Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի. շատերին թվում է՝ մարտական գործողությունները հնարավոր է լինեն միայն առաջնագծում, այլ նախադեպեր կան. Վիտալի Մանգասարյան
Մոտ 1 շաբաթ է՝ Կուրսկում բարդ իրավիճակ է այն բանից հետո, երբ ուկրաինական ուժերը ներխուժել էին հակառակորդի՝ ՌԴ տարածք: Կուրսկի մարզի տարածք հակառակորդի ներթափանցման խորությունը կազմում է 12 կմ, ճակատային լայնությունը՝ 40 կմ, երեկվա դրությամբ Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ է գտնվում 28 բնակավայր։
Ուկրաինական տարբեր շրջանակներ հայտարարել են, որ Ուկրաինան երկու ընտրություն ուներ՝ կա՛մ կապիտուլյացիա, կա՛մ պատերազմը տեղափոխել հակառակորդի տարածք, ինչն արել են, որպեսզի բանակցային դիրքերն ամրապնդեն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ Կիևն իր «արևմտյան տերերի» օգնությամբ ձգտում է «ապագայում բարելավել իր բանակցային դիրքերը»՝ հարձակվելով ռուսական տարածքի վրա՝ «ինչի՞ մասին կարելի է ընդհանրապես խոսել նրանց հետ»: Ռուսաստանի ղեկավարը երկրի պաշտպանական գերատեսչության առջև խնդիր է դրել՝ հակառակորդին դուրս մղել ՌԴ տարածքից:
Միաժամանակ, ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, Պուտինը որոշել է, որ հենց իր օգնական, գեներալ-գնդապետ Ալեքսեյ Դյումինը պետք է կոորդինացնի Կուրսկի շրջանում ՌԴ հակաահաբեկչական գործողությունները:
Ի՞նչ զարգացումներ սպասել, այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանի հետ:
– Կարծում եմ, ռուս-ուկրաինական պատերազմը որոշակի իմաստով տրանսֆորմացիայի է ենթարկվում, և առաջին հայացքից կարող է թվալ, որ ուկրաինական կողմը լուրջ հաջողություններ է գրանցում Կուրսկի շրջանում։
Նշեմ, որ հարձակման անցած ուկրաինական ստորաբաժանումները բավականին պատրաստված և «կահավորված» են, և նրանց զգալի մասն ամիսներ շարունակ վերապատրաստում են անցել եվրոպական տարբեր երկրներում։
Անկախ այս հանգամանքից՝ ուկրաինական ստորաբաժանումները շատ չեն կարողանալու խորանալ ՌԴ թիկունք, քանի որ այդ դեպքում թիկունքային ապահովման լուրջ խնդիր կունենան։
Ամեն դեպքում փաստ է՝ նրանց հաջողվել է փոքր ուժերով ճեղքել սահմանը և ներթափանցել թիկունք՝ այդպիսով խնդիրներ ստեղծելով ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի համար։
Արձանագրենք նաև, որ պաշտոնական Մոսկվան երկրի այդ հատվածներում հակաահաբեկչական ռեժիմ է սահմանել, և հետևելով ՌԴ պաշտոնական հաղորդագրություններին և մասնավորապես նախագահ Պուտինի հայտարարությանը՝ կարելի է եզրակացնել, որ Մոսկվան ամենակոշտ քայլերի է դիմելու՝ ընդհուպ մինչև հարվածներ է հասցնելու Ուկրաինայի թիկունքում գտնվող պետական օբյեկտներին, կառավարման հանգույցներին և այլն։
Այս համատեքստում շատ է քննարկվում այն հարցը, թե արդյոք Ռուսաստանը տակտիկական միջուկային զենք կկիրառի՞, թե՞ ոչ։ Այստեղ ուզում եմ հիշեցնել տարիներ առաջ Պուտինի կողմից արած այն հայտարարությունը, որտեղ նա հստակ ասում էր՝ աշխարհում միջուկային զենքի կիրառման հաշիվը 1-0 է, և այդ «մրցավազքում» դեռ հաղթում է ԱՄՆ-ը, և ոչ մի բան չի խանգարում, որպեսզի այդ հաշիվը հավասարվի։
– Այս իրավիճակում, հայ-ուկրաինական հակամարտության համատեքստում Հայաստանն ի՞նչ դիրք պետք է որդեգրի, թեպետ որոշակի չեզոքություն ավելի վաղ խախտվել է:
– Կարծում եմ, այս փուլում հայկական կողմն այդ հարցում հնարավորինս չեզոքություն պետք է պահպանի։ Հայաստանի ցանկացած բարձրաստիճան պաշտոնյա պետք է մտածված և հավասարակշռված մոտենա հարցին, ինչը, ցավոք սրտի, շատ դեպքերում նկատելի չէ։
Օրինակ` ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, մեկնաբանելով ուկրաինական զինված ստորաբաժանումների՝ ՌԴ ներխուժման փաստը, օրեր առաջ հայտարարել էր, որ ուկրաինական զորքերը կարող են հայտնվել նաև Մոսկվայում, և այդ ամենը համեմատել էր 2002 թվականի «Նորդ Օստ»-ի հայտնի ահաբեկչական գործողության հետ, որն այդ տարիներին աշխարհի բոլոր պետությունների կողմից դատապարտվել է։ Նմանօրինակ հայտարարությունները, ինչպես նշեցի, առնվազն այս փուլում ՀՀ շահերից չեն բխում։
– Ի դեպ, Ռուսաստանի պաշտպանության նախարարը ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում հայտարարել է, որ Ռուսաստանը զինված դիմադրության մեջ է Արևմուտքի հետ, և նշել այդ պատերազմում հաղթելու 4 նախապայման. ՌԴ բանակի ժամանակակից սպառազինությամբ, հատկապես գերճշգրիտ զենքով զինում, մարտական գործողությունների վարման նոր տակտիկական հնարքների կիրառում, այդ թվում՝ անօդաչու թռչող համակարգերի և ռոբոտացված համալիրների, արդյունավետ կառավարման համակարգի ստեղծում և ռազմական կադրերի մշտական կատարելագործում: Նոր պատերազմից չապահովագրված ՀՀ բանակն ի՞նչ խնդիր ունի:
– ՀՀ ԶՈՒ տեսանելի և անտեսանելի խնդիրները, ցավոք սրտի, շատ են՝ սկսած կառավարման համակարգի կոմպետենտությունից, վերջացրած ԶՈՒ ստորաբաժանումների առջև դրված խնդիրներով։ Ինչքան էլ իշխանության տարբեր դեմքեր խոսեն բանակի բարեփոխումների և այս կամ այն երկրներից զենքեր գնելու մասին, միևնույն է, խնդիրները շարունակում են չլուծված մնալ, կամ լավագույն դեպքում՝ կիսատ լուծում են ստանում։
Երկար ժամանակով ստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող պաշտոնները մնում են թափուր, օրինակ, հենց այս պահին ԶՈՒ ԳՇ առաջին տեղակալի կարևորագույն պաշտոնը թափուր է։
Մոբ ռեսուրսների ներգրավմամբ զորավարժություններ չեն իրականացվում, ինչը շատ կարևոր է, հատկապես այն պարագայում, երբ ԶՈՒ-ն ձեռք է բերում նոր զինատեսակներ, և այդ ամենը ներդաշնակելու, անձնակազմին մարտականին մոտ պայմաններում կիրառելու խնդիր կա։
– Այսօրվա աշխարհաքաղաքական և անվտանգային մարտահրավերների պայմաններում Հայաստան-Ադրբեջան էսկալացիա հնարավո՞ր է, եթե ոչ՝ ի՞նչ տեսակ գործողություն սպասել:
– Ակնհայտ է, որ Ադրբեջանը մեծ քայլերով պատրաստվում է պատերազմի, դրա մասին են վկայում թե՛ նրանց կողմից պարբերաբար անցկացվող զորավարժությունների սցենարների ուսումնասիրությունը, թե՛ տեղեկատվական դաշտում նրանց կողմից առաջ քաշված թեզերի վերլուծությունը։
Շատերին թվում է, թե մարտական գործողությունները հնարավոր է լինեն միայն առաջնագծում, մինչդեռ մերօրյա իրականության մեջ բազմաթիվ են նախադեպերը, երբ հակամարտող կողմերը ռազմական թիրախներ և ենթակառուցվածքներ են խոցում հենց հակառակորդի թիկունքում, և աշխարհը, մեծ հաշվով, լուռ է մնում այդ ժամանակ։
Այդօրինակ սցենարներին պետական կառավարման ողջ համակարգը պետք է պատրաստ լինի՝ սկսած ուժային կառույցներից, վերջացրած ՏԻՄ ղեկավարներով։ Ցավոք սրտի, ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից այդ վտանգները կա՛մ անուշադրության են մատնված, կա՛մ էլ համապատասխան գիտակցումը բացակայում է։
– Այս օրերին դարձյալ ակտիվացել են խոսակցությունները և կանխատեսումները՝ արդյոք Իրանը լայնամասշտաբ գործողության կգնա՞ Իսրայելի դեմ, կամ՝ պատասխան հուժկու հարված կհասցնի՞, ինչը չի կարող չմտահոգել Հայաստանին: Բայց Ադրբեջանն իր վախերն ունի. մի կողմից՝ Իրանի հետ հարաբերությունները չփչացնելու խնդիր ունի, մյուս կողմից՝ Իսրայելի հետ ռազմավարական հարաբերություններ և մարելու պարտքեր:
– Երբ հուլիսի 31-ին Թեհրանում սպանվեց ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն, շատերը մտածում էին, որ Իրանը հենց այդ նույն օրը հուժկու պատասխան հարված կհասցնի իր դարավոր թշնամի Իսրայելին։
Այս կոնտեքստում կցանկանայի մի քանի դիտարկում անել։ Առաջին, Իրանն էմոցիոնալ ու չհաշվարկված քայլեր կատարելուց շատ հեռու է, երկրորդ՝ պակաս կարևոր չէ այն, որ Իրանում նոր կառավարություն է ձևավորվում, ինչն օբյեկտիվորեն որոշակի ժամանակ է պահանջում։ Այս ընթացքում Իրանը նաև իր դիվանագիտական դիրքերն է փորձում բարելավել և իր թշնամիների հնարավոր դաշնակիցներից եկող վտանգը չեզոքացնել։
Գաղտնիք չէ, որ մեր տարածաշրջանում Իսրայելի դաշնակիցն Ադրբեջանն է, որի տարածքում այս կամ այն պատրվակի տակ տեղակայված են իսրայելական ստորաբաժանումներ, որոնց հիմնական նպատակն Իրանի դեմ աշխատելն է։
Շատ մեծ հավանականությամբ, ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության գործում հենց ադրբեջանական տարածքից որոշակի գործողությունների և միջոցառումների շարք է իրականացվել, ինչի մասին իրանական համապատասխան ծառայությունները, համոզված եմ, տեղյակ են:
Ադրբեջանում տեղակայված իսրայելական ստորաբաժանումների առկայության փաստն օրերս հաստատվեց հենց իսրայելական կողմից, երբ տեղեկություն տարածվեց, որ Իսրայելն արգելել է իր զինվորականներին մնալ Ադրբեջանում Իրանի հնարավոր հարվածների սպառնալիքի պատճառով։
Այս ամենի մասին, բնականաբար, Թեհրանում տեղյակ են, սակայն այս փուլում նրանց շահերից չի բխում Ադրբեջանի հետ առճակատման գնալ, և տարբեր լծակներով փորձում են ազդել Բաքվի վրա: Եվ ՌԴ անվտանգության խորհրդի նախագահ Շոյգուն հենց այդ հարցով էր Իրանից մեկնել Բաքու, որպեսզի Բաքվին տեղեկացնի հնարավոր վտագների և հետևանքների մասին։
Բազմիցս խոսել եմ, որ Ադրբեջանը՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի արդյունքներով պայմանավորված, Իսրայելին պարտք է, և այդ պարտքն ինչ-որ կերպ պետք է մարվի։ Հնարավոր է՝ Ադրբեջանը համարում է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության գործում իր անուղղակի մասնակցությամբ այդ պարտքի առնվազն մեծ մասը մարվել է, և հատկապես Շոյգուի այցից հետո տրամագծորեն հակառակ որոշումներ սկսի կայացնել։
Դրա մասին են խոսում նաև Բաքվից հնչող ջղաձիգ այն թեզերը, թե իբր Ադրբեջանի տարածքում իսրայելական զորքեր չկան: