Ադրբեջանից և Թուրքիայից եկող վտանգները չեն չեզոքացվել. գործողություններ կարող են լինել բոլոր հնարավոր ուղղություններում. Վիտալի Մանգասարյան

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը Սյունիքում էր, որտեղ համոզում էր, որ սահմանազատման և սահմանագծման իրենց սկսած գործընթացը, կամ՝ Ոսկեպարում տեղադրված ինժեներական պատնեշները կարող են անվտանգության երաշխիք լինեն, և որ պետք է հետևություն անել անցած ճանապարհից, անցած 30 տարուց և հարևանների հետ համակեցության եզրեր գտնել, չթշնամանալ և չտրվել թշնամացման ընդդիմադիրների փորձերին: Սրան զուգահեռ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, պատասխանելով Ադրբեջանի՝ ֆրանսիական սպառազինության ձեռքբերման հետ կապված պաշտոնական Բաքվի պահանջ-դժգոհությանը, մասնավորապես, նշել էր. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար»:

Բացի այս, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ինչպես արդեն նշեցինք, զուտ պաշտպանողական սպառազինություն չի գնում և երբեմն զորավարժությունների մասին հաղորդագրություններում ակնարկում կամ նշում հարձակողական դրվագների խաղարկման մասին:

Այս ամենից ելնելով՝ Ադրբեջանից և Թուրքիայից ի՞նչ գործողություններ սպասել, ե՞րբ և ո՞ր ուղղությամբ, և երկրորդ՝ արդյո՞ք անվտանգային հարցերում կարող են տարաձայնություններ լինել Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների միջև:

Այս թեմաների շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանի հետ:

Կարդացեք նաև

– Չեմ կարծում, որ Փաշինյանի և իր թիմակիցների միջև լուրջ տարաձայնություններ կան, ավելի շուտ կասեի, որ շատ դեպքերում զուտ տարաձայնություն լինելու իմիտիացիա է ստեղծվում։ Այսքան ժամանակ չի եղել որևէ դեպք, երբ Փաշինյանի թիմակիցները հակառակվեն նրան, դրա հետևից մինչև վերջ գնան և առավելևս՝ հաջողեն։

Շատ դեպքերում Փաշինյանն ինքն է, այսպես ասած, «փուռը» տվել իր թիմակիցներին և բոլոր դեպքերում մարսել է այդ ամենը։ Փաստերը քիչ չեն:

Իսկ Ադրբեջանից և Թուրքիայից եկող վտանգները չեն չեզոքացվել, ավելին՝ Արցախի ՊԲ կորստից հետո այդ վտանգներն է՛լ ավելի են մեծացել։ Եթե մինչ այդ ՀՀ-ի հանդեպ լայնածավալ գործողություններ սկսելուց առաջ ադրբեջանական կողմին անհանգստացնում էր, որ իր, այսպես ասած, թիկունքում մարտունակ, խնդիր լուծող ռազմական միավոր կար՝ ի դեմս ՊԲ-ի, ապա այս փուլում այդ վտանգն Ադրբեջանի համար այլևս չկա, և, բնականաբար, նրանց ձեռքներն էլ ավելի են երկարացնելու։

Ինչը վերաբերում է գործողությունների հնարավոր ուղղություններին, ապա, ցավոք սրտի, Տավուշի պաշտպանական բնագծերի հանձնումից հետո մենք բոլոր ուղղություններում էլ լուրջ խնդիրներ ենք ունենում: Եվ այդ ամենը հաշվի առնելով՝ հակառակորդը գործողությունների կարող է գնալ բոլոր հնարավոր ուղղություներում։

Նիկոլ Փաշինյանի խաղաղության թեզի հավաստիացումները ժամանակի ընթացքում հենց իր և իր թիմակիցների կողմից են հերքվում։ Ասվածի վառ ապացույցներից մեկը ՀՀ ԱԳՆ-ի տարածած վերջին հայտարարությունն էր, որտեղ զգուշացնում են մոտալուտ պատերազմի մասին։

Պաշտպանության նախարարության զորավարժության համատեքստում ձեր նշած ակնարկներին, կարծում եմ, որ իրականացվող գործողությունները բավարար չեն: Որպեսզի կարողանանք դիմակայել սպասվող մարտահրավերներին գուցե արժի, որ պաշտպանության նախարարությունը փորձի լոկոմոտիվի դեր ստանձնել, այն է՝ բարձրացնի զինված ուժերի մարտական պատրաստվածության աստիճանը, վերականգնի բարոյահոգեբանական վիճակը, դրան զուգահեռ նաև հասարակության ինքնագնահատականի բարձրացման հարցը ուշադրության կենտրոնում պահի:

– Արդեն նշեցիք՝ ինչ պետք է անի պաշտպանական գերատեսչությունը, ամեն դեպքում, այսօր կարո՞ղ ենք ասել, որ բանակը պատրաստվում է պատերազմի: Այլ կերպ՝ միայն սպառազինության գնման պայմանագրերի կնքումը, մասնավորապես վերջինը KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության հետ, ինչը դժգոհության ալիք բարձրաձրեց ադրբեջանական և ռուսական կողմում, բավարար հի՞մք է նման եզրակացություն անելու համար:

– Եթե ադրբեջանական կողմի դժգոհությունները տրամաբանական են և ինչ-որ տեղ նաև սպասելի, ապա ռուսական կողմի դժգոհություններն առնվազն հարցեր են առաջացնում։

Մերօրյա իրականության մեջ զենքի ձեռքբերումը ոչ միայն թանկ հաճույք է, այլ նաև շատ դեպքերում նաև անհնարին: Եվ Հայաստանը պետք է կարողանա աշխատել զենք վաճառող բոլորի երկրների հետ։ Մյուս կողմից, միայն զենք գնելը բավարար չէ, անհրաժեշտ է նաև համակարգային մոտեցում՝ սկսած այդ զենքերի սպասարկումից, մեր ԶՈՒ-ի ինտեգրումից, վերջացրած այդ զենքերի վրա ՄՈԲ ռեսուրսի ուսուցանումից։

Ցավոք, այդ ամենը բավարար արագությամբ տեղի չի ունենում, և ասել, որ այս փուլում մեր պետությունը պատրաստվում է պատերազմի, մեղմ ասած, տեղին չէ։

Անուղղակի կերպով լոգիստիկ խնդիրների թեմա շոշափեցիք, հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է, որ հարևանների հետ պետք է լավ հարաբերություններ ունենալ՝ հաշվի առնել նրանց շահերը, տրամադրությունները: Ավելին, նա մի ժամանակ ասում էր, թե պետք է հաշվի առնենք, որ Վրաստանը ԵՄ տարածք է, այսօր այդ երկիրը խնդիրներ ունի ԵՄ-ի հետ: Սրանից բացի, Իրանը չի ողջունում ՀՀ արևմտյան ծրագրերը, հետին մտքերը, մինչդեռ Վրաստանը և Իրանը կարևոր ճանապարհ են գնված զենքի տեղափոխումն ապահովելու հարցում:

– Ինչպես վերևում արդեն նշեցինք, Նիկոլ Փաշինյանը մի կողմից հայտարարում է, որ հարևանների հետ պետք է լավ հարաբերություններ ունենալ, մյուս կողմից՝ նոր թշնամիներ է ձեռք բերում։ Արդյո՞ք ՀՀ շահերից է բխում այս դժվարին իրավիճակում նոր հակառակորդներ և թշնամիներ ունենալ։ Այս փուլում հատկապես Իրանի հետ մեր շահերը խաչվում են, և պետք է այն հնարավորինս արդյունավետ օգտագործել, և իսկապես անկեղծ ու վստահելի հարաբերություններ կառուցել, ոչ թե բարեկամության իմիտացիա անել։

Մենք իրավունք չունենք մեզ նման ճոխություն թույլ տալու, մեր բարեկամների թիվը ավելացնելու փոխարեն՝ նվազեցնելու։ Դա չափազանց բարդ և վտանգավոր հարց է, և պետք է զերծ մնալ «վայրի» լուծումներից։

Ի դեպ, ՀՀ ԶՈՒ ղեկավարությունն ասում է, որ ՆԱՏՕի, ԱՄՆ-ի, արևմտյան երկրների հետ համագործակցության շնորհիվ ՀՀ բանակը կերպափոխվում է, բայց երբ քննում ենք ծրագրերը, դրանք խորհրդատվական բնույթ են կրում, կամ՝ պաշտպանական քաղաքականությանն ու կրթությանն են վերաբերում: Այո, դրանք կարող են ազդել կերպափոխման, կերպարանափոխման վրա, մյուս կողմից՝ այսօրինակ համագործակցությունը նորություն չէ, մեծ հաշվով: Իսկ Ադրբեջանը բռնեց թուրքական մոդելի բանակ ունենալու ճանապարհը, և դա նկատելի է: Որքանո՞վ է մեր բանակի այս կերպափոխումը, բարեփոխումները համահունչ Ադրբեջանի զինված ուժերում տեղի ունեցողին:

– Բանակի կերպարանափոխումը պետք է նկատելի լինի։ Ի՞նչն է փոխվել, մեր անվտանգությո՞ւնն է մեծացել, մարտունակության աստիճա՞նն է անգամներով բարձրացել, շաբաթը մեկ զորավարժություն ենք իրականացնո՞ւմ, որպեսզի դիմակայենք մարտահրավերներին… Բանակում շատ գործ կա անելու, և պետք է ինտենսիվ աշխատել, ոչ թե ականջահաճո հայտարարություններ անել։ Կերպարանափոխման, կերպափոխման տրամաբանության մեջ շատ է խոսվում ատեստացիայի մասին, սակայն մինչև հիմա այդ գործընթացի կազմակերպման մեջ բազմաթիվ խնդիրներ կան։ Մարդիկ ամիսներով սպասում են, մինչև իրենց ատեստավորման հերթը հասնի։

– Անվտանգային հարցերի համատեքստում չանտեսենք ՀԱՊԿ-Հայաստան, ՌԴ-Հայաստան հարաբերությունները: Փաշինյանը ժամանակ առ ժամանակ մեղադրանքներ է հնչեցնում ՀԱՊԿ-ի հասցեին, բայց այսօր Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ Երևանը պաշտոնական դիմումներ չի ուղարկել, հետևաբար՝ այդ հարցը և հանրապետության դուրս գալու հնարավոր հետևանքները ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում չեն քննարկվել։ Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովն ակնարկել էր, թե այստեղ քարոզչական տարր կա՝ հիշեցնելով Հայաստան-ՌԴ ռազմական պայմանագրերը և այլն:

Հայաստան-ՀԱՊԿ և Հայաստան-ՌԴ հարաբերությունները, կարելի է ասել, պատմական անկում են գրանցել, և այստեղ մի քանի օբյեկտիվ պատճառներ կան։

Առաջին, հայաստանյան հասարակության շրջանում ձևավորված ակնկալիքներ կային ՌԴ-ից, հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին Արցախում։

Երկրորդ, ՀՀ-ում գործող ռազմաքաղաքական ղեկավարությունը վերջին տարիներին, մեղմ ասած, չէր ցանկանում հարաբերությունները բարելավելուն միտված քայլեր իրականացնել, և իրականացված քայլերի մեծ մասն էլ, իմ կարծիքով, զուտ իմիտացիա էր։ Եվ տպավորություն ունեմ, որ անկախ երկուստեք իրար հանդեպ հնչող մեղադրանքներից, ստեղծված իրավիճակը ձեռնտու է թե՛ հայկական կողմին, թե՛ ռուսական։

Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ դեռևս 2018 թվականին էր պետք Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, իսկ ռուսական կողմը զուգահեռ իր գազն Ադրբեջանի միջոցով վաճառում է։ Ինչպես ասում են՝ բոլորը գոհ ու շնորհակալ են, Ադրբեջանը ստացավ Արցախն առանց հայերի, Ռուսաստանը ստացավ հնարավորություն՝ գազ վաճառել Ադրբեջանի միջոցով, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ դեռևս 2018 թվականից ունեցած իր համոզմունքները կյանքի կոչեց՝ ճանաչելով Արցախն Ադրբեջանի մաս։ Այլ հարց է՝ այս մոտեցումները բխո՞ւմ են արդյոք ՀՀ պետական և անվտանգային շահերից, իմ գնահատմամբ՝ ոչ։

Վերադառնանք սահմանազատման գործընթացին, արդյո՞ք հաջորդ փուլը Սյունիքում է լինելու, ինչպես չի բացառում Նիկոլ Փաշինյանը:

– Նախ արձանագրենք՝ Տավուշում տեղի ունեցած գործընթացը սահմանազատման պրոցես չէր, քանի որ սահմանազատման դասական սահմանման տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Այդ պրոցեսն ուղղակի միակողմանի զիջում էր մեր կողմից, ինչի դիմաց հայկական կողմը ոչ մի բան չստացավ։

Հետևելով իրադարձությունների զարգացումներին և ադրբեջանական կողմից հնչող պահանջատիրական հայտարարություններին, և այդ ամենը համադրելով նախորդ շրջափուլերում տեղի ունեցածի հետ, դժվար չէ գալ այն եզրահանգման, որ հաջորդիվ, այսպես կոչված, սահմանազատման պրոցեսը տեղի է ունենալու այնտեղ, որտեղ կպարտադրի հակառակորդը։ Փաշինյանի մարտավարությունը հետևյալն է՝ տեսնել, թե ինչ է ուզում հակառակորդը, այնուհետև տարբեր ձևերով փաթեթավորել այն և ներկայացնել՝ որպես հայկական կողմի մոտեցում։ Այդ ճանապարհով բարդ խնդիրների լուծումը ես նորից կորակեմ՝ «վայրի» լուծում, որը ո՛չ բանական մարդու տրամաբանության մեջ է տեղավորվում, ո՛չ էլ միջազգային հարաբերություններում նման պրակտիկա կա։

– Նիկոլ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցից հետո ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ ՀՀ-ն ճանաչում է Պաղեստինի պետությունը, սրանից հետո Հայաստանի դեսպանին կանչել են Իսրայելի ԱԳՆ: Արդյո՞ք Իսրայելը սա չի օգտագործի Ադրբեջանի «ձեռքով»: Հիշենք, որ ժամանակին Իրանի «դեմ դուրս եկանք» և Իսրայելում դեսպանատուն ունենալու որոշում կայացրեցինք:

– Պաղեստինի պետության ճանաչումը ՀՀ-ի կողմից այս փուլում նպատակահարմար չէր, քանի որ իր մեջ լրացուցիչ ռիսկեր է պարունակում: Մենք գիտենք, որ իսրայելական կողմը տարբեր ձևերով աջակցում է Ադրբեջանին, և 44-օրյա պատերազմի օրերին մեծ աջակցություն է ցուցաբերել՝ և՛ զենքի, և՛ մասնագետների ու փորձի փոխանակման տեսքով: Եվ այս իրավիճակում բոլորից առաջ ընկնել և ճանաչել Պաղեստինի պետությունը, կարծում եմ, ոչ մի լավ բանի չի տանի:

Այո, ինչպե ս նշեցիք, այս պրոցեսը տեղի ունեցավ Թուրքիայի նախագահի հետ Փաշինյանի  հեռախոսազրույցից հետո: Չգիտեմ՝ որքանով այդ հեռախոսազրույցը կապ ունի այս որոշման հետ, համենայնդեպս, մինչ այս պահը տրամաբանական բացատրություն պատկան մարմինների կողմից չի տրվել: Կրկնում եմ՝ ինչպես շատ հարցերում, այս դեպքում ևս առաջ ենք ընկնում և մեզ ոչինչ չտվող որոշումներ ենք կայացնում:

Տեսանյութեր

Լրահոս