Բաժիններ՝

Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ՝ ոչնչացնելով հայկական մշակութային ժառանգությունը

Փարիզում Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի մասնակից պետությունների գլխավոր ասամբլեայի 25-րդ նստաշրջանի ընթացքում Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ 2025-2029 թվականների համար։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հինգ երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը, մրցում էին Արևելյան Եվրոպայի տարածաշրջանին հատկացված մեկ տեղի համար՝ լարված մրցակցության պայմաններում։

Ադրբեջանը քվեարկության առաջին փուլում ստացել է 160 երկրից 92-ի աջակցությունը և ընտրվել է կոմիտեի անդամ։

21 անդամ պետություններից բաղկացած կոմիտեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի իրականացումը վերահսկող գլխավոր գործադիր մարմինն է: Կոմիտեի հիմնական խնդիրն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի կազմումը, համաշխարհային նշանակության մշակութային և բնական ժառանգության վայրերի ճանաչումն ու պաշտպանությունը, ինչպես նաև դրանց ապագա սերունդներին փոխանցումն ապահովելը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը մշտապես իր ենթակայության տակ գտնվող տարածքներում հետևողականորեն ոչնչացրել է հայկական մշակութային կոթողները, եկեղեցիներն ու հուշարձանները, իսկ 44-օրյա պատերազմից հետո այդ հանցավոր գործելակերպը ստացել է ավելի մասսայական բնույթ։ Google Earth արբանյակային քարտեզի 2023 թվականի հունիսին արված լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը զգալիորեն վնասել է Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները:

Բոլոր տարածքներում կան ավերված ու պղծված եկեղեցիներ, հուշարձաններ։ Դրանց թվում են Շուշիի Սուրբ Ղազանչեցոցը, Կանաչ ժամը, Հադրութի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին, որը հիմնահատակ ավերվել է, իսկ Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին վերածվել է մզկիթի։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, «մշակութային ժառանգության» անվան տակ Ադրբեջանը հող է նախապատրասում ՀՀ-ի նկատմամբ հետագա տարածքային պահանջների համար։

Բրուքլինում գործող շահույթ չհետապնդող «Արվեստի իրավունքի կենտրոնը» (Center for Art Law) ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որ միակ բանը, որ կարող է անել ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետության դեմ, նրա գործողությունները հրապարակայնորեն դատապարտելն է, պետության մշակութային ժառանգությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկից հանելը և դադարեցնելը պետությանը ֆինանսական կամ տեխնիկական աջակցություն տրամադրելը։ Սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ն սխալմամբ ենթադրում է, որ Ադրբեջանը շահագրգռված է ռեսուրսներ հատկացնել հայկական մշակութային ժառանգության պահպանման համար։

Ըստ երևույթին՝  ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր ներդրումն է ունեցել Ադրբեջանի՝ «արվեստի լվացման» գործում՝ 2013 թվականին կազմակերպելով «Ադրբեջան՝ հանդուրժողականության երկիր» ցուցահանդեսը Փարիզի կենտրոնում և Ադրբեջանի փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևային կոչելով «բարի կամքի դեսպան»։ Հեղինակների կարծիքով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կողմնակալ դերակատար է, որը մեղսակից է Ադրբեջանի կողմից մշակութային ոչնչացմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս