
Թրամփի «շռնդալից մուտքը» Մերձավոր Արևելք․ ո՞վ կշահի ու կկորցնի Թրամփի աղմկոտ հակաիրանական ու իսրայելամետ առաջարկներից

ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումներն ու հակամարտությունների լուծումների աղմկահարույց տարբերակները շարունակում են զարմացնել միջազգային հանրությանը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դարձավ առաջին օտարերկրյա ղեկավարը, ում Թրամփն ընդունեց Սպիտակ տանը՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։ Այս այցին Թրամփի վարչակազմը լավ էր պատրաստվել։ Մինչ Նեթանյահուի հետ հանդիպումը Թրամփը Սպիտակ տան Օվալաձև սրահում մի շարք հակաիրանական հայտարարություններ արեց, ըստ էության վերադառնալով իր առաջին նախագահության շրջանի՝ Իրանի նկատմամբ «առավելագույն ճնշման» քաղաքականությանը։
Փետրվարի 4-ի առավոտյան Դոնալդ Թրամփը ստորագրեց նախագահական հուշագիր, որը վերահաստատում է Իրանի նկատմամբ Վաշինգտոնի կոշտ քաղաքականությունը, որը կիրառվել էր Թրամփի նախագահական առաջին ժամկետի ընթացքում։ Թրամփն անձամբ իր ստորագրած հուշագիրը չափազանց կոշտ բնութագրեց` ասելով, որ նույնիսկ վարանել է այդ քայլին դիմելիս։ Նա նշել է, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, և ինքը հույս ունի, որ Թեհրանի հետ հնարավոր կլինի գործարք կնքել։ Փաստաթղթի համաձայն՝ նախատեսվում է կանխել Իրանի կողմից միջուկային զենքի և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ձեռքբերումը, ոչնչացնել Իրանի «ահաբեկչական ցանցը» և հակազդել Իրանի կողմից հրթիռների, ինչպես նաև այլ ասիմետրիկ և սովորական սպառազինությունների մշակմանը: Թրամփի հուշագրում, ի թիվս այլ խնդիրների, ԱՄՆ ֆինանսների նախարարին հանձնարարվում է «առավելագույն տնտեսական ճնշում» գործադրել Իրանի նկատմամբ՝ ներառյալ պատժամիջոցներ և գործող պատժամիջոցները խախտողների նկատմամբ առանձնահատուկ մեխանիզմներ։ Այն նաև ուղղորդում է ֆինանսների նախարարությանը և Պետքարտուղարությանը` իրականացնել արշավ, որն ուղղված է «իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելուն»:
Թրամփը մեղադրել է նախկին նախագահ Ջո Բայդենին նավթի արտահանման պատժամիջոցները խստորեն չկիրառելու համար, ինչը, ըստ Թրամփի, էականորեն առաջ է մղել Թեհրանին ռեգիոնում՝ թույլ տալով նավթ վաճառել, ֆինանսավորել միջուկային զենքի ծրագիրը և զինված աշխարհազորայինների տեղակայումը Մերձավոր Արևելքում: Հուշագրի ստորագրումից հետո Թրամփը նաև ասել է, որ չի բացառում իր հանդիպումն Իրանի նախագահի հետ։
Իրանական SNN գործակալության հաղորդմամբ, Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի նկատմամբ «առավելագույն ճնշման» քաղաքականությունը, որն առաջարկում է Դոնալդ Թրամփը, ձախողված է։
«Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահի երեկվա հայտարարությանը, համոզված եմ, որ «առավելագույն ճնշումը» ձախողված փորձ է, և դրա կրկնակի կիրառումը կվերածվի նոր ձախողման»,- ասել է Արաղչին:
Նեթանյահուի հետ հանդիպմանը Թրամփը կրկնեց պաղեստինցիներին վերաբնակեցնելու իր գաղափարը։ Նա հայտարարեց, որ Գազայի հատվածը կարելի է վերածել «մերձավորարևելյան Ռիվիերայի»։ Նա նաև նշեց, որ ԱՄՆ-ը պատրաստ է գրավել Գազայի հատվածը և այնտեղ տնտեսական զարգացման հնարավորություններ ստեղծել։
«Միացյալ Նահանգները վերահսկողության տակ կվերցնի Գազայի հատվածը, և մենք այնտեղ աշխատանք կկատարենք»,- ասել է նա։
«Մենք պատասխանատու ենք լինելու տարածքում գտնվող բոլոր վտանգավոր չպայթած ռումբերն ու այլ զինատեսակներն ապամոնտաժելու, տարածքը հարթելու և ավերված շենքերից ազատվելու համար: Տարածաշրջանի մարդկանց համար կստեղծենք տնտեսական զարգացում և անսահմանափակ աշխատատեղեր և բնակարաններ»,- ասաց Թրամփը՝ Գազայի հատվածն անվանելով «քանդման ենթակա տարածք»։
Թրամփը Գազայի բնակիչներին հրավիրել է տեղափոխվել Մերձավոր Արևելքի մեկ կամ մի քանի պետությունների կողմից տրամադրված վայրեր: Պաղեստինցիներին վերաբնակեցնող երկրների շարքում նա նշել է Եգիպտոսն ու Հորդանանը։ Ըստ նրա՝ դա կարող է լինել «մեկ կամ մի քանի տարածք»։ «Նրանք այնտեղ են [Գազայում], քանի որ այլընտրանք չունեն: Ի՞նչ ունեն նրանք։ Դա հիմա փլատակների մեծ կույտ է»,- ասել է Թրամփը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, մեկնաբանելով այս արտահայտությունները, ասել է, որ Դոնալդ Թրամփի գաղափարն «արժանի է ուշադրության»։ «Կարծում եմ՝ սա այն է, ինչը կարող է փոխել պատմությունը»,- ավելացրել է Նեթանյահուն։
Գազայի վերաբերյալ Թրամփի այս հայտարարություններն արդեն արժանացել են Թուրքիայի, Սաուդիան Արաբիայի և այլ երկրների խիստ քննադատությանը։ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի Իսրայելի հետ, մինչև չստեղծվի Պաղեստին պետություն։ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ հայտարարության մեջ ընդգծվել է, որ միջազգային հանրությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել՝ մեղմելու ծանր իրավիճակը, որից տառապում է Պաղեստինի ժողովուրդը՝ կանգնելով հայրենի հողերից հեռանալու վտանգի առջև։ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն էլ ասել է, թե Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի հայտարարությունները մի բան են, որ նույնիսկ քննարկելը սխալ է։ «Սա մի իրավիճակ է, որը ոչ տարածաշրջանում, ոչ էլ մենք չենք կարող ընդունել, նույնիսկ դրա մասին մտածելը ժամանակի վատնում է»,- ասել է թուրք գործիչը:
Ֆիդանը նաև ընդգծել է, որ Թուրքիան դեմ է ցանկացած նախաձեռնության, որը չի համապատասխանում Գազայի հատվածում պաղեստինցիների շահերին։ Իսկ ավելի վաղ արաբական 5 երկրների արտգործնախարարներ և պաղեստինցի բարձրաստիճան մի պաշտոնյա համատեղ նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, որում դեմ են արտահայտվել ԱՄՆ նախագահի առաջարկած՝ Գազայի պաղեստինցիների վերաբնակեցման ծրագրերին: Նամակը ստորագրել են Հորդանանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Կատարի և ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև Պաղեստին պետության նախագահի խորհրդական Հուսեյն Ալ-Շեյխը:
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս արևելագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Թրամփի վերջին որոշումները սպասելի էին՝ հաշվի առնելով իր դիրքորոշումն Իրանի, ինչպես նաև վերաբերմունքն Իսրայելի նկատմամբ, սպասվում էին նման որոշումներ։ Սակայն, ըստ նրա, պետք է հաշվի առնել, որ ԱՄՆ նոր վարչակազմը դեռ շեշտը դնում է որոշումների աղմկահարույց գործոնի վրա, իսկ դրանց իրագործելիությունն ու հնարավոր ազդեցությունը շարունակում է կասկածելի մնալ։ Սակայն, նրա խոսքով, թե Իրանի դեմ ամերիկյան որոշումները, թե առաջարկները Գազայի հատվածի վերաբերյալ ակնհայտորեն ուղղված են մերձավորարևելյան մեծ տրանսֆորմացիաների՝ ի օգուտ Իսրայելի։
«Օրինակ, առաջարկը պաղեստինցիներին վերաբնակեցնելու վերաբերյալ, բնականաբար, գոհացնում է ռեգիոնում միայն Իսրայելին, ինչպես նաև համապատասխանում է ամերիկյան շահերին, եթե ԱՄՆ-ը այդ տարածքում ներկայություն ստանա։ Սակայն մերձավորարևելյան մյուս երկրները դեմ են այս առաջարկին, ընդ որում՝ բավականին կոշտ ձևով, նույնիսկ չեն դիտարկում այն քննարկելու հեռանկարը։ Չի բացառվում նաև, որ նման առաջարկ է արվում բարենպաստ բանակցային հնարավորություններ ձևավորելու համար։ Բացի այդ, կա նաև Իսրայելի հետ պայմանավորվելու ցանկությունն ԱՄՆ-ի մոտ, որպեսզի, ի վերջո, իսկապես խաղաղություն հաստատվի, ամերիկյան կողմն այս բանաձևն է պատկերացնում՝ գուցե որպես խաղաղության հաստատման միջոց»,- նման կարծիք հայտնեց Տարասովը։
Ըստ նրա՝ պատահական չէ, որ Իրանի հարցով հուշագրի մասին Սպիտակ տունը հաղորդեց Նեթանյահուի հետ բանակցություններից առաջ։ Վերլուծաբանը ուշադրություն է հրավիրում այն արձագանքների վրա, որոնք եղան ռեգիոնից։
«Դրանք թույլ են տալիս ենթադրել, որ իրավիճակը ռեգիոնում սրվելու միտում ունի, քանի որ Թուրքիան, Սաուդիան Արաբիան Գազայի էթնիկ զտմանը չեն համաձայնի, դա ինքնըստինքյան կսրի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, ինչպես նաև կսրի իրավիճակը հենց Մերձավոր Արևելքում։ Կարծում եմ՝ Գազայի վերաբերյալ Թրամփի առաջարկներն իրենց բնույթով այնքան տարօրինակ ու ոչ սովորական են, որ Իրանի դեմ որոշումները ստվերվեցին, դարձան անկարևոր։ Նույնիսկ կարելի է ասել, որ Գազայի վերաբերյալ Թրամփի առաջարկները վերջնարդյունքում Իրանի համար բարենպաստ զարգացումների պատճառ են դառնալու ռեգիոնում»,- նման կարծիք հայտնեց Տարասովը՝ շարունակելով, որ այս ամենը ռեգիոնում սրելու է հակաիսրայելական տրամադրությունները։
Նրա խոսքով, մի բան է՝ առաջարկել նման բան, նպատակ ունենալ հասնել խաղաղության և սեփական շահերի իրագործման, մեկ այլ բան է դա իրագործելը։ «Շատ հավակնոտ է այդ ամենը»,- նկատեց նա։
Տարասովը գտնում է, որ նման մեծ իրարանցումը Մերձավոր Արևելքում կունենա իր հետևանքները նաև Հարավային Կովկասում, որտեղ արդեն իրավիճակը հանգիստ չէ։ «Աշխարհաքաղաքական անկայունությունը մշտապես իր բացասական հետևանքն է ունեցել ռեգիոնի վրա։ Առանձնահատուկ կարևոր է, թե ինչ զարգացումներ կծավալվեն Իրանի շուրջ, Իրանն ինչ դիրքեր կստանա, ինչպես նաև ինչ խոսակցություն կծավալվի Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այս գոտում բանակցությունների պատրաստությունն ընթանում է, և ՌԴ իշխանությունները, և Զելենսկին ու Թրամփը պատրաստ են բանակցությունների, որոնք հեշտ չեն լինելու, սակայն պատրաստակամությունն արդեն առանցքային փոփոխություն է բոլոր կողմերի դիրքորոշումներում»,- նկատեց նա։