Տիեզերքի ու երկրի ձգողության ուժի արանքում․ Փաշինյանը Փարիզում է
Փարիզի Մեծ պալատում այսօր մեկնարկել է երկօրյա Միջազգային տիեզերական գագաթնաժողովը․ հենց այս նպատակով է նաև Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել Ֆրանսիա։
Ճանապարհից հրապարակած տեսանյութից տեղեկանում ենք՝ նա Փարիզ է մեկնել սովորական ուղևորատար չվերթով։ Փարիզ հասնելու կադրերում էլ երևում է, թե ինչպես է Փաշինյանը մեքենայից իջնելիս՝ մի կերպ դիմակայում երկրի ձգողության ուժին՝ խուսանավելով ընկնելուց։
Փարիզում անցկացվող առաջին Միջազգային տիեզերական գագաթնաժողովը նախաձեռնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որի հետ Փաշինյանի հանդիպումը ևս նախատեսված է։
Reuters-ի փոխանցմամբ՝ գագաթնաժողովը բոյկոտել են ամերիկյան տեխնոլոգիական հսկաները, այդ թվում՝ Իլոն Մասկի SpaceX-ը և Ջեֆ Բեզոսի Blue Origin-ը, չեն մասնակցում նաև մի շարք եվրոպական երկրների առաջնորդներ՝ օրինակ, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Իտալիայի վարչապետ Ջեորջիա Մելոնին:
Ֆրանսիան առաջ է մղում տիեզերքում Եվրոպայի ինքնավարության մեծացման գաղափարը, մինչդեռ Գերմանիան ավելի քիչ է հակված «դռները փակել» ամերիկյան SpaceX-ի առջև:
Փարիզն ու Բեռլինը նաև տարբերվող մոտեցումներ ունեն Իլոն Մասկի Starlink-ի ազդեցությանը հակազդելու հարցում:

