Արևմուտք ասելիս՝ իրենք ընդամենը շղարշ են անում, որպեսզի բնակչությանն ավելի հեշտ վաճառեն դեպի Թուրքիա գնալու իրենց վեկտորը․ Վիգեն Հակոբյան
Շվեյցարական Դավոսում այսօր կավարտվի Համաշխարհային տնտեսական ֆորումը․ համաժողովի թեման է՝ «Համագործակցությունն ինտելեկտուալ դարաշրջանի համար»:
Դավոսում է նաև Նիկոլ Փաշինյանը, որը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում մասնակցել է «Ինչպես ընդլայնել Եվրոպայի ազդեցությունը» թեմայով պանելային քննարկմանը, ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» հեղինակային նախագիծը։
Հիշեցնենք՝ մինչև Դավոսը Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տարեսկզբին դեպի ԵՄ գնալու ցանկությունն ամրագրեց կառավարության որոշմամբ, ապա ԱՄՆ-ի հետ ռազմավարական կանոնադրություն ստորագրեց, որից հետո՝ դարձյալ շրջադարձ կատարեց Ռուսաստանին՝ նախ հայտարարելով, թե Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները պրակտիկ են առավել, քան երբևէ, իսկ հետո հեռախոսազրույց ունեցավ Պուտինի հետ, ինչին էլ հաջորդեց արդեն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան։
Հայաստանի իշխանությունների այս շրջադարձը դեպի Ռուսաստան կարելի՞ է համարել վերադարձ, կամ՝ ընկալում, որ Արևմուտքից ունեցած ակնկալիքները հնարավոր է չարդարանան, թե՞ սա գուցե բալանսավորված քաղաքականության դրսևորում է՝ 168․am-ը հետաքրքրվեց քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանից։
Ի պատասխան՝ քաղտեխնոլոգը նշեց․ «Ընդհանուր առմամբ, չեմ կարող պնդել, թե Փաշինյանի կառավարությունը վերադարձավ դեպի Ռուսաստան։ Խնդիրն այն է, որ այս կառավարությունը ստրատեգիական առումով չունի արտաքին քաղաքականություն. այն, ինչ իր մոտ կոչվում է բալանսավորված արտաքին քաղաքականություն, իրականում սիտուացիոն արտաքին քաղաքականություն է։ Այսինքն՝ այս պահին աշխարհաքաղաքական կոնյունկտուրան այսպիսին է, կամ՝ ճնշման վեկտորը Ռուսաստանից է իր վրա գալիս, այդ պահին ինքն անում է հայտարարություն, երբեմն՝ ինչ-որ գործողություններ, որոնք բխում են հենց այդ պահից»։
Ըստ Վիգեն Հակոբյանի՝ այդ տեսանկյունից, մինչև Դավոսը դեռևս հնարավոր էր խոսել Ռուսաստան վերադարձի մասին, բայց՝ ոչ այսօր, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն Դավոսում՝ գլոբալիստների բարձրագույն հարթակներից մեկում, խոսում էր Եվրոպա գնալու ձգտման մասին։
«Սա ինչպե՞ս է շաղկապվում, ասենք, Մոսկվայում կայացած հանդիպման հայտարարությունների ու տոնայնության հետ։ Այնպես որ, խոսել, թե ՀՀ իշխանությունը ստրատեգիական առումով ունի նախօրոք մտածված արտաքին քաղաքականության ուղղվածություն, մեղմ ասած, ադեկվատ չէ Նիկոլ Փաշինյանի վարքագծին։ Չկա՛ քաղաքականություն. կա սիտուացիոն վարքագիծ, ինչը հիմնականում պրոռեակտիվ է։
Եվ եթե որէ մեկին թվում է, թե աշխարհաքաղաքական հիմնական կենտրոնները չեն հասկանում, թե նա ու իր վարքագիծն իրենցից ինչ են ներկայացնում, ապա չարաչար սխալվում են․ բոլորն էլ դա հասկանում են։
Դուք տեսնում եք՝ այսօր աշխարհում բավականին լուրջ նոր շրջան է սկսվում․ «որձ լիդերների» վերադարձ է սկսվել։ Իսկ Նիկոլ Փաշինյանի տիպի քաղաքական լիդերների շրջանը վերջացել է։ Այժմ եկել են լիդերներ, որոնք ի վիճակի են պատասխանատվություն վերցնել իրենց վրա, ատամներով պահել իրենց երկրների շահերը, իսկ մնացյալները՝ այս տիպի լիդերները, աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից օգտագործվում են որպես գործիք։ Նիկոլ Փաշինյանին և՛ ՌԴ-ն է օգտագործում, և՛ Արևմուտքը, և՛ այլ աշխարհաքաղաքական ուժային կենտրոններ»,- պարզաբանեց վերլուծաբանը։
Հստակեցմանը, թե՝ ամեն դեպքում, տեսակետներ կան, որ սա հավասարակշռված քաղաքականության փորձ է, Վիգեն Հակոբյանն արձագանքեց՝ հիշեցնելով, որ վարվող քաղաքականությունը պետք է ուղղված լինի ինչ-որ նպատակի՝ անվտանգային, տնտեսական՝ մինչդեռ, մասնագետի համոզմամբ, այսօր ականատեսն ենք իրողության, որ ՀՀ քաղաքական այս շարժուձևի հետևանքով ՀՀ-ն անվտանգային առումով իմունիտետ չունեցող երկիր է դարձել։
«Իսկ երբ ասում ենք՝ բալանսավորված արտաքին քաղաքականություն, դա ենթադրում է պրակտիկ, շահեկան ու մոտ հարաբերություններ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների, ռեգիոնալ, ուժային կենտրոնների հետ։ Բայց Հայաստանն այսօր հավասարապես հեռու է բոլորից, և ոչ թե հավասար մոտ է բոլորին։ Եթե այս առումով համարենք, որ բոլորից հավասար հեռու լինելը ու, ըստ էության, ոչ մեկին մոտ չլինելն ու պետք չլինելը համարվում է արտաքին բալանսավորված քաղաքականություն, ապա, այո, կարելի է դա համարել նման դրսևորում»,- հավելեց նա՝ նկատելով, որ բոլորից հավասարապես հեռու լինելու հետևանքը մեր անվտանգային համակարգի՝ «սպիդով» հիվանդ լինելն է։
Այս համատեքստում անդրադառնալով եվրոպական հույսերին ու հնարավոր հուսահատություններին՝ վերլուծաբանը շեշտեց, որ 2020 թվականից հետո պարզ է դարձել արդեն, որ, ցավոք սրտի, Եվրոպան չի կարող լինել Հայաստանի անվտանգության երաշխավորը, որ Եվրոպան ինքը պաշտպանության կարիք ունի։
«Եվրոպայի անվտանգային համակարգը հիմնված է ԱՄՆ անվտանգային ռեսուրսի վրա, ինչի դեմ այժմ շատ է ընդվզում Թրամփը, որն ասում է՝ ըստ էության, դուք պարազիտ եք։ Ու հետո, ես կարծում եմ, որ այսօր միացյալ Եվրոպան դեռ ինքը կարիք ունի հասկանալու, թե ինչպիսին է իր ներկան այս ռուս-արևմտյան պատերազմի հետևանքով, և որն է իր հեռանկարը։
Տեսնում ենք՝ այսօր Եվրոպական միության երկրներում բավականին բարձրացել է աջ և ուլտրաաջ ուժերի կշիռը, որոնք, ըստ էության, ավելի հակված են վերադառնալ մինչ եվրամիութենական ֆորմատը (այսինքն՝ առանձին պետության ֆորմատը), որովհետև այդ միության խոշոր դերակատարները՝ օրինակ, Գերմանիան, Ֆրանսիան․․․ համարում են, որ չեն ցանկանում կողքից ձրիակերներ պահել, քանի որ իրենք չունեն այդ ռեսուրսը։
Նիկոլ Փաշինյանի կառավարության հիմնական հույսը և քաղաքական հայրն Էրդողանն է, և Արևմուտք ասելիս՝ իրենք ընդամենը շղարշ են անում, որպեսզի բնակչությանն ավելի հեշտ վաճառեն դեպի Թուրքիա գնալու իրենց վեկտորը,- արձանագրեց Վիգեն Հակոբյանը, ապա աշխարհաքաղաքական հեռանկարների մասին իր դիտարկումներում վերստին պնդեց,- Ի՞նչ Եվրոպա, ես էլ չեմ ուզում խորանալ այս բլեֆի վրա․ Եվրոպան այսօր մտահոգված է իր ներկայով և իր համար բավականին մշուշոտ հեռանկարով, առավել ևս՝ Թրամփի իշխանության գալուց հետո, որը, կարծեք թե, ավելի շատ խաղադրույք է դնում Չինաստանը ՌԴ-ից պոկելու վրա։ Իսկ այդ պարագայում, սովորաբար, երբ Չինաստանն ու Ռուսաստանն իրարից անջատ են լինում, ՌԴ-ն Գերմանիայի հետ է դաշնակից դառնում։
Եթե Եվրոպան պոկում ես ՌԴ-ից, ՌԴ-ն գնում է դեպի Չինաստան, երբ Չինաստանը պոկում ես ՌԴ-ից, ՌԴ-ն մերձենում է Եվրոպայի հետ՝ ի դեմս Գերմանիայի։ Եվ այս հրահրված պատերազմի հիմնական նպատակներից մեկն էլ այն էր, որ ՌԴ-ն Մերկելի Գերմանիայի հետ չմերձենա ընդհանուր Եվրոպայի պլատֆորմի շուրջ։ Դա գեոքաղաքական հայտնի դիլեմա է»։