Ալիևի ներկայացուցչի գաղտնազերծումները, Էդմոն Մարուքյանի «բացահայտումները» և Գորիս-Կապան ճանապարհի հանձնման օպերացիան. Փաստերի հետքերով

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն «Ազատության» տարածաշրջանային թղթակից Ջոշ Կուչերային տված հարցազրույցում մի քանի գաղտնազերծում է արել Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևի հետ պայմանավորվածությունների վերաբերյալ:

Ալիևը հերթական անգամ գաղտնազերծում է Փաշինյանի հետ գաղտնի պայմանավորվածությունները

Էլչին Ամիրբեկովը մասնավորապես նշել է, որ ՀՀ սահմանադրության փոփոխության հարցը Փաշինյանը քննարկել է նաև իրենց հետ:

Իսկ խաղաղության պայմանագրի միակ ու հիմնական խոչընդոտն Ադրբեջանը համարում է Հայաստանի Սահմանադրությունը, և նրան երաշխիք է պետք, որ «Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն անհնարին կդարձնի ապագայում որևէ վերադարձ ռևանշիզմին կամ Ադրբեջանի նկատմամբ տարածքային որևէ պահանջի»:

Կարդացեք նաև

«Տարածված կարծիք կա, թե կարևոր է հնարավորինս շուտ ավարտին հասցնել խաղաղ բանակցությունները և գուցե պայմանագրի նախագիծը ստորագրել նոյեմբերին՝ COP29-ի շրջանակներում։ Բայց մենք կարծում ենք, որ դա իմաստ չի ունենա՝ առանց անդրադառնալու Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրության մեջ։

Ավելին, ես կարծում եմ, որ դա կարող է հակաարդյունավետ լինել, քանի որ համաձայնագրի նախագծի հապճեպ ստորագրման դեպքում, եթե իրավական խութեր մնան, դրանք կարող են թույլ տալ Հայաստանին ապագայում վերակենդանացնել իր տարածքային պահանջները, երբ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխվի իրենց օգտին»,- ասել է Ամիրբեկովը՝ ակնարկելով, որ, եթե ՀՀ գործող սահմանադրությունն անփոփոխ մնա, ՀՀ հաջորդ կառավարությունը կարող է դիմել Սահմանադրական դատարան և Խաղաղության պայմանագիրը հակաօրինական ճանաչել:

Ամիրբեկովի հարցազրույցից կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ սահմանադրությունը փոխելու համար ժամանակ է խնդրել Ալիևից, ինչն առաջին անգամ չէ:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի օրերին Ալիևը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով է 2018-2020 թվականը հրադադարը պահպանված եղել:

«Հրադադարի ռեժիմը 2 տարի պահպանված և վերականգնված է եղել ՀՀ վարչապետի խնդրանքով: Նա խնդրել էր ինձ, թե՝ ներքին իրավիճակը ծանր է, ինձ բոլոր կողմերից ճնշում են, տվեք ինձ ժամանակ, և ես այդ հարցը կլուծեմ: Ասել էր՝ «ես եկել եմ նոր գաղափարներով, ջնջել եմ այն ամենը, ինչ եղել է անցյալում, տվեք ինձ հնարավորություն և ժամանակ»: Ես պատասխանել եմ՝ լավ: Եվ ինչ եղա՞վ, մեկ տարի հետո նա հայտարարեց՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»,- մանրամասնել էր Ադրբեջանի նախագահը, ըստ էության, հաստատելով Փաշինյանի հետ Արցախի հարցի շուրջ վերելակային պայմանավորվածության մասին, սրանից առաջ Փաշինյանն էլ հայտարարել էր, որ Ալիևն իրեն խնդրել է Ադրբեջանի ներքաղաքական վիճակի մասին չխոսել:

Ինչևէ, փաստն այն է, որ Ալիև-Փաշինյան բանավոր պայմանավորվածություն եղել է: Հիմա փաստորեն հերթական դեպքն է:

2020 թվականի նոյեմբերյան եռակողմ հայտարարության իրավական ուժը. Ինչու Փաշինյանը հետ չի վերցնում իր ստորագրությունը

Ի դեպ, առավել ուշագրավ է, որ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը վերոհիշյալ հարցազրույցում ասել է, որ Փաշինյանն ադրբեջանական կողմի հետ ինչ-ինչ պայմանավորվածություններ ունի նաև Ադրբեջանը Նախիջևանին միացնող ճանապարհի հարցում, որը Բաքվում կոչում են «Զանգեզուրի միջանցք»:

«Մենք հասկացանք, որ չենք կարող տեսանելի ապագայում ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը, եթե Սահմանադրության խնդրից բացի, ևս մեկ տարաձայնություն թողնենք՝ հաղորդակցության ուղիների բացումը։ Ուստի, փոխադարձ համաձայնությամբ որոշեցինք այս պարբերությունը հանել խաղաղության պայմանագրից ու դրան վերադառնալ հետագա փուլում: Երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, երկու պատվիրակությունները կամ երկու երկրները կարող են վերսկսել քննարկումները՝ գտնելու իրենց համար ընդունելի բանաձև Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը վերաբացելու համար»,- գաղտնազերծել է Ամիրբեկովը:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարում էր, որ իրադարձությունները «ջրել են» 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունները, ամեն դեպքում ընդունում է դրա ուժի մեջ լինելը:

«Իրադարձություններն են «ջրել» նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, մենք չենք «ջրել», մեր ստորագրությունն այնտեղ է, բայց հիմա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը որևէ մեկը կարդացե՞լ է, այնտեղ գրած որևէ բան այսօր իրականության մեջ կա՞: Եթե մեզնից ուզում են, մեզ հարց են տալիս 9-րդ կետի վերաբերյալ, մենք 9-րդ կետի վերաբերյալ ոչ մի պրոբլեմ չունենք: «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ճշգրիտ արտահայտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը»,- 2023 թվականի դեկտեմբերին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր Փաշինյանը:

Իսկ 2023 թվականի հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել էր.

«Այսինքն, այդ տեքստում չկա գրած, որ եթե ՀՀ վարչապետն անի այս կամ այն բնույթի հայտարարություններ, տեքստի բովանդակությունը համապատասխանաբար կփոխվի: Ինչ էլ հայտարարած լինեմ, դա չի փոխելու եռակողմ հայտարարության բովանդակությունը: Սա է ամբողջ պատմությունը: Այսօրվա ասուլիսում ձեր տված որևէ հարց, կամ իմ տված որևէ պատասխան էլի չի փոխելու: Մենակ մի բան կարող է փոխել այդ հայտարարության տեքստը՝ եթե ես ասեմ, որ մենք դուրս ենք գալիս, հետ ենք վերցնում մեր ստորագրությունն այդ հայտարարության տակից: Մենք նման բան չենք հայտարարում»:

Ի դեպ, այս տարվա ապրիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «COP-29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ անդրադարձել էր  եռակողմ հայտարարության 9-րդ կետին՝ նշելով, թե՝ եթե այդտեղ չկա «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը՝ դա դեռ ոչինչ չի նշանակում:

«Բայց այնտեղ գրված է, որ Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային հաղորդակցություն, որի նկատմամբ վերահսկողություն պիտի իրականացվի Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության ուժերի կողմից: Այս հայտարարությունը ստորագրել են ՌԴ նախագահ Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ես: Եվ արդեն 3 տարի է՝ Հայաստանը փաստացի խախտում է այս պայմանը: Իսկ հիմա էլ փորձում են, այսպես ասած, ազատվել այդ իրավիճակից: Բայց դա հնարավոր չէ»,- շեշտել էր Ալիևը:

Նիկոլ Փաշինյանի երբեմնի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը օրերս «Ազատության» հետ հարցազրույցում հարց է բարձրացրել՝ Հայաստանն ինչո՞ւ դուրս չի գալիս 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթից, երբ դրանից բխող իրողություններից ոչ մի բան չի մնացել, բայց Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել կատարել եռակողմի 9-րդ կետը:

«Ուզո՞ւմ է կատարի այդ 9-րդ կետը։ Ի՞նչ է ուզում Հայաստանը»,- շարունակել է իր հարցադրումը նա:

Ըստ էության, վերևում մեջբերված Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «մենք 9-րդ կետի վերաբերյալ ոչ մի պրոբլեմ չունենք, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ճշգրիտ արտահայտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը», և Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի գաղտնազերծումը տալիս է այս հարցի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանն ուզում է կատարել 9-րդ կետը:

Եվ եթե Էդմոն Մարուքյանը կարծում է, որ Հայաստանը պետք է 2020 թվականի նոյեմբերյան եռակողմ հայտարարությունից դուրս գալու իրավական գործընթաց սկսի, ապա նախ պետք է պատասխանել հետևյալ հարցերին՝ նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունն իրավական ի՞նչ ուժ ունի, առհասարակ, սա իրավական առումով ի՞նչ փաստաթուղթ է, իրավական առումով ի՞նչ խնդրահարույց կետեր կան այդ փաստաթղթում, այլապես միայն քննարկել դրա կապիտուլյացիոն լինել-չլինելը բավարար չէ:

2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող յութուբյան իր թողարկումներում, որի շրջանակում մոտ 10 օր առաջ Էդմոն Մարուքյանը հատուկ անդրադարձել է 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությանը, որտեղ, ըստ էության, անտեսել է եռակողմ հայտարարության մեջ առկա կետերի՝ միմյանց հակասելու փաստը և այլ կարևոր հանգամանքներ, այդ թվում՝ կատարված խմբագրումները, որոնց 168.am-ը ոչ մեկ անգամ մանրամասն անդրադարձել է իր վերլուծություններում, և որոնք եղել են և՛ Լաչինի միջանցքին, և՛ ապաշրջափակմանը վերաբերող կետերին:

Նա շեշտը դրել է 4-րդ կետի վրա՝ ակնարկելով, որ ՊԲ-ն դեռ 2020-ին պետք է լուծարվեր և եղած սպառազինությունը դուրս բերվեր Արցախից, որն անցավ Ադրբեջանի հսկողության տակ:

Նշենք, որ 2020 թվականի եռակողմ հայտարարության 4-րդ կետը սահմանում է՝ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»:

«Այստեղ տարատեսակ մեկնաբանության տեղիք է տվել այն հանգամանքը, որ ասվում է՝ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»: Եվ երբ մենք ասում էինք, որ զինված ուժեր չունենք, մենք զինվորներ չէինք տալիս Լեռնային Ղարաբաղին, Ադրբեջանն ասում էր՝ կներեք, բայց այնտեղ կարող է սիրիական ուժեր են կանգնած, վրացական ուժեր են կանգնած, ամերիկացիներ են, ովքե՞ր են էդ մարդիկ, Պաշտպանության բանակը հայկական ուժերը չե՞ն: Մենք ասում էինք՝ դա Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակն է, և իրենք ասում էին՝ ոչ, դա ձեր զինված ուժերն է, հանեք: Դուք 4-րդ կետը չեք կատարել, մենք ասում էինք՝ կատարել ենք:

Հիմա հարց է առաջանում՝ եթե մենք ունենայինք իրավիճակ, որ երբ Ալիևը պահանջում էր ամբողջ զինված ուժերն այնտեղից հանել, ԼՂՀ առաջնորդները ՀՀ ղեկավարության հետ միասին որոշում ընդունեին՝ ի կատարումն 4-րդ կետի, Լաչինի միջանցքով հանեինք, էսօր իրար չէին մեղադրի. 1.5 միլիարդի զենքը թողել եք Լեռնային Ղարաբաղում, որը դարձել է Ադրբեջանի զինված ուժերի մի մասը և վաղը կիրառվելու է մեր դեմ:

Այսինքն, մենք հնարավորություն ունեինք փրկել այդ 1.5 միլիարդ զենքը՝ ըստ այդ փաստաթղթի: Բայց մենք չենք փրկել, որովհետև ունեցել ենք այն նարատիվը, որ դա Լեռնային Ղարաբաղի ՊԲ-ն է»,- յութուբյան իր թողարկման մեջ ասել է Մարուքյանը՝ հավելելով, որ միևնույն է՝ ՊԲ-ն չէր կարողանալու իրեն պաշտպանել Ադրբեջանի հարձակման դեպքում, իսկ ՀՀ-ն էլ չէր պատրաստվում աջակցել:

Երբ Արցախում 2023 թվականի Ադրբեջանի «հակաահաբեկչական» գործողությունների արդյունքում ՊԲ-ն կազմաքանդվեց և զինաթափվեց, 168.amգրել էր, որ ՊԲ կազմաքանդման հիմքը դրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Բայց սա չի նշանակում, որ ՊԲ-ն պետք է 2020 թվականին կազմալուծվեր, ինչպես ճիշտ է գտնում Էդմոն Մարուքյանը՝ շրջանցելով խորքային մի շարք հանգամանքներ:

Առաջին, եռակողմ հայտարարության առաջին կետը սահմանում է. «Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարի մասին՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»:

Բայց մեկ էլ 2-րդ կետով Աղդամը և 6-րդ կետով Քարվաճառի շրջանները անկրակոց վերադարձվում են Ադրբեջանին: Իսկ 4-րդ կետում էլ նշվում է՝ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»:

Փաշինյանի երբեմնի հատուկ հանձնարարություններով դեսպանը, ով իրավաբան է, այստեղ խնդրահարույց հարցեր չի՞ տեսնում, երբ առաջին կետում խոսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հաստատված հրադադարից հետո կողմերի՝ իրենց զբաղեցրած դիրքերում մնալու մասին, և հետո հայկական ուժերի դուրսբերման մասին:

Ո՞վ պետք է մնար հրադադարից հետո զբաղեցրած դիրքերում, և ի՞նչ հայկական ուժեր պիտի դուրս գային: Այստեղ նույնիսկ այսօր ճիշտ չէ ռազմական որոշակի փակագծեր բացելը, մյուս կողմից, պատերազմից հետո ՀՀ իշխանությունները բացեիբաց հայտարարեցին, որ Հայաստանից Արցախ զորակոչ չի լինելու: Եվ նախքան ասելը, որ ՊԲ-ն պետք է հենց սկզբից կազմաքանդվեր, Էդմոն Մարուքյանը միգուցե հարց բարձրացնի՝ ինչի՞ էր պետք եռակողմ հայտարարության մեջ նման ձևակերպում թույլ տալ, որից Ադրբեջանը օգտվելու էր, հատկապես, երբ ասում է՝ սա կապիտուլյացիայի մասին փաստաթուղթ չէ, Արցախի զգալի հատվածը հայկական վերահսկողության տակ էր, այս դեպքում Արցախն իրավունք չունե՞ր ինքնապաշտպանության: Այլ հարց է՝ գո՞ւցե կարելի էր վերակազմավորել այն, ինչի մասին ինչ-որ ժամանակ Արցախում խոսվում էր:

Բայց ինչպե՞ս կարելի էր հայ բնակչությանն Ադրբեջանի հետ դեմ-հանդիման թողնել՝ առանց ինքնապաշտպանական ուժի: Հիմա Էդմոն Մարուքյանը նորից կասի՝ ՊԲ-ն չպաշտպանեց, ՀՀ ԶՈՒ-ն էլ, գաղտնիք չէ, որ չէր օգնելու: Իսկ ի՞նչ սխալներ թույլ տրվեցին Արցախի և ՊԲ ղեկավարության կողմից, ինչո՞ւ ՀՀ ԶՈՒ-ն չօգնեց, 2023 թվականին առնչվող և դրանից առաջ ԶՈՒ կիրառման պլանով ի՞նչ էր նախատեսված, ի՞նչ չարվեց: Սրանք առանցքային հարցեր են: Եթե նայենք Ալիևի պահանջին, նա պահանջում է, որ Հայաստանը չզինվի՞, չզինվի՞, որովհետև ՀՀ գործող իշխանությունը խաղաղության գնալու խոստո՞ւմ է տվել:

Երկրորդ, 2020 թվականին պատերազմն Արցախում էր, ինչո՞ւ Արցախի ստորագրությունը չկա եռակողմ հայտարարության տակ, այնպես, ինչպես 1994 թվականին էր:

Երրորդ, որքանո՞վ էր ճիշտ, ըստ էության, հրադադարի փաստաթղթում կոմունիկացիաների ապաշրջափակման հարց ներառել, որն առնչվում է ՀՀ տարածքին:

Իսկ այն, որ սա հրադադարի փաստաթուղթ էր, դա հուշում է ոչ միայն առաջին կետը, այլ նաև պատերազմից հետո ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը:

Մասնավորապես, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Դավիթ Տոնոյանը հայտարարել էր.

«Այդ համաձայնագիրը, որն առավելագույնն էր, որ կարելի էր ունենալ ՌԴ խաղաղարար ուժերի տեղակայման առումով: Այսինքն, սա լավագույն տարբերակն էր, որը մշակվեց շատ կարճ ժամանակահատվածում: Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ այդ փաստաթուղթը ավելի շատ խաղաղարար ուժերի տեղակայումն է որոշում: Այսինքն, դա ավելի շատ խաղաղապահներին է վերաբերում»։

Եվ պատահական չէ, որ խաղաղապահներին վերաբերող հարցի շուրջ թեժ բանակցություններ են եղել: Այս մասին ընթացիկ տարվա ապրիլին Ալիևն ինքն էր գաղտնազերծում արել։ 

«2020 թվականի նոյեմբերի 9-ին մենք եռակողմ հայտարարության շուրջ բանակցություններ էինք վարում նախագահ Պուտինի միջոցով, որովհետև որևէ կոնտակտ չկար հայ գործընկերների հետ: Եվ այսպես եղել է մի քանի հեռախոսային խոսակցություն եռակողմ հայտարարության ամեն կետը համաձայնեցնելու համար: Սա շարունակվել է վաղ առավոտից մինչև գրեթե նոյեմբերի 10-ի առավոտ: Դրա համար մենք միշտ ասում ենք, որ հայտարարությունը ստորագրվել է նոյեմբերի 10-ին, որովհետև Բաքվում մոտավորապես գիշերվա ժամը 02:00-02.30 էր: Քննարկվել էր ռուս խաղաղապահների հարցը, և հայկական կողմի դիրքորոշումն այն էր, որ խաղաղապահների համար ժամկետի հետ սահմանափակումներ չպետք է լինեն: Այլ խոսքերով՝ նրանք պետք է ընդմիշտ մնան: Դրան մենք չէինք կարող համաձայնել, և պնդեցինք, որ ժամկետային սահմանափակում լինի: Դա բանակցությունների ամենաբարդ հարցերից մեկն էր, որի շուրջ կողմերը չէին կարողանում համաձայնության գալ: Մեզ համար խաղաղապահներին վերաբերող մասը եռակողմ հայտարարության ամենասկզբունքային հատվածներից մեկն էր: Մեր դիրքորոշումը հետևյալում էր՝ եթե այս հարցի շուրջ համաձայնություն ձեռք չբերվի, ապա ոչ մի հայտարարություն էլ չի լինի և պատերազմը կշարունակվի: Եվ, ի վերջո, Հայաստանը ստիպված եղավ համաձայնել»,- «COP-29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ մանրամասնել էր Ալիևը՝ շեշտելով, որ ռուս խաղաղապահներն օկուպացված Արցախից կարող էին 2025 թվականին դուրս գալ, և, որ ավելի վաղ դուրս գալու որոշումը ՌԴ-ի և Ադրբեջանի համատեղ որոշումն է:

 Գորիս-Կապան ճանապարհի հանձնման հեղինակները. ով ինչ պատասխանատվություն պիտի կրի

Ինչո՞ւ Հայաստանը, Ռուսաստանը չկարողացան կամ չցանկացան տեր կանգնել իրենց ստորագրությանը և ապահովել եռակողմ հայտարարության բուն նպատակի իրականացումը, այ սրան պետք է ոչ միայն քաղաքական, այլև իրավական գնահատական տրվի:

Ավելին, պետք է գնահատական տրվի, թե ինչպես Նիկոլ Փաշինյանն առաջինը խախտեց եռակողմ հայտարարության պահանջը, առաջին կետը, երբ Սյունիքից զորքը հետքաշման հրաման տվեց:

Մյուս կողմից, համապատասխան հուշագիրը դիտարկվում է նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի տրամաբանության մեջ:

168.am-ը դեռ տարիներ առաջ մանրամասն ներկայացրել էր Գորիս-Կապան ճանապարհի հանձնման կամ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի վտանգավոր առաքելության պատմությունը:

Եվ այսպես:

2020 թվականի դեկտեմբերի 18-ին մամուլում և սոցցցանցերում լուրեր էին շրջանառվել, թե Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով գաղտնի պայմանագիր է ստորագրել ռուսական կողմի հետ՝ Սյունիքի դիրքերի պաշտպանությունը հանձնելով ռուս սահմանապահներին, ռազմական գերատեսչությունից 168.am-ին պարզաբանել էին. 

«Պաշտպանության նախարարն ի պաշտոնե չի կարող ստորագրել որևէ փաստաթուղթ, որն առնչվում է ՀՀ սահմաններին: Ըստ այդմ՝ Պաշտպանության նախարարը չի ստորագրել, չէր կարող ստորագրել մի փաստաթուղթ, թեկուզ՝ գաղտնի, որը վերաբերում է ՀՀ-ի, մասնավորապես՝ Սյունիքի սահմաններին»:

Մինչ այս՝ 2020 թվականի դեկտեմբերի 17-ին Վաղարշակ Հարությունյանն այցելել էր Սյունիք: Իսկ դեկտեմբերի 12-ին պաշտպանության նախկին նախարարը մեկնել էր Մոսկվա, իսկ դրանից առաջ էլ՝ նոյեմբերի 21-ին, ՌԴ նախարար Սերգեյ Շոյգուն էր եկել Հայաստան:

Այցի ավարտին Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն ստորագրել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործողությունների շրջանակը կարգավորող փաստաթղթերի փաթեթ:

2020-ի դեկտեմբերի 20-ին՝ պատասխանելով «Զինուժ մեդիա»-ի հարցերին, Վաղարշակ Հարությունյանն, ըստ էության, հաստատել էր, Գորիս-Դավիթ Բեկ, Կապան-Ճակատեն ճանապարհների մասով շրջանառված փաստաթղթի բովանդակությունը:

«Ռուսաստանի և Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ են տալիս ասել, որ այդ ճանապարհների անվտանգությունն ապահովված է,- պնդել էր Հարությունյանը՝ ասելով,- Գորիս-Դավիթ Բեկ 21 կիլոմետրանոց ճանապարհը հսկողության տակ են վերցնում ռուսական խաղաղապահ զորքերը։ Մեր սահմանապահ զորքերը կանգնում են մեր տարածքում և վիզուալ վերահսկում են այդ ճանապարհը՝ ապահովելով երկրորդ շերտի անվտանգությունը։ Մեր սահմանապահ զորքերի հետևում կանգնած է մեր բանակը, և ձեռք է բերված պայմանավորվածություն, որ մեր սահմանապահ զորքերի և ճանապարհի այդ հատվածում որևիցե զորք չի լինելու։ Նույնը վերաբերում է Ադրբեջանին. վիզուալ հսկողության տակ ադրբեջանական սահմանապահ զորքերն են, հետևում՝ իրենց զորքը։ Այնտեղ էլ սահմանապահ զորքերի և ճանապարհի արանքում չպետք է լինի որևէ զինված ստորաբաժանում»:

Իսկ 2021թ. փետրվարին համացանցում արդեն տարածվել էր ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների՝ նոյեմբերի 9-ին կնքված համատեղ հայտարարության 9-րդ կետի վերաբերյալ եռակողմ հուշագիրը՝ իր համապատասխան դրույթներով, որով սահմանվում են Գորիս-Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն ավտոճանապարհի անվտանգ օգտագործման պայմանները։

Այս փաստաթղթի առաջին հոդվածում նշվում էր, որ «հայկական կողմը 2020թ. դեկտեմբերի 18-ին դուրս է հանում իր զինված կազմավորումներն Ադրբեջանի Զանգելան և Կուբաթլու շրջաններից»:

Երկրորդ հոդվածը սահմանում էր, որ Գորիս-Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն ավտոճանապարհի անվտանգությունն ապահովում են ՀՀ-ն և Ադրբեջանը՝ համապատասխանաբար այն տարածքներում, որոնք նրանց տիրապետության տակ են։ Այսինքն, այնպես, ինչպես վերևում բացատրում էր Վաղարշակ Հարությունյանը:

Երրորդ հոդվածի համաձայն՝ երկու կողմերը երաշխավորում են մարդկանց, տրանսպորտի, բեռների անվտանգությունն այդ ճանապարհներին, ինչպես նաև՝ այդ ճանապարհներից մինչև սահմանապահ ուժերի տեղակայման վայր ընկած հատվածում այլ զինված կազմավորումների բացակայությունը, խաղաղ բնակչության անվտանգությունը:

Չորրորդ հոդվածով՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ մարմիններն ապահովում են ճանապարհներին անվտանգ շարժը և հետևում, որպեսզի կողմերը կատարեն ձեռք բերված պայմանավորվածությունները։

Հինգերորդ հոդվածում նշվում էր, որ Ադրբեջանն ապահովում է հայկական բնակչության և բեռների տեղաշարժը Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհով և իրացնում այդ ճանապարհահատվածից օգտվելու՝ իր իրավունքը։

Ավելի ուշ ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկմանը Փաշինյանը հիշեցրել էր Պաշտպանության նախարարության (ՊՆ) 2020թ. դեկտեմբերի 19-ի հայտարարությունը:

«Պաշտպանության նախարարությունը 2020 թվականի դեկտեմբերի 19-ին հայտարարություն տարածեց, որտեղ ասվում է. «Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-անոց հատվածը որոշ տեղերում անցնում է վիճարկելի տարածքով: Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափան կազմակերպման նկատառումով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր: Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով: Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքերը Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից: Նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելու են անհրաժեշտ համալիր միջոցառումներ: Առաջիկա օրերին կտրվեն հավելյալ պարզաբանումներ»,- մանրամասնել էր Փաշինյանը:

Իսկ հետո Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ Սյունիքից զորքի հետքաշման հրամանն ինքն է տվել, Վաղարշակ Հարությունյանը միայն կատարել է այն:

Այս տարի 168.am-ը ՀՀ Պաշտպանության նախարարությունից փորձել էր ճշտել՝ Սյունիքից զորքի հետքաշման գրավոր հրաման Պաշտպանության նախարարությունում և Գլխավոր շտաբում չկա՞, ինչին ի պատասխան՝ ՊՆ-ից մեզ հայտնել էին, որ այս հարցի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ տրվել են: Կարո՞ղ ենք ենթադրել, որ գրավոր հրաման չկա:

Ի դեպ, վերջերս ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է, որ ինքը, ԱԳՆ-ն տեղյակ չեն եղել՝ ինչպե՞ս է Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել Բաքվին և ի՞նչ հուշագիր է ստորագրվել Բաքվին հանձնելու համար։

«Անվտանգության խորհրդի ժամանակ տարբեր սցենարներ էին քննարկվում, որովհետև ադրբեջանցիները պահանջներ էին ներկայացրել: Տարբեր քննարկումներ էին գնում, բայց որ ինչ-որ փաստաթուղթ պիտի ստորագրվի, առնվազն ես տեղյակ չեմ եղել: Հետագայում է դա պարզվել, երբ որ պարզվել է, ես դիմել եմ ՊՆ-ին, որ այդ փաստաթուղթը մեզ տրամադրվի, իմ պաշտոնավարման ընթացքում մինչև վերջ այդ փաստաթղթին ես ծանոթ չեմ եղել»,- շեշտել է նա:

Այս համատեքստում հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբեր 15-ին Նիկոլ Փաշինյանի մոտ խորհրդակցություններ էին տեղի ունեցել, 2021 թվականի հոկտեմբերի 28-ին ArmLur.am-ը հրապարակել էր Սյունիքում զորքերի հետքաշման որոշման քննարկումների մասնակիցների ցանկը, որոնց թվում են եղել այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ԱԳ նախարար Արա Այվազյանը, այդ ժամանակահատվածում ՏԿԵ նախարար, այսօր՝ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը, ԱԱԾ սահմանապահ զորքերի արդեն նախկին հրամանատար Արման Մարալչյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Կարեն Աբրահամյանը:

168.am-ի տեղեկություններով, քննարկմանը ներկա մասնակիցները զորքի հետքաշման հարցում չեն տվել իրենց համաձայնությունը, մասնավորապես, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն առաջարկել է բանակցել ռուսական կողմի հետ և փորձել հարցի այլ լուծում գտնել, ինչը, թերևս, չի արվել:

Արդյո՞ք այս քննարկումների ձայնագրությունները կան, թե՞ դրանք Կառավարությունում դարձյալ Նիկոլ Փաշինյանի կաբինետում են տեղի ունեցել, որտեղ տեղի ունեցած խոսակցությունները, ըստ Փաշինյանի, սովորաբար չեն ձայնագրվել: Ենթադրենք՝ այդպես է: Իսկ գուցե այդ քննարկմանը ներկա առնվազն նախկին պաշտոնյաները որոշեն խոսե՞լ, հատկապես, երբ Գորիս-Կապան ճանապարհի հանձնման, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության թեմաները, ըստ էության, փակված չեն, եթե չասենք՝ նորից ակտիվանում են:

Ի վերջո, չպե՞տք է պարզել՝ ով, ինչ չափով է տեղյակ եղել, կամ մեղավոր: Եթե ԱԳՆ-ն տեղյակ չի եղել, ՊՆ-ն ստորագրելու իրավունք չի ունեցել, բայց ստորագրել է, ԳՇ-ն համաձայն չի եղել, սրա համար պատասխանատվություն կրող կամ կրողներ չպե՞տք է լինեն:

Տեսանյութեր

Լրահոս