Նախարարի ընտանիքին առնչվող ՓԲԸ-ն պետգնումներում այս տարի ևս ակտիվ էր
Անահիտ Ավանեսյանի ընտանիքին առնչվող «Արֆարմացիան» պետգնումներում շարունակում է մնալ ֆավորիտ։ Սա թերևս պատահական չէ, քանի որ դեռ տարեսկզբին պատասխանելով 168․am–ի հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ նախարարի ղեկավարած գերատեսչությունը «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում գնումներ է կատարում իր ընտանիքին պատկանող ընկերությունից՝ «Արֆարմացիայից», նա ասել էր․ «Այն, ինչ արգելված չէ օրենքով, թույլատրված է»։
Տարին այս համոզումով էր սկսել Անահիտ Ավանեսյանը, ու, պարզվում է՝ այս համոզումով էլ ավարտում է․ օրերս Առողջապահության նախարարությունն առողջապահական և լաբորատոր նյութեր է ձեռք բերել «Արֆարմացիա»-ից։
Այսինքն՝ Անահիտ Ավանեսյանի ղեկավարած պետական գերատեսչությունը գնում է կատարել նաև Անահիտ Ավանեսյանի մայրիկին՝ Մարգուշ Վարդանյանին պատկանող ընկերությունից, իսկ այդ գնումը կատարվել է մեկ անձ ընթացակարգով և արժեցել է 1 միլիոն 350.000 դրամ։
Առհասարակ, ըստ էլեկտրոնային գնումների armeps համակարգի, «Արֆարմացիա» ընկերության հետ 2024 թվականին տարբեր պետական գերատեսչությունների՝ նախարարությունների, Առողջապահության նախարարությանը ենթակա տարբեր բժշկական կենտրոնների հետ կնքված միլիոնավոր դրամների՝ տարբեր գնման ընթացակարգերով կնքված պայմանագրերի թիվը գերազանցում է ութ տասնյակը։
Հիշեցնենք, որ «Արֆարմացիա» ՓԲԸ-ի 31 տոկոս մասնաբաժինը 1997 թվականից պատկանում է Անահիտ Ավանեսյանի մորը՝ Մարգուշ Վարդանյանին, մյուս՝ 29.7 տոկոսը, 2015 թվականից՝ հայտնի գործարար Վաչե Մանուկյանին, իսկ որպես միջանկյալ ընկերություն է նշվում «Ֆարմատեք» ՓԲԸ-ն, որը տնօրինում է Վահան Առուշանյանը։
Հետաքրքրական է, որ «Ֆարմատեք» ՓԲԸ-ն էլ իր հերթին է առանձին ու ակտիվ մասնակցում պետական գնումներին։ Վարդանյան և Մանուկյան գործարար զույգին է պատկանում նաև «Արֆարմացիա» դեղատուն-ՍՊԸ-ն՝ նույն մասնաբաժիններով և մասնակցությամբ։
Նկատենք, որ թավշա իրադարձություններից հետո Անահիտ Ավանեսյանի ընտանիքին առնչվող միայն այս բիզնեսը չէ, որ ծաղկել է։
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ «Իբարի» ՍՊԸ-ն, որը պատկանում է նաև Անահիտ Ավանեսյանի ամուսնուն՝ Ստեփան Ավանեսյանին, և զբաղվում է ջեմի, մեղրի, գինու, թեյի, մուրաբաների արտադրությամբ, կառավարությունից արտոնություններ էր ստացել։
Ինքը՝ Ավանեսյանը, ևս ունի բիզնես շահեր․ 2011 թվականին հիմնադրված «Աբովյան 39» ՍՊԸ-ի 50 տոկոսը պատկանում է նախարարին, մյուս 50-ը՝ քրոջը՝ Շուշան Վարդանյանին։
Ի դեպ, պաշտոնատար անձի` 2024 թվականին ներկայացրած՝ 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրում նախարարը 12 միլիոն դրամ շահաբաժին է հայտարարագրել հենց այս ՍՊԸ-ից։