«Զարեհ Սինանյանը պետք է պատասխան տա. նույնիսկ բացահայտ թուրքամետ օտարազգի գործիչները չեն համարձակվել այս լեզվով խոսել ՀՅԴ-ի մասին». Նժդեհ Գարագավորյան
Հանրային ռադիոյի եթերում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարել է, թե Սփյուռքի հետ խզում չկա, ընդհակառակը, հիմա ավելի ակտիվ շփումներ են ընթանում, և, որ ՀՅԴ-ն Սփյուռքում աշխատում է Հայաստան պետության դեմ:
Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանը զարմացած չէ Զարեհ Սինանյանի հայտարարություններից:
«Ուրիշ բան պետք չէ ընկալել Զարեհ Սինանյանից և նրա նմաններից, որոնք միայն ու միայն պառակտիչ, հանձնվողական և ապազգային, հակապետական գործի վրա են: Զարեհ Սինանյանը ոչ մի տեղ հաջողություն չի արձանագրել, այսքան տարի փորձել է միայն հարվածել մեզ և, ինչպես ինքն իր խոսքում ընդունում է՝ մենք պինդ ենք, կանգուն ենք, և մեր կազմակերպական կառույցն արթուն պաշտպանում է հայ ազգի շահերը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա՝ ընդգծելով՝ Սինանյանը «լկտիաբար շարունակեց ծածկել դավաճան իշխանությունների որդեգրած հակասփյուռք հեռանկարը», որտեղ Սփյուռքը տեղ չունի Հայաստանի ներքաղաքական կյանքի մեջ:
«Զարեհ Սինանյանը, անտեսելով ՀՅԴ ներդրումը` Հայաստանի արտաքին քաղաքական ոլորտում առաջխաղացում արձանագրելու, մեզ անվանում է երրորդ ուժի ենթակա: Իրենք Թուրքիայի և Ադրբեջանի հստակ և պարզ դեսպաններն են Երևանում: Իրենք ամեն օր կրկնում են, որ Արցախն Ադրբեջանի մաս է, և կարծում են, որ մենք էլ ապրում և գործում ենք նույն հոգեվիճակով, բայց դա այդպես չէ. մեր 130 տարվա պատմությունը ցույց է տվել, որ մենք լինում ենք այնտեղ, որտեղ ազգային, պետական շահն է»,- ասաց նա:
Գարագավորյանը նշեց, որ Զարեհ Սինանյանի՝ Փարիզ կատարած այցին որոշել էին 10-15 հոգով մասնակցել, հարցեր ուղղել, բայց Սինանյանից որևէ արձագանք չեն ստացել. «Մենք այդ որոշումը կայացրել էինք` հաշվի առնելով Արցախի ռազմաքաղաքական վերնախավի բանտարկությունը Բաքվում և Հայաստանի իշխանությունների դրսևորած անտարբերությունն ու անպատասխանատվությունը: Դա մեզ մղեց այդ հարցերը ճակատային ձևով ներկայացնելու Սինանյանին, բայց նա նույնիսկ չպատասխանեց մեզ: Հետո իմացանք, որ նա հանդիպել է 3-4 հոգու հետ, ընդ որում՝ մի պրոթուրքական լոբբիստի»:
Նժդեհ Գարագավորյանն արտասովոր է համարում հարցազրույցի ընթացքում Սինանյանի դրսևորած վարքը. «Եթե նա այդպես է տրամադրված մեր դեմ, մենք իրեն այլ կերպ կընդունենք, քան իր այցերի ժամանակ: Նա տեղ չունի Սփյուռքում, նա մերժված է: Սփյուռքի այն երիտասարդները, որոնց մասին ինքը խոսում է, իրեն չեն ճանաչում, և ոչ ոք էլ չէր պատկերացնի, որ ինքը Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչն է. ինքը աղաչում էր, որ բոլորը հետը միասնաբար նկարվեն: Բոլորը, երբ իմացան Սինանյանի ով լինելը, մեզ գրեցին և ներողություն խնդրեցին, ասելով, որ չգիտեին, որ այդ մարդը Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչն է: Իսկապես զարմանալի է, երբ նույնիսկ Ֆրանսիայում նա այցելում է թուրքամետ և ադրբեջանամետ հանրածանոթ գործիչների: Այլ փաստի որոնման կարիք չկա՝ հստակ ասելու համար, որ այս մարդիկ հանդիսանում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերի պաշտպան, նրանց դեսպաններ: Այդ վարչակարգը պետք է վայրկյան առաջ հեռանա»:
Նա ընդգծեց. «Նույնիսկ բացահայտ թուրքամետ օտարազգի գործիչները չեն համարձակվել այս լեզվով խոսել մեր մասին: Բոլորը շատ լավ գիտեն, որ մենք հայրենասեր, նվիրված, Արցախի և Հայաստանի համար մինչև մահ զինվորագրված երդվյալ կամավորներ ենք և ամեն տեղ պայքարում ենք հանուն հավաքական շահի: Զարեհ Սինանյանը պետք է տակավին պատասխանի, թե ինչպես և ինչու Սիրիայում Հայաստանի դեսպանատունը, իմանալով, որ թուրքամետ ուժեր պետք է ներխուժեն, լքեց քաղաքը և լուր իսկ չտվեց տեղական գաղութային կառույցներում: Եթե սա դավաճանություն չէ, ի՞նչ է: Ո՞ւր է Սփյուռքի հանձնակատարի գործունեությունն այստեղ, ո՞ւր է պետության վահանը՝ Սփյուռքի պաշտպանության համար: Նրանք պատրաստ են նույնիսկ մեզ թողնել թուրքին, ինչպես բլոկադայի ժամանակ մենակ թողեցին արցախցուն և ՊԲ բոլոր զինվորներին, հրահանգեցին, որ ՀՀ ՊՆ բոլոր զինվորները ոչ մի կերպ չկարողանան օգնել ՊԲ-ում ծառայող իրենց եղբայրներին»: