Ի՞նչ իրադարձություններ են նախորդել կամ հաջորդել Էրդողան-Փաշինյան զրույցներին, կամ՝ Էրդողան-Փաշինյան պայմանավորվածությունների հետքերով
168.am-ը մոտ մեկ շաբաթ առաջ անդրադարձել էր Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցին, դրա ազդեցությանը, և դրան հնարավոր հաջորդելիք զարգացմանը:
Նշենք, որ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել սեպտեմբերյան մարտերի տարելիցի նախօրեին՝ սեպտեմբերի 11-ին:
Նույն օրը Փաշինյանը հարցազրույց էր տվել Պետրոս Ղազարյանին և Էրդողանի հետ հեռախոսազրույցի առնչությամբ նշել.
«Էրդողանի հետ խոսակցությունը խիստ պաշտոնական էր, ես կարող եմ ասել, որ խոսակցությունը բովանդակային էր և օգտակար: Կարևոր է, որ փոխադարձաբար մի շարք նրբություններ կան, այդ նրբությունների, դիրքորոշումների, գնահատականների վերաբերյալ լինի մշտական հաղորդակցություն»:
Թե ինչ նրբությունների և դիրքորոշումների մասին է խոսքը, և ավելի կոնկրետ ինչ թեմաներ են շոշափվել, հայկական կողմը չէր գաղտնազերծել՝ պաշտոնական և ոչ պաշտոնական, և այսօր Արցախում տեղի ունեցած և ունեցող ցեղասպանական գործողություններից հետո կարող ենք ինչ-ինչ ենթադրություններ անել, հատկապես հաշվի առնելով պաշտոնական Թուրքիայի հրապարակային ակտիվությունը և ՄԱԿ-ում Էրդողանի հայտարարությունը, որ Փաշինյանը խոստումներ է տվել և պետք է կատարի, առաջին հերթին՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ:
Իսկ Փաշինյանի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշված էր՝ «զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարներն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը»: Չոր պաշտոնական հաղորդագրություն:
Վերևում հիշատակված հոդվածում մենք հիշեցրել էինք, որ ճակատագրի հեգնանքով Փաշինյանն Էրդողանի հետ խոսել էր նաև սեպտեմբերյան բուն մարտերից առաջ՝ 2022 թվականի հուլիսին 11-ին… Այսինքն, ակնարկել էինք, որ վերջին զրույցին ևս պատերազմական գործողություններ կարող էին հաջորդել: Եվ օրեր հետո սկսվեց Արցախի դեմ հերթական լայնամասշտաբ պատերազմը՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցի նախօրեին: Արդյունքը՝ Արցախի ամբողջական կապիտուլյացիա՝ էթնիկ զտման և ցեղասպանական գործողություններով:
Իսկ 2023 թվականին Էրդողանը Փաշինյանի հետ խոսել էր նաև հունիսի 28-ին, երբ Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի պատճառով Արցախում հայկական կողմը 4 զոհ էր ունեցել: Իսկ դրանից առաջ՝ հունիսի 3-ին, Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Թուրքիա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը:
Այս համատեքստում հավելենք, որ գրեթե նույն ժամանակահատվածում տեղի էր ունեցել Հակարիի կամրջի հայտնի դեպքը, որից հետո Արցախը հայտնվել էր տոտալ շրջափակման մեջ՝ առաջացնելով առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների խնդիր, և ոչ միայն: Եվ այսօր կանգնած է էթնիկ զտման վտանգի առաջ: 168.am-ն անդրադարձել էր այս թեմային՝ «Փաշինյանի «ստուգողական կրակոցը» Հակարիի կամրջի եզրին. Ո՞ւմ և ինչի՞ն էր այն ուղղված» հրապարակման մեջ:
Ընթացիկ տարում Փաշինյանը խոսել էր Թուրքիայի նախագահի հետ նաև փետրվարի 7-ին՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի համատեքստում, իսկ դրանից մեկ օր առաջ Ադրբեջանը հերթական անգամ փակել էր Հայաստան-Արցախ միակ գազատարը։ Այս զրույցից մոտ մեկ շաբաթ հետո՝ փետրվարի 16-ին, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտնել էր՝ «Հայաստանի Հանրապետությունը երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները, և մեր առաջարկները փոխանցված են ադրբեջանական կողմին»:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ: Այս այցի ընթացքում Փաշինյանը հանդիպել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ:
168.am-ն ուշադրություն էր հրավիրել Փաշինյանի թվային սիմվոլիկային, այսինքն՝ պատերազմի ելքը որոշող հայտնի հակահարվածի օպերացիայի որոշման օրերին էին հանդիպումներն Ալիևի և Էրդողանի հետ:
Ի դեպ, 2018 թվականի սեպտեմբերի 15-ին թուրքական «Հուրիյեթը» գրել էր, որ «օգոստոսի 14-ին երկրի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը զանգահարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին»:
ՀՀ ԱԳՆ-ն հերքել էր այս տեղեկությունը, թե «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը զանգահարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խնդրել հետ վերադարձնել հայ-թուրքական սահմանը հատած և ձերբակալված 16-ամյա Ումութ Ալի Օզմենին»:
ԱԳՆ-ի ասածը ավելի ուշ հաստատել էր նաև Փաշինյանը:
«Որևէ երկրի նախագահի հետ, առավել ևս՝ Թուրքիայի նախագահի հետ, որևէ մեկը չի պատրաստվում Հայաստանում թաքուն խոսակցություն ունենալ»,- ասել էր նա՝ Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղ այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում:
Սակայն Փաշինյանը մշտապես խոստացել է, որ ժողովրդից թաքուն որոշումներ չի կայացնի Արցախի խնդրի և ՀՀ անվտանգության հետ կապված, բայց կայացրել է, չէ՞:
Իսկ 2018-ի սեպտեմբերին տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև Դուշանբեի հայտնի հանդիպումը:
2020 թվականի հոկտեմբերի սկզբին Ալիևն այս առնչությամբ որոշ գաղտնազերծումներ էր արել.
«Հրադադարի ռեժիմը 2 տարի պահպանված և վերականգնված է եղել ՀՀ վարչապետի խնդրանքով: Նա խնդրել էր ինձ, թե ներքին իրավիճակը ծանր է, ինձ բոլոր կողմերից ճնշում են, տվեք ինձ ժամանակ, և ես այդ հարցը կլուծեմ: Ասել էր՝ «ես եկել եմ նոր գաղափարներով, ջնջել եմ այն ամենը, ինչ եղել է անցյալում, տվեք ինձ հնարավորություն և ժամանակ»: Ես պատասխանել եմ՝ լավ: Եվ ինչ եղա՞վ, մեկ տարի հետո նա հայտարարեց՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»: Դե թող հիմա ասի՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»»:
Արցախի վրա վերջին հարձակումը Ադրբեջանը սկսեց Երևանի ավագանու ընտրություններից հետո…