Իրադարձություններն են «ջրել» նոյեմբերի 9-ի հայտարարությունը, մենք չենք ջրել. Փաշինյան

Ես ՌԴ արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ու կարդալ մինչև 8-րդ կետը ներառյալ։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, թե նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները մեծամասամբ Հայաստանի պատճառով չեն կատարվել։

«Դեռ 9-րդ կետը դնենք մի կողմ, դեռ մինչև 8-րդ կետը թող կարդան՝ տեսնենք, թե ով ինչ պարտավորություն չի կատարել։ Այսինքն՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ Ադրբեջանը պետք է ԼՂ հայության վրա հարձակվի, իսկ այդ ընթացքում ռուս խաղաղապահները պետք է թաքստոցներում մնա՞ն», – նշեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ հարկավոր է կարդալ այդ հայտարարությունն ու տեսնել, թե դրան առնչվող տարածքում ինչ է կատարվում։

«Մենք ասում ենք՝ սա եռակողմ հայտարարություն է, եւ այսօր գետնի վրա եռակողմ հայտարարությանը համապատասխանող ոչ մի բան չկա: Իրադարձություններն են «ջրել» նոյեմբերի 9-ի հայտարարությունը, մենք չենք ջրել, մեր ստորագրությունն այնտեղ կա: Եթե մեզ հարց են տալիս 9-րդ կետի վերաբերյալ, մենք այդ կետի վերաբերյալ ոչ մի պրոբլեմ չունենք: «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ճշգրիտ արտահայտում է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը», – հավելեց նա։

Տեսանյութեր

Լրահոս