2023թ. սեպտեմբերին Արցախի օկուպացիային առնչվող զարգացումներն ի՞նչ ֆորմատով պետք է քննության առնվեն
2020 թվականի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը դեռ ներկայացված չէ։
Բազմիցս գրել ենք, որ գործող իշխանությունների օրոք և այն էլ՝ զուտ քաղաքական զեկույցի պարագայում, հնարավոր չէ 44-օրյա պատերազմի պարտության ամբողջական և դետալային պատկերն ունենալ, որը գնահատական կտա քաղաքական և ռազմական ղեկավարությանը՝ ըստ պատասխանատվության: Անհրաժեշտ է ռազմական մասնագիտական գնահատական և վերլուծություն, որը, թերևս, ՀՀ զինված ուժերն արել է:
Բայց իշխանափոխության դեպքում պետք է քննության առնվեն ոչ միայն 44-օրյա պատերազմին առնչվող հանգամանքները, այլ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի ամբողջական հայաթափմանն առնչվող քաղաքական և ռազմական զարգացումների պատճառները՝ ով ինչ չարեց, ով ինչից հետևություն չարեց, ինչո՞ւ ռուսական կողմի հետ «լեզու չգտան», կամ ինչո՞ւ ռուսական կողմն իրեն այդպես դրսևորեց, արդյո՞ք ՀՀ ԶՈւ աջակցությունը ՊԲ-ին հանգեցնելու էր պատերազմի, և ինչու չկանխվեց 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան…
168.am–ի հետ զրույցում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը նշեց, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում կատարվածը կամ Արցախի օկուպացիան մեկ օր ոչ միայն քննիչ հանձնաժողովի քննության առարկա է դառնալու, այլև պատմության դատին է հանձնվելու:
«Այն, ինչ տեղի է ունեցել՝ մեկ օրվա պատմություն չէ, այլ մի ամբողջ հետևողական գործընթաց է՝ սկսած 2020 թվականից: Այսինքն, 2020 թվականի պատերազմի առաջին օրից մինչև վերջ բոլոր գործողությունները պետք է քննվեն: Օրինակ, ինչո՞ւ նոյեմբերի 9-ի պայմանագրի կետերը չեն կատարվել կամ՝ միակողմանի են կատարվել, այսինքն՝ առանց մյուս կողմի: Կամ՝ ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ է Էրդողանը զգուշացրել Հայաստանին, և հազարավոր այլ հարցեր: Դա մի հանձնաժողովի քննելու հարց չէ, կամ այս, կամ այն քաղաքական քմահաճույքի խնդիր չի լինելու, դա պատմության դատին պիտի հանձնվի, պիտի լինի ազգային մեծ հետազոտությունների և փաստերի վրա հիմնված քննություն, որից ոչ մեկը չի խուսափելու:
Իսկ Ռուսաստանի հետ լեզու չեն գտել, թե Ամերիկայի, ես այս հարցը նեղ չեմ պատկերացնում, հատկապես, երբ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ֆոնին եղել են նաև շատուշատ բանավոր պայմանավորվածություններ, որոնց մասին չեն ասել, չէ՞: Կրկնում եմ, այստեղ հազարավոր թեմաներ կան, ինձ համար դա գլոբալ հարց է: Վերադառնանք նախնական մտքին, այդ Քննիչ հանձնաժողովը կարող է լինել ԱԺ շրջանակում, բայց եթե հետո պարզվի, որ կան քրեական հանցագործություններ, ո՞վ պիտի պատժի, ԱԺ-ն պատժիչ գործողությունների հնարավորություն չունի, այն կարող է միայն քննել և հանրության կամ համապատասխան մարմինների դատին ներկայացնել իրենց քննության արդյունքները, որից հետո բնականաբար կլինեն քրեական և դատական գործեր»,- շարունակեց Թևան Պողոսյանը՝ հավելելով, որ գործող իշխանությունները չեն կարող քննել իրենց իսկ սխալները, և իրականում նման սխալներ գործած, պարտված իշխանությունը պիտի ինքնակամ հեռանար:
Հիշեցնենք, որ 168.am–ը մանրամասն ներկայացրել էր, թե ինչ իրադարձություններ են նախորդել կամ հաջորդել Էրդողան-Փաշինյան զրույցներին: Նշենք, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում ադրբեջանական ագրեսիայից մոտ մեկ շաբաթ առաջ տեղի էր ունեցել Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցը: Ավելի ուշ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում Փաշինյանն այս առնչությամբ ասել էր. «Էրդողանի հետ խոսակցությունը խիստ պաշտոնական էր, ես կարող եմ ասել, որ խոսակցությունը բովանդակային էր և օգտակար: Կարևոր է, որ փոխադարձաբար մի շարք նրբություններ կան, այդ նրբությունների, դիրքորոշումների, գնահատականների վերաբերյալ լինի մշտական հաղորդակցություն»:
Թե ի՞նչ նրբությունների և դիրքորոշումների մասին է եղել խոսքը, և ավելի կոնկրետ ի՞նչ թեմաներ են շոշափվել, Փաշինյանը չէր գաղտնազերծել: Սակայն ավելի ուշ Էրդողանն առաջարկել էր Ղարաբաղի հարցով Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների քառակողմ հանդիպում անցկացնել:
Իսկ հոդվածի բուն թեմայի շրջանակում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանից 168.am-ը հետաքրքրվեց՝ պե՞տք է արդյոք մի օր Քննիչ հանձնաժողով ստեղծվի նաև 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցածի հարցով, երբ Արցախի ՊԲ-ն իր վերջին մարտն էր մղել։
«Կարծում եմ՝ քրեական գործն արդեն բավական կլինի, այդ թվում՝ ՀՀ ԶՈՒ գործունեության կամ չգործունեության առումով»,- ընդգծեց նա:
Ավելի վաղ Մանուկյանը հավաքել և հրապարակել էր 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ Արցախի ՊԲ-ի զոհված և անհայտ կորած 265 զինծառայողի անուն-ազգանուն՝ որպես ապացույց, որ ՊԲ-ն մինչև վերջ կռվել է:
Ի դեպ, 168.am-ի հետ զրույցում մի առիթով Գեղամ Մանուկյանն ասել էր, որ «հարկ է բարձրագույն սպայական կազմի շրջանում, անխտիր բոլորի մասնակցությամբ փակ դռների ետևում մեծ ԱՇԽԱՐՀԱԺՈՂՈՎ-ԶԻՆԱԺՈՂՈՎ»:
«Օտար աչքերից հեռու, առանց տեսախցիկների, քարոզչության, շահադիտության լավ իմաստով հաշիվների մաքրում իրար միջև: Դա նման կլինի ցարական Ռուսաստանի սպայական ժողովի գաղափարին, բայց ավելի լայն, բարձր մակարդակով։ Զինաժողովով հնարավոր կլինի ավարտին հասցնել պատերազմական գործողությունների ժամանակ վիճահարույց, տարբեր գործողությունների շուրջ եղած ասեկոսեներին, քաղաքական կամ մարդկային շահարկումներին։ Վերջակետ դնելով բոլոր այդ հարցերին, ի վերջո, հնարավորություն կլինի անցնել լիարժեք գործողության։ Հիմա վիճակն այլ է՝ ամեն մեկի գլխին կախված են մնում բազում քրեական գործեր կամ քննություններ, արդյունքում՝ ավելի շատ մտածում են դրանց մասին, քան՝ ծառայության»,- եզրափակել էր միտքն ընդդիմադիր պատգամավորը:
Իրականում քննիչ հանձնաժողովի կամ նման մեկ այլ ձևաչափի շրջանակներում մի օր պետք է քննության առնվի նաև ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիան, որը, բնականաբար, կենթադրի պատասխանատվություն՝ օրենքի սահմաններում։