Ժողովուրդ, պետության փլուզման վտանգ կա. կան գլոբալ պահանջներ, թուրք-ադրբեջանական հանձնարարականներ, որոնց իրականացմանն իշխանությունը նախապատրաստում է մեզ. Դավիթ Անանյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տնտեսագետ Դավիթ Անանյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ամբողջ աշխարհում ազդեցության գոտիների ձևավորման գործընթաց է գնում, և մեծ ու փոքր պատերազմները, ռազմական գործողությունները, պատերազմների վտանգներն այդ գործողություններն արագացնում են։ Բիձինա Իվանիշվիլու պատմածն Արևմուտքից Ռուսաստանի դեմ պատերազմ սկսելու առաջարկի վերաբերյալ հենց այդ շարքից է ու արտաքին դերակատարների կողմից ցինիզմի դրսևորում է։ Գրեթե համոզված եմ, որ նույնպիսի առաջարկ արվել է Հայաստանի այսօրվա իշխանություններին։ Եվ շատ ժամանակ դրանք կատարելուն ուղղված գործողությունների մենք ականատես ենք եղել, երբ թռիչքներ են կատարվել արտաքին քաղաքական այս բևեռից այն բևեռ։ 
  • Թույլ քաղաքական ենթակառուցվածքի առկայության և արդյունավետ կառավարման համակարգի բացակայության պայմաններում երկրի տնտեսական կյանքի խաթարումը կամ կոլապսը կարող է հանգեցնել ոչ միայն սոցիալական և քաղաքական խնդիրների, այլև՝ պետության փլուզման վտանգի:
  • Իմ պաշտոնավարման 2 տարիների ընթացքում արտաքին քաղաքական պատվերի դրսևորումներ չեն եղել, քանի որ այդ ժամանակ քաղաքական ռեֆորմացիայի ենթարկված բնակչությանն իշխանությունը դեռևս բոցաշունչ խոստումներ տալու և այդ ամենն իրականացնելու ժամանակահատված ուներ, և համենայն դեպս տնտեսական գործընթացներն արվել են թափանցիկության, ինչ-որ դրական փոփոխությունների ակնկալիքով։ Համենայն դեպս, ես դա այդպես եմ տեսել և ընկալել։

Հիշեցնենք, Դավիթ Անանյանը ՊԵԿ նախագահ է նշանակվել 2018 թվականի մայիսից, 2020 թվականի հունիսի 4-ին այդ պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:

Կարդացեք նաև

  • Արտաքին պատվեր, այո՛, կա, և դրանք ապացուցվում են այն գործընթացներով, որոնք արվում են այս իշխանությունների կողմից։ Եվ եթե Դուք նշում եք Երևան-Գյումրի սահմանային ճանապարհի շինարարությունը (Երևան-Գյումրի-ՀՀ պետական սահման ճանապարհի,- հեղ.), չպետք է մոռանալ նաև Մաստարայի սահմանային անցակետի կառուցումը, որը շատ արագ տեմպերով տեղի ունեցավ, և, ըստ էության, հիմա մենք ունենք շատ լավ կահավորված սահմանային մաքսային անցակետ։ Դա կապված էր Թուրքիայի հետ ձեռք բերված նախնական համաձայնության հետ, որ իբր երրորդ երկրների դիվանագետներն ազատ ելումուտ ունենան։ Դրանք ժամանակ առ ժամանակ ներկայացվող պահանջներ են թե՛ Արևմուտքի, թե՛ Եվրոպայի կողմից՝ որպես տարածաշրջանային ոստիկան կարգված Թուրքիայի կողմից։ Նաև որոշակի հետախուզական հանձնարարականներ են ժամանակ առ ժամանակ իջեցվում ՀՀ այս իշխանություններին, որոնց կատարման ընթացքի որակի և պատրաստակամության ուսումնասիրության արդյունքում նրանք համոզվում են, թե էլ ինչի են ունակ ու ինչի են պատրաստ Հայաստանի այսօրվա իշխանությունները։

  • Հայաստանի այսօրվա իշխանություններն արդեն իրենց վեկտորն ունեն։ Իրենք թեքվել են դեպի Թուրքիա, և եթե, օրինակ, կառավարության ղեկավարն իր անձնական հովանավորությունը փնտրում է Էրդողանի հետ իր անձնական շփումների զարգացման շրջանակներում, ապա նաև տարածաշրջանային ասողների առումով այսօրվա իշխանություններն ընդունում են թուրք-ադրբեջանական տանդեմի գերակայությունը։ Այո, թուրք-ադրբեջանական հանձնարարականներ իջնում են, որոնք ունեն որոշակի կողմնորոշիչ նշանակություն, և կան գլոբալ պահանջներ, որոնց իրականացմանն այսօր նախապատրաստում են հայաստանյան ժողովրդին։
  • Շիրակի մարզի համապետական ճանապարհով, համենայն դեպս, տեսանելի ապագայում բեռների և ուղևորների շարժ տեղի չի ունենալու, քանի որ Թուրքիան նախապայմաններ ունի դրված Հայաստանի առջև։ Այնպես որ, մեր տեսանկյունից այդ ճանապարհի նշանակությունը տեսանելի չէ։ Եթե վերցնենք Թուրքիայի տեսանկյունից, բնականաբար, այդ ճանապարհի շինարարության անհրաժեշտությունը կա։ Դա ունի ցուցադրական նշանակություն հանձնարարականի կատարման առումով, որովհետև մոտ ապագայում այդ ճանապարհը ծանրաբեռնված չի գործարկվելու։ Եթե վերադառնանք նախնական, պրեզենտացիոն տարբերակին, «Խաղաղության խաչմերուկում» Հայաստանի սահմանները 7 տեղից պետք է հատեին տարբեր ճանապարհներ։ 3-4 տեղից պետք է բացվեր ադրբեջանական ճանապարհային հանգույց, նույնքան էլ՝ Թուրքիայի կողմից։ Մեկն էլ Շիրակի հանգույցն էր։
  • Մաստարայի հանգույցի կառուցման մեջ միմիայն արտաքին գործոն կար։ Այն 2 երկրների՝ Թուրքիայի և Հայաստանի բանագնացներ Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի կողմից նախնական համաձայնությամբ է կառուցվել։ Ինչպես նշեցի՝ հայ-թուրքական կողմերը համաձայնվել էին, որ բացում են սահմանը երրորդ երկրների դիվանագետների համար, և շատ արագ կահավորեցինք մեր մաքսակետը, ճանապարհները։ Այսինքն` դա ոչ թե տնտեսական, այլ քաղաքական նպատակահարմարությամբ էր, այն էլ՝ կեղծ։ Իսկ դրա նպատակները հանրությանը հայտնի չեն։
  • Հանրությունն այսօր իր ուշադրությունը կենտրոնացրել է քաղաքական ճգնաժամի վրա, երբ կա ժողովրդի մի զգալի հատված, որը, մեղմ ասած, դժգոհ է այսօրվա կառավարումից, մի ստվար զանգված էլ անտարբեր է։ Մի հատված էլ կա, որը, ըստ էության, սատարում է իշխանությանը։ Անհանգիստ հատվածը, որը մյուս երկու բևեռների համեմատ ակնհայտորեն քիչ է, իր ուշադրությունը բևեռում է քաղաքական ճգնաժամի վրա։ Բայց երբ տնտեսությունդ լավ վիճակում չէ, ու դրա հետ մեկտեղ՝ կան քաղաքական թույլ ինստիտուտներ, այդ իրավիճակը տանելու է պետության փլուզման։ Պետությունը կարող է հանդես գալ կցորդի կարգավիճակում։
  • Որպես բիզնես միավոր` մեր պետությունը շատ նման է «Նաիրիտ» գործարանին վերջին մի քանի տարվա ընթացքում։ Երկրի բոլոր տնտեսական ցուցանիշները բովանդակային առումով արհեստական են։ Ժողովուրդ, մենք ոչ միայն քաղաքական ճգնաժամի մեջ ենք, այլև երկիրը տնտեսապես գնում է անկման։
  • Հայաստանում բիզնես էլիտա գոյություն չունի։ Անգամ հաջողակ գործարարը Հայաստանում ինքն իրեն բիզնես էլիտայի մաս չի համարում։ Ազգային բիզնես ընտրանին այն ուժն է, որը, ըստ էության, պետականամետ է, ոչ թե իշխանամետ։ Եվ այդ բռունցքը, տեսնելով հակապետական գործողություններ, թելադրում է, թե պետությունն ըստ էության որ ուղղությամբ պետք է շարժվի։ Ազգային բուրժուազիան պետք է ուղղորդող լինի պետության տնտեսական ու քաղաքական զարգացմանը խոչընդոտող երևույթների ժամանակ։ Այսօրվա իշխանությունները կարողացել են հասնել նրան, որ այսօր բիզնեսն ըստ էության ոչ թե պետականամետ է, այլ կամ իշխանամետ է, կամ լռակյաց։ Որովհետև, եթե ինքը լուռ չլինի, կկորցնի իր բիզնեսը կամ կենթարկվի վարչարարական ներազդումների։ Վստահ եմ, որ բիզնեսի շրջանակներում կան այնպիսի մարդիկ, որոնք և՛ հայրենասեր են, և՛ գիտակցում են, բայց իրենք, սեփականը կորցնելու վտանգից ելնելով, լուռ են: Ինքնազոհության պատրաստ չեն՝ երկրի գոյության համար պայքար մղելու համար:

  • Ցանկացած իշխանության համար միշտ ցանկալի է եղել, որ բիզնեսը լինի իր կողքին: Եկեք անկեղծ լինենք, մենք չենք ունեցել այնպիսի իշխանություն, որը բիզնեսին կասեր՝ անկախացի՛ր:
  • Մենք 2018թ. ընտրել ենք մեր միջի ամենաանարժանավորին, ով բերել, երկիրը հասցրել է այս վիճակին: Այո՛, մենք հաղթանակած ենք եղել, փառք ու պատիվ Հայաստանի բոլոր նախկին 3 նախագահներին, բայց երեքն էլ չեն արել բավարարը, որ մենք ունենանք ազգային բուրժուազիա:
  • Մենք այս վերջին 6 տարում արագացված կարգով մսխեցինք այն ամենը, ինչ կուտակվել էր 30 տարվա ընթացքում: Այո՛, ես համաձայն եմ, որ 2018 թվականին աշխարհաքաղաքական բևեռների մեջ կար կոնսենսուս, որ իշխանափոխություն պետք է լինի:
  • Վրացիների պրագմատիկ արևմտամետությունն այսօր սխալմամբ ներկայացվում է՝ որպես ռուսամետություն, բայց իրենք ապացուցեցին, որ մի քանի հազար տարի մեզ հետ, մեր կողքին ապրելով՝ պետականության ավելի խորը ընկալում են ունեցել, և միգուցե դա է, որ իրենց մոտ ներքին դիմադրողականությունը նրանց մոտ ավելի ուժգին է նստած:
  • Ժողովուրդը կա՛մ գիտակից է, կա՛մ ոչ, կա՛մ գրագետ է, կա՛մ անգրագետ, և եթե դու ուզում ես բարձր գիտակցություն ունեցող ժողովուրդ ունենալ, պետք է կրթության մեջ ներդրումներ անել: Ու դա պետք է անես հազարավոր տարիների ընթացքում:
  • Բացի նրանից, որ վրացիները մեր դարավոր բարեկամն են, Վրաստան-Հայաստան աշխարհագրական տարածքը հակաթուրանական աշխարհի մեջ մեծ սեպ է, և սա հակաթուրանական ուղղվածություն ունեցող գերտերությունները շատ ավելի լավ են հասկանում, քան մենք: Մենք անգամ բնազդային մակարդակում չենք վարում մեր արտաքին քաղաքականությունը, չենք ընկալում, որ հակաթուրանական պետությունները մեր բնական դաշնակիցներն են: Չինաստանը, Ֆրանսիան, Հնդկաստանը հակաթուրանական են, ԱՄՆ-ում ևս կան շատ լուրջ հակաթուրանական բևեռներ, իսկ մենք չենք օգտվում դրանից:
  • ԲՐԻԿՍ-ում Թուրքիային տվեցին գործընկեր պետության կարգավիճակ, բայց դա առավելագույնն է, որն ինքը ստանալու է: Ե՛վ Թուրքիան, և՛ Ադրբեջանը ԲՐԻԿՍ-ում երբեք չեն լինելու. Հնդկաստանը թույլ չի տալու:
  • 100-110 միլիոն բնակչություն ունեցող ամբողջ Արաբական աշխարհի քրիստոնյա բնակչության հայացքը ուղղված է դեպի Հայ Առաքելական եկեղեցին, որովհետև արաբ քրիստոնյաները մեր քույր եկեղեցիների հետևորդներն են:

  • Ես կարծում եմ՝ ԲՐԻԿՍ-ին միանալու նպատակահարմարության հարցի քննարկում Հայաստանի կառավարությունում տեղի չի էլ ունեցել: Եթե դու տնտեսական առումով պլանավորում ես լինել որևէ կազմակերպության անդամ, ապա դա պետք է անես առնվազն 2050-2075թթ. հեռանկարով: 2050թ. այսօրվա 117 տրիլիոնի փոխարեն՝ համաշխարհային ՀՆԱ-ն գնահատվում է 227 տրիլիոն: ԲՐԻԿՍ-ի այսօրվա 10 երկրները 227 տրիլիոնի մոտավորապես 39%-ն են թողարկելու՝ 86 տրիլիոն: G7-ի երկրների գլոբալ խումբը (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Կանադա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա) թողարկելու է 27%-ը: 2050թ. համաշխարհային տնտեսության առաջատարների եռյակը հետևյալ տեսքն է ունենալու՝ Չինաստան, ԱՄՆ, Հնդկաստան: Չինաստանն ու Հնդկաստանը ԲՐԻԿՍ-ի անդամ են Իրանի ու Ռուսաստանի հետ միասին: Սրանք այն 4 երկրներն են, որոնց հետ Հայաստանի տնտեսական ու քաղաքական կապերը շատ ամուր պետք է լինեն: Չինաստանն ունի Մետաքսի ճանապարհը: Դրա մի շատ կարևոր հանգույց Իրանով է գալու, և եթե ինչ-որ ժամանակ հետո մենք ունենանք Հյուսիս-Հարավը, այդ կտորը աշխատելու է թե՛ Մետաքսի ճանապարհի համար, թե՛ Հյուսիս-Հարավի՝ դեպի Սանկտ Պետերբուրգ գնացող վերջնարդյունքի համար: Եթե անգամ տեսականորեն ընդունենք, որ Միջին միջանցքն աշխատելու է, Հյուսիս-Հարավն ու Միջին միջանցքը Հայաստանի տարածքում են հատվելու, իսկ դրա հիմնական շահառուներն են լինելու Հնդկաստանը, Չինաստանը, Իրանն ու Ռուսաստանը: Հետևաբար՝ տնտեսական առումով ԲՐԻԿՍ-ի շատ կարևոր 4 երկիր, որոնց հետ ունես նաև ռազմաքաղաքական համագործակցություն, բնական գործընկեր են դառնում մեզ համար՝ որպես հակաթուրանական երկրներ:
  • Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունը ոչ թե չի քննարկել, այլ իրենց թույլ չեն տվել ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ ներկայացնել հակաԲՐԻԿՍական երկրները:
  • Փաշինյանն ամեն ինչ կանի, որ իշխանություն չկորցնի, որովհետև իր ու իր շրջապատի համար իշխանությունը կենսականության երաշխիք է: Եթե մեր նախկին իշխանությունները նման վտանգ չեն ունեցել, ապա այս իշխանության պարագայում իշխանության կորուստը ոչ միայն լծակների կորուստ է, այլև կենսականության:
  • ՔՊ-ի ներքին խժդժությունները քաղաքական ենթատեքստ չունեն. դրանք ազդեցության, ֆինանսական ռեսուրսների վերաբաշխման նպատակ ունեն: Սովորաբար այդպիսի գզվռտոցները տեղի են ունենում, երբ երկրի ներսում ընդդիմությունից վտանգ չեն տեսնում: Այսինքն՝ իրենք համախմբվելու մոտիվացիա չունեն: Իրենք մտածում են, որ հաղթահարել են 2025 և 2026թթ. և մտածում են 2031թ. վերընտրվելու մասին:
  • Մեր էպոսը հուշում է, որ ծայրահեղ դեպքերում, երբ վիճակը վատ է, գտնվում են անհատներ, որոնք կա՛մ հարց են լուծում, կա՛մ իրենց հետևից տանում են սահմանափակներին: Մեր վերջին 5000 տարվա պատմության մեջ համաժողովրդական զարթոնք մատների վրա կարելի է հաշվել: Միակը երևի 1988-1990թթ. շարժման ժամանակ էր:
  • Արցախյան առաջին հերոսամարտում մենք հաղթանակեցինք, որովհետև սովետական կրթության ժամանակահատվածում նաև ազգային գաղափարախոսություն ձևավորած սերունդն էր առանցքում: Դրանից հետո մենք ոչինչ չարեցինք, որ ազգային գաղափարախոսությունը դառնա դոմինանտ: Գլոբալիզմի և ազգայինի միջև մենք ընտրությունը կատարեցինք գլոբալիզմի օգտին:
  • Քանի դեռ մենք՝ անհանգիստներս, անտարբերներին չենք կարողանում դարձնել անհանգիստ և չենք կարողանում Փաշինյանին սատարողներին ձեռք մեկնել, որ ճիշտ ուղղության վրա դնենք, մենք դատապարտված ենք:
  • Եթե դու քո հանրությանը չես պատրաստում անձնազոհության, դու ոչնչի չես հասնի: Ժողովուրդն ամեն ինչ տեսնում է: Եթե տեսնում է, որ մարդը պատրաստ է իր համար մեռնի, ինքը պատրաստ է նրա հետ գնալ մեռնելու: Այսօր գնահատելի է այն քաղաքական գործիչը, ով ունակ է ինքնազոհության, ով մահապարտի շապիկ հագնելու կարողություն է ցուցադրում: Ու ժողովուրդը դրանով վարակվում է:

  • Եթե նույնիսկ Փաշինյանն ինչ-որ թուղթ ստորագրեց, միանշանակ գնալու է արտահերթ ընտրությունների: Դա են ենթադրում քաղաքագիտական կանոնները: Դա կլինի 2025թ. մարտ-մայիս ժամանակահատվածում: Եթե չստորագրի, պետք է գնահատել՝ ավելի շատ իրեն ձեռք է տալիս, որ գնա արտահերթի, որպեսզի ընդդիմադիր դաշտը կոնսոլիդացվելու հնարավորություն և ժամանակ չունենա: Եթե լինեն արտահերթ ընտրություններ, դաշինք չի կազմվելու: Լինելու են 3-4 ընդդիմադիր ուժեր, որովհետև իրականում պայքարը ոչ թե փրկվելու, այլ իշխանություն ձեռք բերելու համար է: Ու եթե ընդդիմությունը մասնատված գնա ընտրության, ապա այս իշխանությունները վերընտրվելու են, բայց այս անգամ նրանք իշխանություն կձևավորեն արևմտամետների՝ հակառուսականների հետ կոալիցիայով: Ընդդիմությունը պետք է լինի միասնական և ամուր: Ամեն մարդ ինքն իր կշիռը գիտի: Եթե զգում են, որ խանգարում են, պետք է հետ կանգնեն: Իրական համախմբում է պետք՝ պետությունը փրկելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս