ԱՄՆ-ում հակահայկական գործունեությամբ հայտնի «Լիվինգսթոն խումբը» Վաշինգտոնում հանդիպումներ է կազմակերպում Ժիրայր Սէֆիլյանի համար

Ամերիկյան հանրահայտ «Լիվինգսթոն խումբ» լոբբիստական ընկերությունը, որը հայտնի է իր խիստ հակահայկական գործունեությամբ Միացյալ Նահանգներում՝ ծառայություններ մատուցելով թուրք-ադրբեջանական լոբբիին Վաշինգտոնում, ծառայություններ է մատուցում Ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցությանը: Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի ամենահաջողակ լոբբիստական այս կազմակերպությունը, որը տևական ժամանակ աշխատել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի, ինչպես նաև հայամետ 907 բանաձևի դեմ, փորձում է ԱՄՆ կառույցներում հանդիպումներ կազմակերպել Ժիրայր Սէֆիլյանի համար, ով պատրաստվում է առաջիկայում մեկնել ԱՄՆ:

«Այցի նպատակն է հարաբերություններ հաստատել վարչակազմի, Կոնգրեսի համապատասխան պաշտոնյաների, վերլուծական համայնքի հետ և ուսումնասիրել, թե ինչպես կարող է ԱԺԲ-ն օգնել ամրապնդել հարաբերությունները Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև և հակազդել Ռուսաստանի չարագործ ազդեցությանը Հայաստանում։ ԱԺԲ-ն նաև ցանկանում է զգալիորեն ամրապնդել կապերը Հայաստանի և Եվրամիության, ինչպես նաև ԱՄՆ դաշնակիցների և գործընկերների հետ»,- այս մասին ասված է այս տարվա մարտի 31-ով թվագրված «Լիվինգսթոն» խմբի՝ ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտ ուղարկված տեղեկագրում, որին կցված է նաև Ժիրայր Սէֆիլյանի կենսագրական թերթիկը:

Ուշագրավն այն է, որ 2016 թվականին Սէֆիլյանի ձերբակալությունը կենսագրության մեջ կապվում է նրա «800 հեկտարի» աղմկահարույց հայտարարության հետ, այնինչ այն ժամանակ «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ, ներկայումս ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանը մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ ձևավորելու, զորամաս և Երևանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ: Սէֆիլյանը մեղադրվում էր նաև զանգվածային անկարգություններ ծրագրելու մեջ և դատապարտվել էր 10,5 տարվա ազատազրկման: Ի դեպ, Սէֆիլյանը չի արդարացվել, այլ երկու տարի ազատազրկումից հետո համաներմամբ ազատ է արձակվել:

ԱՄՆ վերոնշյալ կառույցին ուղարկված տեղեկագրում «Լիվինգսթոն խումբը» մի շարք փաստեր է ներկայացրել ԱԺԲ գործունեության մասին: Նշվում է, որ ԱԺԲ-ն ՀՀ-ում առաջին քաղաքական կազմակերպությունն է եղել, որը բարձրացրել է Ուկրաինայի դրոշը հակապատերազմական ակցիայի ժամանակ, որն ավարտվել է ՌԴ դեսպանատան մոտ:

Կարդացեք նաև

Տեղեկագրում ասվում է նաև, որ ԱԺԲ-ն կտրականապես դեմ է Ռուսաստանի ներկայությանը Հայաստանում և բազմիցս կոչ է արել դեօկուպացնել Հայաստանը՝ որպես երկրի ժողովրդավարացման, զարգացման և անվտանգության նախապայման, ինչպես նաև նշվում, որ ԱԺԲ-ն ցանկանում է Հայաստանին հեռացնել Մոսկվայի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) և դիրքավորել Հայաստանը՝ որպես Միացյալ Նահանգների գլխավոր դաշնակից:

Հատկանշական է, սակայն, այն հանգամանքը, որ ԱԺԲ-ն ԱՄՆ պաշտոնյաների հետ կապ հաստատելու, այդ կապերը խորացնելու իր ռազմավարությունում գործընկեր է ընտրել տևական ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի շահերը ԱՄՆ-ում սպասարկող լոբբիստական կազմակերպության, որի ծառայություններից օգտվելն ամենևին էլ էժան հաճույք չէ:

Տեսանյութեր

Լրահոս