Իշխանության մերկապարը՝ իջեցված նշաձողի շուրջ
Ադրբեջանի հետ ներկայումս բանակցվող տեսքով խաղաղության պայմանագիր կնքելու գլխավոր նախապայմանը հայ հասարակության արժանապատվության բացակայությունն է։ Նույնը՝ նաև Թուրքիայի հետ «ավելի արդար աշխարհի» էրդողանական պատկերացումներով հարաբերությունների դեպքում։ Հայաստանի ու ամենացավալի, բայց միևնույն ժամանակ՝ արդարացի բնորոշումը արժանապատվության պակասն է։
Վերջերս այդ մասին հայտարարեց անգամ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը՝ արցախահայերի վերադարձի ապահովումն Արցախ գնահատելով՝ որպես հայ հասարակության արժանապատվության վերականգնմանն ուղղված կարևոր քայլ։
Այսինքն՝ չնայած անկախության, ինքնիշխանության վերականգնման մասին իշխանությունների մանիպուլյացիաներին, հայկական արժանապատվության խոցվածությունը տեսանելի է անգամ դրսից։
Ներքին կյանքում, սակայն, դա գիտակցված կերպով անտեսվում է և պետականորեն վարվում է ոչ թե արժանապատվությունը վերականգնելու, այլ այդ հասկացությունը հանրային գիտակցությունից ու արժեբանությունից իսպառ վերացնելու քաղաքականություն։ Չկա արժանապատվություն, չկա նաև անարժանապատվություն։ Ինչպես որ չկա Արցախ, չկա նաև Արցախի ուրացում։ Չկա հայրենիք, չկա հիշողություն, չկա հայրենիքի դավաճանություն ու չկա մոռացում։
Արժանապատվության վերացումը նաև իշխանությունը պահպանելու, եթե հաջողի՝ հավերժացնելու ճանապարհ է։ Արժանապատվության թեկուզ փոքր չափաբաժնի դեպքում խաղաղության պայմանագիրն Ադրբեջանի, հարաբերությունների հաստատումը Թուրքիայի հետ ՀՀ իշխանությունների պատկերացրած ձևով՝ չի կարող չառաջացնել հանրային մեծ ընդվզում։
Արժանապատվությունը բաղկացած է հիշողությունից, հիշատակից, սրբություններից, հավատից, դավանանքից։ Հենց դա է պատճառը, որ իշխանությունը հերթով պայքարում է թվարկված բոլոր երևույթների դեմ։ Հիշողության բացակայությունը թույլ կտա ժպիտով ընդունել ընդամենը մի քանի տարի առաջ ազգակցին սպանած ադրբեջանցու ձեռքը, հիշատակի անտեսումը ճանապարհ կբացի նախնիների գերեզմանը պղծած ադրբեջանցու կամ թուրքի հետ առևտրի համար, սրբությունների մոռացումն ու հավատքի արժեզրկումը մոռացության կմատնի նախնիների և սերնդակիցների ցեղասպանությունը։
Ասվածն ամենևին չի նշանակում հայ-ադրբեջանական մշտական թշնամություն կամ չկարգավորված հավերժ հարաբերություններ Թուրքիայի հետ։ Պարզապես թե մեկի, թե մյուսի դեպքում դա հնարավոր է միայն հայկական արժանապատվության պահպանման, առնվազն չոտնահարման դեպքում, ինչը, սակայն, իշխանությանը մազաչափ անգամ չի հուզում։
Հայաստանն ապրում է անարժանապատվության արատավոր շղթայում, որի վերջնանպատակը հասարակության ամբողջական պատվազրկումն է՝ իշխանության ցանկացած քայլ առանց ընդվզման ընդունելու համար։
Եվ պատահական է, թե ոչ, բայց Հայաստանում հիմա որոշումներ են կայացնում մարդիկ, որոնք լրջագույն կոնֆլիկտներ ունեն անձնական արժանապատվության հետ, ինչի տասնյակ վկայությունները կան մամուլում՝ անհատապես իրար անվանարկելու, ամենավերջին որակումներով պիտակավորելու ու հետո հանուն իշխանության այդ ամենը մոռանալու մասին։ Սեփական արժանապատվությունը վերականգնելու անհնարինության պատճառով նրանք անում են ամեն ինչ հասարակությանն արժանապատվությունից զրկելու համար։ Պարգևավճարը շատ մեծ է՝ պահպանել հարբած ծաղրածուների, անբարոյականի վաստակների իշխանությունը, որի քարոզով կշարունակի զբաղվել անկախ տարիքից նատաշկայի կարգավիճակին հավատարիմ պրոպագանդիստը։
Հարություն Ավետիսյան