Առողջապահության նախարարի ընտանիքին առնչվող «Արֆարմացիա»-ն շարունակում է սիրված մատակարար մնալ պետգնումների հիթ-շքերթում
Անահիտ Ավանեսյանի ընտանիքին առնչվող «Արֆարմացիա» ՓԲ ընկերությունը շարունակում է ճկուն ռևոլտադով գրավել պետգնումների հիթ-շքերթը:
Այս ընկերության հետ հերթական պայմանագիրը կնքվել է երեկ. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը՝ ի դեմս ռեկտոր, Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի, ոչ մրցակցային հրատապ մեկ անձ ընթացակարգով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին առնչվող «Արֆարմացիա» ՓԲ ընկերությունից ձեռք է բերել դեղորայք և բժշկական նշանակության ապրանքներ:
Պայմանագրի ընդհանուր գինը կազմել է մոտ 3 միլիոն 837 000 դրամ:
Ի դեպ, 168.am-ն արդեն անդրադարձել էր այս ՓԲԸ-ին: Նշել էինք, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի (e-register) կայքում կարելի է ծանոթանալ ընկերության իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրին. ըստ այդմ՝ Անահիտ Ավանեսյանի մայրը՝ Մարգուշ Վարդանյանը, 1997 թվականից հանդիսանում է «Արֆարմացիա»-ի 31 տոկոս բաժնեմասի տերը, 29.7 տոկոսը պատկանում է Վաչե Մանուկյանին:
Հավելենք նաև, որ «Արֆարմացիա» ՓԲԸ-ի գրանցման հասցեն է Րաֆֆու 111-ը. այս հասցեում «Մարս» գործարանն է, որտեղ հիմնադրվել և գործում է նաև բրիտանահայ գործարար Վաչե Մանուկյանին պատկանող «Ֆարմատեք» դեղագործական ընկերությունը: «Արֆարմացիային» առնչվող միջանկյալ ընկերությունների բաժնում նշված է հենց «Ֆարմատեք» ՓԲԸ-ն, որի տնօրենն է Վահան Առուշանյանը:
2023 թվականին «Արֆարմացիա» ՓԲԸ-ից տասնյակ պետական կառույցների շուրջ 90 գնումներից միայն Հրատապ Մեկ անձ (ՀՄԱ) և Մեկ անձ (ՄԱ) ոչ մրցակցային ընթացակարգերով արված մի քանի գնումների մասին ևս:
Պարզվում է՝ Անահիտ Ավանեսյանի մայրիկին առնչվող ընկերությունից այս ընթացակարգերով և՝ ոչ միայն, գնումներ է կատարել նաև հենց Անահիտ Ավանեսյանի ղեկավարած գերատեսչությունը՝ Առողջապահության նախարարությունը և նախարարությանը ենթակա տարբեր բ/կ-ներ:
Ոչ մրցակցային ընթացակարգերով արված գնումների մասին միայն. նոյեմբերի 15-ին ՄԱ ընթացակարգով Առողջապահության նախարարությունն «Արֆարմացիայից» գնել է Առողջապահական և լաբորատոր նյութեր՝ 3 միլիոն 225 000 դրամ արժողությամբ, ավելի վաղ՝ սեպտեմբերի 25-ին, նույն ծառայությունը նախարարությունը ձեռք է բերել ՀՄԱ ընթացակարգով՝ վճարելով շուրջ կես միլիոն դրամ (455 266 դրամ):