Հուլիսյան մարտերի օրերին ՀՀ ՊՆ-ին և Արցախի ՊԲ-ին «իջեցված» հրամանը և Ադրբեջանի՝ Արևմուտքի հետ «համագործակցությամբ» 44-օրյա պատերազմում հաղթանակը

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը երեկ ԱԺ-ում «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի շուրջ լսումների ժամանակ Արցախի օկուպացված տարածքներն իր խոսքում համարել է Ադրբեջանինը:

«1994 թվականին Ադրբեջանը կորցրեց տարածքներ, բայց իր մեջ գտավ ուժ, կարողություն՝ իր էներգառեսուրսները արևմտյան ընկերությունների հետ, Արևմուտքի հետ զարգացնելու, ուժ ստանալու իր տարածքները հետ բերելու համար»,- շեշտել է նա՝ հավելելով, որ ՀՀ-ի զարգանալու պոտենցիալը միայն ու միայն Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու մեջ է:

«Դա պիտի լինի մեր ցանկությունը՝ անկախ նրանից, թե մեզ այնտեղ սպասում են, թե չեն սպասում: Գտեք այդ ճանապարհը, դուռը, օդանցքը, միջանցքը, թե ոնց պիտի մտնեք ներս, կան այդ ճանապարհները»,- ասել է Բաբաջանյանը և զգուշացրել, որ հեշտ չի լինելու, և որ կառավարությունը պետք է հաշվարկի՝ որքան է արժենալու ռուսական սպառնալիքը՝ գազը, ցորենը և այլ ապրանքներ թանկանալու են:

«Հասկանանք այ՝դ հարցերը մենք կարողանո՞ւմ ենք՝ մեր եվրոպացի գործընկերների հետ կոմունիկացնել և հասկանալ, թե որոնք են լինելու այլընտրանքները, դրանք կան, վստահ եմ: Եվ ՀՀ կառավարությունից է կախված այդ այլընտրանքները սեղանին դնելը»,- շարունակել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահը, և ոչինչ, որ Եվրոպան՝ ինքը գազի հետ կապված խնդիրների է բախվում, և ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին նաև եվրոպական երկրներից լսում էինք հայտարարություններ, թե Եվրոպայի անվտանգային համակարգը վերանայման և փոխակերպման կարիք ունի:

Կարդացեք նաև

Գազի խնդիրների համատեքստում հավելենք, որ մոտ 3 շաբաթ առաջ Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ Եվրոպայում 2025թ. հունվարի 2-ին գազի գինը մեկ մեգավատտ/ժամի դիմաց հասել է 50,3 եվրոյի (շուրջ 526 եվրո՝ 1000 խորանարդ մետրի դիմաց), և, որ կապույտ վառելիքի գների ամենաբարձր մակարդակն է 2023 թվականի հոկտեմբերից ի վեր։

Գործակալությունը գազի գների աճը բացատրել էր երեք գործոնների համադրությամբ, որոնցից առաջինը ռուսական «Գազպրոմ»-ի կողմից Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի տարանցման դադարեցումն է:

Ի դեպ, հիշեցնենք, որ ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը ներկայացրել է իր առաջին հրապարակային զեկույցը, որտեղ, ըստ էության, նկատի ունենալով Ռուսաստանին՝ նշվում է. «2025 թվականի՝ նախընտրական տարի լինելու հանգամանքով պայմանավորված՝ որոշ երկրներ կփորձեն Հայաստանի տնտեսական կախվածությունն է՛լ ավելի ընդգծված և ակնհայտ կերպով օգտագործել՝ որպես քաղաքական ազդեցության, Հայաստանի ներքին գործերին միջամտելու և հանրային լայն շերտերի վրա ազդելու հնարավորություն: Էներգետիկ անվտանգության ռիսկերը ևս շարունակելու են արդիական մնալ նաև 2025 թվականին»:

Նույնն ասում է նաև Բաբաջանյանը, այլ խնդիր է, որ նա այնքան էլ վստահ չէ՝ արդյո՞ք մեզ սպասում են ԵՄ-ում, բայց միևնույն է՝ պետք է դուռ, օդանցք, միջանցք գտնել և փորձել մտնել:

Ի դեպ, «Եվրաքվե»-ի նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն էլ վստահ է, որ Եվրամիությանը ՀՀ-ին անդամակցությունը կնպաստի «ՀՀ բանակի համապատասխանեցմանը ԵՄ անդամ երկրների բանակների արդիական չափանիշներին»: Բայց ՀՀ պաշտպանության նախարարությունը մշակել է բանակի կերպափոխման հայեցակարգ, որտեղ շեշտվում է. «ՀՀ զինված ուժերի՝ նախկին խորհրդային չափանիշների հիման վրա հետագա զարգացման և ՀՀ պաշտպանության կազմակերպման գործում դրանց ադապտացման հնարավորությունները սպառել են»:

Այսինքն, ըստ պաշտպանական գերատեսչության, ռազմական պլանավորման և պատերազմավարման ներկայումս գործող ձևերի և եղանակների հետագա կիրառման դեպքում ՀՀ զինված ուժերը տեսանելի հեռանկարում չեն կարողանա ապահովել իրենց առջև դրված խնդիրների կատարումը, ուստի անհրաժեշտ է արմատապես վերանայել զինված ուժերի և դրանց հետագա զարգացման վերաբերյալ մոտեցումները, ինչը և սկսել են՝ փորձելով արևմտյան մոդելի բանակ ստեղծել:

Որքանո՞վ է դա ստացվել, կամ ստացվելո՞ւ է, կամ՝ արդյո՞ք ՀՀ իշխանությունները ցանկանում են, որ Հայաստանն ունենա ուժեղ բանակ և էական չէ՝ ինչ մոդելի՝ ռուսակա՞ն, թե՞ արևմտյան չափանիշներով, այլ հարց է, թեպետ ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում Ռուսաստանն ինքը սեփական զինված ուժերում մի շարք վերանայումներ է արել և անելու, ինչի մասին ձեռնտու չէ խոսել Հայաաստանում:

Վերադառնանք Արման Բաբաջանյանի՝ «1994 թվականին Ադրբեջանը կորցրեց տարածքներ, բայց իր մեջ գտավ ուժ, կարողություն իր էներգառեսուրսները արևմտյան ընկերությունների հետ, Արևմուտքի հետ զարգացնելու, ուժ ստանալու իր տարածքները հետ բերելու համար» հայտարարությանը, և մի քանի փաստ հիշեցնենք:

2020 թվականի հուլիսյան մարտերի օրերին՝ հուլիսի 15-ին, Արման Բաբաջանյան ֆեյսբուքյան իր էջում առաջարկել էր, որ Հայաստանը երաշխավորի Ադրբեջանի տարածքում օտարերկրյա գազամուղների և նավթամուղների անվտանգությունը, առաջխաղացման դեպքում՝ դրանք վերցնի իր անմիջական պաշտպանության տակ:

«…. Այս օրերին ադրբեջանական քաղաքական ու մեդիա տիրույթում ակտիվորեն շրջանառվում է թեզ, որ հայկական զինված ուժերը կարող են թիրախավորել Ադրբեջանում տեղակայված օտարերկրյա ենթակառուցվածքները։

Այս պարզունակ մոտեցման դրդապատճառները հասկանալի են՝ ադրբեջանցիները փորձում են իրենց իսկ հրահրած ռազմական գործողությունները ներկայացնել՝ որպես օտարերկրյա ենթակառուցվածքների (գազամուղեր և նավթամուղեր) նախագծերի դեմ ուղղված քայլեր։ Իրականում այդ երկրի տարածքում գործող բոլոր, այդ թվում՝ օտարերկրյա ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորն Ադրբեջանի իշխանությունն է, որը ցանկացած քայլի դիմելիս պետք է հաշվի առնի նաև այդ հանգամանքը։

Մյուս կողմից, սակայն, այս ավանտյուրան ուղղված է նաև հայկական կողմին, որին փորձ է արվում ներկայացնել որպես ագրեսիայի, այդ թվում՝ օտարերկրյա ենթակառուցվածքների դեմ ագրեսիայի պատրաստ պետության։ Իսկ դա նշանակում է, որ մենք պետք է անենք առավելագույնը՝ այդ՝ արդեն քաղաքական սադրանքին չտրվելու և օտար գործընկերների համար հասկանալի քաղաքականություն վարելու համար։

Ստեղծված իրավիճակում, թերևս, ամենաարդյունավետ միջոցը կլինի այն, որ Հայաստանի և Արցախի պատկան մարմինները՝ Արտաքին գործերի նախարարությունները, Պաշտպանության նախարարությունն ու Պաշտպանության բանակը պաշտոնապես հայտարարեն, որ մենք չենք թիրախավորելու Ադրբեջանում գտնվող օտարերկրյա ենթակառուցվածքները, իսկ դրանց՝ հայկական կողմերի առաջխաղացման արդյունքում Հայաստանի կամ Արցախի հանրապետության վերահսկողության տակ անցնելու դեպքում, պատրաստ ենք ապահովելու դրանց անվտանգության լիակատար երաշխիքներ։

Օտար տերություններն ու կորպորացիաները պետք է հստակ երաշխիքներ ստանան հայկական կողմերից առ այն, որ մեր գործողությունները որևէ կերպ ուղղված չեն լինելու իրենց ենթակառուցվածքների դեմ:

…Հայաստանը և Արցախը չեն թիրախավորելու Ադրբեջանի տարածքում գտնվող օտարերկրյա ենթակառուցվածքները։ Այս երաշխիքը պետք է հասցնել օտարերկրյա տերություններին բոլոր հնարավոր միջոցներով ու խողովակներով»,- գրել էր նա:

Ի դեպ, այս գրառումը հեռացված է նրա ֆեյսբուքյան էջից:

168.am-ն իր հրապարակած հոդվածում մանրամասն անդրադարձել էր այդ օրերին նշված տրամաբանության մեջ զարգացումներին՝ «Հուլիսյան մարտերի օրերին Փաշինյանի իշխանությունը հրաման էր իջեցրել ՀՀ ԶՈՒ-ին, Արցախի ՊԲ-ին՝ չթիրախավորել Ադրբեջանի կամ այնտեղի օտարերկրյա ենթակառուցվածքները. 44-օրյան սպասելի՞ էր»:

Մենք գրել ենք, որ բանակին նման հրաման իջեցվել է, և առնվազն հրապարակային օտար համապատասխան պետություններին նման հավաստիացումներ տրվել են: Մասնավորապես, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը 2020 թվականի հուլիսի կեսերին հայտարարել էր.

«Մենք ասում ենք՝ այս տարածաշրջանով անցնող նավթագազային մուղերը, որոնք ունի Ադրբեջանը, միջազգային ընկերություններին են պատկանում։ Թող միջազգային ընկերությունները վստահ լինեն, որ ՀՀ-ն անվտանգության երաշխավոր է, ոչ թե սպառող: ՀՀ-ն ավելի լավ կարող է ապահովել դրանց անվտանգությունը, քան որևէ մեկն այս տարածաշրջանում»:

Իսկ Արման Բաբաջանյանն այս թեմային անդրադարձել էր նաև 44-օրյա պատերազմի օրերին: Մասնավորապես, 2020 թվականի հոկտեմբերի 4-ին նա ֆեյսբուքյան հետևյալ գրառումն էր արել:

«Վերահաստատում եմ ասածս՝ Ադրբեջանի տարածքում գործող արևմտյան նախագծերը հայկական զինված ուժերը պետք է վերցնեն նշնառության տակ՝ հարկ եղած դեպքում պետք է առնվեն Հայաստանի և Արցախի զինված ուժերի պաշտպանության տակ, որովհետև Ադրբեջանը արևմտյան նախագծերից ստացվող հասույթով անթաքույց հովանավորում է տարածաշրջանի անվտանգությունը խաթարող միջազգային զինյալներին ու ահաբեկիչներին, իսկ հայկական զինված ուժերը ռեգիոնալ անվտանգության երաշխավորի իրենց առաքելության համատեքստում պետք է արգելեն այդպիսի գործելաոճը և ջանք չխնայեն, անհրաժեշտության դեպքում գործուն քայլերով ապահովելու տարածաշրջանի անվտանգությունը»:

Իսկ 44-օրյա պատերազմի օրերին հայկական կողմը, ըստ էության, ՀՀ-ի և Արցախի իշխանությունների հրահանգով և համաձայնությամբ ոչ միայն չթիրախավորեցին ադրբեջանական նավթագազային խողովակաշարերը կամ արևմտյան նախագծերն ու օտարերկրյա ենթակառուցվածքները, այլև Ադրբեջանի ռազմական նշանակության շատ օբյեկտներ, որոնք կարող էին, Արցախի ջրամբարներն ու բունկերները, որոնց ճակատագիրն ինչ-որ առումով նույնիսկ կանխատեսելի էր:

168.am-ը դեռ 2022 թվականին անդրադարձել էր այս թեմային՝ «Փաշինյանի «նվերներն» Ադրբեջանին՝ Մատաղիսի ջրամբարից մինչև 3-րդ ՊՇ-ի մի քանի հարկանի բունկեր» վերտառությամբ հոդվածով նաև, էլ չենք խոսում Գյանջայի ռազմական օբյեկտների, Մինգեչաուրի ՋԷԿ-ի մասին, և այլն:

Այսինքն, 44-օրյա պատերազմի օրերին հայկական կողմը գործել է Ադրբեջանին և Ադրբեջանում ներկայացված օտարերկրյա պետություններին հնարավորինս վնաս չհասցնելու սկզբունքով, և ոչինչ, որ գուցե որոշ դեպքերում պատերազմի հունը փոխվեր:

Իսկ այս հրամանը, կրկնում ենք, հայկական զինված ուժերին դեռ հուլիսյան մարտերի օրերից էր տրվել: Իսկ թե նույն Արևմուտքը որքանո՞վ օգնեց և վարձահատույց եղավ հայկական կողմին այս շռայլության համար, ավելորդ է նորից խոսել, և այն դեպքում, երբ 44-օրյա պատերազմում, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր սիրում պատերազմի օրերին հիշեցնել՝ Թուրքիայի ուղիղ մասնակցությունը պատերազմին նաև ՆԱՏՕ-ի պատասխանատվության դաշտում է:

Խոսքն Արևմուտք-Ռուսաստան համեմատության կամ՝ Արևմուտքին մեղադրելու և Ռուսաստանին պաշտպանելու մասին չէ, հատկապես, երբ 2023 թվականին Արցախում կատարված իրադարձություններում Ռուսաստանն ունի պատասխանատվության չափը: Մենք պարզապես փաստերն ենք արձանագրում:

Ի դեպ, այս օրերին Ադրբեջանը դարձյալ քարոզչական արշավ է սկսել Հայաստանի դեմ՝ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության և դրա հնարավոր երկարաձգման համատեքստում՝ փորձելով ապացուցել, որ նրանք «դուրս են եկել քաղաքացիական առաքելության սահմաններից», և դրանով իսկ սադրանքի հերթական հիմքեր ստեղծում:

Ավելին, Ադրբեջանը հնարավոր սադրանքի պատասխանատվությունը դեռ անցած տարվանից փորձում է գցել Արևմուտքի վրա, պատրա՞ստ է արդյոք վերջինը կրել այս պատասխանատվությունը կամ զսպել ադրբեջանական ցանկությունները, թե՞ ինչ-որ պահի կորոշեն դուրս գալ ՀՀ-ից, երբ այլևս չեն ցանկանա դիմադրել ադրբեջանական պահանջներին, կամ այլևս սեփական շահը չեն տեսնի: Սպասենք զարգացումներին:

Տեսանյութեր

Լրահոս