Արցախի Պաշտպանության բանակի վերջին պատվի մարտը. ով է թիվ մեկ պատասխանատուն, ով է թիվ մեկ մեղավորը և դավաճանողը
Մեկ տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը, Արցախում Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողության» անվան տակ ռազմական, էթնիկ զտման գործողություններ իրականացրեց: Արդյունքում՝ լուծարվեց Արցախի Պաշտպանության բանակը, Արցախը հայաթափվեց, Արցախի ռազմաքաղաքական էլիտան և գեներալները հայտնվեցին Բաքվի բանտերում:
168.am-ը դեռ անցած տարի անդրադարձել է ՊԲ կազմաքանդման թեմային:
Այս անգամ ևս շեշտը կդնենք այդ խնդրի վրա, հատկապես, երբ ժամանակ առ ժամանակ առաջ են բերվում ՊԲ-ի կռվել-չկռվելու, ՀՀ զինված ուժերի աջակցել-չաջակցելու և 1.5 միլիարդ դոլարի սպառազինությունը կորցնելու կամ հանձնելու մասին հարցերը:
Նախքան այդ հիշենք՝ ինչ հայտարարություններ են նախորդել Ադրբեջանի բուն գործողություններին:
Եվ այսպես՝
2022 թվականի օգոստոսին սկզբին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում նշել էր, որ Ադրբեջանն անընդհատ խոսում է ԼՂ պաշտպանության բանակի մասին, թե ինչու են նրանք տեղակայված շփման գծի երկայնքով:
«Եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, ԼՂ ՊԲ-ն, կարծում եմ, մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա: Նման անհրաժեշտություն առաջացել է միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը և շարունակաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, այդ թվում՝ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին, որը վերը նշված փաստաթղթի բուն էությունն է,- հայտարարել էր Փաշինյանը և հավելել,- Ադրբեջանը շարունակաբար շահարկում է նաև ԼՂ-ում ՀՀ զինված ուժերի ներկայությունը: Պիտի պաշտոնապես արձանագրեմ, որ ԼՂ-ում ՀՀ զինծառայող չկա»:
Նույնը միտքը Փաշինյանը հնչեցրել էր 2023 թվականի մարտի 14-ին հրավիրած ասուլիսում՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության տրամաբանության մեջ համարելով Ռուսաստանի Դաշնությանը:
«Ինչո՞ւ ես ստորագրեցի այդ հայտարարությունը, շատ պարզ մի պատճառով, ընկալելով, որ այդ իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը չի՛ կարող ձեզ հայտնի հանգամանքների բերումով լինել Լեռնային Ղարաբաղի անվտանգության լիարժեք երաշխավորը: Հետևաբար՝ պետք էր ստեղծել մի համակարգ, որը երաշխավորեր Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը:
Համաձայն եռակողմ հայտարարության և այդ հայտարարությունից հետո Ռուսաստանի Դաշնային խորհրդի կայացրած որոշման, որը ՌԴ նախագահին թույլ է տալիս զորքեր ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Այս ամենով արձանագրվել է՝ Լեռնային Ղարաբաղի երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է: Ո՛չ թե, որ Հայաստանը հրաժարվում է դրանից, այլ, որ, ցավոք, Հայաստանը 44-օրյա պատերազմի պատճառով չի՛ կարող լիարժեք կատարել այդ գործառույթը:
Մյուս կողմից՝ Լեռնային Ղարաբաղում կա Պաշտպանության բանակ, որն Ադրբեջանը փորձում է ներկայացնել Հայաստանի բանակ: Էլի ուզում եմ ասել, որ ՀՀ-ն բանակ չունի ԼՂ-ում:
Ադրբեջանը նաև փորձում է հիմնավորել, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը պետք է լուծարվի, պետք է գոյություն չունենա… Եթե Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության և էթնիկ զտման վտանգ չլինի, առնվազն այդ մասշտաբով բանակ ունենալու կարիք չի ունենա: Դուք պատկերացնո՞ւմ եք, էս նեղ վիճակում միլիարդներ են ծախսում էդ բանակը պահելու համար:
Լեռնային Ղարաբաղում բանակի գոյությունը ցեղասպանության և էթնիկ զտումների նախապատրաստումների ամենամեծ ապացույցն է…»:
Այս հայտարարությունը Փաշինյանը կրկնել է նաև 2023 թվականի հուլիսին կառավարության նիստի ժամանակ:
«Չեն դադարում ՀՀ-ի հասցեին հնչող ադրբեջանական անհիմն մեղադրանքները, մասնավորապես՝ Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել ԼՂ-ից դուրս բերել Հայաստանի բանակի ստորաբաժանումներն այն պարագայում, երբ ՀՀ-ն ԼՂ-ում զինվոր չունի: Գործում է ԼՂ պաշտպանության բանակը, որի գոյության պատճառները յուրաքանչյուր ոք ամեն օր կարող է գտնել Ադրբեջանի պաշտոնական քարոզչության և գործողությունների մեջ, որի անթաքույց էությունը ԼՂ հայերին էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելն է»:
Այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության 4-րդ կետում չեն ամրագրվել այս ձևակերպումները, ՊԲ-ի գոյության իրավունքն ու պատճառները, այլ գրվել է՝ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ», ինչն Ադրբեջանին Արցախի դեմ ագրեսիայի լեգիտիմ հիմք է տվել և մեղադրելու նաև Հայաստանի զինված ուժերին:
Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը մի առիթով ակնարկել է, որ ՊԲ-ն դեռ 2020-ին պետք է լուծարվեր և եղած սպառազինությունը դուրս բերվեր Արցախից, որն անցավ Ադրբեջանի հսկողության տակ:
«Այստեղ տարատեսակ մեկնաբանության տեղիք է տվել այն հանգամանքը, որ ասվում է՝ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»: Եվ երբ մենք ասում էինք, որ զինված ուժեր չունենք, մենք զինվորներ չէինք տալիս Լեռնային Ղարաբաղին, Ադրբեջանն ասում էր՝ կներեք, բայց այնտեղ կարող է սիրիական ուժեր են կանգնած, վրացական ուժեր են կանգնած, ամերիկացիներ են, ովքե՞ր են էդ մարդիկ, Պաշտպանության բանակը հայկական ուժերը չե՞ն: Մենք ասում էինք՝ դա Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակն է, և իրենք ասում էին՝ ոչ, դա ձեր զինված ուժերն է, հանեք: Դուք 4-րդ կետը չեք կատարել, մենք ասում էինք՝ կատարել ենք:
Հիմա հարց է առաջանում՝ եթե մենք ունենայինք իրավիճակ, որ երբ Ալիևը պահանջում էր ամբողջ զինված ուժերն այնտեղից հանել, ԼՂՀ առաջնորդները ՀՀ ղեկավարության հետ միասին որոշում ընդունեին՝ ի կատարումն 4-րդ կետի, Լաչինի միջանցքով հանեինք, էսօր իրար չէին մեղադրի. 1.5 միլիարդի զենքը թողել եք Լեռնային Ղարաբաղում, որը դարձել է Ադրբեջանի զինված ուժերի մի մասը և վաղը կիրառվելու է մեր դեմ:
Այսինքն, մենք հնարավորություն ունեինք փրկել այդ 1.5 միլիարդ զենքը՝ ըստ այդ փաստաթղթի: Բայց մենք չենք փրկել, որովհետև ունեցել ենք այն նարատիվը, որ դա Լեռնային Ղարաբաղի ՊԲ-ն է»,- յութուբյան իր թողարկումներից մեկում ասել էր Մարուքյանը՝ հավելելով, որ միևնույն է՝ ՊԲ-ն չէր կարողանալու իրեն պաշտպանել Ադրբեջանի հարձակման դեպքում, իսկ ՀՀ-ն էլ չէր պատրաստվում աջակցել:
Իսկ սեպտեմբերի 19-ին Կարպիս Փաշոյանի հետ փոդքասթում Մարուքյանը հայտարարել է, որ՝ «Արայիկ Հարությունյանը և Վիտալի Բալասանյանը վերջին շրջանում որոշակի փուլում փորձել են խոշոր տեխնիկայի վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերել, որը Լեռային Ղարաբաղում առաջացրել է հույզեր, և դրա դեմ մեծ բան է եղել…»:
Մարուքյանը նույնիսկ ակնարկել է, որ դավաճանական քայլ կարող էր դիտվել և գուցե դիտվել է, եթե Արցախին ՊԲ-ի դուրսբերման առաջարկ արվեր հայաստանյան կողմից:
Եթե ՊԲ-ն ՀՀ ԶՈՒ-ից անկախ է, ինչի՞ հիման վրա էին այդ առաջարկը նրանց ՀՀ իշխանությունների կողմից անելու, մյուս կողմից՝ եթե Արցախից հասկացնում են, որ ՀՀ զինված ուժերից անկախ չեն եղել, ինչո՞ւ են ընդդիմացել, եթե, իհարկե, նման առաջարկ արվել է, և արդյո՞ք ՊԲ-ի դուրսբերման առաջարկ արվել է:
Սրանք հարցեր են, որոնց պատասխանը շատ հստակ պիտի տրվի Արցախի և ՀՀ-ի իշխանությունների կողմից, ինչպես նաև՝ արդյո՞ք ԶՈՒ կիրառման պլանում նախատեսված է եղել ՊԲ-ին աջակցություն, բայց ՀՀ տարածքում պատերազմից խուսափելու համար չի ցուցաբերվել այն։
Այս համատեքստում հիշեցնենք, որ 2021 թվականի փետրվարին, երբ ՊԲ-ն կազմաքանդելու մասին խոսակցություններ էին շրջանառվում մամուլում, այդ ժամանակ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն արձագանքել էր՝ նշելով.
«Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում լուրեր են տարածվում, թե Արցախի պաշտպանության բանակը կազմալուծվելու է, և ըստ այդ լուրերի տրամաբանության՝ Արցախի սահմանների պաշտպանության կազմակերպում չի լինելու: Այս կապակցությամբ ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով, պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմավորելու հարցով` հենց մեր սահմանների պաշտպանության նպատակով»:
Այս թեմային Վիտալի Բալասանյանն անդրադարձել է նաև 2022 թվականի նոյեմբերին:
Մասնավորապես, «Ապառաժ»-ի հարցմանն ի պատասխան՝ ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Բալասանյանը նշել էր․
«1. Արցախի Հանրապետության զինված ուժերը չեն կազմալուծվելու։ Հակառակը՝ իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ՝ բանակն արդի պայմաններին համապատասխանեցնելու համար։
2. Արցախի Հանրապետության որևէ պետական մարմին չի հնչեցրել նման առաջարկ:
3. Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական իշխանությունների միասնական տեսակետն է՝ ամեն գնով պահպանել Արցախի զինված ուժերը, դրանք համալրել թե՛ մարդկային, և թե՛ տեխնիկական ժամանակակից միջոցներով և ունենալ մարտական խնդիրները կատարող զինված ուժեր»:
Այսինքն, Արցախի իշխանությունները ՊԲ-ի լուծարման սցենար չե՞ն նախատեսել, իսկ թե ի՞նչ կառուցվածքային փոփոխություններ են արվել, հայտնի չէ:
Իսկ 2023 թվականի սեպտեմբերի 7-ին, ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ադրբեջանցի քաղաքագետ Ֆարխադ Մամեդովը հարցին՝ ադրբեջանական զորքը կմտնի Ստեփանակե՞րտ, պատասխանել էր, որ դա զինվորականների որոշելիքն է:
«Ես կարծում եմ, որ առաջին փուլում դրված է ծանր զինտեխնիկայի, պահեստների և զորանոցների ոչնչացման հարցը, այդ թվում՝ ամրացված շրջանների ուղղությամբ հարվածների: Սա տեղի կունենա մոտ ապագայում: Կարող է լինել ԱՄՆ կողմից խոստում, թե Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո մեղմացում կլինի, բայց հավատալ դրան, սակայն ամեն ինչ կարող է վերանայվել, եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ դադարում է ֆինանսավորել, դիմում եմ Ադրբեջանին, որ բեռները ձևակերպեն, որ դա ճանաչում է Ադրբեջանի տարածք, նաև դիմի բոլոր զինվորականներին՝ վերադառնալ Հայաստան: Փաշինյանը դա կարող է անել, դրա համար էլ Ադրբեջանը դա պահանջում է նրանից»,- շարունակել էր ադրբեջանցի քաղաքագետը:
2023 թվականի հունիսի 29-ին Արցախի ԱԺ-ում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը պատգամավորներին հայտնել էր, որ՝ Ադրբեջանը պայման է դրել՝ երկխոսության սեղանին նստելու համար առաջին կետը ՊԲ-ի լուծարումն է:
Թե ինչո՞ւ այս պայմանը չի կատարվել ավելի շուտ, ինչպես նշեցինք, այս թեմայի շուրջ հարցերին պետք է պատասխանեն Արցախի և ՀՀ իշխանությունները:
Մի բան հստակ է՝ Պաշտպանության բանակը կռվել է մինչև վերջ, որքան ներել են ուժերը, ստեղծված իրավիճակը: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հավաքել և հրապարակել է 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական հարձակման հետևանքով զոհերի և անհայտ կորածների 265 հոգու ցուցակ՝ անուն առ անուն:
«Հայաստանում իշխանական քարոզչամեքենան, տևական ժամանակ է, փորձում է շրջանառել և տարածել այն թեզը, թե 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին Արցախի Պաշտպանության բանակը չի կռվել, ինչն ուղղակի ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված պատասխանատվությունից խուսափելու փորձ է: Երեկ հրապարակել էի 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ Արցախի ՊԲ-ի զոհված և անհայտ կորած 265 զինծառայողի անուն-ազգանուն: Միայն այդ թիվը բավական է, որ պատկերացնեք, թե ինչ կենաց-մահու մարտ են մղել, որը ես շատ հաճախ կոչում եմ՝ «պատվով մարտ», երբ գիտես, որ ուժերն անհավասար են, որ մահվան մարտ է, բայց ինչպես վայել է ցանկացած զինվորականի, գնացել են այդ պատվով մարտը տալու, երբ շրջափակման պայմաններում զինված ուժերը գտնվում էին սարսափելի դժվար կացության մեջ, զինծառայողներն անգամ զրկված էին տարրական հաց ուտելու հնարավորությունից, և այս պայմաններում Պաշտպանության բանակը մինչև վերջ փորձել է կատարել իր խնդիրը՝ դավաճանված Հայաստանի Հանրապետության քաղաքական և ՀՀ զինված ուժերի վերնախավի կողմից»:
Այն, որ ՊԲ-ն պատվով է տվել իր վերջին մարտը՝ անկախ Արցախի և ՀՀ իշխանությունների քաղաքական սխալ կամ ճիշտ որոշումներից, վկայում են նաև ադրբեջանական լրատվամիջոցները, ադրբեջանցի շեխիդների հարազատների վկայությունները, իսկ Արցախի դեմ կռվել են Ադրբեջանի բոլոր ուժային կառույցներից, ոչ միայն բանակից:
Ադրբեջանի ներքին զորքերում ծառայած զինվորի մայրը պատմել է, որ որդուն չէր տեսել 2023 թվականի սեպտեմբերի 3-ից, ով վարժանքի էր գնացել, բայց հետո պարզել է՝ պատերազմի են տարել, որտեղից կենդանի հետ չի եկել: Այսինքն, Ադրբեջանը երկար ժամանակ է պլանավորել Արցախի դեմ հարձակումը, որի համատեքստում էր Լաչինի միջանցքի փակումը, այնուհետև՝ տոտալ շրջափակումը:
Իսկ Արցախի կորուստը, Արցախի ՊԲ-ի չլինելը 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանք էր, շարունակություն, որի առաջին օրը Փաշինյանը ՀՀ-ում հայտարարել էր ռազմական դրություն, մարտակոչեր էր անում, հետո Արցախում հրադադարի եռակողմ փաստաթղթի տակ էր ստորագրում, որտեղ բացակայում է Արցախի ստորագրությունը, բայց 2023-ին Փաշինյանը որոշեց, որ Հայաստանը չի կարող լինել դե ֆակտո Արցախի անվտանգության երաշխավորը, և, որ դա կլիներ Հայաստանի գոյության ավարտի տակ ստորագրել:
Վատագույն ելքը չէր բացառվում անգամ ՀՀ ԶՈւ միջամտության դեպքում, բայց խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականին ակնարկել էր, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարողանում իր սեփական անվտանգությունն ապահովել, որ նրա անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, ինչն ասվել էր Արցախի և ՊԲ-ի դեպքում, որի հետևանքը տեսանք:
Իսկ այսօր հայտարարում է, որ ՀՀ անվտանգության երաշխավորը միայն մենք ենք, բայց փաստացի որևէ հիմք չի ստեղծում իրականում լինելու, և պատերազմը չսկսելու պատրվակով զիջումներ է արել, անում և անելու է:
Գորիս-Կապան ճանապարհը հանձնեցին, որ պատերազմ չլինի, Արցախի ՊԲ-ին չաջակցեցին, որ պատերազմ չլինի, Տավուշում պիլոտային ձևով սահմանազատում և սահմանագծում արեցին ու տարածք հանձնեցին, որ պատերազմ չլինի, 2021-2022 թվականներին ՀՀ օկուպացված տարածքներից չեն հեռացնում ադրբեջանական զորքը, որ պատերազմ չսկսի:
Բայց հարցն այն է, որ պատերազմի չլինելը երաշխավորված չէ, այսօրինակ դեպքերը միայն կարող են հետաձգել դա, որովհետև Նիկոլ Փաշինյանը ոչ թե հզորացնում է պետությունը, բանակը, որ պատերազմ չլինի, այլ Հայաստանի լինել-չլինելով անընդհատ վախեցնելով՝ զիջումներ է անում, որ պատերազմ չլինի, բայց ինչո՞ւ պետք է ունենալ այնպիսի պետություն, որը կարող է մեկ օրում չլինել մի հարձակումից:
Այս տրամաբանությամբ Նիկոլ Փաշինյանը վաղը կարող է մենակ թողնել Հայաստանի Հանրապետությանն ու ՀՀ զինված ուժերի ցանկացած զորամիավորման, որոնք կհրաժարվեն «խաղաղ հանձնվել». Հայաստանն այսօր գտնվում է խաղաղ պատերազմի մեջ…