1/33 տարի անց․ վերջին ընտրությունը
Այսօր Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի ու արցախահայերի նկատմամբ էթնիկ զտման, բռնի տեղահանության առաջին տարելիցն է։ 2023–ի այս օրը սկսված դժոխային իրադարձություններին զոհ դարձած հարյուրավոր արցախահայերի մահվան տարելիցը։ Հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ ամենաողբերգական ու խայտառակ կորստի տարելիցը։ Սեփական հայրենակիցներին անօգնական թողնելու ու թշնամական վայրագությունների վտանգին հանձնելու ամոթի տարելիցը։
Անցած մեկ տարում տեղի ունեցած իրադարձությունների, Արցախի ու արցախահայերի դեմ Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների կողմից գրեթե սինխրոն իրականացված կեղտոտ քարոզչության համապատկերում, այս տարելիցը նշվելու է միայն արցախահայերի ու Հայաստանում Արցախի կարևորությունն ու հայկականությունը գիտակցող շրջանակների կողմից, որոնց մեջ իշխանությունը, բնականաբար, չի մտնում։ Եթե ավելի ուղիղ՝ այսօրվա տարելիցը նշվելու է ի հեճուկս իշխանությունների, որովհետև վերջիններիս համար, իրենց իսկ խոստովանությամբ, Արցախի կորուստը ոչ թե ողբերգություն էր, այլ Հայաստանի իրական անկախության հաստատման հանգրվան, և սեպտեմբերի 19–ը անգամ որոշ ՔՊ–ականներ առաջարկում են նշել՝ որպես անկախության տոն։
Բայց մինչ այդ դիվային ցանկությունն իրականություն կդառնա, այսօրվա ողբերգական տարելիցից երկու օր անց Հայաստանը նշելու է անկախության ոչ հոբելյանական, բայց խորհրդանշական 33–ամյակը։ Նշելու է ոչ թե այն գիտակցումով, որ անկախության նվաճման գործընթացը եղել է արցախյան շարժման օրգանական շարունակությունը, որ հենց Արցախն է դարձել նորանկախ Հայաստանի պետականության կարևորագույն հիմնասյունը, այլ այն սատանայական մտասևեռմամբ, որ Արցախի կորուստն է ապահովել Հայաստանի անկախությունը։ Տոնական ղալմաղալի մեջ չի ասվելու, որ Հայաստանն անկախության այս տոնն առաջին անգամ նշելու է առանց Արցախի, նշելու է վերջին տասնամյակներում ամենաթուլացած, ամենախեղճացած, ամենաոչանկախ պայմաններում։
Հանդիսավորության աղմուկը, իհարկե, հասարակության մեծամասնության համար բթացնելու է առանց իրական անկախության ձևական անկախությունը տոնելու տհաճ զգացողությունը։ Հասկացություններն ու արժեքները ձևախեղվել են այնպես ու այնքան, որ իշխանությունը կարողացել է մարդկանց ոչ փոքր հատվածի համոզել, որ պարտությունը կարող է համարվել հաղթանակ, զիջողականությունը՝ նվաճում, նվաստացումը՝ հպարտություն․․․
Նույն կերպ էլ այլասերվել է անկախության գաղափարը։ Ինչպես պետության պարագային, այնպես էլ անկախության դեպքում իշխանությունը, զրոյացնելով դրա բովանդակությունը, հաջողել է ձևի ներկայացման մեջ։
Իրական անկախության գրեթե անդառնալի հարվածներ հասցրած իշխանությունը, ահա, հասարակությանը վաճառում է անկախության պատրանք, օրինակ՝ աշխարհաքաղաքական մի բևեռից ունեցած անթույլատրելի կախվածությունը հակադիր բևեռից բազմապատիկ բարձր կախվածությամբ փոխարինելու քաղաքականությունը ներկայացնելով՝ որպես անկախացում։ Պատրանքի առանձնահատկությունն այն է, որ այն չունի խորք ու շերտեր և հեշտորեն սպառվում է քարոզչական շուկայում։ «Իրական Հայաստանն» էժանագին գովազդային ապրանք դարձրած այս իշխանությունն ամենայն իրականը վերածում է պատրանքի՝ պետության պատրանք, ինքնիշխանության պատրանք, անկախության պատրանք։
Ի թիվս այլ գործոնների, դա հնարավոր է դարձել այն պատճառով, որ որպես ժողովուրդ՝ մենք սարսափելիորեն հեռացել ենք ամենայնի բովանդակությունից՝ տուրք տալով ձևին։ Պատրանքները, սակայն, երկար ժամանակ շարունակվելու դեպքում՝ ցնորքի վերածվելու հատկություն ունեն։ Եվ լայն առումով, հայ ժողովրդի այսօրվա ընտրությունը ոչ թե հերթական կամ արտահերթ ընտրություն է, ոչ թե այս կամ այն իշխանության ընտրություն է, այլ գուցե վերջին ընտրությունն է՝ պահպանելու պետությունն ու անկախությունը, կամ թույլ տալու, որ դրանք վերածվեն ցնորքի։
Հարություն Ավետիսյան