Փորձում են Ռուսաստանին և Իրանին շեղել մյուս ճակատներից, այդ թվում՝ Ուկրաինայից և Հարավային Կովկասից․ քաղաքագետ
Սիրիայում մտահոգիչ զարգացումներն ազդեցություն են ունենալու նաև Հարավային Կովկասի վրա․ 168․am-ի հետ զրույցում նշում է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
Մերձարևելյան առկա զարգացումները քաղաքագետը դիտարկում է ԱՄՆ, Իսրայել, Թուրքիա, Ռուսաստան, Իրան հարաբերությունների համատեքստում՝ հիշեցնելով, որ ավելի վաղ մասնագիտական շրջանակները կանխատեսել էին՝ Իրանի դեմ հիմնական հարվածը լինելու է Սիրիայում։
«Իրանի դեմ հարված եղել է նախ Լիբանանում՝ իրանամերձ «Հեզբոլլահ»-ի դեմ հարվածի տեսքով, այժմ Սիրիայում, որին ևս աջակցում են իրանական ուժերը։ Իսրայելը դուրս է գալիս Լիբանանից ու միաժամանակ՝ Թուրքիան է խփում Սիրիային։ Տեսնում ենք, որ ԱՄՆ նոր վարչակազմը շարունակում է Իսրայելին աջակցել այս հարցում։
Այս քաղաքականությունը միաժամանակ ուղղված է Ռուսաստանի և Իրանի դեմ․ այս կերպ նրանց փորձում են ներգրավել պատերազմում, որպեսզի շեղեն մյուս ճակատներից, այդ թվում՝ Ուկրաինայից և Հարավային Կովկասից»,- պարզաբանում է Հրանտ Միքայելյանը։
Մասնագետը շեշտում է՝ Սիրիայի վրա հարվածն Իրանի ու Ռուսաստանի համար շատ լուրջ իմիջային հարված է, որովհետև այժմ ահաբեկիչներն այնտեղ լուրջ հաջողության են հասել։ Արդյո՞ք պետք է սպասել՝ հարցին ի պատասխան էլ՝ նա նկատում է, որ փորձ կարվի կասեցնել հակակառավարական ուժերի, ահաբեկիչների, մեծ հաշվով, Թուրքիայի հարվածը, կայունացնել իրավիճակը, ապա նաև՝ հետ մղել նրանց։
Ըստ նրա՝ այդ գործընթացը ենթադրում է ամիսներ, իսկ դա վտանգավոր է նաև Հայաստանի համար՝ Իրանի կարողությունները նվազելու տեսանկյունից։
«Վերջին տարիներին Հայաստանի անվտանգությունը հիմնականում ապահովվում էր Իրանի գործոնով, և Իրանն ինչքան շեղվում է, դա խնդրահարույց է նաև ՀՀ-ի համար։
Նույնիսկ վտանգ կա, որ Իսրայելն ու ԱՄՆ-ը միասին, Թրամփի օրոք անմիջական հարված կհասցնեն, ու այժմ, թերևս, որպես միջանկյալ նպատակ՝ ընտրել են Սիրիան»,- հավելում է Հրանտ Միքայելյանը։
Ավելի վաղ, ինչպես հայտարարել է Սիրիայի բանակը, Հալեպում և Իդլիբում գործող «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունը նոյեմբերի 27-ի երեկոյան հզոր և լայնածավալ գրոհ էր ձեռնարկել մեծ թվով ահաբեկիչներով, ծանր զինատեսակներով՝ հարձակվելով խաղաղ գյուղերի, քաղաքների և այս տարածքներում գտնվող ռազմական օբյեկտների վրա։