Փաշինյանի տավուշյան պիլոտային ծրագիրն ու Սյունիքի շուրջ ռազմական սադրանքների վտանգը. փնտրվում են հետագա պատասխանատուներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «COP29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ չի շրջանցել Հայաստանին Հնդկաստանի, Ֆրանսիայի և Հունաստանի կողմից ռազմական օգնության կամ զինման փաստը՝ այն համարելով Ադրբեջանի դեմ գործողություն:

«Նրանք դա անում են բաց և ցուցադրական, և անգամ փորձում են դրանով ինչ-որ բան ապացուցել: Մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել: Մենք այդ դիրքորոշումը հստակ հասցրել ենք Հայաստանի կառավարությանը և կողմերին, որոնք այսօր փորձում են հոգատարություն դրսևորել Հայաստանի նկատմամբ: Եթե մեզ համար լուրջ սպառնալիք տեսնենք, ստիպված ենք լինելու լուրջ քայլեր ձեռնարկել»,- շեշտել է Ալիևը:

Այս միտքը BBC-ին տված հարցազրույցում կրկնել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:

«Խաղաղության գործընթացի վրա բացասաբար է ազդում տարածաշրջանից դուրս գտնվող որոշ խաղացողների շարունակվող փորձերը՝ ապակայունացնել խաղաղության գործընթացը, վտանգի տակ դնել խաղաղության հասնելու հեռանկարները, Հարավային Կովկասը վերածել աշխարհաքաղաքական մրցակցության արենայի, ինչպես նաև անցկացնել նոր բաժանարար գծեր և տարածաշրջանը բաժանել ազդեցության նոր գոտիների: Այստեղ մենք նկատի ունենք որոշ արևմտյան գործընկերների նախաձեռնությունները՝ միտված Հայաստանի ռազմական ներուժի ամրապնդմանը՝ միակողմանի ռազմական օգնության ճանապարհով, այսինքն, Հայաստանի ռազմականացումը տեղի է ունենում բացարձակ ոչ թափանցիկ, էքսկլյուզիվ, ես կասեի՝ խտրական ձևով: Ադրբեջանին ռազմական ներուժի ամրապնդման նման հնարավորություն չի ընձեռվում: Ուստի մենք հույս ունենք, որ նման փորձերին վերջ կտրվի»,- նշել է նա՝ հավելելով, որ ԵՄ որոշ երկրների կողմից սպառազինության մատակարարումը հանգեցնում է ոչ միայն Հարավային Կովկասի ռազմականացմանը, այլև կարող է հրահրել սպառազինությունների մրցավազք և լուրջ կասկածի տակ դնել խաղաղության հասնելու հեռանկարները:

Կարդացեք նաև

Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանին ընդամենը պաշտպանական ինչ-որ միջոցներ են մատակարարվում, իսկ Ադրբեջանը լրջագույն ժամանակակից և հարձակողական սպառազինություն է գնում, ինչի մասին երկրի ղեկավարությունը չի էլ թաքցնում։

Նիկոլ Փաշինյանն էլ, օրինակ, բրիտանական ԶԼՄ ներկայացուցիչներին տված հարցազրույցում ասել էր. 

«Ադրբեջանը բարձրացնում է այդ հարցերը, մասնավորապես՝ մեր կողմից սպառազինությունների ձեռքբերման, որն Ադրբեջանի կողմից ձեռք բերվող սպառազինության 15-20 տոկոսից ավելի չէ՝ և՛ ֆինանսական, և՛ ծավալի առումով, և հիմնականում կրում է պաշտպանական բնույթ ու ունի պաշտպանական նշանակություն»:

Արդյոք Ալիևը չգիտի՞ Ադրբեջանի և Հայաստանի ուժերի միջև բացակայող բալանսի և զգալի տարբերության մասին, բնականաբար, գիտի: Բայց նման հայտարարություններով նա արտաքին քաղաքական դաշտում իր խնդիրներն է լուծում և փորձում է լեգիտիմ հիմքեր ստեղծել հետագա ռազմական սադրանքների համար: Ավելին, Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն իր խոսքում նշում է Հայաստանին ոչ թափանցիկ ձևով զենքի մատակարարման մասին:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ Ադրբեջանն, ի վերջո, կընդունի Նիկոլ Փաշինյանի՝ սպառազինությունների վերահսկման փոխադարձ երկկողմ մեխանիզմ ստեղծելու առաջարկը, որը Փաշինյանը կրկնել էր նաև բրիտանական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը… Այլ հարց է՝ Հայաստանը որքանով հասանելիություն կունենա ադրբեջանական զինանոցին:

Իսկ Ալիևի սպառազինությունների մատակարարման համատեքստում զգուշացումը մտահոգիչ է և հաստատում է մեր այն պնդումը, որ կարող են «առիթ» գտնել ռազմական որոշակի գործողությունների համար, հատկապես, երբ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված պահանջը բավարարված չէ:

Այս օրերին բոլորի հայացքներն արդարացիորեն կամ օբյեկտիվորեն Տավուշի ուղղությամբ են՝ կապված 4 գյուղերի հանձնման, սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ, որը պաշտոնապես Փաշինյանը հայտարարել է սկսված:

Ի դեպ, «COP29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն է 4 գյուղերի հարցը բարձրացրել 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո: Այսինքն, Տավուշի մասին կետը 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունից հանելուց հետո, այն մնացել է օրակարգում կամ բանավոր բանակցությունների տիրույթում:

«Էքսկլավների հարցն այլ խնդիր է, քանի որ այն ավելի բարդ է։ Նրանք գտնվում են մի տարածքում, որը շրջապատված է մեկ այլ երկրի կողմից: Ուստի դրանց հետ կապված հարցերը պետք է լուծվեն սահմանազատման գործընթացում»,- հավելել է Ալիևը։

Իսկ թե որքանով է Տավուշում, ըստ էության, սկսված սահմանագծման գործընթացն օրինական, կամ՝ որքանով կարելի է տեղի ունեցողը տեղավորել սահմանագծման գործընթացի տրամաբանության մեջ՝ խիստ վիճահարույց է։ Իսկ Սյունիքը պետք է մշտապես օրակարգում պահել, այսինքն՝ Տավուշի թեման չպետք է մեր ուշադրությունը շեղի Մեղրիից, և այն էլ ռուս խաղաղապահների՝ Արցախից դուրս գալուց հետո, քանի որ Ադրբեջանը կարող է կոշտացնել այս առումով իր դիրքորոշումը և դիմել որոշակի ռազմական գործողությունների:

Վերևում հիշատակված միջոցառման ժամանակ Ալիևը հղում անելով 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությանը, դարձյալ բարձրացրել է «Զանգեզուրի միջանցքի» հարցը՝ նշելով, որ եթե այդտեղ չկա «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը՝ դա դեռ ոչինչ չի նշանակում:

«Բայց այնտեղ գրված է, որ Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային հաղորդակցություն, որի նկատմամբ վերահսկողություն պիտի իրականացվի Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության ուժերի կողմից: Այս հայտարարությունը ստորագրել են ՌԴ նախագահ Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ես: Եվ արդեն 3 տարի է՝ Հայաստանը փաստացի խախտում է այս պայմանը: Իսկ հիմա էլ փորձում են, այսպես ասած, ազատվել այդ իրավիճակից: Բայց դա հնարավոր չէ»,- շեշտել է Ալիևը:

Այսինքն, առանց «Զանգեզուրի միջանցքի»՝ խաղաղության պայմանագիր չի կնքվելու, ոչ էլ Թուրքիայի հետ հարաբերություններ կարող են կարգավորվել, հատկապես, երբ «Զանգեզուրի միջանցքը» հենց թուրքական ծրագիր է:

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ճշմարտությունը թաքցնում է, և ժամանակ առ ժամանակ խոսելով հնարավոր պատերազմի մասին, չի նշում, որ պատճառը կոնկրետ «Զանգեզուրի միջանցքն է»:

Այլ կերպ ասած՝ տավուշյան պիլոտային ծրագրով Նիկոլ Փաշինյանը փորձում է խլացնել «Զանգեզուրի միջանցքի» շուրջ խոսակցությունները: Եվ վերջին շրջանում «հոգեվերլուծող» դարձած Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտակցում է բանակի և ժողովրդի բարոյալքման կործանարար հետևանքները, երբ նոր պատերազմի վտանգ կա:

Շատ լավ գիտակցում է Տավուշի կոնկրետ հատվածներից բանակի դուրսբերման, առաջնագիծը պետական սահմանով, Զինված ուժերի զինծառայողներին սահմանապահներով փոխարինելու ազդեցությունը ՀՀ-ի անվտանգային դիմադրողականության համատեքստում: Տարբեր տեղեկություններով, Տավուշում սահմանագծման գործընթացի արդյունքում մոտ 2 տասնյակ դիրք կարող ենք կորցնել:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը մինչ օրս որևէ հստակ բան չեն ասել՝ որքան դիրք է կորցնում հայկական կողմը, անվտանգային ինչ պատկեր է ստանալու և այլն, և այսօր տեղեկատվական դաշտում միայն Փաշինյանի և նրա թիմակիցների պաշտոնական հայտարարություններն են և ոչ իշխանական անձանց տեղեկությունները, որոնք կարող են իրականությանը համապատասխանել և որոշակի շեղումներ ունենալ:

Եվ եթե բանակին Փաշինյանը տվել է նահանջի բանավոր հրաման՝ թեկուզ մեկ դիրքից, ապա հարց է ծագում՝ որպես ի՞նչ է տվել՝ գերագույն հրամանատա՞ր, որը խաղաղ պայմաններում չի հանդիսանում այդպիսին, թե՞ որպես վարչապետ:

Նշենք, որ ոչ պատերազմի ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին:

Արդյոք Սուրեն Պապիկյա՞նն է պատասխանատվություն կրելու սրա համար:

Մյուս կողմից, սահմանադրությամբ ԳՇ պետը համարվում է ամենաբարձր զինվորական պաշտոնյան, ով այսօր համարվում է Պաշտպանության նախարարի տեղակալը, բայց չի կարող փոխարինել ՀՀ պաշտպանության նախարարին, այսինքն՝ քաղաքական ոլորտի տեղակալներից մեկն է փոխարինող լինելու, ինչի մասին Պապիկյանն ասել է դեռևս 2022-ին։ 

Այսինքն, չնայած օրենսդրական որոշակի փոփոխություններին՝ խաղաղության պայմաններում և պատերազմի դեպքում պատասխանատվության հետ կապված խնդիրները լիովին վերացված չեն: Այս թեմային առանձին մանրամասն կանդրադառնանք, քանի որ այստեղ ԶՈՒ ԳՇ պետի՝ հետքաշման հրաման ստանալուց և ենթարկվելուց հետո Նիկոլ Փաշինյանի համար ոչ բարենպաստ քաղաքական և հասարակական կարծիքի պայմաններում` կալանավորված մեղադրյալի կամ ամբաստանյալի աթոռին նստելու խնդիր կա, առհասարակ զինվորականության:

Իսկ առջևում, ինչպես նշեցինք՝ «Զանգեզուրի միջանցքի» համար թուրք-ադրբեջանական պրովոկացիաների վտանգ կա:

Տեսանյութեր

Լրահոս