ԲԱՐՁՐ ՄՏԱԾԵՆՔ. Ո՞ւմ և ի՞նչ նպատակով է հուզում Սյունիքի ճակատագիրը
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) սոցիալական թեմաներով գործադուլը երևի այս խառը օրերին ամենափոքր խնդիրն էր, որ կարող էր հուզել երկրի օրեցօր վատթարացող իրավիճակը լուսաբանող մարդուն։ Դե այն, որ մարդիկ ավելի մեծ վարձատրություն են պահանջում, գնաճի պայմաններում՝ կարելի է անգամ նորմալ գնահատել, և նույնիսկ պայքարողներին մաղթել հաղթանակ ու անցնել առաջ։
Բայց գուցե այստեղ կա Սյունիքում՝ ամենաբարեկեցիկ մարզում, դժգոհություն հրահրելու նպատակ՝ մարդկանց դրդել գործողությունների, որոնցով երկրի թիվ մեկ հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, օրերով դադարեցնի աշխատանքը, մարդկանց աշխատանքից ազատի, իսկ ի՞նչ կլինի, եթե այդ կոմբինատն ընդհանրապես չաշխատի մի որոշ ժամանակ՝ խաթարելով իրեն առնչվող ամբողջ տնտեսական շղթան, որտեղ հազարավոր մարդիկ են զբաղված…
Միայն այն հանգամանքը, թե որ լրատվամիջոցներն են շաբաթ-կիրակի օրով անմիջապես հայտնվել Սյունիքում, հուշում է, որ բոլորովին բացառված չէ, որ հենց այդ նպատակն է դրված այս, թվում է, թե անմեղ՝ աշխատավարձի բարձրացման պահանջի հիմքում։
Թեմային «Ազատություն» ռադիոկայանն ունեցել է 15 անդրադարձ 3 օրում, ինչ խոսք, Epress.am կայքը 14 նյութ է տեղադրել… ընդամենը 2 օրում։ Նկատեք, սա այն դեպքում, երբ Երևանում տրանսպորտի թանկացման դեմ լայնածավալ ակցիաներ են ընթանում, իսկ այս լրատվամիջոցները կամ շատ փոքր, կամ ոչ մի լուսաբանում չեն արել այդ թեմայի մասին։
Մի հպանցիկ հայացք էլ նախկին վարչապետ Արամ Զավենի Սարգսյանի հարցազրույցին, որտեղ նա մոտավորապես կոչ է անում վերցնել ԶՊՄԿ-ն ներկա կառավարիչներից՝ յուղ լցնելով բորբոքված գործադուլավորների պայքարի կրակին:
Այս ամենին է միացել նաև, ոչ ավել, ոչ պակաս՝ Ժիրայր Սէֆիլյանի «Ազգային-ժողովրդավարական Բևեռը» (ԱԺԲ), որը, հիշում եք, ձևավորվել է «Սասնա ծռեր» կուսակցությունից։ Հիշեցնենք, ՊՊԾ գնդի դեպքերը, և այն, որ պրոթուրքական, թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող «Լիվինգսթոն խումբ» (Livingston Group) լոբբիստական ընկերությունը, որը հսկայածավալ լոբբինգ է իրականացրել Թուրքիայի և Ադրբեջանի համար՝ ընդդեմ Հայոց ցեղասպանության և հայկական այլ հարցերի, 2023 թվականից ակտիվ համագործակցություն է սկսել Ազգային-ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) հետ: ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանը հանդիպումներ էր ունեցել այդ կապակցությամբ Միացյալ Նահանգներում:
Սէֆիլյանը հանդիպել էր Լեքսինգթոն պաշտպանական վերլուծական ինստիտուտի գլխավոր տնօրեն Մերրիկ «Մաք» Քերիի և արտաքին քաղաքականության գծով վերլուծական կենտրոն ՄակՔեյն ինստիտուտի գործադիր տնօրեն Դոկտոր Էվելին Ֆարկասի հետ: Այդ նույն ընթացքում ուշագրավ էր Սէֆիլյանի հանդիպումն Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:
«Նահանջել չկա՛, խնդիրը պետք է լուծվի. Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում գործադուլը շարունակվում է»,- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գործադուլին անդրադարձել է Ժիրայր Սէֆիլյանի «Ազգային-ժողովրդավարական Բևեռը» (ԱԺԲ):
Հասկանալի է դառնում, որ Սյունիքում ու Հայաստանում գործող խոշորագույն տնտեսական միավորի կանգը, իսկ գուցե և տապալումը հնարավոր է, որ ՄԵԾ ԾՐԱԳՐԻ մաս է։
Իհարկե, պետք է անպայման նշել, որ բազմաթիվ լրատվամիջոցներ են անդրադարձել և անդրադառնում խնդրին, բայց որոշների ակտիվությունը խիստ տեսանելի է:
Դատեք ինքներդ, եթե նույնիսկ բողոքներն ինքնաբուխ են և ունեն արդարացի պահանջ, որքանո՞վ ավելի հեշտ իր իսկ ղեկավարության հետ կպայմանավորվի բողոքավոր բանվորը, եթե կրակին յուղ չլցնեն 2 օրում 15 ռեպորտաժ պատրաստող նշյալ լրատվամիջոցները և տարբեր սոցիալական ցանցերի օգտատերեր։ 2 օրում 15 ռեպորտաժը նշանակում է, ասեք, որ մեծ թիվ է, և գիտակցում են, որ այդպիսով, նույնիսկ չցանկանալով, յուղ են լցնում կրակին։
Երբ ցուցարարի հետ ժամը մեկ հարցազրույց ես անում, մարդուն սարքում ես իր ասածի գերին։ Բնական է, որ նա էլ ավելի է ոգևորվում իր հանդեպ համահանրապետական ուշադրությունից, դա դրդում է նրան անել ծայրահեղ հայտարարություններ, խոստանալ, որ հետ չի կանգնելու, չի նահանջելու, սրտի խորքում ինքն էլ չի ուզում, որ իրավիճակը հանգուցալուծվի, որ վաղն էլ իրեն շրջապատեն լրագրողական տեսախցիկները…
Մարդը բորբոքված մի բան է ասում, լրատվամիջոցները դա դարձնում են ամպագոռգոռ վերնագրերով հրապարակումներ՝ «Անմարդկային պայմաններ…», «Գրոշներով աշխատացնում են…», «Պայքարը չի դադարելու», և այլն, և այլն։
Այս ամենը մի քանի օր եթերներում հայտարարելուց հետո ինչպե՞ս համաձայնեն որևէ կոմպրոմիսի։
Արդյունքում՝ կանգնած է գործարանը, կանգնած է տնտեսությունը։ ԶՊՄԿ-ն պարզապես աշխատավայր չէ, ու այս կրակին յուղ լցնողները դա լավ գիտեն։
Ի վերջո, այդ հանքն է սյունեցիներից շատերին պահել մարզում, այդ աշխատանքն է, որի շնորհիվ բոլոր ժամանակներում Քաջարան քաղաքից արտագաղթ չի եղել, ի տարբերություն Հայաստանի այլ բնակավայրերի, որոնք աշխատանքի ու կյանքի տարրական պայմանների բացակայության հետևանքով՝ դատարկվել են։
Ստացվում է, որ այս մեկ հանքը սահմանամերձ տարածաշրջանում կատարում է սահման պահողի անտեսանելի ֆունկցիան։ Իսկ եթե այն իսկապես երկարաժամկետ կանգ առնի, խռովությունն այն աստիճանի հասնի, որ ղեկավարությունը, որը կարծես նույնպես պատրաստ չէ արձագանքել վերջնագրերի, որոշի բոլորին տուն ուղարկել…
Մի կողմ թողնենք երկրի տնտեսության վրա ազդեցությունը։ Քանի՞ ամսում կդատարկվի երկրի հարավը, առանց եկամուտի քանի՞ մարդ կմնա ապրելու ու պաշտպանելու այդ հողը։ Իսկ միգուցե կրակի վրա յուղ լցնողները հենց դա՞ են ուզում։
Պատահական չէ, որ «շիրա տվողների» պակաս չի զգացվում, ընդհուպ մինչև տխրահռչակ սաքունցները, որոնք կոչ են անում աշխատակիցներին՝ դիմել իրենց իրավաբանական գրասենյակ, եթե իրենց աշխատանքից ազատեն։ Դրանով պատրանք են ստեղծում իրավագրագիտություն չունեցող բանվորի մոտ, որ վախենալու բան չկա, հետ չկանգնես, ոչ մի բանի չհամաձայնվես, մենակ թե չթողնես, որ հանքը աշխատի։
Փաստորեն, ըստ այս հարցը սրողների, «տաքացնողների», որքան երկար կանգնի ԶՊՄԿ-ի՝ թիվ մեկ հարկատուի աշխատանքը, այնքան արագ կլուծվեն Սյունիքի հարցերը…
Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ՝ Էրդողանն ու Ալիևը գրեթե ամեն օր սպառնալիքներ ու մեղադրանքներ են հնչեցնում իրենց պայմաններով Զանգեզուրի միջանցքը բացելու մասին, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ոչ միայն կոշտ չի հակադարձում, այլ նույնիսկ սեղանին է դնում Մեղրիի ինչ-որ տարբերակ:
Մտածենք միասին: Ինչո՞ւ: