Ի՞նչն է մտահոգել Փաշինյանին ու ստիպել զանգել Պուտինին

Տևական դադարից հետո՝ նախօրեին, Պուտին-Փեզեշքիան՝ Ռուսաստան-Իրան Մեծ համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց նախաձեռնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ ՀՀ կառավարության տարածած կարճ հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել էին ԵԱՏՄ-ում ՀՀ նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր։

Ավանդույթի համաձայն, ռուսական պաշտոնական Կրեմլինի հաղորդագրությունը տարբերվում էր հայկական կողմի տարածած հայտարարությունից, սակայն այս անգամ այդ տարբերությունը, մեղմ ասած, էական էր։ ՌԴ նախագահականի տարածած հաղորդագրությունում ուշագրավ շեշտադրումներ կային և ընդգծված վերաբերմունք Փաշինյանի ու նրա արտաքին քաղաքական որոշումների վերաբերյալ։

Պաշտոնական «Կրեմլին»-ի հաղորդմամբ, Պուտինին զանգահարել է Փաշինյանը։ Ըստ ռուսական հաղորդագրության՝ կողմերը շարունակել են 2024 թվականի դեկտեմբերին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընթացքում քննարկած ինտեգրացիոն փոխգործակցության հետագա խորացման որոշ արդիական հարցեր, առաջին հերթին՝ էներգետիկ ոլորտում։

«Նշվել են ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում համատեղ աշխատանքի զգալի գործնական օգուտները, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության համար»,- ասված էր հաղորդագրությունում։ Պաշտոնական տեքստի, ըստ էության, երկրորդ մասում ասվում էր, որ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է Եվրոպական միության հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը։ «ՌԴ ղեկավարը տվել է համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ»,- ասված էր Կրեմլինի հաղորդագրությունում։

Կարդացեք նաև

Նախօրեի այս հեռախոսազրույցը բացառիկ է՝ մի քանի հանգամանք հաշվի առնելով։

Նախ, եթե նախկինում Փաշինյանը հաշվում ու գլուխ էր գովում, թե ամիսը քանի անգամ էր շփվում Պուտինի հետ, ապա վերջին տարիներին դադարեցրել էր զանգերը դեպի Կրեմլ, այս միտումը խորացավ 44-օրյա պատերազմից հետո, իսկ զանգերը դադարեցին, ըստ էության, 2023 թվականի սեպտեմբերից հետո՝ Արցախի բռնի տեղահանությունից հետո։

Մենք բազմիցս ենք անդրադարձել հայ-ռուսական բարձրաստիճան շփումներին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։ Վարչապետի աթոռը զբաղեցնելուց անմիջապես հետո պարզ դարձավ, որ Փաշինյան-Պուտին բարձրաստիճան շփումները չունեն այն ինտենսիվությունը, փոխադարձությունն ու բովանդակությունը, ինչ նախկին ղեկավարների դեպքում։ Սակայն այդ ամենը խորացավ վերջին երկու տարվա ընթացքում, հանգեցնելով Փաշինյան-Պուտին զանգերի բացակայության։ Բավական է միայն հիշեցնել, որ 2024 թվականին Փաշինյանն ունեցել է ընդամենը երկու հեռախոսազրույց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Դրանցից առաջինն իր ծննդյան օրը՝ հունիսի 1-ին, իսկ երկրորդը, պաշտոնական տեղեկատվության համաձայն, օգոստոսի 23-ին՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Փաշինյան-Պուտին օգոստոսի 23-ի հեռախոսազրույցը նախաձեռնել էր Վլադիմիր Պուտինը՝ հայկական կողմին Ադրբեջանում ունեցած բանակցությունների մասին տեղեկացնելու նպատակով։

2024 թվականի օգոստոսի 19-ին Պուտինը պետական այց էր կատարել Ադրբեջան, բանակցություններ վարել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ նաև Երևան-Բաքու գործընթացի շուրջ։ Բաքվում Պուտինը հայտարարել էր, որ բանակցությունների արդյունքները հեռախոսազանգով կհաղորդի նաև հայկական կողմին։ Եվ զանգը շատ չուշացավ՝ օգոստոսի 23-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանն ու Պուտինը զրուցել են։

Իսկ 2024 թվականի հունիսի 1-ի հեռախոսազրույցի նախաձեռնողի վերաբերյալ տարբեր տեղեկություններ են շրջանառվում, պաշտոնական որևէ հստակ հաղորդում չկա։ Որոշ տեղեկությունների համաձայն, ավանդույթի համաձայն՝ ՌԴ նախագահը զանգահարել է ծննդյան օր շնորհավորելու նպատակով, իսկ մեկ այլ վարկածի համաձայն՝ հեռախոսազրույցը նախաձեռնել էր Փաշինյանը ռուսական կողմին ջրհեղեղի հարցում աջակցության համար շնորհակալություն փոխանցելու նպատակով։

Այս դեպքում, ըստ էության, էական էլ չէ, թե այդ մեկ զանգն ո՞վ է նախաձեռնել, դա երկկողմ հարաբերությունները գնահատելու համար չափազանց կարևոր ցուցիչ չէ՝ հաշվի առնելով հանգամանքը, թե ՌԴ ղեկավարի դեպքում որքան կարևոր են թե անձնական հարաբերությունները, թե այդ մակարդակում կանոնակարգված շփումները։

Այնուամենայնիվ, նշենք նաև, որ նախօրեի հանդիպումն աննախադեպ էր նաև Կրեմլի տարածած հաղորդագրության ոճի ու բառամթերքի տեսանկյունից։ Բացառությամբ Ուկրաինայի՝ ՌԴ ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա հետ առնչվող հաղորդագրությունները սովորաբար աչքի են ընկնում գոնե հրապարակային, ընդգծված հարգալից ձևակերպումներով ու զսպվածությամբ, աննշան կերպով ընդգծելով ՌԴ գերակայությունը որոշ երկրների դեպքում։ Այս անգամ Կրեմլինը տարածել էր հաղորդագրության համար բավականին կոշտ, անհարգալից վերաբերմունք արտացոլող հաղորդագրություն, ցույց տալով, որ Փաշինյանը Պուտինին զանգահարել էր պարզաբանումներ ներկայացնելու նպատակով, ինչին ի պատասխան՝ ստացել է Պուտինի կողմից, ամենայն հավանականությամբ, որոշ ոչ հաճելի գնահատականներ ու մեկնաբանություններ։

Սակայն այս ամենն այս զրույցի միայն արտաքին կողմն է, կարևոր է հասկանալ, թե ի՞նչն է ստիպել Փաշինյանին ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու օրինագծին հավանություն տալուց, ԱՄՆ-ի հետ Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնակարգի ստորագրումից անմիջապես հետո զանգահարել Պուտինին, ինչից Փաշինյանը խուսափում է վերջին տարիներին։

168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը գտնում է, որ հեռախոսազրույցը վերաբերում է ռեգիոնալ զարգացումների, ինչպես նաև ՀՀ վերջին որոշումների ողջ սպեկտրին ու ՀՀ ԵԱՏՄ անդամակցությանը։ Տարասովի կարծիքով, կարևոր է ընդգծել, որ այդ որոշումներից հետո Փաշինյանը փորձեց ակնարկել, որ Հայաստանն ընթանում է արտաքին քաղաքականության հավասարակշռման ճանապարհով՝ դրան չտալով արևմտյան վեկտոր փաթեթավորումը, ինչը, թերևս, Արևմուտքի «սրտով» չի լինի, քանի որ Արևմուտքը ՀՀ-ից ակնկալում է իրական արևմտամետություն՝ ընդդեմ Ռուսաստանի ու Իրանի։

«Չնայած ՀՀ ներկայիս իշխանությունների արևմտյան ձգտումներին, Հայաստանն իր տնտեսության մեծ օգուտները ստանում է ԵԱՏՄ-ից, որին իրատեսական այլընտրանք ներկայումս ու մոտ ապագայում չի ունենալու։ Ուստի, ռուսական կողմի որոշ կոշտ հայտարարությունների ֆոնին, ամենայն հավանականությամբ, փորձ է արվել բարձրագույն մակարդակում քննարկել և հավաստիացնել ՀՀ հանձնառությունը ԵԱՏՄ-ին։

Եվ Երևանի, և Մոսկվայի հաղորդագրություններում կար անդրադարձ տնտեսական թեմատիկային, ինչը փաստում է իմ պնդումը։ Երևանում լավ են հասկանում բոլոր քայլերի հնարավոր հետևանքները, ուստի փորձում են հասկանալ, թե Մոսկվայի համար որքանո՞վ է կարևոր ՀՀ-ի հետ տնտեսական համագործակցությունը, և արդյո՞ք ՌԴ-ն այստեղ որոշումներ կկայացնի ի վնաս Հայաստանի, թե՞ ոչ։

Ընդհանուր առմամբ, այո, ըստ իս՝ խոսակցությունը եղել է ռուսական կողմի տրամադրությունը շոշափելու նպատակով, իսկ ՌԴ տարածած հաղորդագրությունը պարունակում է այդ տրամադրությունը»,- ասաց Տարասովը։

Ռուս վերլուծաբանը չի կարծում, թե այս տոնայնությունն անընդհատ շարունակվելու է, քանի որ ՀՀ-ն համագործակցելու է ԵԱՏՄ շրջանակում, ՌԴ-ն դա լավ է հասկանում։

«Ռուսաստանում նաև լավ են պատկերացնում ՀՀ արևմտյան քայլերի հնարավոր հետևանքները և այն, որ Արևմուտքն այսօր-վաղը չի ինտեգրելու Երևանին։ ԵՄ պաշտոնյաների արձագանքները ցույց են տալիս, որ նման մտադրություն չկա»,- նկատեց վերլուծաբանը։

Բացի այդ, Տարասովի կարծիքով, վստահաբար անդրադարձ եղել է նաև ռուս-իրանական պայմանագրին, որը չափազանց լուրջ հանգրվան է և վերաբերում է նաև անդրկովկասյան ռեգիոնում ռուս-իրանական համագործակցությանը:

«Այդ համագործակցությունը, բնականաբար, չի կարող շրջանցել Հայաստանը և Հայաստանի շուրջ իրավիճակը, ուստի, կարծում եմ, որ ՀՀ իշխանություններին այս տիրույթում վերաձևումները և նոր պայմանավորվածությունները ևս հետաքրքիր են»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս