Ադրբեջանցի փորձագետները եկան-գնացին․ Փաշինյանի աշխատակազմը 1 միլիոն 110.000 դրամի ներկայացուցչական ծախս է հանրայնացրել՝ առանց նշելու, թե ում համար

Օրեր առաջ լրատվամիջոցները հայտնեցին, որ ադրբեջանցի փորձագետներ են ժամանել Երևան։ Նշվում էր, որ հոկտեմբերի 21-22-ը «Double tree by Hilton» հյուրանոցում «խաղաղության օրակարգ»-ի շուրջ տեղի է ունենալու կլոր սեղան Հայաստանի և Ադրբեջանի փորձագետների մասնակցությամբ։

Տեղեկացանք, որ ուղի չվերթով Հայաստան ժամանած ադրբեջանցիներն են Ֆարհադ Մամեդովը, Ռուսիֆ Հուսեյնովը, Ռամիլ Իսքանդերլին, Քամալա Մամեդովան և Դիլարա Աֆանդիևան։ Ի դեպ, վերջինը աչքի էր ընկել ՌԴ խաղաղապահ զորքերի վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքի, արգելափակման ժամանակ և ներկայացել էր իբրև էկոակտիվիստ։

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնը տեղեկացրել էր, որ 2025թ․ հոկտեմբերի 21-22-ին Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական համայնքների ներկայացուցիչների նախաձեռնությամբ և երկու երկրների պաշտոնական կառույցների աջակցությամբ Երևանում տեղի է ունեցել երկկողմ կլոր սեղան-քննարկում, և, որ Հայկական կողմից քննարկմանը մասնակցել են Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը։

«Նախաձեռնությունն ուղղված է խաղաղության օրակարգի առաջմղմանը՝ համաձայն 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված Համատեղ հռչակագրի, և դարձավ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այս ձևաչափով առաջին հանդիպումը։

Կարդացեք նաև

Քննարկումների ընթացքում մասնակիցներն անդրադարձան երկու երկրների հասարակություններին հուզող թեմաների լայն շրջանակի՝ ներառյալ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի հեռանկարները, հումանիտար հարցերը, տնտեսական և լոգիստիկ հնարավորությունները հարաբերությունների կարգավորման պարագայում, ինչպես նաև վստահության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը։ Հատուկ ուշադրություն դարձվեց խմբի համատեղ գործողությունների ծրագրի մշակմանը և հեռանկարներին»,- ասված էր հաղորդագրությունում։

Փորձագետները եկան-գնացին, նկարվեցին, իսկ նախօրեին պետգնումների էլեկտրոնային համակարգում հանրայնացվեց ներկայացուցչական ծախսերի մասին մի պայմանագիր, որի պատվիրատուն վարչապետի աշխատակազմն էր, իսկ մատակարարը՝ «Վելոֆիրմա» ՍՊԸ-ն («ԴաբլԹրի բայ Հիլթոն Հոթել Երևան Սիթի Սենթր»-ի իրավաբանական անվանումն է)։

Պայմանագրից տեղեկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը ոչ մրցակցային՝ մեկ անձ գնման ընթացակարգով գնում է կատարել «Վելոֆիրմայից»․ պայմանագրի գինը կազմել է 1 միլիոն 110 հազար 300 դրամ։

Այս գումարի շրջանակում, ըստ տեխնիկական բնութագրի, ՍՊԸ-ն մատուցել է արարողակարգային միջոցառումների շրջանակներում հյուրանոցային ծառայություններ՝ այդ թվում`

21.10.2025-22.10.2025թթ. համար՝

1. Հյուրանոցային համարների տրամադրում SGL – 8 հատ

2. Ուշ մեկնման վճար

3. Ճաշկերույթի կազմակերպում 4անձի համար

4. Խմիչքի մատուցում 1 անձի համար

5. Խմիչքի մատուցում 1 անձի համար

6. Սրահի տրամադրում Tokyo hall – 1օր

7. Սուրճի ընդմիջում – 24 անձի համար

8. Ճաշկերույթի կազմակերպում 10 անձի համար ։

Թեև այս պայմանագրում չի նշվել, թե ի՞նչ պատվիրակություն է ընդունվել, ինչը սովորաբար արվում է, այդուհանդերձ, մեր տեղեկություններով, խոսքը հենց ադրբեջանցի փորձագետների խմբի մասին է։

Ամեն դեպքում, 168am-ը նաև լրացուցիչ գրավոր հարցում է ուղարկել Կառավարություն՝ հստակեցնելով․ «Էլեկտրոնային գնումների համակարգում այսօր ծանոթացանք Վարչապետի աշխատակազմի և «Վելոֆիրմա» ՍՊԸ –ի միջև կնքված պայմանագրին (պայմանագրի ծածկագիր՝ ՀՀՎԱ-ՄԱԾՁԲ-25/180)։

Հաշվի առնելով պայմանագրում առկա մի շարք տվյալների՝ ժամկետների, ծառայության մատուցման վայրի մասին, համընկնումը՝ ադրբեջանական փորձագետների խմբի այցի ժամկետների ու «Double tree by Hilton» հյուրանոցում անցկացված միջոցառումների վայրի հետ, խնդրում ենք պարզաբանել․

Արդյո՞ք այս պայմանագիրը հենց այդ խմբի այցին է վերաբերում։

Եթե ոչ, ապա, հոկտեմբեր 21-22-ին ի՞նչ խմբի համար են մատուցվել ներկայացուցչական ծառայություններ։

Եթե այո, ապա կարո՞ղ ենք ենթադրել, որ ադրբեջանցինեը Հայաստան էին եկել հենց Նիկոլ Փաշինյանի հրավերով, եթե վարչապետի աշխատակազմն է զբաղվել նրանց ընդունելության ծառայություններով»։

Պատասխանը ստանալուն պես՝ կհրապարակենք։

Տեսանյութեր

Լրահոս