Ֆոբիակրատիա

Վերջին օրերի պաշտոնանկությունների վերաբերյալ ավելի շատ հնչում է «ինչպե՞ս հեռացրեց» հարցը, որին տրվում են ամենատարբեր պատասխաններ՝ սկսած զոհաբերված պաշտոնյաներին Նիկոլ Փաշինյանի կողմից այդ բոթն այս կամ այն հավելվածով հայտնելու մասին վստահ վարկածներից, մինչև այդ պահին նրա սթափության վերաբերյալ համոզված կասկածներ։ Բայց գրեթե չի հնչում «ինչպե՞ս հեռացան» հարցն այն բարձրաստիճան պաշտոնյաների մասին, որոնք իրենց ստորացուցիչ վռնդմանը պատասխանեցին ստորացնողին ուղղված հուզիչ շնորհակալություններով։

Խնդիրը միայն այն չէ,  թե ինչպես կարող էին արժանապատվության հետ նման կոնֆլիկտ ունեցող մարդիկ ղեկավարել կառույցներ, որոնք զբաղված են երկրի անվտանգության կենսական հարցերով։ Ավելի կարևոր է, թե ի՞նչն է նրանց ստիպել անգամ հեռանալիս լինել անթասիբ ու գոնե հրաժեշտի պահին չհիշել պատվի մասին։ Մեծ հավանականությամբ՝ վախը։ Փաշինյանը՝ որպես պատմության ու գիտելիքի մակերեսային կրող, իշխանական համակարգը կառավարում է մաքիավելիական հայտնի իմպերատիվի պարզունակ ընկալմամբ, որ ենթականերին հնազանդ պահելու լավագույն միջոցը ոչ թե սերն ու երախտիքն են, այլ վախը։

Դրա արդյունքում մեկը վախենում է՝ ունեցվածքը, մյուսը՝ ազատությունը, երրորդը՝ կոմպրոմատի նյութ դարձած բարոյականության մասին պատրանքը կորցնելուց, և այդպես շարունակ։ Փաշինյանական իշխանության ներկայացուցիչների կրեդոն դարձել է «վախենում եմ, ուրեմն կամ» բնազդային զգացումը, որով նա մինչև այժմ կառավարում է կամակատարներին։

Այս պատմությունը, սակայն, հետաքրքիր է ոչ թե փաշինյական պաշտոնյաների անձնային որակների բացակայության առումով, այլ որպես համակարգային մեխանիզմ, որը գործում է նաև արտաքին կյանքում։ Նիկոլ Փաշինյանը ղեկավարում է համակարգ, որում բոլորը կորցնելու ինչ-որ բան ունեն և վախենում են դրանից, որովհետև պայմանական զրկողն ինքն է։ Բայց Փաշինյանի՝ զրկողի կարգավիճակը ևս գին ունի և այդ գինը վճարվում է ոչ թե Հայաստանում, այլ դրա սահմաններից դուրս։

Կարդացեք նաև

Փաշինյանի իշխանությունը երկրից դուրս հետաքրքիր է միայն աշխարհաքաղաքական մեծ խնդիրների լուծման ու դրանք լուծելու նրա պատրաստակամության տեսանկյունից։ Հետաքրքրվողների առաջին շարքերում Ադրբեջանն ու Թուրքիան են, որոնց հաջորդում են վերջիններիս միջոցով վերտարածաշրջանային հարցեր լուծողները։

Բոլոր այս սուբյեկտների հետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունը բովանդակային առումով նույնն է, ինչ իր և Կարեն Անդրեասյանի, իր և Նարեկ Զեյնալյանի, կամ իր և Արգիշտի Քյարամյանի սուբորդինացիան ֆորմալ ենթակայությունը գրեթե բացակայում է, բայց կա այնպիսի կախվածություն, որ մի «խնդրանքը» բավական է՝ նշվածներին ու իշխանության մյուս անդամներին «խնդրելու» Փաշինյանի լիազորությունը վերացնելու համար։

Եվ կրկին նույն սկզբունքով՝ ունեցվածքի կորստից՝ մինչև կոմպրոմատներ։ Բայց տվյալ դեպքում էականն այն չէ, թե հատկապես ինչից ու ինչի միջոցով կարող է զրկվել Փաշինյանն արտաքին սուբյեկտների ցանկության դեպքում։ Սկզբունքայինն այն է, որ այս պարագայում ևս գործում է վախի իմպերատիվը։

Եվ արդյունքում Նիկոլ Փաշինյանն արտաքին աշխարհից ունեցած սեփական վախը սուբլիմացնում է ներքին կյանքում։ Հայաստանը կառավարվում է արտաքին և ներքին վախերի միջոցով, որոնք ժամանակ առ ժամանակ սրվում են այնքան, որ գործում է «երկու ահը մի մահ է» ժողովրդական ասացվածքը, ինչի պատճառով Նիկոլ Փաշինյանը, իր իսկ խոստովանությամբ, անհաշվելի անգամներ մահացել ու հարություն է առել։ Նա Հայաստանը հետևողականորեն տանում է մահվան ճանապարհով՝ առանց հարություն առնելու հեռանկարի։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս