Սյունիքից զորքի հետքաշման գրավոր հրաման Պաշտպանության նախարարությունում և Գլխավոր շտաբում չկա՞. Ո՞վ պետք է կրի պատասխանատվությունը՝ Փաշինյա՞նը, թե՞ ռազմական ղեկավարությունը
2023 թվականի նոյեմբերին 168.am-ի՝ ՈՄԱ-ի և նրա կառուցած փայտահողային պաշտպանական կետերի («Գմբեթ-1», «Գմբեթ-2») վերաբերյալ գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին.
«ՀՀ պաշտպանության նախարարությունը կամ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը «ՈՄԱ» հասարակական կազմակերպությանն ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել, և «ՈՄԱ»-ն «պաշտպանական երկրորդ գծում», ինչպես նաև ՀՀ ԶՈՒ պատասխանատվության գոտիներում ինժեներական աշխատանքներ չի կատարել և չի կատարում»:
Իսկ «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ Վովա Վարդանովն էլ տարբեր առիթներով շեշտել է, որ ՊՆ-ից թույլտվություն պետք չէ պաշտպանական երկրորդ և երրորդ գծեր կառուցելու համար, դրանց համար իրենց թույլտվություն տարածքի տերերն են տալիս:
Պաշտպանության նախարարությունը հերքում է Վովա Վարդանովին. անցկացվել է ծառայողական քննություն
Բայց 2024 թվականի մարտի 21-ին Լրատվական ռադիոյի հետ զրույցում Վարդանովը, մասնավորապես, նշել էր.
«Տիգրանաշենի շուրջ նման կառույցներ կան, ապրի տեղի զորամասի հրամանատարը, շատ ապրի, որովհետև ինքը դեբիլ չի որոշ հրամանատարների նման, որ մտածեն՝ ինչ կանի նախարարությունը՝ կանի, ոչ, ինքն իր սեփական նախաձեռնությամբ և ՈՄԱ-ի օգնությամբ որոշակի աշխատանքներ է կատարել: Եվ այս պահին Տիգրանաշենը կամ պաշտպանական շրջան է, եթե մենք չենք փոխարինում կամ հանձնում այդ տարածքը թուրքին: Իսկ եթե հանձնում ենք, ապա այն ուժային օղակի մեջ է՝ պաշտպանության հնարավորություններով»:
Հարց է առաջանում՝ տեղի հրամանատարն ինքնագործունեությո՞ւն է թույլ տվել, թե՞ ՊՆ ղեկավարությունը տեղյակ է եղել և թույլ է տվել, և եթե թույլ է տվել, ստացվում է՝ ՈՄԱ-ի հետ այս առումով կա համագործակցությո՞ւն:
Ապրիլի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարություն հասցեագրված մեր գրավոր հարցման միջոցով փորձել ենք ստանալ այս հարցերի պատասխանները, նաև՝ թե ինչո՞ւ է ՊՆ-ն մերժել «Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի (ՀՊԱՀ) բաղադրիչներից մեկը, և դրանով իսկ ամբողջ ՀՊԱՀ հայեցակարգը, ինչպես հայտարարել էր «Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորումը», և, թե ինչի մասին է խոսքը:
Ապրիլի 17-ին մեզ ուղարկված պատասխան-գրության մեջ ՀՀ պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով վերը նշված հարցադրումներին, ըստ էության, հերքել է Վարդանովի հայտարարությունը, թե Տիգրանաշենի հատվածում հրամանատարներից մեկը սեփական նախաձեռնությամբ և ՈՄԱ-ի օգնությամբ որոշակի աշխատանքներ է իրականացրել:
«Առաջին հարցի վերաբերյալ հայտնում ենք, որ անցկացվել է ծառայողական քննություն, որի արդյունքներով հիմնավորվել է, որ բանակային կորպուսի և ենթակա զորամասերի հրամանատարները «ՈՄԱ» հասարակական կազմակերպության հետ Տիգրանաշեն գյուղի տարածքում կառուցված ինժեներական կառույցների վերաբերյալ համագործակցություն չեն իրականացրել:
Իսկ երկրորդ հարցի վերաբերյալ հայտնում ենք, որ համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի մշակման աշխատանքները համակարգվում են ԱԽ գրասենյակի կողմից:
Արդեն իսկ հավանության է արժանացել ՀՀ համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի տեսլականը, իսկ հայեցակարգի հաստատումը նախատեսված է 2024 թվականի տարեվերջին»,- նշվում է ՊՆ գրության մեջ:
Այն, որ այս գործընթացը համակարգվում է ԱԽ գրասենյակի կողմից, մենք շատ լավ տիրապետում ենք, այդ մասին գրել ենք:
Հավելենք, որ 2024 թվականի փետրվարի 1-ին Նիկոլ Փաշինյանին Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդման ժամանակ հարց էր ուղղվել համապարփակ պաշտպանության և անվտանգության վերաբերյալ հայեցակարգի մասին՝ «ճի՞շտ եմ տեղեկացված, որ Դուք հավանություն եք տվել դրա մասին հասարակական կառույցների հեղինակած հայեցակարգին, և այն ընթացակարգային ի՞նչ փուլում է», ինչին Փաշինյանը պատասխանել էր.
«Ոչ միայն ես, այլ նաև Անվտանգության խորհրդում է դա քննարկվել, և Անվտանգության խորհրդում դա հաստատվել է: Դա ինչի՞ մասին է, որ յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր պետական և մասնավոր կազմակերպություն անհրաժեշտության դեպքում պետք է իմանա իր անելիքը, թե ինչ պետք է ինքն անի երկրի պաշտպանունակությունն ապահովելու համար: Ինքը շատ հետաքրքիր կոնցեպտ է, և մի շարք երկրներում դա կիրառվում է»:
Նիկոլ Փաշինյանի պատասխանից տպավորություն է ստեղծվում, որ արդեն իսկ հաստատվել է համապարփակ պաշտպանության և անվտանգության վերաբերյալ հայեցակարգը, ոչ թե տեսլականը, այստեղ ոչ մի խոսք չկա տարեվերջին այն հաստատելու մասին: Սրանից հետո Փաշինյանը խոսել էր ՀՀ զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի մասին:
Իսկ մեր բուն հարցին ՀՀ պաշտպանության նախարարությունը չի պատասխանել՝ ինչո՞ւ է մերժել ռազմամարզական հասարակական կազմակերպությունների առաջարկը: Իսկ գուցե Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանության նախարարությունն ԱԽ գրասենյակ ուղղորդելով, պաշտպանական գերատեսչությունը մերժման պատասխանատվությունն իր դաշտից անուղղակի տեղափոխում է Արմեն Գրիգորյանի ղեկավարած Անվտանգության խորհրդի պատասխանատվության գոտի՞:
3-րդ բանակային կորպուսի ճակատագրի մասին ՊՆ-ն լռում է
Եվ քանի որ մեր հարցումն ուղարկել էինք այն ընթացքում, երբ արդեն օրակարգ էր մտել Տավուշից տարածքներ Ադրբեջանին հանձնելու թեման, ինչի արդյունքում ՀՀ-ն նաև դիրքեր է կորցնելու, ըստ տարբեր տեղեկությունների՝ ավելի քան 2 տասնյակ, մենք փորձել էինք Պաշտպանության նախարարությունից պարզել՝ որքանո՞վ է այս առումով շրջանառվող 24-25 դիրքերի թիվը համապատասխանում իրականությանը, այսինքն՝ կա՞ հաշվարկ, և ի՞նչ է սպասվում ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսին:
Մեր հարցադրումներին պաշտպանական գերատեսչությունը, ըստ էության, չի պատասխանել և սահմանափակվել է՝ նշելով, որ ՊՆ համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է սոցիալական ցանցերում շրջանառվող նյութերը և դրանց ըստ անհրաժեշտության արձագանքում:
Սուրեն Պապիկյանը հետ չի՞ կանգնել իր դիրքորոշումից
2024 թվականի մարտի 20-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ էր դրել 2021-2022 թվականներին ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված ՀՀ ինքնիշխան տարածքի՝ ՀՀ-ին պատկանելիության հանգամանքը, ուստի 168.am-ը ՊՆ-ից փորձել էր նաև ճշտել՝ արդյո՞ք ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հետ է կանգնել իր երբեմնի դիրքորոշումից, և այս պահին քանի՞ քկմ հայկական տարածք է նա համարում օկուպացված 2021-2022 թվականներին, ըստ ՊՆ-ի՝ 2022-ին այն մոտ 139 քկմ էր:
Մեր այս հարցին ի պատասխան՝ Պաշտպանության նախարարությունը պատասխանել է, որ ավելացնելու բան չունեն, անհրաժեշտ տեղեկությունը հրապարակված է:
Այս պատասխանից կարո՞ղ ենք ենթադրել, որ Սուրեն Պապիկյանը Նիկոլ Փաշինյանի նման 2021-2022 թվականներին Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված ՀՀ ինքնիշխան տարածքները չի համարում ադրբեջանական, կամ՝ համարում է հենց հայկական:
Հավելենք, որ 2022 թվականին Պաշտպանության նախարարության կամ նախարար Սուրեն Պապիկյանի` ընդդիմադիր պատգամավոր՝ Քրիստինե Վարդանյանին ուղարկված պատասխան գրության մեջ 168.am-ը մի ուշագրավ փաստ-արտահայտություն էր արձանագրել՝ «Թշնամու կողմից ՀՀ ինքնիշխան տարածքից օկուպացված է…»:
Սյունիքից զորքի հետքաշման գրավոր հրաման չկա ԳՇ-ում
Վերադառնանք Տավուշին և 3-րդ բանակային կորպուսին և շեշտենք, որ զորամիավորման լինել-չլինելու հարց կա, և, որ բազմիցս նշել ենք՝ բանակը չպետք է կատարի Նիկոլ Փաշինյանի անօրինական հրամանը, որի համար մի օր օրենքի առաջ հենց իրենք կարող են պատասխան տալ՝ Փաշինյանի քաղաքական հրահանգով: Եվ ոչինչ, որ իր՝ զորքի հետքաշման, նահանջի հրամանը կարող է դարձյալ բանավոր լինել, ինչպես դա տեղի է ունեցել 2020 թվականի դեկտեմբերին, երբ Սյունիքից զորքի հետքաշման հրաման եղավ, ինչը Փաշինյանը հրապարակավ ընդունել էր՝ ասելով. «Սյունիքում զորքի հետքաշման հրամանը անձամբ ես եմ տվել»:
Ամեն դեպքում, մենք փորձել ենք մեր հարցման միջոցով պարզել նաև՝ ՊՆ-ում, ԳՇ-ում Սյունիքից զորքի հետքաշման գրավոր հրաման կա՞, թե՞ դա կատարվել է Փաշինյանի բանավոր հրամանի հիման վրա:
ՊՆ-ից մեզ հայտնել են, որ այս հարցի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ տրվել են:
Այսինքն, Պաշտպանության նախարարությունը հաստատում է՝ Սյունիքից զորքի հետքաշման գրավոր հրաման չկա:
Արդյո՞ք սա կոնկրետ անձանց պատասխանատվություն չի ենթադրում…