Ալիևը Փաշինյանին իջեցնում է համայնքի ղեկավարի մակարդակի. Կարեն Իգիթյան
Թեև Հայաստանի դե ֆակտո ղեկավարն անընդհատ հայտարարում է, թե Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագրի» 90 տոկոսը համաձայնեցված է, սակայն պաշտոնական Բաքուն շարունակում է Հայաստանի առջև դնել նորանոր ծանր պահանջներ՝ աղետի առաջ կանգնեցնելով Հայաստանին. հերթական պահանջով Ադրբեջանի նախագահը պահանջում է, որ Հայաստանի ղեկավարը բանակցություններ վարի, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» համայնքի ղեկավարի հետ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Ադրբեջանի նախագահ Ալիևի հերթական պահանջի մասին, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը պետք է բանակցություններ վարի «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ, նման տեսակետ հայտնեց կովկասագետ Կարեն Իգիթյանը։
«Հայաստան պետության ղեկավարին իջեցնում են համայնքի ղեկավարի մակարդակի. պահանջում, որ բանակցի կեղծ «Արևմտյան Ադրբեջան» համայնքի ղեկավարի հետ այն պարագայում, երբ «Արևմտյան Ադրբեջան» կեղծիքն ընդունվել է միայն Բաքվում, և որևէ միջազգային հարթակում դրա գոյության մասին չգիտեն։ Փոխարենը, Արևմտյան Հայաստանի մասին խոսվել է դեռ 2000 տարի առաջ»,– ասաց Կարեն Իգիթյանը՝ միաժամանակ հավելելով՝ Ալիևն օգտագործում է նաև նոր տերմին՝ «արևմտյան ադրբեջանցիներ»՝ նրանց Հայաստանում բնակեցնելու համար Հայաստանից պահանջելով անվտանգություն։
Հիշեցնենք, որ Ալիևը հայտարարել էր, թե հայ հասարակության մեջ ադրբեջանական ժողովրդի հանդեպ արմատացած է ատելությունը և «մեծ Հայաստանի» մասին երազանքները, և Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի սահմանադրությամբ դեռ պահպանված տարածքային պահանջները, իսկ Հայաստանի արագ զինումը խոչընդոտում է կայուն խաղաղության հաստատմանը։
«Ալիևի և Թուրքիայի էլիտայի նպատակը չի փոխվում՝ դա Հայաստանը ոչնչացնելն է. հիմա թե ինչպե՞ս դա կանեն՝ Հայաստան կբերեն բնակեցնելու ռամիլսաֆարովների, նրանց պաշտպանության անվան տակ ռազմական ուժ կմտցնեն, խնդիրներ կստեղծեն, թե ուղիղ պատերազմ կսկսեն Հայաստանի դեմ, դա արդեն այլ խնդիր է։ Հետևապես՝ կանգնած ենք մի իրավիճակի առաջ, երբ Հայաստանի այս իշխանությունը միայն ռուսներին այս տարածքից հեռացնելու համար, Արցախից հետո, հիմա էլ պատրաստ է տալ ամեն բան, բացել ճանապարհ և իրար միացնել Թուրքիան և Ադրբեջանը, որովհետև խոշոր հաշվով Կովկասը պետք է Մեծ Բրիտանիային առանց ռուսների. այն, ինչ անում է Հայաստանի այս իշխանությունը, դրսում արված հաշվարկ է»,- ասաց Իգիթյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։