«Տարածաշրջանային», «արտատարածաշրջանային» ձևակերպումներն ուրիշների տրամաբանությունն է. չպետք է ուրիշների օրակարգերի հետևից ընկնենք․ քաղաքագետ
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած «3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափով երրորդ հանդիպումը նախօրեին մեկնարկել է հենց Թուրքիայում։ Տարածաշրջանային 3 երկրներից միայն Վրաստանը չի մասնակցում հարթակին․ վրացական կողմը հայտարարել է՝ չի աշխատում այդ ֆորմատով։ Հարթակում ընդգրկված են նաև Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան։
Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկել են խաղաղ համաձայնագրի շուրջ աշխատանքներն ավարտին հասցնելու համար օգտագործել «3+3» հարթակը՝ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ տարածաշրջանում սպառնալիք համարելով արտատարածաշրջանային երկրներին։
Իբրև հնարավորությո՞ւն, թե՞ մարտահրավեր պետք է դիտարկել «3+3» ձևաչափը՝ հարցադրումն, ըստ քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանի, չի արտացոլում իրականությունը։
«Իրականությունն այն է, որ «3+3» ձևաչափը կա, և մենք չենք կարող մեկուսանալ այդ հարթակից, մյուս կողմից՝ պետք է հասկանալ, որ «3+3» ձևաչափով ոչ մի խնդիր չի կարող գտնել մեր շահերին հարմար լուծում»,- 168․am-ի հետ զրույցում պարզաբանեց Հրանտ Միքայելյանը։
Ըստ նրա՝ այս հարթակը, հնարավոր է՝ Հայաստանի համար նույնիսկ ռիսկեր առաջացնի, բայց ՀՀ-ն մեկուսանալ չի կարող։
Անդրադառնալով հարթակում արտարածաշրջանային ուժերի մասին Հայաստանին ուղղված ակնարկներին ու այդ համատեքստում մեր դիտարկմանը, թե ՀՀ իշխանություններն արդյոք ճի՞շտ են վարվում՝ դիվերսիֆիկացնելով արտաքին քաղաքականությունը՝ քաղաքագետն արձագանքեց․
«Հայաստանը չի դիվերսիֆիկացնում իր արտաքին քաղաքականությունը․ Հայաստանն ուղղակի վեկտորն է փոխում, այսինքն՝ հրաժարվում է ռուսական ուղղությունից, բոլոր հնարավորություններից, որոնք կան այդ ուղղության վրա, և գնում են դեպի Արևմուտք։ Դիվերսիֆիկացիան այն է, երբ ունես մի բան, որին մեկը հավելում ես։
Ինչ վերաբերում է «տարածաշրջանային», «արտատարածաշրջանային» ձևակերպումներին, ապա այդ տրամաբանություններն ուրիշների տրամաբանությունն է․ մենք պետք է ձգտենք հայանպաստ լուծումների, ու թե որոնցով դա կլինի՝ տարածաշրջանայինով կամ արտատարածաշրջանային, էական չէ։ Թուրքիան տարածաշրջանային խաղացող է, Հնդկաստանը՝ արտատարածաշրջանային՝ մեզ ո՞ւմ հետ է ձեռք տալիս։
Այսինքն՝ մենք մեր բառապաշարով պետք է խոսենք ու տեր կանգնենք մեր շահերին․ չպետք է որևէ մեկին բացառենք, բայցև՝ չպետք է ուրիշների օրակարգերի հետևից ընկնենք։ Պետք է ստեղծենք այնպիսի միջավայր, որով մեր հարցերը լուծվում են մեր օգտին»։
Վերջինի համար, ըստ քաղաքագետի, Հայաստանը պետք է մշակի արտաքին հարաբերությունների այնպիսի ռազմավարություն ու անվտանգային ճարտարապետություն, որով ունակ կլինի պաշտպանել Հայաստանի ու Արցախի, հայ ժողովրդի երկարատև շահերը՝ չտրվելով ուրիշների օրակարգերին՝ լինի ԱՄՆ, ՌԴ, Թուրքիա և այլն։
Հրանտ Միքայելյանը, սակայն, նաև շեշտեց՝ այս իշխանությունն ունակ չէ նման ռազմավարության մշակմանն ու կիրարկմանը։