Թեժ լեզվակռիվ Փաշինյանի ու Լուկաշենկոյի միջև՝ ԵԱՏՄ նիստին

Այսօր Ռուսաստանում ընթացող ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ավարտին Նիկոլ Փաշինյանն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վիճեցին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք ԵՏՏՀ-ին Հայաստանի մասնակցության հարցի առնչությամբ:

Ամենայն հավանականությամբ, Փաշինյան-Լուկաշենկո տարաձայնությունները սկսվել էին նիստի փակ հատվածի ընթացքում։ Նիստի ավարտին ներկայացնելով ԵԱՏՄ-ում Բելառուսի նախագահության որոշ տեխնիկական մանրամասներ՝ Լուկաշենկոն ասաց․ «Հաշվի առնելով ԵԱՏՄ մարմիններում Բելառուսի նախագահությունը՝ առաջարկում եմ ամառային հանդիպումն անցկացնել Մինսկում և այն համատեղել Եվրասիական տնտեսական ֆորումի հետ, ինչպես նախատեսված է կանոնադրական փաստաթղթերով։

Ես չեմ շեղվելու հաստատված պրակտիկայից և կառաջարկեմ այս միջոցառումները կազմակերպել մայիսի երկրորդ կեսին, հաջորդ տարվա մայիսի 29-ի կողմերում։ Եթե ձեր կողմից լինեն առաջարկներ կամ փոփոխություններ, մենք լրացուցիչ որոշում կկայացնենք խորհրդակցությունների ժամանակ։ Հետևաբար, մայիսի 29-ի կողմերում»։

Լուկաշենկոն նաև ակնարկեց, որ դիտորդ անդամները լավ կլինի մասնակցեն նիստերին, այլ ոչ թե՝ տեսակապով միանան։

Կարդացեք նաև

«Նիկոլ Վովաևիչ, դա Ձեզ չի վերաբերում, մենք գիտենք, որ Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր հիվանդացել եք, այդ պատճառով մենք Ձեզ ընկալում ենք՝ որպես մեր միության նոր, երիտասարդ անդամ, համենայնդեպս, արտաքուստ»,- այսպես անդրադարձավ Փաշինյանին Լուկաշենկոն։

Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ն դեմ չէ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի անցկացմանը Մինսկում։

«Բայց նախապես ուզում եմ ասել, որ մեր պատվիրակությունը հանդիպմանը մասնակցելու է տեսակոնֆերանսի միջոցով»,- ասաց Փաշինյանը։

Լուկաշենկոն շարունակեց լեզվակռիվը՝ հարց ուղղելով․ «Ի՞նչ խնդիր ունեք: Հեռո՞ւ է Մինսկից, թե՞ ձեզ տեղ հասցնող չկա։ Անհրաժեշտության դեպքում մենք կկազմակերպենք ձեր պատվիրակության համար»,- առաջարկեց Լուկաշենկոն։

Նիկոլ Փաշինյանն իր հերթին պատասխանեց, որ ինքը հրապարակային հայտարարություն է արել, որը մնում է ուժի մեջ։

«Չեմ կարծում, որ սա ճիշտ ձևաչափ է այս հարցերը քննարկելու համար։ Դուք պարզապես ասացիք, բարձրացրիք հարցը, և ես պետք է անմիջապես արձագանքեի, որպեսզի թյուրիմացություններ չլինեն»,- ասաց նա։

Լուկաշենկոն նաև նշեց, որ կքննարկեն Փաշինյանի դիմումը։

Փաշինյանը, հունից դուրս գալով, նշեց․ «Ի՞նչ պետք է քննարկեք: Դուք չեք կարող իմ դիմումը քննարկել, քանի որ իմ դիմումը քննարկման ենթակա չէ»։

Արձագանքելով այս ձևակերպմանը՝ Բելառուսի նախագահն ասաց․«Այո, մենք միայն կքննարկենք: Միգուցե հեռուստացույց չլինի, որպեսզի կարողանաք խոսել հեռակա կարգով»։

«Խնդիր չկա։ Խնդիր չկա»,- պատասխանեց Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս