«Նախկին 3 նախագահների ժամանակ Լուկաշենկոն իրեն երբեք այդպես չէր պահի, նրանք թույլ չէին տալու». Արմեն Պետրոսյան

Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ՌԴ-ում ընթացող ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր տեսակապով, քանի որ դրանից առաջ տեղեկացրել էր, որ վարակվել է կորոնավիրուսով։

Նիստի ավարտին Նիկոլ Փաշինյանն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վիճել են Մինսկում կայանալիք ԵՏՏՀ-ին Հայաստանի մասնակցության հարցի առնչությամբ:

Լուկաշենկոն ակնարկել է, որ դիտորդ անդամները լավ կլինի մասնակցեն նիստերին, այլ ոչ թե՝ տեսակապով միանան։

«Նիկոլ Վովաևիչ, դա Ձեզ չի վերաբերում, մենք գիտենք, որ Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր հիվանդացել եք, այդ պատճառով մենք Ձեզ ընկալում ենք՝ որպես մեր միության նոր, երիտասարդ անդամ, համենայնդեպս, արտաքուստ»,- այսպես անդրադարձավ Փաշինյանին Լուկաշենկոն։

Կարդացեք նաև

Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ն դեմ չէ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի անցկացմանը Մինսկում։

«Բայց նախապես ուզում եմ ասել, որ մեր պատվիրակությունը հանդիպմանը մասնակցելու է տեսակոնֆերանսի միջոցով»,- ասաց Փաշինյանը։

Լուկաշենկոն շարունակեց լեզվակռիվը՝ հարց ուղղելով. «Ի՞նչ խնդիր ունեք: Հեռո՞ւ է Մինսկից, թե՞ ձեզ տեղ հասցնող չկա։ Անհրաժեշտության դեպքում մենք կկազմակերպենք ձեր պատվիրակության համար»,- առաջարկել է Լուկաշենկոն։

Արցախի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի վարիչ, Արցախի վաստակավոր մարզիչ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի պահվածքի համար բոլոր տեղերում մեղավորներ են փնտրում, վատ աշակերտի նման, որը վատ գնահատական է ստանում, մեղադրում ուսուցչին ու բոլորին, բայց ոչ իրեն։ Նման պահվածքի մեղավորը միայն Նիկոլ Փաշինյանն է՝ թո՛ւյլ է տվել։

«Այնպես չէ, որ Լուկաշենկոն մեր աչքի լույսն է, բայց հիշեցնեմ՝ Լուկաշենկոն Բելառուսը ղեկավարում է սկսած այն ժամանակից, երբ Հայաստանում նախագահ էր Լևոն Տեր-Պետրոսյանը, դրանից հետո՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ նախկին նախագահների ժամանակ Լուկաշենկոն այդպես չի իրեն պահում, բայց Նիկոլ Փաշինյանի օրոք նման պահվածք է դրսևորում։ Այդ բանավեճը, որն ամբողջ աշխարհը տեսավ՝ Փաշինյանի ու Լուկաշենկոյի միջև, շատ բացասական կարող է անդրադառնալ մեր երկրի իմիջի վրա»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Պետրոսյանը։

Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանն այնպես է անում, որ Հայաստանը մնա միայնակ, բայց ավելի լավ է վատ դաշնակից ունենալ, քան առհասարակ չունենալ ու մնալ միայնակ։

«Փաշինյանը մեր դաշնակիցներին դարձնում է Հայաստանի թշնամին։ Որքան էլ այս իշխանություններին չընդունենք, միևնույն է՝ Հայաստանը նրանք են ներկայացնում ու նրանց պահվածքն անդրադառնում է մեր ժողովրդի վրա։ Կրկնում եմ՝ նախկին 3 նախագահների ժամանակ Լուկաշենկոն իրեն երբեք այդպես չէր պահի, նրանք թույլ չէին տալու։

Երբ ճիշտ չեն աշխատում, հետևանքն այսպես է լինում»,- ընդգծեց Արմեն Պետրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս