Ալիևի հերթական գաղտնազերծումը՝ 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության շուրջ բանակցություններից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «COP29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ անդրադարձել է օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը, ինչը, ըստ նրա, տեղի է ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի համատեղ որոշմամբ, և որոշակի գաղտնազերծում արել:
«2020 թվականի նոյեմբերի 9-ին մենք եռակողմ հայտարարության շուրջ բանակցություններ էինք վարում նախագահ Պուտինի միջոցով, որովհետև որևէ կոնտակտ չկար հայ գործընկերների հետ: Եվ այսպես եղել է մի քանի հեռախոսային խոսակցություն եռակողմ հայտարարության ամեն կետը համաձայնեցնելու համար: Սա շարունակվել է վաղ առավոտից մինչև գրեթե նոյեմբերի 10-ի առավոտ: Դրա համար մենք միշտ ասում ենք, որ հայտարարությունը ստորագրվել է նոյեմբերի 10-ին, որովհետև Բաքվում մոտավորապես գիշերվա ժամը 02:00-02.30 էր: Քննարկվել էր ռուս խաղաղապահների հարցը, և հայկական կողմի դիրքորոշումն այն էր, որ խաղաղապահների համար ժամկետի հետ սահմանափակումներ չպետք է լինեն: Այլ խոսքերով՝ նրանք պետք է ընդմիշտ մնան: Դրան մենք չէինք կարող համաձայնել, և պնդեցինք, որ ժամկետային սահմանափակում լինի: Դա բանակցությունների ամենաբարդ հարցերից մեկն էր, որի շուրջ կողմերը չէին կարողանում համաձայնության գալ: Մեզ համար խաղաղապահներին վերաբերող մասը եռակողմ հայտարարության ամենասկզբունքային հատվածներից մեկն էր: Մեր դիրքորոշումը հետևյալում էր՝ եթե այս հարցի շուրջ համաձայնություն ձեռք չբերվի, ապա ոչ մի հայտարարություն էլ չի լինի և պատերազմը կշարունակվի: Եվ, ի վերջո, Հայաստանը ստիպված եղավ համաձայնել»,- մանրամասնել է Ալիևը՝ շեշտելով, որ ռուս խաղաղապահները օկուպացված Արցախից կարող էին և 2025 թվականին դուրս գալ, բայցև ավելի շուտ, և, որ վաղ դուրս գալու որոշումը ՌԴ-ի և Ադրբեջանի համատեղ որոշումն է:
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 4-րդ կետը սահմանում է՝ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը կազմում է 5 տարի՝ հերթական 5-ամյա ժամկետներով ավտոմատ կերպով երկարաձգմամբ, եթե Կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին»:
Հիշեցնենք, որ մոտ 2 տարի առաջ Փաշինյանն առաջարկում էր Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ժամկետը ևս 10-20 տարով երկարաձգել, ինչն Ադրբեջանը մերժել էր:
Ավելին, Նիկոլ Փաշինյանը դեռ 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին՝ հոկտեմբերին էր խոսել Արցախում խաղաղապահների տեղակայման մասին, ինչին Ալիևը պատասխանել էր, որ առանց Ադրբեջանի համաձայնության որևէ երկիր չի կարող խաղաղապահներ տեղակայել Արցախում:
Իսկ եթե հոկտեմբերի սկզբին Փաշինյանն այս հարցը դիտարկում էր ԵԱՀԿ ՄԽ շրջանակում, ապա արդեն հոկտեմբերի վերջին նա հստակ հայտարարել էր՝ հակամարտության գոտում պիտի ռուս խաղաղապահները լինեն:
«Մենք կարծում ենք, որ տվյալ իրավիճակում ելք կարող է լինել ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը հակամարտության գոտում: Մեր կարծիքով՝ միջազգային հանրությունը և, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է աջակցեն, քաջալերեն, որպեսզի ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայումը հակամարտության գոտում տեղի ունենա: Որովհետև այլ պարագայում որևէ կոնկրետ գործողություն չենք տեսնի հումանիտար ճգնաժամը կանխելու ուղղությամբ»,- 2020 թվականի հոկտեմբերի 25-ին հնդկական WION հեռուստաընկերությանն ասել էր Փաշինյանը:
Վերադառնանք 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը և Ալիևի «COP29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ արված գաղտնազերծմանը, և նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Դավիթ Տոնոյանն ակնարկել էր, որ 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարությունը զինադադարի փաստաթուղթ էր:
«Այդ համաձայնագիրը, որն առավելագույնն էր, որ կարելի էր ունենալ ՌԴ խաղաղարար ուժերի տեղակայման առումով: Այսինքն, սա լավագույն տարբերակն էր, որը մշակվեց շատ կարճ ժամանակահատվածում: Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ այդ փաստաթուղթը ավելի շատ խաղաղարար ուժերի տեղակայումն է որոշում: Այսինքն, դա ավելի շատ խաղաղապահներին է վերաբերում»,- ընդգծել էր նա:
Ի դեպ, ՀՀԿ ԳՄ-ն օրեր առաջ հայտարարություն էր տարածել, որտեղ առաջարկում էր ՌԴ իշխանություններին՝ խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը կասեցնել և այս հարցի շուրջ լայն գործընկերային քննարկումներ սկսել: Բայց ռուս-ադրբեջանական որոշումն արդեն կայացված է, և հաշվի առնելով, որ խաղաղապահների հարցը եղել է եռակողմ հայտարարության առանցքում, որն արդեն փակված է՝ ռուս խաղաղապահները դուրս են եկել օկուպացված Արցախից, 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունը ուժի մե՞ջ է, թե՞ ուժը կորցրած…