ԱՄՆ-ը հստակ մատնացույց է անում Անդրկովկասում ԱՄՆ թիրախները՝ ՌԴ, Իրան, Չինաստան, մնացած զարգացումները, այդ թվում՝ ՀՀ-ի շուրջ, բխում են դրանից․ Արեշև

Հուլիսի 2-ից Հայաստանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հանրապետական սենատոր Ռոջեր Վիքերի գլխավորած պատվիրակությունը։

Վիքերը հանրապետական ավագ անդամն է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում, որը հայտնի է՝ որպես Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողով։ Նա նաև Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի հանրապետական ավագ անդամն է։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունել էր Վիքերի գլխավորած երկկուսակցական կոնգրեսական պատվիրակության այցը Հայաստան։ Պատվիրակության կազմում 7 հոգի են, այդ թվում՝ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Վիլսոնը, համանախագահ, դեմոկրատ սենատոր Բեն Քարդինը։

ՀՀ ԱԺ-ում Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ամերիկացի սենատորները մի շարք ուշագրավ դիտարկումներով հանդես եկան։ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինն ասաց, որ Միացյալ Նահանգները հետաքրքրված է և ցանկանում է առաջ մղել խաղաղության գործընթացը։

«Միացյալ Նահանգները մեծ դիվանագիտական գործիքակազմ ունի։ Ես չեմ ուզում ասել` ինչպես մենք կկարողանաք այս պարագայում օգտագործել այդ խառը գործիքակազմը, բայց նշեմ, որ Միացյալ Նահանգները հետաքրքրված է և ցանկանում է առաջ մղել խաղաղության գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասաց նա։ Սենատորը հավելեց, որ ԱՄՆ-ը ներգրավված կլինի այդ գործընթացում ու կշարունակի աշխատել երկու երկրների գործադիր և օրենսդիր ճյուղերի հետ։

Կարդացեք նաև

ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերն իր հերթին՝ հավելեց, որ Միացյալ Նահանգները պատրաստ է նպաստել բանակցություններին, բայց միայն՝ որպես միջնորդ։ «Մենք հասկանում ենք, որ ձեր կառավարությունն ունի իր դիրքորոշումը, մենք հասկանում ենք պայմանները, որ սահմանվել են բանակցային գործընթացի սկզբում, կապված պատմական սահմանների հետ, որոնք ամրագրվել են նախկին Խորհրդային Միության փլուզման պահին։ Մենք պարզապես պատրաստ ենք նպաստել, որ երկու կողմերը գան համաձայնության»,- ասաց նա։

Ռոջեր Ուիքերը նաև մի շարք աշխարհաքաղաքական ձևակերպումներ արեց՝ Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը՝ Հյուսիսային Կորեայի հետ միասին, ագրեսիվ մոտեցում ունեն աշխարհի այն հատվածի նկատմամբ, որ փորձում է ազատ շնչել և ժողովրդավարության մաս կազմել։ Ընդգծելով, որ Ռուսաստանը մեծ ներգրավվածություն ունի տարածաշրջանում, Իրանն էլ անմիջապես հարևանությամբ է գտնվում՝ սենատորն ասաց․ «Նրանք փորձում են տարածաշրջանում ի չիք դարձնել ժողովրդավարությունը և ազատությունները, և Հայաստանն այս հարցում մեծ վճռականություն և հաստատակամություն է հանդես բերում՝ դա թույլ չտալու համար»։ Դիմելով Ադրբեջանին՝ նա հորդորեց հասկանալ ազատության գինն ու արժեքը։

«Ուզում եմ մեր Ադրբեջանի գործընկերներին խոսք հղել և ԵԱՀԿ մյուս անդամներին, զգուշացեք, թե ինչի կարող է բերել միավորումը Պուտինի Ռուսաստանի հետ, զգուշացեք, որ ռուսական «մեծ արջը» մեկ անգամ ևս չփորձի գերիշխող դիրք զբաղեցնել նախկին Խորհրդային Միության երկրների նկատմամբ»,- ասաց Ուիքերը։

Մեկնաբանելով կոնգրեսականների այցը և նրանց դիտարկումները, ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ ԱՄՆ-ից ՀՀ բոլոր այցերով՝ Պետքարտուղարության պաշտոնյաներ, կոնգրեսականներ, սենատորներ, ԿՀՎ ներկայացուցիչներ, ԱՄՆ-ը ցուցադրում է իր քաղաքական ներգրավվածությունը Հայաստանի հետ հարաբերություններում, պատրաստակամությունը՝ ներգրավվել բանակցություններում։ Սակայն, ըստ նրա, նման խոշոր խաղացողների վարած քաղաքականությունը չի կարելի վերլուծել պարզունակ կերպով, դատելով այցերը, հնչող հայտարարությունները և այլն։

«Պետք է հիմք ընդունել գործողությունները, կուլիսային գործընթացները և գլոբալ դիմակայությունը։ Բացի հայտարարություններից, ՀՀ իշխանություններին ուղղված գովեստի խոսքերից, առարկայական ի՞նչ նոր օգուտներ է տալիս ԱՄՆ-ը ՀՀ-ին, ինչպե՞ս է աջակցում ՀՀ անվտանգությանը, ռեգիոնալ կայունությանը։ Ես կասեի՝ ոչ մի կերպ, որովհետև ինչպես բոլոր ուժերը, ԱՄՆ-ը ևս փորձում է որոշակի բալանս պահպանել Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Ավելին՝ նաև առավելություն տալով Ադրբեջանին։ Անդրկովկասում ԱՄՆ-ի քաղաքականությունը Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ պայմանավորված է այս ռեգիոնից Ռուսաստանի ազդեցությունը վերացնելով, ինչպես նաև Իրանին թույլ չտալով ազդեցություն հաստատել։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Թուրքիայի հետ ԱՄՆ հարաբերությունները կրում են փոփոխական բնույթ, սակայն Արևմուտքի համար Թուրքիան ոչ թե հակառակորդ է, այլ գործընկեր, երբեմն՝ բարդ։ Ուստի բոլոր հայտարարություններում նկատվում է, որ ԱՄՆ-ը դեմ է Անդրկովկասում Իրանին, Ռուսաստանին, Չինաստանին, սակայն ռեգիոնի ապագան տեսնում է ՀՀ-Ադրբեջան-Թուրքիա համագործակցության համատեքստում»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արեշևը։

«Այս մոդելը համապատասխանո՞ւմ է ՀՀ շահերին։ Ոչ, ԱՄՆ-ը հանուն ԱՄՆ շահերի ցանկանում է, որ բոլոր խնդիրները Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա տիրույթում լուծվեն այն դեպքում, երբ ԱՄՆ-ը հայտարարում է, որ իրեն տեսնում է միայն որպես առավելագույնը՝ միջնորդ այդ գործընթացում, ինչն իրենից ենթադրում է հեռադրություն կողմերի դիրքորոշումներից։ Սա, բնականաբար, բարդացնում է բանակցություններում Հայաստանի իրավիճակը, ինչի ականատեսն ենք դառնում։ Սակայն ՀՀ իշխանությունները կարծես դրան դեմ չեն»,- նկատեց նա։

Ուստի կոնգրեսականները ևս, Արեշևի խոսքով, հստակ մատնացույց են անում Անդրկովկասում ԱՄՆ թիրախները՝ դրանով իսկ ցույց տալով, թե ինչպիսի համագործակցություն է ԱՄՆ-ը առաջ մղում այդտեղ։

 

Տեսանյութեր

Լրահոս