Ահմադիանը Հայաստանին առաջարկել է ռազմական պայմանագիր կնքել՝ ՀՀ տարածք իրանական զորքեր մտցնելու հնարավորությամբ. Հայաստանը՝ ընտրության առջև. իրանական զորքերի մուտք Հայաստա՞ն, թե՞ Բրյուսելի «երաշխիքներ». Ստանիսլավ Տարասով

«Իրանի բանագնացը Փաշինյանին բացատրել է Անդրկովկասում շախմատի խաղի կանոնները,- այս մասին «Свободная пресса»-ի իր հոդվածում գրում է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը, անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) ԱԱԽ քարտուղար Ալի Ահմադիանի օրերս կատարած այցին Երևան։

Վերլուծաբանը գրում է, որ մերձավորարևելյան մեծ ճգնաժամի ցունամիի ալիքները հասնում են Անդրկովկաս։

«ԻԻՀ ԱԱԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանն այցելեց Բաքու և Երևան։ Նա բանակցություններ է վարել Ադրբեջանի և Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ։ Այցն ուղղակիորեն կապված էր Մերձավոր Արևելքում և, մասնավորապես, Սիրիայում տեղի ունեցող բուռն իրադարձությունների հետ։

Թեհրանին սկսեց անհանգստացնել Բաքվի սուր հռետորաբանությունը Երևանի հասցեին, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, որը Հայաստանի տարածքով Ադրբեջանը կապում է Նախիջևանի և Թուրքիայի հետ»,- գրում է նա՝ հավելելով, թե Իրանը կասկածում է, որ հայկական Մեղրիի շրջանը կարող է գրավվել Ադրբեջանի կողմից, ինչն Իրանը դիտարկում է՝ որպես իր անվտանգության սպառնալիք։

Կարդացեք նաև

Ըստ Տարասովի, Թեհրանն ունի Բաքվի նկատմամբ զսպող ազդեցություն գործադրելու ավելի մեծ հնարավորություն, թեկուզ միայն այն պատճառով, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ միասին հանդիսանում է Հյուսիս-Հարավ գլոբալ աշխարհատնտեսական նախագծի մասնակից և շահագրգռված է աշխարհաքաղաքական կայունությամբ Կովկասում։

«Բացի այդ, Բաքուն հանդես է գալիս տարածաշրջանային հարցերը տարածաշրջանի պետությունների կողմից լուծելու օգտին և աջակցում է 3+3 ձևաչափին (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) վիճելի հարցերի լուծման համար: Այստեղ Թեհրանի և Բաքվի շահերը համընկնում են, քանի որ դա ամրապնդում է նրանց երկրների ռազմավարական խորությունը։

Այլ հարց է Հայաստանը։ Այսպիսով, Caliber․az-ի բացառիկ տեղեկություններով, Ահմադիանը Երևան կատարած այցի ժամանակ Հայաստանին առաջարկել է հրաժարվել սահմանամերձ շրջաններում ԵՄ դիտորդական առաքելությունից։

Հասկանալով, որ Երևանն այս կերպ փորձում է Բրյուսելից «իր անվտանգության երաշխիքներ» ստանալ՝ Ահմադիանն առաջարկել է Հայաստանին ռազմական պայմանագիր կնքել՝ ՀՀ տարածք իրանական զորքեր մտցնելու հնարավորությամբ։ Սա, ըստ Թեհրանի, չի համարվի «դրսի ռազմական ուժերի առկայություն Հայաստանում և միայն կկայունացնի իրավիճակը»։ Այսպիսով, Հայաստանը հայտնվել է պատրաստի լուծումներով աշխարհաքաղաքական երկու կենտրոնների արանքում և ստիպված է լինելու իր համար դժվար քայլեր նախաձեռնել»,- նշում է Տարասովը։
Նրա դիտարկումների համաձայն, իրավիճակից երկու ելք կա. առաջին՝ հաշտություն կնքել Ադրբեջանի հետ, վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ և դրանով իսկ պաշտպանվել հետագա բացասական զարգացումներից, և երկրորդ՝ կրճատել ԵՄ առաքելության գործունեությունը, թեև Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Եվրամիությանը Հայաստանի միանալու մասին օրենքի նախագծին։

«Հարցն այն է, որ այս առաքելությունը երբեք չի կատարել ռիսկերը նվազեցնելու և Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կայունություն հաստատելու պաշտոնապես հայտարարված իր գործառույթները։ Եղել են կրակոցներ և փոխհրաձգություն, սակայն առաքելությունը երբեք չի արձանագրել այդ փաստերը»,- արձանագրում է Տարասովը։
Նրա կարծիքով, քչերն էին պատկերացնում Մերձավոր Արևելքի և Անդրկովկասի զարգացումների միջև սերտ փոխկապակցվածությունը, սակայն այժմ Իրանն առաջինն է, որ շտապում է բեկում մտցնել։

«Հայաստանն իսկապես ստիպված է լինելու լուրջ պատմական ընտրություն կատարել։ Որքան շուտ նա հասկանա դա, այնքան լավ կլինի իր և մյուսների համար»,- եզրափակել է ռուս արևելագետ, կովկասագետ Տարասովը։

Ի դեպ, օրեր առաջ այդ մասին տեղեկություն էր հրապարակել ադրբեջանական լրատվամիջոցը:
Դիվանագիտական աղբյուրներից Caliber.Az-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Իրանի ԱԱԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը Երևանում ՀՀ իշխանություններին կոչ է արել հրաժարվել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումներից։ Նա իր հայ գործընկերներին զգուշացրել է, որ այս կուրսը լավ բան չի խոստանում Երևանին։ Ահմադիանը նաև ընդգծել է, որ Իրանն ակնկալում է, որ Հայաստանը կդադարեցնի ԵՄ առաքելությունը։ Եթե Երևանը համաձայնի կատարել Թեհրանի պայմանները, ապա դրա դիմաց իրանցի պաշտոնյան առաջարկել է երկու երկրների միջև պաշտպանական պայմանագիր կնքել, որը ներառում է այնպիսի տարրեր, ինչպիսին է Իրանի զինված ուժերի մուտքը Հայաստանի տարածք։

Տեսանյութեր

Լրահոս