Փաշինյանական այցերն Ուկրաինա և Անդրանիկ Քոչարյանի՝ Ուկրաինայի ուժերի գործողությունների անզգույշ գնահատականը. ՀԱՊԿ համակարգը կարող է մի օր ՀՀ ազգային շահերի տեսանկյունից օգտակար լինել

Երբ արդեն հայտնի էր, որ ուկրաինական ուժերը մտել են ՌԴ տարածք՝ Կուրսկ, Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը 1in TV-ի հետ զրույցում հայտարարել էր, որ այսօրվա հնարավորություններն օգտագործելով՝ ցանկացած խմբավորում կարող է ներթափանցել Ռուսաստան, այլ հարց է՝ ինչ խնդիր է ցանկանում լուծել՝ դիվերսիոն թափանցո՞ւմ է, ճակատային գործողություննե՞ր են, որոնք փոխում են բնագծերը և այլն:

«Որ ուկրաինական ստորաբաժանումը գտնվում է Կուրսկի մարզում, դա փաստ է, բայց ինչքան կմնա և ինչ խնդիր է լուծելու, կտեսնենք առաջիկա օրերի ընթացքում: Բայց նաև ռուսական զինված ուժերն են գտնվում Ուկրաինայի տարածքում: Հիմա ուկրաինական ինչ-որ ստորաբաժանում հայտնվել է Կուրսկում, կարող էր և հայտնվել: Կարող է ինչ-որ ստորաբաժանում հայտնվեր Մոսկվայում՝ դիվերսիոն խումբ: Ինչի չեչենական պատերազմի ժամանակ էդպիսի խմբեր չէի՞ն հայտնվում, «Նորդ-Օստը» բա ի՞նչ էր»,- նշել է Քոչարյանը՝ հավելելով, որ Ուկրաինայում պահպանվում է դեռ պարտիզանական պատերազմի հիշողությունները:

Հիշեցնենք, որ 2002թ. հոկտեմբերի 23-ին Մոսկվայում 40 չեչեն ահաբեկիչներ պատանդ էին վերցրել Դուբրովկայում գտնվող թատերական կենտրոնի հանդիսատեսին՝ «Նորդ Օստ» ներկայացման ժամանակ, և միայն հոկտեմբերի 26-ին հատուկ ծառայությունների գրոհի արդյունքում ահաբեկիչները ոչնչացվել էին, զոհերի թիվը մի քանի տասնյակ էր: Այսինքն, դա հստակ ահաբեկչական ակտ էր:

Հիմա Բուչա մարդ «ուղարկած» Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանն ի՞նչ է ուզում ասել սրանով:

Կարդացեք նաև

Նշենք, որ տեղեկություններ էին տարածվել, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության անդամ Վլադիմիր Կարապետյանն այցելել են Բուչա:

Ավելի վաղ Աննա Հակոբյանն էր Ուկրաինա մեկնել, ինչը ՀՀ իշխանության ընդդիմախոսներն արկածախնդրություն էին համարել: Այս անգա՞մ ինչի հետ գործ ունենք՝ վրիպակի՞, թե՞ …

Ի դեպ, վերը նշված հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանն անդրադառնալով ՀԱՊԿ-ՀՀ հարաբերություններին, և, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ զորավարժություններին, նշել է, որ երկիրը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ում, որովհետև հույս ունեն, որ այդ համակարգը մի օր կարող է ՀՀ ազգային շահերի տեսանկյունից օգտակար լինել:

Անդրադառնալով ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին Գուրգեն Արսենյանով փոխարինելուն, Անդրանիկ Քոչարյանը նախ նշել է, որ նման որոշում դեռ 9 ամիս առաջ է կայացվել, այնուհետև դիմել է հաղորդավարին՝ դուք ուզում եք, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները սառեցվե՞ն։

«Հարաբերությունները պետք է լինեն գոնե դինամիկ կառավարվող,- ընդգծել է նա և հավելել,- Այնպես չի, որ Արսենյանի ընտրության վրա երբ որ ՀՀ իշխանությունները կանգնեցին, պատկերացում չունեին, թե ինչ խնդիր պետք է լուծի պարոն Արսենյանը: Բնականաբար, տնտեսական և անվտանգային հարցերը ՌԴ-ի հետ շատ կարևոր են, բայց դրան հասնելու համար պետք է չեզոքացնել խանգարող հանգամանքները, դրանք բազմաթիվ են: Մենք ՌԴ-ի հետ ունենք համապարփակ պայմանագրեր, որոնց մի մասը գործում են, մի մասը չեն գործում: Կան պայմանագրեր, որ վերաբերում են սպառազինությանը, մի մասն իրացվել է, մյուս մասը՝ սառեցվել է կամ չի գործում, որովհետև ռուս-ուկրաինական պատերազմը խանգարում է»:

Արդյոք Անդրանիկ Քոչարյանն արտահայտում է իշխանության կամ Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ իր անձնական տեսակետը, որովհետև նա որքան էլ քննադատել է ՀՀ ԶՈւ խորհրդային մոդելը, գտել, որ պետք է առաջնորդվենք արևմտյան մոդելով, այնուամենայնիվ, ՌԴ-ի հետ առնչվող հարցերում անգամ իշխանության ներկայացուցիչներին ի գիտություն՝ հորդորել է դավադրության տեսություններով չառաջնորդվել։

Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանը շատ մտերիմ էր ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, և կարելի է ասել՝ «ազդեցություն էր բանեցնում» նրա վրա:

Հարց է ծագում՝ ի՞նչ չի արել ռուսամետ Վաղարշակ Հարությունյանը, որպեսզի Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն առնվազն դինամիկ կառավարվեն, որ հաջողվելու է անել Գուրգեն Արսենյանին:

Իսկ թե կոնկրետ դեպքում ի՞նչ խաղ է խաղում Անդրանիկ Քոչարյանը, երբ գուցե անզգուշաբար ուկրաինական զորքերին համեմատում է չեչեն ահաբեկիչների հետ՝ ժամանակը ցույց կտա:

Տեսանյութեր

Լրահոս