընթացքում պարբերաբար բախվում էինք հակասական տվյալների ստացման երևույթին»:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ Փաշինյանն անտեսել է Օնիկ Գասպարյանի այս առաջարկը, այո, եթե հաշվի առնենք, որ մինչև վերջ հակասական տվյալներ են ստացվել և հրապարակվել: Բայց դե Փաշինյանն այստեղ էլ իր պատասխանատվությունը չի տեսնի:
Իսկ Ալեն Սիմոնյանը մի օր էլ ՀՀ զինված ուժերին է մեղադրելու չկռվելու մեջ, ում առաջ Փաշինյանը լեգիտիմ և ոչ լեգիտիմ խնդիրներ է դրել և թույլ չի տալիս ռազմական ճանապարհով վերականգնել 2021-2022 թվականներին օկուպացված ՀՀ ինքնիշխան տարածքները:
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու պիոներ է համարում ՌԴ-ին, վատ չէր լինի, եթե մի անգամ էլ լսեր կամ կարդար Վլադիմիր Պուտինի 2020 թվականի վերջին արած հայտարարությունը, որտեղ շեշտվում է՝ «միջազգային-իրավական տեսանկյունից Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, բայց իրականության մեջ իրավիճակն ավելի բարդ է»:
Ավելին, Պուտինը հիշեցրել էր 1988 թվականին Սումգայիթում էթնիկ հողի վրա հայերի հետ կատարվածը՝ «այդ ժամանակ տուժել էր հայկական քաղաքացիական բնակչությունը, և հետո այդ իրադարձությունները, այսպես ասած, տեղափոխվեցին Լեռնային Ղարաբաղ»: