Իրանի նկատմամբ ճնշումը բոլոր կողմերից աճում է, այդ թվում, այսպես կոչված, թուրանական միջանցքի ուղղությամբ
Նախօրեին ադրբեջանական կողմը փորձեց նենգափոխել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակ Իսմայիլ Բաքայիի մեկնաբանությունները ռեգիոնալ տրանսպորտային խնդիրների վերաբերյալ՝ ներկայացնելով, թե Իրանը իբրև թե կողմ է, այսպես կոչված, թուրանական՝ Զանգեզուրի միջանցքին։ Իրանական բեռնատարների համար Թուրքիայում առաջացած խնդրի մասին ԻԻՀ ԱԳՆ խոսնակի խոսքերը վերագրել էին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։
Իրանական Tasnim գործակալությունը, մեջբերելով Իրանի ԱԳ նախարարության խոսնակի հայտարարությունը, հայտնել էր, թե հայտարարությունը վերաբերել է Թուրքիայի հետ սահմանին իրանական բեռնատարների համար առաջացած վառելիքի խնդրի մասին հարցին։ «Մեր և Թուրքիայի ջանքերը եղել են, նկատի ունենալով բարիդրացիությունը և հաշվի առնելով, որ երկու երկրների համար համար կարևոր է երթուղիներով ապրանքների փոխադրման հարցը, փորձել ինչ-որ կերպ լուծել այդ խնդիրը։ Հավանաբար, շուտով մեր կողմից պատվիրակություն կմեկնի Թուրքիա համապատասխան կառույցների և պահառության մարմնի ներկայացուցիչների ներկայությամբ՝ հարցը մոտիկից քննարկելու համար: Հուսով ենք, որ հարցը շուտով կլուծվի»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Իսմայիլ Բաքային։ Այս հայտարարությունն էին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ խեղաթյուրել և ներկայացրել, իբր թե խոսքը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին է։
Նույն ճեպազրույցի ընթացքում իրանցի դիվանագետն անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների հնարավոր ապաշրջափակմանը՝ վերահաստատել է այդ հարցում Թեհրանի դիրքորոշումը: «Իրանի դիրքորոշումն անփոփոխ է: Մենք ողջունում ենք տրանսպորտի ոլորտում համագործակցության աճը, սակայն ընդգծում ենք, որ երկրների ինքնիշխան իրավունքները պետք է հարգվեն»,- նշել էր Իրանի ԱԳՆ խոսնակը: Հայաստանյան փորձագետները ևս նախօրեից անդրադառնում են խնդրին, մեկնաբանում թե թուրք-իրանական տրանսպորտային խնդիրները, թե ադրբեջանական մամուլում իրանցի պաշտոնյայի խոսքի շահարկումները։
168.am–ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Ալի Սալամին ասաց, որ տեղեկատվական ներկայիս դարաշրջանում չափազանց բարդ է որևէ թեմա կամ մեկնաբանություն խեղաթյուրել, քանի որ կարճ ժամանակ անց այն հերքվում է։ Դա, նրա խոսքով, տեղի ունեցավ նաև այս պարագայում՝ հաստատելով Իրանի հստակ դիրքորոշումը Հայաստանով անցնող ապագա երթուղիների վերաբերյալ։
«Իրանն ամենաբարձր մակարդակով անընդհատ կրկնել է, ավելին՝ նշել, որ առաջարկվող ճանապարհը չի բխում ՀՀ շահերից, կարծում եմ՝ այդ հայտարարությունից կարճ ժամանակ անց Իրանը չի կարող փոխել իր մոտեցումը և հայտարարել, թե կողմ է ռեգիոնում նման ապաշրջափակմանը։ Բացի այդ, Իրանը առաջարկել է սեփական տարածքով երթուղի, ուստի սա այն հարցը չէ, որը հնարավոր է նման ձևով ներկայացնել։ Սա սկզբունքային, ռազմավարական, աշխարհաքաղաքական դիրքորոշում է։ Սակայն սա նշանակում է մեկ այլ բան, որ ինչպես Իրանի դիրքորոշումը չի փոխվել, այնպես էլ նման գաղափար ռեգիոնում առաջարկած երկրների ծրագրերը չեն փոխվել, իսկ Իրանի դիրքորոշումն այդ ճանապարհին բավականին ծանրակշիռ դիրքավորում է, որը փորձում են ամեն կերպ փոխել և հարմարեցնել սեփական շահերին։
Այդ պատճառով նման բան տեղի ունեցավ»,- ասաց վերլուծաբանը։ Ինչ վերաբերում է տրանսպորտային խնդիրներին, որոնք առաջացել են իրանցի վարորդների համար, ապա վերլուծաբանն ասաց, որ Իրանն այս փուլում դա դեռևս որակում է տեխնիկական խնդիր, փորձ է արվում դա լուծել բանակցությունների միջոցով, թեև շատ են մեկնաբանությունները խնդրի քաղաքական բնույթի մասին։
Անդրադառնալով խնդրին՝ ռուս արևելագետ, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ նման խնդիրները, երբ տրանսպորտային տեղաշարժի համար խնդիրներ են ստեղծվում, պատահական չեն։
Ըստ նրա, դա տեղավորվում է Թուրքիայի ու Ադրբեջանի ռեգիոնալ հավակնոտ քաղաքականության շրջանակում։
«Պատահական չէ նաև, որ հենց այս թեմայի շուրջ խնդիրն են կապել թուրանական միջանցքի մասին խոսակցությանը։ Իրանի նկատմամբ այս թեմայով ճնշումը մեծանալու է ակնհայտորեն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Կարծում եմ՝ այս դեպքում օգտագործվում է ԱՄՆ նոր նախագահ Թրամփի հակաիրանական կողմնորոշումը։ Ամենայն հավանականությամբ, կարծում եմ, թե սա լավագույն պահն է Իրանի դիրքորոշումների վրա ազդելու, դրանք մեղմելու համար։ Չէ՞ որ ներկայումս Իրանն է, որը հաստատակամորեն աջակցում է Երևանին տրանսպորտային հաղորդակցությունների հարցում Թուրքիայի և Ադրբեջանի ախորժակը զսպելուն»,- մեզ հետ զրույցում ասաց նա։
Նրա խոսքով, բացի այդ, արևմտյան մամուլում քիչ չեն հրապարակումներն Իրանի նկատմամբ սպասվող հարձակումների մասին։
«Այս ամենը, բնականաբար, խոցելի է դարձնում Իրանը։ Իրանի համար ենթադրաբար բարդ է լինելու մի քանի ճակատով խնդիրների դեմ պայքարել։ Ինչպես Ռուսաստանի դեպքում, այս դեպքում ևս առաջանալու է հարցը, թե որ խնդիրն է ավելի առաջնահերթ, և որ հարցերի ուղղությամբ պահպանել սկզբունքային դիրքորոշում, որոնց ուղղությամբ որոշակի փոխզիջումային դիրքորոշում գրավել։ Սակայն այս ամենի ֆոնին չի բացառվում, որ ՌԴ-ն ավելի ամրապնդի իր դիրքերը և հակակշռի ռեգիոնալ իրավիճակը»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։
Նրա կարծիքով, ռեգիոնալ-աշխարհաքաղաքական միտումները Հայաստանի համար բարենպաստ հունով չեն ընթանում։
Վերլուծաբանի խոսքով, Իրանի դեմ սկսվող այս արշավները բարդացնում են Հայաստանի ռեգիոնալ իրավիճակը, էլ ավելի թուլացնում ՀՀ դիրքորոշումը մի շարք հարցերում։
«Թեև պետք է նաև ասել, որ դա չպետք է անդրադառնար և թուլացներ ՀՀ դիրքորոշումները, հաշվի առնելով ՀՀ-Արևմուտք հարաբերությունները վերջին տարիներին։ ՀՀ-ն կարող էր ակնկալել աջակցություն Արևմուտքից, հատկապես, երբ որևէ կարևոր քաղաքական հարցում Արևմուտքը լուրջ ներդրում չի արել։ Սակայն կարծում եմ, ռեգիոնալ կոմունիկացիաների հարցերի շուրջ բանակցությունները թողնված են ռեգիոնալ մակարդակում բանակցություններին։ Արևմուտքը խրախուսում է, որպեսզի Երևանը բանակցի Անկարայի ու Բաքվի հետ և հաշվի չառնի Մոսկվայի ու Թեհրանի դիրքորոշումները»,- նման կարծիք հայտնեց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։